05 Ապրիլ 2013, 17:33
3438 |

Նրա կյանքի Նորման

Արդեն 25 տարի է, ինչ նա համաշխարհային օպերային բեմում է: Նրա երգացանկում կա 50 դերերգ, որոնց թվում է այդքան դժվարամատչելի «Նորման»: Նրա ուսերի հետևում են օպերային երգիչների ամենաբաղձալի բեմերը՝ Լա Սկալա, Մետրոպոլիտեն-օպերա, Վիեննայի պետական օպերա... Բեմում նրա զուգընկերներն են եղել Պլաչիդո Դոմինգոն, Ելենա Օբրազցովան, Նիկոլայ Գյաուրովը, Շերիլ Միլնսը: Այսօր Հասմիկ Պապյանն ամենահաջողակ քնարա-դրամատիկ սոպրանոներից է:

Շատերին թվում է, թե ներկայացման ժամանակ օպերային երգիչը բավականություն է ստանում իր հոսող ձայնից: Բոլորովին էլ այդպես չէ: Փորձերն ավելի հաճելի են: Ստեղծելու պրոցեսը, կերպարի վրա աշխատանքը շատ ավելի հետաքրքիր են, քան արդյունքը: Իսկ ներկայացումը հսկայական պատասխանատվություն է, անասելի լարում: Չէ՞ որ ամեն անգամ բեմ դուրս գալիս չես կարող իմանալ՝ ձայնդ ինչպես կաշխատի: Եվ որքան բարձրանում ես, այնքան ավելանում է լարումը: Կարող ես հազար անգամ ընտիր երգել, դա կմոռացվի այն պահին, երբ թեկուզ մեկ անգամ սայթաքես: Օպերային աշխարհը շատ նեղ է, այն ակնթարթորեն կիմանա՝ այսօր լա՞վ ես երգել, թե ոչ: Դե, միգուցե, երկրորդ գործողության ավարտից հետո, երբ հանդիսատեսը հինգ րոպե շարունակ ծափահարություններ է շռայլում, երջանկություն զգում եմ: Հենց երջանկություն, ոչ թե բավարարվածություն: Բավարարվածություն երբեք չի լինում, քանի որ ինձ չի լքում այն միտքը, որ կարող էի ավելի լավ երգել:

***

Ծնվածս օրից չափից ավելի պատասխանատու և կազմակերպված եմ եղել: Իմ մանկությունն այնքան թեժ ու աղմկոտ չի եղել, որքան ուրիշներինը: Չգիտեմ' ինչու, բայց երբ դեռ երեխա էի, ուզում էի սովորել ջութակ նվագել և 7 տարեկանում սեփական պահանջով ընդունվեցի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց: Դրանից հետո գրեթե դադարեցի բակ իջնել. անընդմեջ պարապում էի: Ընդ որում' հաճույքով, ոչ ոք ինձ չէր ստիպում: Պարապմունքներից բացի ամեն ինչ ինձ ժամանակի կորուստ էր թվում: Կոնսերվատորիայում նույնպես ջութակի բաժին ընդունվեցի: Իսկ երգում էի լավագույն դեպքում ռոմանսներ, այն էլ' ընկերներիս համար: Նրանց դուր էր գալիս, ասում էին, որ պիտի փորձեմ բեմի վրա երգել: Կարիերայիս սկզբում շատերը թերահավատությամբ էին մոտենում իմ ձայնային տվյալներին: Սակայն ինձ ոգևշնչեց հենց ինքը' Տաթևիկ Սազանդարյանը: «Դու խանգարում ես մարդկանց, քանի որ դու այլ ես»,- ասում էր նա ինձ:

***

Դեռևս կոնսերվատորիայում սովորելիս ես հաճախում էի օպերայի ստուդիա, մասնակցում կառավարական համերգների և վոկալիստների մրցույթների: Դա ինձ հետաքրքրում էր: Առաջին մեծ դերս պատահաբար եմ ստացել: 1986-ի նոյեմբերի 16-ի առավոտյան ինձ զանգահարեց Տիգրան Լևոնյանը: Հարցրեց' արդյոք գիտե՞մ «Սևիլյան սափրիչը» օպերայի Ռոզինայի դերերգը: Առանց մտածելու ասացի' այո: Պարզվեց, որ այն երգչուհին, ով պիտի երգեր ներկայացմանը, հիվանդացել է: Այդ օրն ինձ լսեցին, հաստատեցին դերի համար, իսկ արդեն երեկոյան ես բեմ դուրս եկա: Ընդ որում' պատկերացում չունեի' ինչպես ինձ պահել, ինչ անել: Ինձ խորհուրդ տվեցին' «Հետևիր ներքին ձայնիդ: Բեմով քայլիր»: Այդքանը: Ես անգամ կոստյում չունեի, համերգային զգեստով դուրս եկա: Մինչև հիմա ես այն պահում եմ որպես մասունք: Եվ այդպիսի պատահականություններ կյանքումս քիչ չեն եղել:

***

Երբ առաջին անգամ դուրս եկա բեմ, որ երգեմ, հայացքս գցեցի նվագախմբին և մտածեցի' «Ինձ համար այսքան ջութակահարներ են նվագում, իսկ ես մենակ եմ, ես վարում եմ»: Սկզբում հիմնական բարդությունները կապված էին ձեռքերիս հետ' ոչ մի կերպ չէի կարողանում դրանք ինչ-որ բանով զբաղեցնել, մի տեղ դնել, չէ՞ որ ջութակի դեպքում դրանք միշտ «աշխատում» էին: Բայց մնացած ամեն ինչ կարգին էր:

Մի անգամ Լենինգրադ էի մեկնել' պիտի տեղի ունենար իմ անհատական համերգը վրացի կարկառուն կոնցերտմեյստեր Վաժա Չաչավայի հետ: Զանգահարեցին Վարշավայից, հարցրին' կարո՞ղ եմ գալ և հինգ օրից Նորման կատարել: Մինչ այդ ես երբեք չէի կատարել այդ դերերգը, բայց այն սովորել էի ու գիտեի: Ես որոշեցի ռիսկի դիմել: Ներկայացումը բեմադրում էր Մուսոլինիի ժամանակների սուպեր աստղ Ֆեոդորիա Բարբյերին, ով այն ժամանակ արդեն 85 տարեկան էր: Փորձերը ընդամենը երեք օր տևեցին: Պրեմիերան հաջող անցավ:

Ընդհանրապես, ես պաշտում եմ Նորման: Այն սկզբից մինչև վերջ օրհնանք է: Ոչ մի ուրիշ դեր չի տալիս երգչուհուն այդքան անվերջանալի հնարավորություններ: Ես երգել եմ, եթե չեմ սխալվում, «Նորմայի» 27 բեմադրությունում: Եվ դա երբեք չի հոգնեցնում: Թերևս այն պատճառով, որ ոչ մի բեմադրություն չի կրկնում նախորդը: Դրանք միանգամայն տարբեր են: Ընդհուպ մինչև մոդերն ոճ, որտեղ Նորման ժամանակակից քաղաքական գործիչ էր' Հիլարի Քլինթոնի պես: Այլ բեմ, այլ քաղաք, այլ բեմադրություն… Հենց դա է իմ աշխատանքի գրավչությունը' երբեք ոչինչ չի կրկնվում:

***

«Նորման» ինձ ծանոթացրեց ամուսնուս' գերմանացի դրամատուրգ Կոնրադ Կունի հետ: Հայլբրոնում էր: Ավելի ուշ, երբ մենք արդեն հանդիպում էինք, Կոնրադն ինձ պատմեց, որ երբ ես երգում էի Casta Diva արիան, նրա մեջ ցանկություն առաջացավ ինձ հետ ծանոթանալ: Ներկայացումից հետո մտավ գրիմի սենյակ, մենք շփվեցինք: Այն ժամանակ գերմաներեն դեռ չգիտեի, մենք անգլերեն էինք խոսում: Հաջորդ համերգին նա ինձ ծաղիկների բացիկով փունջ ուղարկեց, հետո ես նմանատիպ մի փունջ ստացա Լյուքսեմբուրգում: Կոպենհագենի ներկայամանն անձամբ եկավ: Ի վերջո մենք ընկերացանք, մոտ մեկուկես տարի շփվում էինք: Իսկ հետո ես փորձանքի մեջ ընկա: Մեկնեցի Բոնն՝ Տոսկան երգելու, և ոտքս կոտրեցի' նոր կոշիկների և անձրևի երեսից: Պիտի վեց շաբաթ պառկեի տանը' գիպսի մեջ: Հայաստանից ոչ ոք չէր կարող օգնության հասնել: Կոնրադն օգնեց: Այդ ժամանակ նա աշխատում էր Բոննից մեկուկես ժամվա ճանապարհի վրա: Հենց աշխատանքի վայրից եկավ: Քանի դեռ պառկած էի, նա ինձ երեխայի պես էր խնամում: Դա նրա շանսն էր, և Կոնրադն այն բաց չթողեց:

***

Լա Սկալայում իմ դեբյուտը 1996-ին էր: Այն ժամանակ ես Ֆրանսիայում Տոսկայի փորձերն էի անում: Մենեջերը զանգահարեց և փոխանցեց, որ ինձ ուզում է լսել Լա Սկալայի գլխավոր դիրիժոր Ռիկարդո Մուտին: Պիտի «Նաբուկկոյում» Աբիգայելի դերերգը երգեի: Ես այն արդեն երգել էի մաեստրո Չեքիջյանի հետ, բայց սկզբում հրաժարվեցի լսումներին գնալ: Համոզված էի, որ Մուտին կասեր, որ ես չափազանց երիտասարդ եմ, որ ձայնս այնքան էլ մեծ և դրամատիկ չէ, որ դեռ պիտի աճեմ: Բայց երբ երկրորդ անգամ զանգահարեցին, հանձնվեցի: Առաջին լսումն անցավ Զալցբուրգում: Իտալացի ռեժիսորն ասաց' «Օ՜, սա հենց այն է, ինչ ինձ պետք է» և խնդրեց գալ երկրորդ լսումներին' Միլան: Սկզբից պարտերում լսեց, հետո բարձրացավ ամֆիթատրոն, հետո օթյակ և վերջիվերջո դերն ինձ տվեց: Լա Սկալայի ելույթը դարձավ իմ համաշխարհային դեբյուտը և իմ առջև շատ դռներ բացեց: Լա Սկալայի, Մետրոպոլիտենի, Վիեննայի օպերայի պես հարուստ ավանդույթներ ունեցող բեմերում ելույթ ունենալով' զգում ես մեծ երգիչների ներկայությունը, ոգեշնչվում, երջանկանում այն գիտակցումից, որ քեզ հաջողվել է անցնել իրենց ճանապարհով: Թևավորվում ես:

***

Երկար ժամանակ ես այնպես էի աշխատանքովս տարված, որ երեխա ունենալու միտք էլ չունեի: Ո՛չ ես, ո՛չ Կոնրադը, ո՛չ իր ընտանիքը երբեք չէինք հիշատակում այդ մասին' նրբանկատ գերմանացիներ: Իսկ ահա իմ մայրը 8 տարվա ամուսնությունից հետո հարցը կտրուկ դրեց' «Աղջիկս, հրաշալի է, որ դու հանրահայտ մարդ դարձար,- ասաց նա.- Բայց ես այս կյանքից հիասթափված կհեռանամ, եթե դու մայր չդառնաս»: Նա խոստացավ, որ միշտ երեխայիս հետ կլինի: Այդպես էլ եղավ: Երբ ծնվեց Սիրանույշը, ես չորս շաբաթանոց ընդմիջում վերցրի: Այդ օրից մինչև նրա դպրոց գնալը մենք աշխարհով մեկ շրջագայում էինք ամբողջ ընտանիքով' ես, ամուսինս, մայրս և աղջիկս:

Կոնրադը որոշ ժամանակ անգամ չէր աշխատում: Երբ աղջիկս վեց տարեկան դարձավ, մենք մշտական բնակություն հաստատեցինք Վիեննայում: Իսկ հետո, քանի որ դպրոցում նա գերազանց էր սովորում, իրեն ընդունեցին Վիեննայի Ակադեմիական գիմնազիա' լավագույններից մեկը, որը գրոծում է 1553-ից: Այնտեղ են սովորել Ֆրանց Շուբերտը, Հյուգո Վոլֆը, Հյուգո ֆոն Հոֆմանստալը և շատ ուրիշ ավստրիացի նշանավոր մարդիկ: Վեց տարեկանում Սիրանույշը գիտեր իմ ամբողջ ռեպերտուարը, բայց հիմա նա ոչ թե դասական, այլ փոփ երաժշտություն է սիրում երգել' Լեդի Գագա, Րիհաննա:

Մենք ամբողջ ընտանիքով երկար ժամանակ միասին ենք լինում միայն արձակուրդի ժամանակ: Կոնրադը սիրահարվել է Հայաստանին, և մենք ամեն տարի ամռանն իմ հայրենիքում ենք հանգստանում' Գյումրի, Ծաղկաձոր, Դիլիջան, Սևան ենք գնում: Հիմա իր իմացած լեզուների ցանկը (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, հին հունարեն, լատիներեն, իտալերեն) համալրել է հայերենը: Նա սիրում է մեր բոլոր ազգային ուտեստները բացի խաշից, որի իմաստն այդպես էլ չի հասկացել: Նա երբեք հայերի մասին երրորդ դեմքով չի խոսում և միշտ բուռն կերպով է քննարկում Հայաստանի հետ կապված խնդիրները: Նա նույնիսկ Չարենց է թարգմանել գերմաներեն և օգնել ինձ թողարկել Կոմիտասի երգերի ձայնասկավառակ: Սակայն արձակուրդի ժամանակն արագ է թռչում և նորից սկսվում է սովորական կյանքը' քաղաքներ, բեմեր, ելույթներ…

***

Օպերային երգչուհու համար իմ համեստ չափերը երբեմն խնդիր էին դառնում բեմական հագուստի ընտրության ժամանակ: Ասենք, 1991-ին, երբ ես առաջին անգամ էի Բոլշոյ թատրոնում «Տրավիատա» օպերայում երգում, ինձ համար չկարողացան հագուստ գտնել: Թատրոնի ղեկավարությունը ստիպված եղավ թանգարանից վերցնել հատուկ Գալինա Վիշնյովսկայայի համար Հնդկաստանում կարված զգեստը:

***

Ներկայացումներից հետո շատ երկրպագուներ ծաղիկներ, շոկոլադ, երբեմն մոմեր են նվիրում կամ աղոթքներով գրություններ թողնում: Կան մշտական երկրպագուներ, որոնք երկար տարիներ ամեն ձևով փորձում են իմ մասնակցությամբ ներկայացումներին ներկա լինել: Ամիսներով փող են հավաքում, որպեսզի այս կամ այն երկիր գան: Կան մարդիկ, ովքեր արդեն 20 տարի է, ինչ իմ հետևից են գալիս և եղել են գրեթե բոլոր իմ համերգներին: Ասենք, լեհ լրագրող, արդեն թոշակառու Յան Վոժնյակը մոտ 80 ներկայացում է այցելել աշխարհի բազմաթիվ քաղաքներում և ավելի շատ բեմադրություններ է տեսել, քան նույնիսկ իմ ազգականները, քան ամուսինս: Նա Հայաստանում էլ է եղել: Իհարկե, այդպիսի հավատարիմ երկրպագուներին ես թատրոնի տոմսեր եմ տրամադրում, իսկ ներկայացումից հետո ճաշի կամ ընթրիքի եմ հրավիրում:

***

Ինձ համար ցանկացած հիվանդության լավագույն բուժումը, մահացու հոգնածությունից և ահավոր տրամադրությունից փրկող լավագույն միջոցը նախերգանքն է: Իր վերջին նոտաների հետ անցնում են բոլոր անախորժությունները և ուրիշ կյանք է սկսվում: Ի տարբերություն դրամատիկական թատրոնի, օպերայում «դերի մեջ մտնել» հասկացությունը պայմանական է: Իմ առջև չափից շատ խնդիրներ են դրված' երգել, մշտապես կապի մեջ լինել դիրիժորի հետ, խաղալ գործընկերների հետ, հետևել, որ զգեստը չկպչի դեկորացիաներին… Մի խոսքով, հազարտոկոսանոց կենտրոնացում է պետք և դերի մեջ մտնելն ու աշխարհում ամեն ինչի մասին մոռանալն ուղղակի անհնար են: Իսկ ահա հետո դերից, ավելի ճիշտ' այդ երաժշտությունից դուրս գալը, այն գիտակցությունից, մարմնից հանելը շատ դժվար է: Այդ պատճառով էլ չեմ սիրում ներկայացումից հետո ընդունելությունների գնալ: Ավելի լավ է տուն գամ, հագիցս հանեմ զգեստը, դերը: Որպես կանոն ներկայացումից հետո ես իմ բնական վիճակին եմ վերադառնում առավոտյան ժամը հինգին:

***

Ընդհանրապես, ինձ աշխույժ մարդ չես անվանի: Աղմկոտ երեկույթներ չեմ սիրում, բարեր չեմ գնում, դիսկոտեկում երբեք չեմ եղել և չեմ էլ պատկերացնեմ' դա ինչ է: Նախընտրում եմ պասիվ հանգիստը: Ակտիվ սպորտով չեմ զբաղվում. մատներս վնասելու վախը դեռ ջութակ նվագել սովորելու ժամանակներից է պահպանվել: Տարին 11 ամիս շրջագայությունների եմ և, մնալով տանը, ուզում եմ ուղղակի հեռուստացույց նայել, կարդալ: Կարդում եմ գերմաներեն և ռուսերեն' ինչ ձեռքիս տակ ընկնի: Սիրում եմ սարերում հանգստանալ: Դա, երևի, հայրենիքս կարոտելու պատճառով է: Հարազատներիս, ազգականներիս հետ շփումը չեմ փոխարինի ոչ մի աղմկոտ երեկույթով: Հանգամանքների բերումով ես եղել եմ այնպիսի քաղաքներում, որտեղ շատ ազարտ կա' Մոնակո, Լաս-Վեգաս: Մի երկու անգամ փորձել եմ խաղատներում խաղալ, մոտ 100$ եմ պարտվել և հասկացել, որ կազինո նույնպես չեմ սիրում: Ընդհանրապես, ես լավատես եմ և կյանքը շատ եմ սիրում: Հենց նոր հասկացա, որ մի քանի անգամ իրար հետևից ասացի' «չեմ սիրում»: Եվ, այնուամենայնիվ, խոստովանում եմ, որ աշխարհում ամենաշատը չեմ սիրում նեգատիվը և հեռու եմ մնում ամեն ինչից, հատկապես՝ դժգոհ մարդկանցից:

«Ереван» ամսագիր, N3(73), 2012

Այս թեմայով