22 Հունիս 2013, 16:23
495 |

Youth4Youth

Չգիտես՝ ինչու միշտ մի տեսակ վերապահումով ենք մոտենում դասական հագնված երիտասարդներին: Էլ ինչ երիտասարդություն, եթե չկան վառ գույներ, փոխարենը կոկորդը սեղմում է խնամքով արդուկած վերնաշապիկի օձիքը:

Նմանատիպ երիտասարդները մշտապես ներքաշված են ինչ-որ լուրջ գործերի մեջ: Այս ամենը թեև կեղծ է թվում, բայց արի ու տես, որ այդ երիտասարդներից շատերն, իսկապես, զբաղվում են հանրօգուտ աշխատանքով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում հավաքված երիտասարդներից յուրաքանչյուրը ներկայացնում էր որևէ երիտասարդական ՀԿ: Նրանք համախմբվել էին Youth 4 Youth՝ երիտասարդները հանուն երիտասարդների նախագծի շուրջ, որի նպատակն է ավելի լայն հնարավորություններ ընձեռել երիտասարդական կազմակերպություններին՝ ձեռք բերելու նոր կապեր և համագործակցության հարթակներ:

Այդ հարթակի փնտրտուքով մոտ քսան երիտասարդական կազմակերպություն րոպեներ հետո պետք է նստեր սրահի ընդարձակ սեղանի շուրջ ու քննարկեր նոր համագործակցության եզրեր գտնելու հեռանկարները: Ու մինչ նրանք կհավաքվեին և կգրանցվեին, ես զրուցեցի սեղանի անկյունում նստած ու համեստորեն իր ելույթին նախապատրաստվող երիտասարդներից մեկի հետ: Համեստ երիտասարդը Տիգրան Շադունցն էր, «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» նախագահը, որի նախաձեռնությամբ էլ մեկնարկել է Youth 4 Youth նախագիծը:

Տիգրանն ասաց, որ կան բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ, որոնցից յուրաքանչյուրն իր գործով է զբաղվում, սակայն պետք է կարողանալ ընդհանուր հարթակ գտնել ու փորձել միասին հանդես գալ: Այդ դեպքում իրենց անելիքն ու ասելիքն ավելի մեծ հավանականությամբ տեղ կհասնի: «Հայ երիտասարդները պետք է բարձրացնեն իրենց դերը ու նաև աշխատանքի արդյունավետությունը ոչ միայն Հայաստանում, այլև՝ միջազգային ասպարեզում»,-ասաց նա:

Տիգրանն ակնհայտորեն շտապում էր, ասես փշերի վրա լիներ, քննարկմանը րոպեներ էին մնացել, գնաց նախապատրաստվելու իր ելույթին: Մուգ կապույտ կոստյումով ու սլավոնական արտաքինով կապուտաչյա, շիկահեր մի երիտասարդ առավել ազատ թվաց: Ենթադրվում էր, որ նա կամ ռուս է, կամ ամերիկացի, բայց Արսեն Նազարյանը խոսեց հայերեն: Նա ներկայացնում էր FYCA-ն, որը զբաղվում է տարբեր երիտասարդական ծրագրերով ու հիմնահարցերով: Արսենն ասաց, որ հուսով է՝ հանդիպումն իսկապես տարբեր երիտասարդական կազմակերպությունների միջև կապող օղակ կդառնա: «Առանձին գործելն այդքան էլ արդյունավետ չէ, հարկավոր է մեկ ընդհանուր պլատֆորմ գտնել ու գործի անցնել, թե չէ այսպես կազմակերպությունները կարծես մեռած հոգիներ լինեն» - եզրափակեց արագախոս երիտասարդը:

Քիչ հեռվից մի երիտասարդը հայացքով հետևում էր մեր զրույցին և զգացվում էր, որ ինքն էլ ասելիք ունի: Սամվել Մկոյանը Սփյուռքահայ Ուսանողների Խորհրդի նախագահն է: Նա պատմեց, որ իրենց խորհուրդը փորձում է ամեն կերպ աջակցել սփյուռքահայ երիտասարդներին՝ լուծել նրանց հուզող խնդիրները: Ինքը՝ Սամվելը, Ջավախքից է: «Էլի կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են սփյուռքահայ ուսանողների հարցերով: Կարծում եմ՝ նախագծի շրջանակում մենք կգտնենք համագործակցության նոր եզրեր այլ կազմակերպությունների հետ ևս»:

Երիտասարդների շարքերում հանդիպեցի Հայրենադարձ երիտասարդների կազմակերպած ֆլեշմոբիստ իրաքահայ Լևոն Վարդանյանին: Պարզվում է, որ նա էլ Divercity for change երիտասարդական կազմակերպության նախագահն է: Իրենց կազմակերպության հիմնական անդամները իրաքահայ ու սիրիահայ երիտասարդներն են, սակայն Լևոնը ցանկանում է շրջանակն ընդարձակել: «Հատուկ խաղերի ու ուսանելի սեմինարների միջոցով փորձում ենք սփյուռքահայ երիտասարդներին ծանոթացնել իրենց հայրենիքին, որ ճանաչեն ու սիրեն Հայաստանը»:

Հետզհետե երիտասարդները զբաղեցնում էին իրենց տեղերը ու պատրաստվում քննարկման: նկատեցի Գևորգ Մկրտչյանին, ով մշտապես զբաղվում է երիտասարդական հարցերով, ներգրավված է հասարակական գործունեության մեջ: այժմ էլ զրուցում էր մերթ մի կազմակերպության, ապա՝ մյուսի ներկայացուցիչների հետ: Այժմ Գևորգը Երիտասարդություն ՀԿ նախագահն է, ինչպես նաև Մայր Աթոռ Սբ Էջմիածնի երիտասարդական բաժնի տնօրենը: Գևորգն ասաց, որ համագործակցություն միշտ էլ եղել է Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միջև, սակայն այս ծրագրի շրջանակներում ավելի գործնական և արդյունավետ քայլեր ձեռնարկել: «Պետք է գտնել ընդհանուր հետաքրքրություն, ստեղծել գործողությունների ընդհանուր հարթակ»,- նշեց նա:

Մեր զրույցին մասնակցեց Կանանց Հանրապետական Խորհրդի գործադիր տնօրեն Տաթևիկ Հակոբյանը: Նա նախ ներկայացրեց իրենց կազմակերպության պատմությունը, որը սկսվում է դեռ 90-ականներից: Նրանք զբաղվում են կանանց վերաբերող բոլոր հիմնահարցերով՝ մայրությունից մինչև գենդերային հավասարություն: Հետաքրքրվեցի՝ինչ կարծիք ունի ժամանակակից հայ կնոջ ակտիվության ու հասարակական կերպարի մասին: «Մեր օրերում աղջիկներն առավելագույնս փորձում են ներգրավվել հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ քաղաքականություն: Այս փաստը, բնականաբար, միմիայն ողջունելի է», - ասաց Տաթևիկը:

Ի վերջո, մեկնարկեց համընդհանուր քննարկում, որը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչ կարող են անել երիտասարդները հանուն երիտասարդների:

Հերթով ներկայանալով՝ երիտասարդները ծավալեցին իսկական brainstorm կոչվածը՝ մտքերի փոխանակում: Արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա, վերջ ի վերջո, իզուր չէին մեկ օր մեկ վայրում հավաքվել այդքան շատ նախագահներ:

Այս թեմայով