19 Նոյեմբեր 2014, 15:03
3640 |

Ալո, Երևան, լսո՞ւմ ես

Օտար, ամայի երկրների առաջատար բուհերում սովորող երիտասարդներին խնդրեցինք զանգել Երևանին ու խոսել նրա հետ, պատմել՝ ի՞նչ են տարել Երևանից և ի՞նչ են բերելու իրենց հետ։

Ծովինար Մարտիրոսյան․ 17 տարեկան, Լեյդեն, Հոլանդիա
Բա՛րև, Երևա՛ն, ո՞նց ես: Ուզում եմ, որ վերջապես ազատվես օլիգարխիկ ճանկերից, հետխորհրդային բորբոսած բարքերից, անգործությունից ու արվեստազրկությունից, որ վերջապես առողջ ու ջահել սերնդի շնչի մեջ անհոգանաս, որ վերջապես ժպտաս: Ավելին՝ ուզում եմ սովորես լիաթոք ծիծաղել: Դու մենակ չես, շատ կան ինձ պես սիրահարներ: Մի քիչ էլ համբերիր, ամեն ինչ լավ է լինելու:

Իմ Երևանին կնվիրեմ այն գիտելիքները, որոնք կստանամ առաջիկա հինգ տարիների ընթացքում: Ուզում եմ՝ Երևանը դուրս գա primate city-ի կարգավիճակից:

 


Շավարշ Գևորգյան, Վիլնյուս, Լիտվա

Սիրում եմ քեզ, Երևա՛ն: Հարազատ, շատ հարազատ բան կա քո փողոցներում. երեկոներ կան լուսավոր ու լուռ, հիշողություններ անգին, ու կան մարդիկ, ովքեր թանկ են:

Երևանից ինձ հետ եմ վերցրել մի պարզ ու հասարակ ճամպրուկ, մի քանի քաղաքային նկար, արև ու կարոտ: Հայրենիք վերադառնալուց ինձ հետ կբերեմ Արևելյան Եվրոպայի ամենահին ու ամենամեծ համալսարաններից մեկում ուսանած երիտասարդի, ով կանի ամեն հնարավորը և նույնիսկ անհնարը՝ զարգացնելու Հայաստանը և ստեղծելու մրցակցային, կայուն և անկախ տնտեսություն:

 


Արման Խաչատրյան, Հայդելբերգ, Գերմանիա

Ուզում եմ, որ ավելի շատ մաքրություն, ավելի շատ կանաչ տարածքներ լինեն Երևանում: Ինձ հետ ոչինչ չեմ տարել... Բայց բերելու եմ ավելի լավ մարդու, քաղաքացու, ով նոր գաղափարներով, հուսով եմ, օգուտ կբերի հասարակությանը: Միգուցե և մարդկությանը:

 


Մարիամ Մաիլյան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան

Իմ շատ սիրելի Երևա՜ն, ափոսում եմ, որ գտնվում եմ հեռվում՝ սառը մի երկրում, որտեղ եղանակային սառնությունը փոխանցված է նաև մարդկանց, իմ ջերմ հարազատ ու տաք Երևա՛ն, ցանկանում եմ, որ քո մեջ առկա սերն ու ջերմությունը երբեք չմարի և կրկնապատկվի։

Ես այստեղից ոչինչ չեմ բերի Հայաստան։ Էստեղ ոչ համով բան կա, ոչ էլ հաճելի էմոցիաներ պարգևող երևույթներ։ Օրինակ՝ ջուրը. Իմ Հայաստանի ջուրը ծորակից է գալիս, ոչ թե ֆիլտրից։ Հայաստանը քաղցր երկիր է, իսկ այստեղ մարդիկ սառն են ու անտարբեր, առանց էմոցիաների. հայերը տաք են։ Ասում են, չէ՞՝ «Հա՞յ ես, կայֆ ա, չէ՞»: Ես ասում եմ՝ հա՛․ կայֆ ա․․․

Այս թեմայով