27 Օգոստոս 2013, 10:40
2559 |

Նարեկ Chesterfield՝ պահի որսորդը

Պատմություն մի երիտասարդի մասին, ով ապրում է նորաձևության աշխարհում, ամեն օր փորձում մարդկանց գեղեցկացնել: Նրա ձեռքի տակով անցնելիս մեծ քիթը չի փոքրանա, ու որկրամոլությունից առաջացած ճարպերը չեն հալչի, սակայն գեղեցիկ հարդարված մազերն ապահովված են:

Նա հիմա էլ է ծխում, բայց արդեն ոչ Chesterfield, չնայած առաջին ու սիրելի ծխախոտի անունն այնպես կպավ իրեն, ինչպես ծուխն է կպչում հագուստին ու երկար-երկար ուղեկցում: Սակայն այս պատմությունը ոչ մի կապ չունի Chesterfield ծխախոտի, առավել ևս ծխելու հետ: Սա պատմություն է մի երիտասարդի մասին, ով ապրում է նորաձևության աշխարհում, ամեն օր փորձում մարդկանց գեղեցկացնել: Նրա ձեռքի տակով անցնելիս մեծ քիթը չի փոքրանա, ու որկրամոլությունից առաջացած ճարպերը չեն հալչի, սակայն գեղեցիկ հարդարված մազերն ապահովված են:

Նարեկ Chesterfield-ը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, այնուհետև տեղափոխվել Մոսկվա, յուրացրել հայտնի վարսահարդար Vidal Sassoon-ի տեխնիկան ու այդ օրից ցայսօր զբաղվում է վարսահարդարմամբ ու ոճաբանությամբ:

Բրիտանական դրոշով կոշիկներ, նորաձև տաբատ ու սանրվածք: Նման արտաքինով ոճաբանի կարելի է վստահել, բայց այլոց խորհուրդ տալուց առաջ խրախուսեցի ինքս: Գլուխս նրան հանձնեցի, ու մինչև Նարեկը փորձում էր հասկանալ իմ լեզուն, նկատեցի նրա ձեռքի դաջվածքը՝ հռոմեացի բանաստեղծ Հորացիոսի խոսքերով՝ «Որսա պահը»: Ու պահի որսորդը պատմեց հետևյալը:

Մոսկվան գլամուրին չի հավատում: Մոսկվայում ու առհասարակ Եվրոպայում կանայք նախընտրում են ավելի պրակտիկ սանրվածքներ: Մարդիկ աշխատում են ու ժամանակ չունեն անընդհատ հարդարել մազերը: Նկատել է, որ Հայաստանում աշխատանքային շաբաթը սկսվում է հենց մազերը ֆենելուց:

Երևանի արևը: Մոսկվայում գործերը լավ էին, համագործակցում էր բավականին հայտնի նորաձևության տների հետ, նորմալ փող վաստակում, սակայն Երևանում կա մի շատ կարևոր հանգամանք՝ արևի լույսը: Խոստովանում է՝ հոգնել էր դեպրեսիվ քաղաքից, արդեն երկու ամիս է՝ Երևանում է, ու իրեն անսահման երջանիկ է զգում:

Ինտիմ զրույց: Վարսահարդարը գործ ունի մարդու ամենաինտիմ հատվածի՝ գլխի հետ, այստեղ են գտնվում բազմաթիվ կարևոր զգայարաններ, ուստի նախևառաջ պետք է դրական էմոցիաներ փոխանցել գլխի տիրոջն ու նոր անցնել գործի:

Չորս մազանի հաճախորդները: Հանդիպում են մարդիկ, որոնք, ասենք, գլխին չորս մազ ունեն, բայց ցանկանում են հունահռոմեական սանրվածք ստանալ: Նման դեպքերում նրանց մտափոխելն իսկական արվեստ է:

Գլուխլվա: Չգիտես՝ ինչու, շատերին թվում է՝ շաբաթական մեկ անգամ գլուխը լվանալով կարող են առողջ մազեր ունենալ: Մինչդեռ գլուխը պետք է շաբաթը առնվազն երկու անգամ «ջուր տեսնի»: Ամենակարևորը՝ հնարավորինս պետք է խուսափել արհեստական հարդարումներից:

Afterparty էֆեկտ: Առաջիկայում բավականին նորաձև են հետխրախճանքային սանրվածքները, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է սանրվածքից լավ խնջույքից հետո:

Պղնձագույն երանգներ: Արդեն կարելի է մտածել մազերի երանգը փոխելու մասին, նորաձև են պղնձագույն երանգները, պետք չէ շարաշահել սև գույնը: Ինչ վերաբերում է հայտնի Ombre-ին, ապա հիմա արժի փորձել դրա գունային տարբերակները:

Ռապունցելացավ: Էկոնորաձևության կողմնակից վարսահարդարն ընտրում է այն, ինչ բնական է: Ավելի լավ է ունենալ կարճ, բայց առողջ ու խնամված մազեր, քան արհեստականորեն երկար, բայց կեղծ վարսեր:

Ծխահարված աչքերով հարսեր: Մշակութային շոկ էր ապրել՝ տեսնելով հարսանեկան ծանր դիմահարդարումը: Համոզված է՝ այդ օրը, հակառակը՝ աղջիկը պետք է լինի նրբության ու քնքշության մարմնացում: Ու ընդհանրապես՝ ծանր դիմահարդարումը, ասենք smoky eyes, ոչ մի անգամ դեռևս արդարացված չի տեսել:Առհասարակ, մեր միջավայրում կանայք սխալ պատկերացում ունեն դիմահարդարման մասին: Նրանց թվում է, որ իրենց բշտիկը կարող են թաքցնել հաստ դիմափոշու տակ, մինդեռ այն պետք է բուժել մաշկաբանի կամ դերմատոլոգի օգնությամբ, և ոչ երբեք դիմահարդարի:

Այս թեմայով