17 Ապրիլ 2013, 12:03
7104 |

Ճամփեզրի ապաստանը

Այս յուրահատուկ վայրում, որտեղ ոչ մեծ տարածության վրա կենտրոնացած են բազմաթիվ անգին հուշարձաններ, անհրաժեշտ է իրականացնել պեղումներ: Այստեղ կան միջնադարյան Հայաստանի բնակավայրերում գոյություն ունեցած շինությունների բոլոր տեսակները. IV,V և VII դարերի եկեղեցիներ, յուրահատուկ որմնանկարներով մայր տաճար, իշխանի պալատ, ամրոց իր բերդով, քաղաքացիների տներ...

Երևան-Գյումրի մայրուղու քառասուներորդ կիլոմետրից հետո ընկած հատվածը ճիշտ և ճիշտ կրկնօրինակն է այն ճանապարհի, որն այստեղով անցել է մեկ և կես հազարամյակ կամ գուցե նաև շատ ավելի առաջ: Դեպի Արուճ տանող ճամփաբաժանը հենց այս հատվածից էր ճուղավորվում:

Մենք կանգնեցրինք մեքենան և որոշեցինք քայլել. այստեղ' ճանապարհի աջ կողմում, մի ժամանակ գյուղ է եղել, որի անունը վաղուց մոռացվել է: Ամեն քայլափոխին քարակույտերի մեջ հանդիպում են խաչքարերի բեկորներ, սեպագիր հատվածներ, խեցեղենի ու կենցաղային իրերի կտորներ: Հնագույն հուշանվերների սիրահարը «սև հնագիտությամբ» զբաղվելու կարիք չունի. բավական է բահով մեկ-երկու տեղ փորել, ու ինչ-որ հետաքրքիր բան հաստատ կգտնվի. գյուղում գիտական պեղումներ դեռ չեն կատարվել:

Այդ հիմա է, որ շուրջը միայն քարերի գաղտնիքը պահող վայրի խոտ ու հատուկենտ ծառեր են: Իսկ ժամանակին Արուճը հայտնի էր իր այգիներով: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն իր անունն ուներ: Անիի թագավորության ժամանակների փաստաթղթերում հենց այդպես էլ գրում էին, որ ինչ-որ մեկը եկեղեցուն նվիրել է այգի Կոշում, ինչ-որ մեկը' Օշականում, մեկն էլ Արուճում' «Մազոտն» անվամբ:

XIII դարում սա բավական աշխույժ վայր էր: Տեղացի գործարարը, որի անունը պատմությունը չի պահպանել, Արուճի ծայրամասերի այգիներում կառուցել է քարվանսարա, որը մինչ օրս ճամփեզրին կանգուն է: Պանդոկը ճամփորդներին գրավում էր զովությամբ, սնունդով և աղբյուրի ջրով: Այն բաժանված էր երեք մասի: Միջինը ընդարձակ, ավտոկայանատեղի հիշեցնող ինչ-որ կառույց էր, որտեղ հանգստանում էին քարշակ կենդանիները: Իսկ կողային պատերի երկայնքով ձգվող ավելի նեղ երկու սրահները նախատեսված էին մարդկանց համար: Ճամփորդները տաղավար էին տանում իրենց ուղտերին, ավանակներին ու ձիերին, և գնում ընթրելու ու քնելու: Մերօրյա հասկացողությամբ հատուկ հարմարություններ, ըստ երևույթին, չէին առաջարկվում: Չնայած' մուտքից ձախ տեղակայված էր բաղնիք. օգտակար բան է, հատկապես ամռան տոթ ամիսներին: Իսկ այ սնվել ու քնել ստիպված էին իրենց չորքոտանի ընկերների հարևանությամբ...

Բայց մի՞թե նման մանրուքը կարող է ստիպել ետ կանգնել Մեծ Մետաքսե ճանապարհից:
Հիմա վերականգնված են քարվանսարայի հետին և կողքերի պատերն ու տանիքի մի մասը: Առաջին հայացքից ոչ մեծ չափերի շինություն է, որը նախատեսված չէ մարդկանց մեծ հոսքի համար, բայց եթե ենթադրենք, որ քնելիս նեղվածք է եղել, ապա հարգանքի արժանի չափերի քարավանը կարող էր հանգիստ տեղավորվել այնտեղ: Իսկ ավելի աղքատները տեղավորվում էին դրսում' պատերի տակ: Այդպիսի գիշերակացը, ամեն դեպքում, բաց դաշտից նախընտրելի է: Հյուրերին հսկում էին հաստատության տերերը' ժամապահեր կանգնեցնելով: Առավոտյան քարավանները շարունակում էին իրենց ճանապարհը, բայց կարող էին և հետաձգել իրենց մեկնումը' փորձելով առևտուր անել հենց տեղում: Չէ՞ որ քարվանսարայի հետևում մեծ և հարուստ գյուղ, գրեթե քաղաք Արուճն էր:

Վերանորոգումը երեկ և այսօր
VII դարում Գրիգոր Մամիկոնյան իշխանը Արուճը դարձրեց նստավայր, և, ավանդույթի համաձայն, կառուցեց Կաթողիկե եկեղեցին: Հետագայում այն սկսեցին անվանել սբ Գրիգորի եկեղեցի, քանի որ այն կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը: Սակայն ֆեոդալը անձամբ էր պատին փորագրել. «Հիմնեցի սբ Կաթողիկեն»: Այդպես էին այն անվանում նաև 973 թվականին այստեղ առաջին հիմնանորոգումն անցկացրած շինարարները:

Հիմա ամրոցի պատերը անցել են գետնի տակ' թողնելով վերևում մեկ-երկու ամուր շար: Իսկ այն հատվածներում, որտեղ քարաշարը հասնում է մարդու հասակին, պատերը քանդվում են. տուֆը փշրվում է, քարերը' շարժվում: Քարերը շոշափելու միջոցով որոշ ժամանակ պատը հետազոտելուց հետո ես ոչ մեծ բացահայտման շեմին հայտնվեցի: Այստեղ ինձ օգնության հասավ տեղացի Արմենը, ում տունը գտնվում էր հենց եկեղեցու ցանկապատի ետևում: Ի դեպ, նրա տան դիմացի ոչ բարձր, մոտ մեկ մետրանոց ցանկապատը գույնով ու ձևով կասկածելիորեն նման է իշխանի դղյակից մնացած քարերին: Սա իմիջիայլոց. նոթեր լուսանցքում:

Արմենը հաստատեց իմ կասկածները: Պարզվում է, որ այն առաջին վերանորոգումից ուղիղ հազար տարի անց' 1970-ականների կեսերին, այստեղ ծավալվել էին վերականգնողական աշխատանքներ: Որոշել էին փորել ամրոցի պատերի մի մասը, բացել են դրանք մինչև հիմքը, բայց հետո կամ փողերն են սպառվել, կամ մեկ այլ պատճառով հենց այդքանով էլ ամեն ինչ սահմանափակվել է: Իսկ անձրևն ու ստորգետնյա ջրերը կարճ ժամանակահատվածում հազարամյա ամուր պատը վերածել են հսկա քարակույտի, որն ամեն վայրկյան կարող է փուլ գալ:

Ինչևէ, տաճարը գեղեցիկ է: Եվ հսկայական: Ու նաև, երբ ներս ես մտնում, շունչդ կտրվում է, որովհետև միանգամայն անսպասելի հայտնվում ես ընդարձակ, լուսավոր սրահում, որտեղ ոչինչ տեսադաշտդ չի փակում: Անգամ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարն այսքան ընդարձակ չէ. սյուները թաքցնում են տարածությունը, իսկ Արուճում սյուներ ընդհանրապես չկան: Տանիքի հենց կենտրոնում գմբեթի փոխարեն երկնքին նայող շրջանաձև անցք է: Դրա շրջագծին հարմարավետ տեղավորված թռչունները մեզ դիմավորեցին աղմկոտ իրարանցմամբ ու դիպուկահարին հատուկ ճշգրտության ողջույններով: Պատի մոտ մենք հայտնաբերեցինք փոքրիկ հին դրամապահոց, որի վերնամասում ճեղք էր բացած, և շուրջը շարված եկեղեցական մոմեր: Վրայի գրությունը խնդրում էր մոմերի համար վճարել' գումարը գցելով ճեղքի մեջ: Այդպես էլ արեցինք ու վառեցինք մոմերը: Ընդ որում թռչունները, համոզվելով մեր մտադրության լրջության մեջ, լռեցին, իսկ հետո ընդհանրապես ինչ-որ տեղ կորան'յուրաքանչյուրիս թողնելով Աստծո հետ միայնակ: Միայն Փրկիչն էր ինձ հետևում տաճարում, ում դիմագծերը նկատելի էին վարպետ Ստեփանոսի յուրահատուկ որմնանկարին (վարպետը ստորագրություն է թողել եկեղեցու պատին): Քրիստոսի պատկերը նկարված է կապույտ ֆոնի վրա: Ձախ ձեռքում նա բռնում էր Ավետարանական գրերով մատենագիրը, իսկ ներքևում երևում են առաքյալները: Այսօր որմնանկարի միայն ներքևի հատվածն է քիչ թե շատ պահպանվել: Բայց անգամ այս վիճակում այն ապշեցնում է անտիկ աշխարհին բնորոշ ձևերի ու շարժման փոխանցման կենդանությամբ ու բնականությամբ:

Կաթողիկեի պատերից մեկին ընթեռնելի է 987 թվականին թվագրված հետաքրքրաշարժ գրություն: Դա Սմբատ II Բագրատունի իշխանի հրամանն է, որով նա հարկերից ազատում է նրանց, ովքեր Արուճին ապրանք են մատակարարել բառիս բուն իմաստով սեփական կուզի վրա' շալակած: Ի տարբերություն մեծ մատակարարների, որոնք շահույթի համար օգտագործում էին բեռնակիր կենդանիներին: Կա նաև այլ մեկնաբանություն: Բանն այն է, որ «շալակ» բառը հայերենում երկու իմաստ ունի. արդեն հիշատակված շալակածն ու նաև քսակ, փողի պարկ: Այնպես որ, ըստ երկրորդ տարբերակի, ստացվում է, որ հարկերից ազատվել են տարբեր տեսակի դրամական փոխառուներ' իրենց արժույթի փոխանակման կետերով: Խոստովանեմ, առաջին վարկածն ավելի հոգեհարազատ է ինձ...

Գահի երկրաչափությունը
Արուճում պեղումներ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսում էին դեռ Նիկոլայ Մառն ու Թորոս Թորամանյանը: Աշխատանքները վերջապես սկսվեցին 1947 թվականին, իսկ ամենամեծ ծավալով ընթացան 1952-1954 թվականներին: Հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել էին դղյակի, IV-V դարերի բազիլիկի ու ոչ մեծ մատուռի ավերակները:

Կաթողիկոսի նստավայր Դվին քաղաքը 640 թվականին թալանվել ու ավերվել էր արաբների կողմից: Գրիգոր իշխանը Արուճում կառուցում է Դվինի դղյակի եթե ոչ ճիշտ կրկնօրինակը, ապա դրան շատ նման մի պալատ: Դղյակը կանգնած էր կիրճի եզրին, իսկ կողքին այսօր էլ, ճիշտ ինչպես հարուրավոր տարիներ առաջ, սառը ջրով աղբյուր է հորդում' Գրիգորի աղբյուրը. ջուրը քարը չի ծերացնում:

Իշխանական դղյակը պարզվեց այդքան էլ մեծ չէ. մերօրյա «իշխանիկները» շատ ավելի մեծ թափով են կառուցում: Դղյակի «ներսում» պետք է զգուշությամբ քայլել. հատակն ամբողջությամբ ծածկված է անցքերով, այսպես կոչված փոքր մառաններով, իսկ կողքին քարեր են, որոնցով դրանք փակվում էին: Այդպիսի փոսերը ծառայում էին որպես գինու, հացահատկի ու այլ մթերքի պահոց: Քայլում եմ ու զարմանում. ահա այստեղ գահասրահն էր, այստեղ, հավանաբար, իշխանական սենյակը, և ինչ է ստացվում. քայլո՞ւմ էին դղյակով' մառան ընկնելու վախով ու շրջանցելով անցքերը: Արմենը ավելի ճշմարտանման տարբերակ առաջարկեց. բոլոր այս անցքերը փորել են շատ ավելի ուշ, երբ իշխանական դղյակը կորցրել է իր նախնական կարգավիճակն ու սկսել կենցաղային նպատակներով ծառայել տեղաբնակներին: Գահասրահը վաղուց չկա. պահպանվել է միայն իշխանի գահի հիմքը: Պատվանդանը կարմիր տուֆից է, որը մի հսկայական ուղղանկյուն քար է: Այն տեղակայված է Կաթողիկե տաճարի հենց կենտրոնում' ծավալուն անկյունային դռան դեմ դիմաց: Իսկ Գրիգորի դղյակի մուտքը դեռ չի պեղվել, թեև դրա տեղը հայտնի է:

Դարերի հիշողությունը
Ոտքերի տակ լիքը քառանկյուն ու ուղղանկյուն քարեր են: Որոշները հարթ են, մյուսների մեջ խորություններ են փորված: Ես դրեցի այդ քարերից մեկը մյուսի վրա. ստացվեց պարզ, բայց խորամանկ արկղիկ, որն ընդհանրապես չէր տարբերվում ճիշտ նույնպիսի, բայց ամբողջական քարերից: Դժվար թե այդպիսի արկղիկներում թանկարժեք զարդեր պահեին. դրանք բոլոր ժամանակներում գերադասել են թաղել հողի տակ' փորձանքից հեռու: Իսկ այ գրքեր... Չափերով ու խորությամբ այսպիսի փոսը իդեալական է, օրինակ, Աստվածաշունչ պահելու համար: Ինչևէ, բավական վստահելի պահոց է, և հավանաբար այս ճանապարհով արշավանքների ժամանակ մի սուրբ գիրք չէ, որ փրկվել է: Իսկ այս կողմերով արշավում էին բոլոր նրանք, ովքեր չէին զլանում:

ետդարձի ճանապարհին կրկին անցնում ենք քարվանսարայի կողքով: Այնտեղից, հենց այն հատվածից, որը նախատեսված էր կենդանիների համար, դուրս էին գալիս երկու այծ ուլիկի հետ: Ձագուկը առջևից էր վազում' մի փոքր խարխափելով իր թույլ ոտքերի վրա, իսկ մաքիները քայլում էին հաստատ, կարծես ինչ-որ բանի մասին զրուցելով: Ճամփեզրի ապաստանի մասին հիշողությունը հավանաբար կենդանիների արյան մեջ է...

Արուճի մասին
Արուճը գյուղ է Արագածոտնի մարզում: Տեղակայված է Երևանից 55 կմ հյուսիս-արևմուտք: Տևական ժամանակ այն բնակեցված էր թալիշներով, այդ պատճառով էլ սովետական շրջանում այն անվանում էին Թալիշ: Արուճը գտնվում էր վաղ միջնադարի հայկական երկու կարևորագույն քաղաքները'Անին ու Դվինը կապող ճանապարհի մեջտեղում: Հարմար աշխարհագրական դիրքը մեծամասամբ ապահովեց նրա կարևոր տնտեսական ու քաղաքական կարգավիճակը: Արուճի ծաղկման երկրորդ կարևորագույն գործոնը դարձավ Գրիգոր իշխանի գրեթե քառորդ դար տևած կառավարումը (661—685 թվականներ): Դա արաբական արշավանքների շրջան էր, երբ Հայաստանը մեկ ամբողջական պետություն չէր, իսկ նրա առանձին հատվածները ղեկավարում էին իշխանները, որոնց նստավայրերը դառնում էին վարչական կենտրոններ: Արուճում բացի ամրոցից, տեղակայված էին բազմաթիվ աշխարհիկ և կրոնական շինություններ: Այստեղ է գտնվում միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կառույցներից մեկը' Կաթողիկե եկեղեցին (սբ Գևորգ), որի շինարարությունը սկսվել է 661-ին, իսկ ավարտվել' 666-ին:
Կողքին եռանավ բազիլիկի (նույնպես VII դար), սյունասրահով ու արտաքին ճեմասրահով դղյակի, ավելի ուշ ժամանակաշրջանի պատկանող' XII—XIII դարերի մատուռի ավերակներն են: Մի փոքր հեռու պահպանվել են XII դարի ամրոցի ավերակները:

Կանգառ քարվանսարայի մոտ
Արուճի դիրքը հարմար է, քանի որ այցելելու համար երկար ճամփորդելու կարիք չկա. գյուղը Երևանից կես ժամվա ճանապարհի վրա է: Այդ պատճառով մայրաքաղաքից շատ շուտ կարելի է հասնել այնտեղ: Սակայն, եթե չբավարարվեք տեսարժան վայրերի հապճեպ ուսումնասիրությամբ և որոշեք այստեղ ավելի երկար մնալ, ձեր տրամադրության տակ է հյուրանոցային համալիրների ու սնունդի կետերով մոթելների մի ամբողջ շարք: Դրանք բոլորը տեղակայված են Երևան-Գյումրի մայրուղուց դեպի Արուճ տանող շրջադարձի հարևանությամբ: Իսկ եթե ճամփորդում եք հասարակական տրանսպորտով, ապա ձեզ կտեղափոխեն Երևանից Գյումրի, Թալին ու Արթիկ գնացող երթուղային տաքսիները: Դրանք բոլորը մեկնում են «Ռոսիա» առևտրի կենտրոնի մոտից (նախկին կինոթատրոն), Տիգրան Մեծի պողոտայից և Խորենացու փողոցից: Պարզապես չմոռանաք վարորդին զգուշացնել, որ կանգ առնի քարվանսարայի մոտ' Արուճի ճամփաբաժանին:

 «Ереван» ամսագիր, N4(64), 2011

 

Այս թեմայով