06 Մայիս 2013, 12:38
3190 |

Արվեստը կորցրել է իր անկեղծությունը

Շարունակում է ներշնչվել հայկական ճարտարապետությամբ և բնաշխարհով, հայոց լեզվով, դասական երաժշտությամբ և համոզված է, որ իր առաքելությունը դեռ ավարտված չէ:

Ծերունի նկարիչ Գրիգոր Տեր-Ավագյանը միայն իրեն հատուկ անկեղծությամբ և անմիջականությամբ պատմում է իր, արվեստի, արվեստի հանդեպ մարդկանց վերաբերմունքի և ընկալումների մասին:

Մարդու կյանքում լինում են պահեր, որոնք մտնում են նրա հոգու մեջ և մնում այնտեղ հավետ: Հայրս ասում էր, որ ես երկու-երեք տարեկանից անընդհատ վերցնում էի մատիտը և ոգևորությամբ խզբզում թղթի վրա: Մեղվապահ հայրս նույնպես նկարելու շնորհք ուներ: Նա համարակալում էր իմ նկարները և սրբորեն պահում: Երևի 7-8 տարեկան էի, բարեկամներիցս մեկն ինձ նվիրեց ջրաներկի տուփ, երբ բացեցի, տեսա ցայտուն գույների մի ամբողջ համաստեղություն, նույն պահին գույների աշխարհը ընդմիշտ ներթափանցեց իմ մանկական հոգի ու մնաց հավետ… Ավելի ուշ, թերթելով հանրագիտարանի էջերը, կնոջ մի շքեղ դիմանկար տեսա, հմայվեցի արտասովոր գեղեցկությունից: Դա Վինչիի Ջոկոնդան էր, Մոննա Լիզան… Իհարկե, դեռ չէի հասկանում նրա գեղարվեստական արժեքը, բայց այն իր ուժեղ արտահայտչականությամբ մեկընդմիշտ դաջվեց հիշողությանս մեջ: Հետո ինձ համար բացահայտեցի Միքելանջելոյին, Ռաֆայել Սանտիին: Երբ առաջին անգամ ինձ համար բացահայտեցի թատրոնը Շիլլերի «Սեր և խարդավանք» պիեսով, հասկացա, որ նկարչությունից հետո թատրոնն է իմ սիրո առարկան: Այնուհետև ես հասա այնտեղ, որ կարողացա հասկանալ նաև դասական երաժշտությունը:

Հայկական հնադարյան պատմաճարտարապետական հուշարձանները, ձուլված մայր բնությանը, իրենց անկրկնելի գեղեցկությամբ հավետ տպավորվեցին իմ հոգում: Սկսած 1955-56 թվերից ես, FED լուսանկարչական ապարատով զինված, սկսեցի շրջել Հայաստանով և լուսանկարել մեր հնությունները' բերդերը, կամուրջները, զարմանահրաշ խաչքարերը, եկեղեցիները, լեռները: Մեր ճարտարապետությունը ամբողջական է, ոչ մի ավելորդ շտրիխ չկա: Այդ տարիներին սկսեցի նկարել նաև էտյուդներ: Իմ առջև նպատակ դրեցի նկարչական լեզվով ուժերիս չափ պրոպագանդել պատմական հուշարձաններն աշխարհով մեկ, և կարծես ինչ-որ չափով հասա իմ նպատակին:

Իսկական տաղանդը տրվում է Աստծո կողմից' դեռ մոր արգանդում: Դա առաքելություն է: Կարևոր է ունենալ գեղեցիկի զգացում: Անձամբ ես միշտ մնացի արվեստի ակադեմիական, դասական կանոններին հարազատ: Հավերժ ապրողը դասական սկիզբ ունեցողն է: Կար ժամանակ, երբ արվեստը դեռ անկեղծ էր: 70-ականների վերջերին Ամերիկայից ներխուժեցին մոդեռնիստական, աբստրակցիոնիստական ուղղությունները, որոնք մեռցրին մեր արվեստը: Արվեստի պատմության մեջ չի եղել այսպիսի անկում, ինչպիսին այսօր է: Ես չեմ հասկանում աբստրակցիան. մի՞թե կարելի է զիգզագներ նկարել և ասել, որ դա մարդ է: Մոդեռնիզմ, ավանգարդիզմ կոչեցյալ «հասկացությունները» մտածածին են: Դրանք անցումային ժամանակների անցումային արվեստի վերապրուկներ են: Այնպես որ, այսօրվա արվեստագետը, լինի նա գրող, թե դերասան, թե նկարիչ, թե ճարտարապետ, թե մի այլ ուրիշ արվեստագետ, պետք է իմանա դա, հասկանա և ընդունի այն, որովհետև իսկական արվեստը ծաղկում է այնտեղ, որտեղ այն հենվում է դասական հիմքերի վրա: Ակադեմիզմը մեծ գիտություն է' ստեղծված մեծ նկարիչների, երաժիշտների կողմից, որը հիմնովին սովորեցնում է ինչպես արվեստ արարել, ինչպես դառնալ իսկական արվեստագետ:

Արվեստում քննադատությունը պետք է լինի բարձր մակարդակի վրա: Եթե քննադատություն չլինի, արվեստը չի ծաղկի: Պետք է ընդունել առողջ քննադատությունը: Ինձ էլ են քննադատել: Դեռևս 70-ականներին, երբ առաջին գործս' «Ճարտարապետական Հայաստանի քարտեզ-ուղեցույցը» ներկայացրի Հայպետհրատ, շատերի քննադատությանը արժանացա: Ինձ ասում էին, որ նկարում եմ այնպես, ինչպես նկարել են 19-րդ դարում: Իրականում, նրանք իրենք էլ չհասկանալով, գովում էին ինձ: Սկզբում, իհարկե, ինձ չհրատարակեցին, բայց ես չհանձնվեցի:

Այսօրվա մեր համալսարանները, օրինակ' Գեղարվեստի ազգային ակադեմիան, ցավոք, որակին չեն հետևում: Մարդիկ ավարտում են, դիպլոմ ստանում, պրոֆեսիոնալներ կարծում իրենց: Միությունները սպանում են արվեստը, երբ միջին կարողությունների տեր նկարիչը ստանում է ժողովրդական նկարչի կոչում, դա ճնշում է մարդու մեջ իսկական արվեստի ճանաչողության հասնելու ձգտումը:

Դու կարող ես արվեստագետ, նկարիչ, արտիստ չլինել, բայց պարտավոր ես իմանալ' ինչ է արվեստը, ինչին է այն ծառայում: Դա հոգևոր սկիզբ է, առանց որի մարդ չի կարող գոյություն ունենալ: Դա գեղեցիկի զգացում է, որը միայն մարդուն է տրված: Այն, ինչ ստեղծված է մեծ սիրով, չի կարող չընդունվել ժողովրդի կողմից: Իրական արվեստը գնահատողը հասարակ ժողովուրդն է, որ իրականում ոչինչ չի հասկանում արվեստից: Բայց այդ «անգրագետ» ժողովրդի սիրտը մաքուր է: Տու´ր նրան գեղեցիկը, և նա կընդունի այն' ինքն էլ չգիտակցելով:

Գրիգոր Տեր-Ավագյան
Ծնվել է 1924-ի դեկտեմբերին Եղեգնաձորի Վերնաշեն գյուղում:
1957-ին Երիտասարդ նկարիչների փառատոնում արժանացել է ոսկե մեդալի որպես սիրողական բնույթի նկարիչ
1957-ին Երևանի փառատոնում ստացել է 1-ին կարգի դիպլոմ
1970-ին նկարազարդել է «Հայաստանի պատմա-ճարտարապետական հուշարձանների պատկերազարդ քարտեզ-ուղեցույց»
2000-ից սկսած զբաղվում է գունագեղ պլակատների տպագրմամբ
Հեղինակել է թատերական 3 գործ

Այս թեմայով