04 Հոկտեմբեր 2013, 13:27
2206 |

Ես, ես ու էլի ես

Մարտիրոսը՝ մեխերից, Մարտիրոսը՝ փայտի կտորներից, Մարտիրոսը՝ բրդից, Մարտիրոսը՝ կոլայի ու ֆանտայի խցաններից, ծիրանի կորիզներից, գործիքներից. ու այսպես հարյուրից ավելի դիմապատկերներ:

Ամիրյան փողոց, ճռճռան փայտե աստիճաններ, արվեստանոց: Դուռը թակեցինք, խռպոտ ձայնը ներս հրավիրեց: Մտանք ու շիվարած կանգնեցինք: Ահա թե որտեղից են ծնունդ առնում աշխատանքները՝ արվեստանոցի ստեղծագործական քաոսից:

Մարտիրոս Բադալյանը բազմաժանր նկարիչ է: Նրա կոլաժները գրավում են իրենց իմաստայնությամբ: Երաժշտությունն ու կինը գերակշռող են: Բայց արվեստանոցում ուշադրությունը ակամայից շեղվում է տարբեր ակյուններից նայող նույն պատկերը: Սեփական դիմանկարներն են՝ Մարտիրոսը՝ մեխերից, Մարտիրոսը՝ փայտի կտորներից, Մարտիրոսը՝ բրդից, Մարտիրոսը՝ կոլայի ու ֆանտայի խցաններից, ծիրանի կորիզներից, գործիքներից: Հարյուրից ավելի դիմապատկերներում մեկ հայացք կա, բայց տարբեր մտահոգություններ, հարյուրավոր երազանքներ: Չի սիրում իրեն կաշկանդող, կապող սահմաններ, ազատ ու համարձակ է ստեղծագործելիս: Յուրաքնաչյուր պորտրետ տրամադրություն ունի, յուրաքանչյուր մարտիրոսյան հայացք՝ մի մարդկային բնավորություն:

Մարտիրոսի սիրած հերոսը Դոն Քիշոտն է: Երկուսն էլ հողմնաղացների դեմ են պայքարում: Դիմանկարներն ուշադիր նայելիս ինչ-որ դոնկիխոտյան հետք հաստատ կնկատեք:

«Այսքան շատ պատկերել եք ձեզ: Արդեն լա՞վ եք ճանաչում ինքներդ ձեզ», - հարցնում եմ՝ մանրակրկիտ ուսումնասիրելով նրա հոր և մոր լուսանկարները: «Մեկ ճանաչում եմ, մեկ էլ ինքս ինձ անծանոթ եմ թվում: Երբ մարդ միայնակ է լինում, հանկարծ հանդիպում է ինքն իրեն: Ու սկսում նկարել: Դիմանկարը մերկանալու պես մի բան է: Անկախ ինձնից՝այդ ժամանակ միշտ լրջանում եմ: Ախր չես կարող հայելու մեջ նայել ու անընդհատ ժպտալ, ինքդ քեզ երկար չես կարող կեղծել: Իմ դեմքի առավելությունն այն է, որ միշտ խոնարհ պատրաստ է ինձ ծառայել, ժամերով համբերատար նստել»:

Նկարչի մանկությունն անցել է Բանանց գյուղում: Հիշում է գյուղի ուս ուսի ելած տներն ու իրենց ձեռքերով սարքած ինքնագլդորը. «Էդ սամակատը էնպիսի աղմուկ էր բարձրացնում, որ բոլոր հարևանները ձայնից քիչ էր մնում գժվեին: Բայց ամուր էր՝ երկաթից ու փայտից: Որոշել եմ թոռներիս համար էլ մի հատ պատրաստեմ»: Բայց մանկությունը նրա հուշերում այլ տեսք ունի. հարազատ գյուղը Մարտիրոսի հիշողության մեջ կոտրված ապակիներով է:

Թեմայից շեղեց պաղպաղակի փայտիկներով դիմանկարը, հետո պսպղուն մեդալներով աշխատանքը. «Ոսկի է: Բոլորն իրենց մեդալները պահում են բամբակի մեջ, մեռնելուց էլ թաղման թափորի առջևից են տանում: Իսկ ես էս պորտրետն եմ հետս տանելու: Ընդհանուր առմամբ գեղեցկություն ասվածը շատ համեմատական է: Չեմ սիրում էդ բառը: Ինչ-որ տափակ բան կա մեջը: Մարդու մեջ «ծուռն» ավելի գրավիչ է»:

Հիմա Մարտիրոս Բադալյանը դասավանդում է Գեղարվեստի ակադեմիայում: Ուսանողները նրան շատ են սիրում, դասերից դուրս էլ այցելում են: Արվեստանոցի դռները իր սրտի դռների պես միշտ բաց են մարդկանց համար:

Այս թեմայով