21 Փետրվար 2013, 10:40
3360 |

Յոթ բառ իր պոլիսի մասին

Մի վայրում, որտեղ պատմական փաստերը անակնկալ կերպով ազդում են մարդկանց հարաբերությունների վրա: Ստամբուլի հին բնակիչները մինչև հիմա քաղաքին ասում են Պոլիս, ու, ի հեճուկս ամեն ինչի, համարում են այն հարազատ քաղաք:

Արա Գյուլեր
ֆոտոնկարիչ

Ինչ եմ զգում որպես Ստամբուլում ապրող հա՞յ: Ես այստեղ եմ ծնվել: Այստեղ եմ առաջին լուսանկարն արել, տասնյակ թերթերում աշխատել, հարյուրավոր մարդկանց հետ ընկերացել, հազարավորներին էլ լուսանկարել: Ես այս ծուռումուռ փողոցներում իմ Լեյկայով կիլոմետրեր եմ կտրել, անցել եմ տապակած շագանակներ վաճառողների ու ամեն տեղ հայտնվող զբոսաշրջիկների կողքով: Իմ կյանքն անցել է Ստամբուլում՝ սա իմ քաղաքն է: Եվ այո՛՝ ես հա՛յ եմ: Եվ այստեղ չկա որևէ անբարեհնչություն: 

Նազար Անչեր

Մեխանիկ

Ես, ցավոք սրտի, վատ եմ հայերեն խոսում: Երբեք չեմ հաճախել հայկական դպրոց, չնայած ծնվել եմ Սեբաստիայում: Պոլիս տեղափոխվել եմ 12 տարեկանում: Այդ ժամանակից ի վեր այստեղ եմ ապրում, աշխատում եմ որպես մեխանիկ, նորոգում եմ ամեն տեսակ իրեր: Իսկ առաջ մարմնամարզիկ եմ եղել: 1960-ականներին տարվեցի բռնցքամարտով: Ուսուցիչս՝ Գարբիս Զաքարյանը, այն տարիների լավագույն մարզիչներից էր: Բայց բոքսով զբաղվեցի միայն երկու տարի, որովհետև հետո տարվեցի ֆուտբոլով, թողեցի ռինգն ու սկսեցի Թաքսիմի պատանեկան խմբում գնդակ տշել: Բայց, հավանաբար, վիճակված չէր ինձ դառնալ սպորտի լեգենդ, քանի որ շուտով ֆուտբոլն էր թողեցի: Հիմա Հայաստանի մարզիկների շարքերում լավ ընկերներ ունեմ: Ես նույնիսկ 5-րդ Համահայկական խաղերում Ստամբուլի պատվիրակության անդամ էի:

Հայր Զոհրաբ Ջիվանյան

Քահանա

Այս երկիրը մեր ծննդավայրն է: Մենք այստեղ մեծացել ենք, ընտելացել ենք տեղի սովորույթներին ու ընդունել դրանք: Մենք ներառել ենք մեր մեջ ոչ միայն Թուրքիան ու Կոստանդնուպոլիսը, այլև մեր ազգի դարավոր ավանդույթները՝ այն, ինչ մեզ իրավունք է տալիս կոչվել հայ՝ որտեղ էլ ապրենք: Ես ծառայում եմ Ֆերիքեյ թաղամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում՝ ծառայում եմ Աստծուն ու ազգիս: Իմ ու մյուս հովիվների շնորհիվ ծխականները կապ են ստեղծում իրենց  ու իրենց բնակության վայրի՝ պապենական հողի միջև: Ես քահանա եմ, ես պարտավոր եմ այդ կապն ապահովել:

Գարբիս Զաքարյան

Բռնցքամարտիկ

Ես Թուրքիայում ծնված հայ եմ: Երևի այդ պատճառով է, որ միշտ բոլորի հետ կռվել էի ուզում: Բռնցաքամարտով զբաղվել սկսեցի 1944-ին, երբ 14 տարեկան էի: Հոբբիս հետագայում վերածվեց մասնագիտության և ապրուստի միջոցի: 22 տարի ապրել եմ բռնցքամարտով՝ չհաշված թուրքական բանակում անցկացրած երկու տարիները: 51 մարտի եմ մասնակցել, պարտվել եմ դրանցից միայն 8-ում: Հետո արդեն ռինգ դուրս չէի գալիս. աշխատում էի որպես մարզիչ: Լավագույն սանս՝ Ջեմալ Քեմասին, Եվրոպայի չեմպիոն դարձավ: Իսկ հիմա անցել եմ հանգստի, նույնիսկ նոր բռնցքամարտիկների հետ չեմ շփվում՝ հանգստանում եմ:

Շապուհ Պապիկյան

Փականագործ

Ստամբուլում աշխատում եմ 1967-ից՝ պատրաստում-նորոգում եմ կողպեքներ, բանալիներ:  Արդեն երկար ժամանակ է, շա՜տ երկար: 45 տարի է՝ մի քաղաքում եմ, որտեղ յուրաքանչյուրն իր ու քո ծնվելուց առաջ քեզ ցավ է պատճառել: Այդ ցավն ու վիրավորանքը մեզ սերնդեսերունդ է փոխանցվում: Նրանք թուրք են, ես՝ հայ: Այո, այստեղ ավելի դժվար է ապրել, քան այլուր: Բայց այս կողմերից արդեն չեմ կարող բաժանվել: Ես հայ եմ Կոստանդնուպոլսում: Եվ անկեղծ ասած՝ հպարտանում եմ դրանով:

Բյուզանդ Աքբաշյան

Կոլեկցիոներ

Ուսումն ավարտելուց հետո զբաղվեցի առևտրով: Ձեռներեցությունն արյանս մեջ էր, այդ պատճառով լուրջ հաջողությունների հասա: Բայց միևնույնն է՝ չէի սիրում այդ զբաղմունքը: Այդ պատճառով էլ թողեցի այն և նոր գործի անցա՝ ավելի կարևոր, պիտանի ու հետաքրքիր: Սկսեցի հայերեն լեզվով հին գրքեր հավաքել: Իսթիքլալ փողոցում փոքր խանութ բացեցի ու 1986-ին սկսեցի հայալեզու հրատարակությունների կատալոգներ ստեղծել, որոնցում տեղ են գտնում աշխարհի տարբեր քաղաքներում լույս տեսած հազարավոր հազվագյուտ հայերեն գրքերի բնութագրություններ: Ես 12 այդպիսի կատալոգ եմ ստեղծել: Դրա համար 30 տարի պետք եղավ: Բայց բոլորովին չեմ հոգնել, քանի որ սիրում եմ գործս:

Գերման Օզինյան

Ֆինանսիստ, դերասան

Հայերը նկարիչների ու աշխարհաքաղաքացիների ազգ են: Օրինակ՝ ես. չունեմ բարձրագույն կրթություն, ավարտել եմ միայն Մխիթարյան դպրոցը ու միանգամից մտել բիզնեսի աշխարհ: Զբաղվել եմ ֆինանսներով ու 48 տարվա ընթացքում ո՛չ մասնագիտությունս եմ փոխել, ո՛չ էլ բնակության վայրս: Բայց աշխատանքից ավելի սիրել եմ թատրոնը: Ուղիղ կես դար հանդես եմ եկել սիրողական բեմերում և անկեղծ ասած՝ միշտ գլխավոր դերեր եմ ստացել:  Չկա որևէ հակադրություն թատրոնի կյանքիս ու ֆինանսների աշխարհի միջև, ինչպես որ չկա հակադրություն ազգությանս ու այն երկրի միջև, որտեղ ապրում եմ: Հայերի ու թուրքերի միջև շատ վատ բան է եղել: Բայց մենք աշխարհաքաղաքացի ենք. մեր գեների մեջ է մեր տաղանդը ցուցադրելու ունակությունը՝ անկախ բնակության վայրից: 

«Ереван» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով