23 Հոկտեմբեր 2014, 15:21
1311 |

Հարվածին՝ հակահարված

Երևանում վերջին քաղաքական իրադարձությունները ծնեցին երիտասարդ ակտիվիստների մի խումբ, ովքեր ըմբոստանալով հասարակական կյանքում տեղի ունեցող երևույթների դեմ, իրենց բողոքը սկսեցին արտահայտել հենց սթրիթ-արտի միջոցով:

Ասել, թե փողոցային արվեստը նորարարություն է, սուտ կլինի: Ոմանց համար վանդալիզմ, իսկ որոշների համար էլ գաղափարներն արտահայտելու ամենալավ տարբերակը՝ սթրիթ-արտը, փողոցում ըմբոստանալու, դեմ գնալու կամ պարզապես արտահայտվելու հնարավորություն է: Երևանում վերջին քաղաքական իրադարձությունները ծնեցին երիտասարդ ակտիվիստների մի խումբ, ովքեր ըմբոստանալով հասարակական կյանքում տեղի ունեցող երևույթների դեմ, իրենց բողոքը սկսեցին արտահայտել հենց սթրիթ-արտի միջոցով: Սոցիալական, լրատվական կայքերն ու առհասարակ համացանցն օգնության հասավ «փողոցային» արվեստագետ ակտիվիստներին, ու հիմա նրանց բոլորը ճանաչում են որպես «Հակահարված» խումբ:

Երևանի ամենաբանուկ մասերում, կարևոր նշանակություն ունեցող շենքերի պատերին պարբերաբար հայտնվող սուր բովանդակությամբ նկարների միջոցով այս խմբի մասնակիցները փորձում են քաղաքացիական գիտակցությունը սևեռել այս կամ այն խնդրի շուրջ: Թեկուզ իրենց ստեղծագործությունները երկար կյանք չեն ունենում, սակայն հաստատ հասնում են իրենց նպատակին: Անտարբեր անցնել, ենթադրենք, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի շենքի պատին արված նկարի կողքով գրեթե անհնար է:

Քաղաքական ու քաղաքացիական գիտակցությունն արվեստի վերածելու համար «Հակահարված»-ի տղաները «Էօն» հակասրճարանում կազմակերպեցին բաց դաս, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարողացավ իր մտքերը կիսել հակասրճարանի պատին վրձնի ու ներկերի միջոցով:

Փորձեցինք պարզել, թե լավ ու դիպուկ սթրիթ–արտ պատկեր ստեղծելու համար ի վերջո ի՞նչ է հարկավոր: Ամենակարևոր կանոնը հետևյալն է. նախևառաջ պետք է հստակ գիտակցել ասելիքդ: Առանց գաղափարի, պատկերն անհամ ու անիմաստ կստացվի: Երբ գաղափարն ու ասելիքը հասունացել են, պետք է գտնել դրանց պատկերավորելու տարբերակներ: Այմենևին էլ պարտադիր չէ պրոֆեսիոնալ նկարիչ լինել: Այս փուլում օգնության են հասնում ժամանակակից տեխնոլոգիաները: Google-ի ու ֆոտոխմբագրիչ ծրագրերի միջոցով պատկերները ճիշտ համադրել ու սեփական միտքն արտահայտող նոր պատկեր ստանալ կարող է յուրաքանչյուրը: Այս ամենից հետո մնում է սպասել մութն ընկնելուն, վերցնել կինոպրոեկտորն ու պատին հայտնված նկարն արտատպել վրձնի ու ներկերի միջոցով:

Շատերի համար վանդալիզմին հավասար արվեստի այս տեսակն իրականում ոչ այլ ինչ է, քան քաղաքային դիմագիծը շպարող մի երևույթ: Հայաստանի սահմաններից դուրս, սթրիթ-արտն այսօր արդեն արվեստի առանձին տեսակ է: Ու այսօր էլ սթրիթ-արտի սիրահարներն ունենց իրենց հայտնի անունները, օրինակ՝ Banksy-ն: Հայաստանում երևույթը դեռ նոր է զարգանում, սակայն «Հակահարված»-ի տղաները համոզված են՝ պոտենցիալը մեծ է, ասելիքը՝ շատ:

Այս թեմայով