29 Մայիս 2013, 10:51
117 |

Տարօրինակ արքայադստրերն ու կորած քույրերը

Նինա Եղիազարյանն արարում է Աստծո պես. ստեղծում է կավից ու կյանք ներշնչում: Բայց նա մարդկանց փոխարեն պատրաստում է արտասովոր նուրբ ու սքանչելիորեն տարօրինակ տիկնիկներ: Նրանց հին ոճով մշակված լուսանկարներն ու հեքիաթային պատմությունները, որոնք էլի Նինան է գրում, կազմում են մի այնպիսի համադրություն, որը վարակում է, գրավում ու ստիպում հավատալ քամիների արքայադստրերին, թռչունների տիրուհիներին, ծաղկող սակուրային ու գիշերային թիթեռներին:

Լուսանկարով տարվեցի 2005-ին. սկզբում մակրոլուսանկարչություն, հետո դիմանկար, որից էլ անցա վինտաժային լուսանկարի: Լուսանկարելուն զուգահեռ սկսեցի աշխատել որպես գրաֆիկ դիզայներ: Բայց երբ տեսա, որ պետք է ընտանիքիս ու աղջկաս ավելի շատ ժամանակ հատկացնեմ, թողեցի գործս: Այդպես ստեղծագործելու համար էլ ազատ ժամանակս ավելացավ: Մեկ տարի մտածում էի, թե ինչով եմ կոնկրետ ուզում զբաղվել: Հետո ընկերուհիս առաջարկեց միասին տիկնիկներ պատրաստել: Միտքն ինձ շատ ոգևորեց՝ չնայած մանկությանս տարիներին տիկնիկներ առանձնապես չէի սիրել: Սկսեցի համացանցում ուսումնասիրել գեղարվեստական տիկնիկներին վերաբերող ամեն ինչ: Այդպես իմացա՝ ինչպես են արտ-տիկնիկ պատրաստում, ու անցա գործի:

***

Նախագիծը սկսվեց Odd Princesses-ով՝ «Տարօրինակ արքայադստրեր»: Առաջին տիկնիկը պատրաստելու համար մեկ ու կես ամիս աշխատեցի: Այս գործը պահանջում է երկար ու քրտնաջան աշխատանք: Իմ տիկիկները պատկանում են ribbon jointed doll տեսակին, այսինքն՝ կապված են ժապավեններով ու թելերով: Յուրաքանչյուր մասնիկ պատրաստվում է թրծման կարիք չունեցող կավից, հետո ես դրանք շերտ առ շերտ մշակում եմ հատուկ թղթով, այնուհետև միացնում մասերը ժապավեններով ու թելերով: Ստացվում է այնպիսի ինքնատիպ տիկինիկ, որի կրնկօրինակը ստեղծելն անհնար է: Իհարկե, ճենապակուց պատրաստվածների պես կավե տիկնիկների համար էլ կարելի է որոշակի նախատիպով ձևեր պատրաստել, բայց դրանից նրանք կարժեզրկվեն: Յուրաքանչյուր տիկնիկ պետք է անհատականություն ներկայացնի: Տիկնիկի մարմինը ես ծածկում եմ ակրիլային ներկով, որից հետո անպայման լաքում: Դրանից հետո մնում է միայն հագցնելը:

Երևանում շատ դժվար է գտնել համապատասխան նյութեր, շատ պարագաներ գնում եմ համացանցով, կամ էլ խնդրում բարեկամներիս ու ընկերներիս, որ բերեն արտասահմանից: Սակայն եթե երևակայությունդ գործի դնես, ցանկացած խնդիր կլուծվի: Մի անգամ խանութից պատրաստի մանկական շապիկ առա ու այն կտրատելով՝ տիկնիկների համար կտոր ստացա: Երկրորդ շարքի տիկնիկներն էլ՝ Lost sisters-ը («Կորած քույրերը»), հագել են իմ հին բլուզը:

Այ, բարդ է բնական բրդից մազեր պատրաստելը: Իմ արքայադստրերի մազերը ստեղծված են ֆելթինգի միջոցով, երբ յուրաքանչյուր կեղծամ ասեղով հավաքվում է առանձին մասնիկներից: Վերջում բոլորն ամրացվում են կեղծամին, կեղծամն էլ՝ տիկնիկին: Հետո այն զարդարվում է ուլունքներով կամ մարգարիտներով: Lost sisters-ն էլ խոպոպներով տիկնիկների շարքն է: Այստեղ ես «մարդկային» մազերի հարդարման միջոց՝ մուսս եմ կիրառել: Այդքան քրտնաջան աշխատանքից հետո անտանելի ծանր է բաժանվել տիկնիկներից, բայց ի՞նչ արած, ստիպված ես, եթե ուզում ես ստեղծագործություններդ հետո գնահատվեն: Ամեն անգամ միաժամանակ տխրում ու ուրախանում եմ, երբ տիկնիկներս նոր տուն են գտնում: Այլ կերպ է արձագանքում աղջիկս՝ Մաշան: Տիկնիկներիս մեջ իր սիրելիներն ունի: Երբ ֆովորիտներից մեկը՝ Էլիզաբեթը, տարան, մի ամբողջ ողբերգություն սկսվեց: Որպես կոմպենսացիա նորն եմ սարքում, հենց հիմա աշխատում եմ մարգարտասպիտակ արքայադստեր վրա, որից երբեք չենք բաժանվի: Ի դեպ, Lost sisters-ի նախատիպը հենց Մաշան էր:

***

Տիկնիկներն ընդհանրապես շատ ավելի անհատական են, քան թվում են առաջին հայացքից: Բացի ակնհայտ արտաքին տարբերություններից, նրանցից յուրաքանչյուրն ունի սեփական անունն ու պատմությունը: Երբ ստեղծում էի առաջին արքայադստերը՝ Էլիզաբեթին, նրա համար որոշեցի հեքիաթ հորինել: Այդպես անգլերեն ու ռուսերեն հայտնվեց թռչունների տիրուհի Էլիզաբեթի պատմությունը: Քամիների արքայադուստր Վինդիլենան էլ ունի իր հեքիաթը: Մյուս արքայադստրերի համար էլ եմ պատմություններ մտածել, բայց ժամանակ չեմ ունենում այդ ամենը գրի առնելու:

Տիկնիկներիս պարտադիր լուսանկարում եմ, հետո՝ սեփական նախասիրությամբ ու ճաշակով մշակում: Տանը լապտերներով ու նստարաններով ծառուղիներ ունեմ, որտեղ տիկնիկներս իրենց լավ են զգում: Նույնիսկ ձիեր կան: Այս ամենը լուսանկարներում հնաոճ ու ազդեցիկ տեսք է ստանում: Այսինքն, արդյունքում ստանում եմ ոչ միայն տիկնիկ, այլև մի համադրություն, քանի որ ավարտուն ստեղծագործությունը բաղկացած է պատմությունից, տիկնիկից և լուսանկարից: Ժամանակակից արվեստն այսօր չի կարող համադրություն չլինել. նկարիչներն ամբողջ ժամանակ նոր լուծումներ են փնտրում:

Ինքս էլ եմ շարունակում փնտրել. նկարում եմ, բիժուտերիաներ պատրաստում: Մտքովս անցավ՝ Teddy bears արջուկների գեղարվեստական շարք ստեղծել: Շատ լավ կլրացնեն «կորած քույրերին»: Ես երբեք չեմ դադարի նորություններ փնտրել:

«Ереван» ամսագիր, N4(84), 2013

Այս թեմայով