23 Մայիս 2013, 17:20
2884 |

Առանց շտապելու

Կանադահայ մինիմալիստ նկարիչ, քանդակագործ Գևորգ-Ջորջ Կասաբյանն արդեն որերորդ տարին, անփոփոխ, ամառային ամիսներն անցկացնում է Երևանում: Պատճառը միայն հայրենիքից հեռու ապրող սփյուռքահայի կարոտը չէ: Նրա խոսքով՝ թեև այստեղ դեռ կյանքի որակը զիջում է կանադական ու եվրոպական քաղաքներին, այնուամենայնիվ, Երևանում ապրելու ու ստեղծագործելու համար կա մի շատ պարզ պատճառ՝ ժամանակն այստեղ չի վազում:

Երևանն իմ ոգեշնչման աղբյուրն է: Կարող եմ երկար նստել մայթին, սրճարանում, ու նոր մտքերն իրենք իրենց են գալիս, որոնք հետո օգտագործում եմ ստեղծագործություններիս մեջ: Աշխարհում սիրուն, հետաքրքիր քաղաքներ շատ կան: Օրինակ՝ խենթանում եմ Փարիզի համար, աննման քաղաք է: Բայց էնտեղ չես կարող կենտրոնանալ ու ստեղծագործել: Քաղաքն ասես վազում է, ու կյանքի արագ ռիթմը կլանում է քեզ իր մեջ: Երևանում ժամանակը դանդաղ է հոսում, չնայած աշխուժություն կա, բայց ինքդ ես իշխում ժամանակիդ և ոչ՝ հակառակը: Կյանքն այստեղ կարծես մի քանի տարով հետ լինի այն կյանքից, որին ես սովոր եմ: Տարօրինակ է, բայց այդ տպավորությունն ինձ հանգստության զգացողություն է փոխանցում:

Հալեպ-Տորոնտո-Երևան
Ծննդավայրս Հալեպն է: Դեռ փոքրուց, երբ սովորում էի նախակրթարանում, մեզ շատ էին պատմում Հայաստանի մասին ու այն մեզ համար պատկերվում էր որպես առասպելական, տիեզերական մի երկիր: Այն ժամանակ Հայաստանն ինձ համար Արամ Խաչատրյանն էր, Ալիխանյան եղբայրները, Վիկտոր Համբարձումյանը… Հայկական մշակույթի ականավոր գործիչներն ու գիտնականները, ովքեր խորհրդանիշերն էին իմ հեռավոր հայրենիքի: Նրանք մեզ համար տիտաններ էին, աստվածներ: Հայրենիքի մասին դպրոցում մեզ պատմած պատմությունները մասամբ ամբողջական էին դառնում երբեմն Երևանից ժամանած հյուրերի հետ զրույցներից: Նրանք հիմնականում գրողներ էին, արվեստագետներ, որոնց հետ շփումից մենք՝ երեխաներս, շատ էինք հուզվում, ոգևորվում, անտեսանելի հայրենիքն ավելի մոտ էինք զգում: Առաջին անգամ Երևան եկա հասուն տարիքում, երբ երկար տարիներ արդեն ապրում էի Կանադայում: 1989 թվականի ապրիլն էր: Հայաստանի համար այնքան էլ լավ ժամանակաշրջան չէր. Սպիտակի, Գյումրու երկրաշարժից մի քանի ամիս էր անցել, իսկ Երևանում փոթորկում էր ղարաբաղյան շարժումը: Տպավորություններս ու զգացողություններս հակասական էին: Ընդհանուր տնտեսական, սոցիալական դժվար պայմաններում մի բանն ինձ, սակայն, շատ հուզում ու ոգևորում էր՝ ժողովրդի զարթոնքը: Մարդկանց գիտակցությունն էր արթնացել, ու նրանք միասնաբար պայքարում էին իրենց ազատության ու ընդհանուր գաղափարների համար: Այդ ամենն ինձ նոր ծնունդ էր հիշեցնում՝ դժվար, ծանր ընթացքով, որն իր մեջ կյանքի հավերժության խորհուրդն ուներ:

Սկզբում շատ էի տպավորվել Երևանը շրջապատող լեռներից: Իմ տան պատուհաններից այդ լեռնաշղթաները հրաշալի են երևում: Հատկապես գիշերը դրանց նայելիս մի փոքր վախի, տագնապի զգացում էի ունենում: Նախկինում նման հզոր ու խորհրդավոր լեռների չէի հանդիպել՝ Սիրիայում, Կանադայում լեռներ չկան: Վախս անցավ միայն այն ժամանակ, երբ մոտեցա նրանց, շոյեցի փեշերը, ինչպես գեղեցիկ կնոջն ես շոյում, ու դարձանք միմյանց հարազատ, այժմ լեռներն իմ ոգեշնչման աղբյուրներից են: Մինչև Երևան գալս, քանդակներս բացառապես մետաղներից էին: Այստեղ ինձ համար բացահայտեցի հայկական լեռնաշխարհի քարերը՝ իրենց գեղեցկությամբ ու բնավորություններով: Երբ Երևանում եմ ստեղծագործում՝ նախապատվությունս տալիս եմ տուֆին, գրանիտին, բազալտին: Հիմա քարերից քանդակներ շատ ունեմ:

Խախտումների քաղաք
Այստեղ հինգ–տասը րոպե առաջ զանգում ես որևէ ընկերոջ, ու նա մի քանի ժամ սիրով տրամադրում է քեզ: Սրճարանում սուրճի գավաթի շուրջ կարող ենք երկար ու անշտապ զրուցել: Քաղաքում, որտեղ ես ապրում եմ, նման բան չկա: Այնտեղ ընկերոջ, բարեկամի հետ հանդիպման համար երկու ամիս առաջ ենք պայմանավորվում, այն էլ՝ մեկ-երկու ժամով: Ճաշում ենք, մակերեսային զրուցում ու յուրաքանչյուրս շտապում է իր գործին: Երևանը հաճելի է նաև իր բազմաթիվ սրճարաններով: Նույնիսկ Փարիզում սրճարաններն այսքան շատ չեն: Բայց պետք է նկատեմ, որ տարեցտարի գները բարձրանում են: Օրինակ՝ անցյալ տարի ես ճաշում էի 2 500 դրամով, գարեջուրն էլ ներառյալ: Այս տարի նույն ճաշը կրկնակի թանկացել է:

Երևանը փոփոխական տրամադրությունների քաղաք է: Նույն տրամադրությամբ երկար չես կարող մնալ. հիմա ուրախ ես, տասը րոպե անց մտահոգ, հինգ րոպե հետո ոգևորված, այնուհետև՝ հիասթափված, բարկացած: Սա էլ է գրավում ինձ: Ներսումս կյանքն սկսում է արթնանալ, եռալ: Ստեղծագործող մարդու համար միանման, անփոփոխ տրամադրությունները լճացման են տանում: Կանադայում կյանքը շատ զարգացած է, ամեն բան ճիշտ գծագրված ուղով է ընթանում, ապրելու խոչընդոտներ գրեթե չկան: Բայց ցանկացած մարդ, ի վերջո, հոգնում է ամեն «անթերիից» և ուզում է որևէ «խախտում» իր կյանքում: Երևանը հակասությունների ու «խախտումների» քաղաք է:

Մայթերի նստարանները, բարձրակրունկ կոշիկներն ու թանկարժեք մեքենաները
Այս տարի եկա, շատ ուրախացա մայթերին տեղադրված նստարանների համար: Հրաշալի գաղափար է նոր քաղաքապետի կողմից: Հաճելի է նստել, շունչ քաշել ու միևնույն ժամանակ՝ հետևել փողոցների եռուզեռին, մարդկանց անցուդարձին: Ու ոչ միայն տեղացիների համար է լավ, նաև՝ տուրիստների: Իմ դիտարկումների ժամանակ մի բան է ինձ շատ զարմացնում. ինչո՞ւ են հայուհիները սիրում իրենց այդքան տանջել: Ախր չեն տեսնո՞ւմ, որ Երևանի մայթերը բոլորովին հարմար չեն իրենց բարձրակրունկների համար: Բայց, չնայած դրան, պետք է ասեմ, որ աղջիկների մտածելակերպի մեջ դրական փոփոխություններ եմ նկատում: Ավելի անկաշկանդ ու անմիջական են դարձել: Նույնը չեմ ասի տղաների մասին, շատ նախապաշարված են, ասես 18-րդ, 19-րդ դարերում ապրեն դեռ: Շատերը չունեն սեփական բնակարան, աշխատանք, բայց վարում են վերջին մոդելների թանկ մեքենաներ: Ցուցամոլություն կա դեռ տղաների մեջ:

Անսպասելի հանդիպումների քաղաք
Մի քանի տարի առաջ ընտանիքիս հետ ճաշում էինք երևանյան սրճարաններից մեկում և նկատեցի, որ դիմացի սեղանից մի տղամարդ անընդհատ ինձ է նայում: Բնականաբար, ես էլ սկսեցի նայել ու ընթացքում նրա հայացքն ինձ ծանոթ թվաց: Տիկնոջս օգնությանը դիմեցի՝ կարծելով, որ գուցե ինքը ճանաչի անծանոթին, բայց իզուր էր: Ճաշի վերջում, չկարողանալով զսպել հետաքրքրությունս, վեր կացա և մոտեցա տղամարդուն: Նա ինքն էլ ոտքի կանգնեց ու քայլեց դեպի ինձ՝ ասելով. «Գևո՞րգ»: Հենց այդ վայրկյանին անմիջապես ճանաչեցի դասընկերոջս՝ Մայքին, ում հետ սովորել էինք Հալեպի հայկական նախակրթարանում, և ում հետ վերջին հանդիպումից հիսուն տարի էր անցել:

Ցտեսություն, Երևան
Ամեն ինչում սիրում եմ կարգ ու կանոն: Երևանյան կյանքում կարգ ու կանոնը բացակայում են: Դրա համար է, որ երեք ամսից ավելի չեմ կարողանում մնալ այստեղ: Ամեն տարի Երևան եմ գալիս մայիսի վերջին ու Կանադա եմ վերադառնում սեպտեմբերի սկզբին: Թվում է՝ պիտի վերջապես հանգստանամ Երևանի անկանոն կյանքից: Բայց ամեն անգամ արդեն դեկտեմբերին Երևանի ինքնաթիռի մայիսյան տոմսն ապահովում եմ ու սկսում վերադարձիս օրերը հաշվել: Հիմա էլ չեմ ասում՝ մնաս բարով, ասում եմ՝ ի տեսություն, Երևան…

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2012

Այս թեմայով