10 Դեկտեմբեր 2014, 20:52
2702 |

Աշխարհը կփրկեն կամավորները

ՄԱԿ-ի 1985-ի որոշմամբ դեկտեմբերի 5-ն ամեն տարի նշվում է որպես կամավորների միջազգային օր: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ, մի կողմ դրած առօրյա հոգսն ու փող աշխատելու մոլուցքը, օգնում են կարիքի մեջ գտնվողներին, կատարում անվարձահատույց ու անշահախնդիր աշխատանք:

Հայերն իրար օգնող ազգ են, ի ծնե կամավոր: Ամբողջ աշխարհում նշվող տոնը չէր կարող շրջանցել մեզ: World Vision Armenia-ն և Yerevan Productions-ը իրար գլխի հավաքեցին երկրի ակտիվ կամավորներին ու կամավորական աշխատանքով զբաղվող կազմակերպություններին:
Ամենաակտիվ կամավորները հիմնականում 18-20 տարեկան երիտասարդներն են, ովքեր կարևորում են ինչ-որ մեկին օգտակար լինելու ցանկությունը: imyerevan.com-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ ու լսել երիտասարդության կարծիքը կամավորության մասին:


Ռիմա Խառատյան, 19 տարեկան
Կամավորական աշխատանքը սկսել եմ դպրոցական տարիքից: Յուրաքանչյուր գործ ու առաքելություն կատարել եմ գիտակցված ու մարդկանց օգնելու մեծ ցանկությամբ: Կամավորական ծրագրերով եղել եմ Պրահայում և Փարիզում: Հատկապես մեծ հաճույք եմ ապրում երեխաների հետ աշխատելիս, չէ՞ որ նրանք այնքան փխրուն ու անպաշտպան են: Կամավորությունը երիտասարդներին գիտակից է դարձնում, մի քանի տարի տարբեր ծրագրերում աշխատելով շատ հմտություններ եմ ձեռք բերել, որոնք ինձ կօգնեն ամբողջ կյանքի ընթացքում: 


Աննա Ավագյան, 20 տարեկան
Ես լեզվաբան եմ, անգլերենի հմտություններս փոխանցում եմ բոլոր ցանկացողներին, մարդկանց հավելյալ կրթություն տալն ինձ համար ապրելակերպ է դարձել: Զուգահեռ Հայոց ցեղասպանության մասին օտարալեզու հոդվածներ եմ թարգմանում: Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ մեծ ծրագիր են պատրաստում, որով ևս մեկ անգամ պետք է փաստենք կատարված ոճիրն ու արդար վճիռ պահանջենք:

 

Հայկ Մկրտչյան, 19 տարեկան
4 տարի է՝ կամավոր եմ: Գործունեությունս սկսվել է աննշան ու պատահական թվացող որոշումից, բայց հիմա հասկանում եմ, որ իմ կյանքի կարևորագույն որոշումներից մեկն էր: Սուտ է, թե կամավորները վարձատրություն չեն ստանում, լավ էլ ստանում են: Իմ ստացած փոխհատուցումը մարդկանց տված սերն է, ջերմությունը: Բազմաթիվ հավատարիմ ընկերներ եմ ձեռք բերել:

Խաչիկ Աբաջյան, 16 տարեկան
2.5 տարի կամավորությամբ եմ զբաղվում: Մասնակցում եմ World Vision Armenia-ի կազմակերպած բոլոր միջոցառումների ու կամավորական ծրագրերին: Կամավորությունն ինձ համար կյանքի իմաստ ու նպատակ է դարձել: Միշտ կլինեմ կամավոր և սիրով կկատարեմ իմ աշխատանքը:

Այս թեմայով