01 Հոկտեմբեր 2014, 12:44
4347 |

Երևանի rooftop

Բան չմնաց, ևս 1-2 շաբաթ և բոլոր բացօթյա հաճույքները, ստիպված պետք է տեղափոխել փակ տարածքներ: Առաջիկա 2 շաբաթը ձեր վերջին հնարավորությունն է խորը շնչելու Երևանի աշնանային մաքուր օդը ու լսելու քաղաքի շնչառությունը՝ երկնքի տակ ու երկնքին մոտ: Չնայած Երևանը ցածրահասակ քաղաք է, բայց վերջին շրջանում բացվեցին մի շարք ժամանցի վայրեր, որտեղ հնարավոր է Երևանին վերևից նայել:

Աշխարհի բոլոր քաղաքներն իրենց ամբողջ շքեղությամբ երևում են հենց վերևից. նրանց երակները տեսանելի են, մարմնի մասերը՝ ընդգծված, կառուցվածքը՝ ինչպես քաղաքը՝ ափի մեջ: Իհարկե, Երևանը Հոնգկոնգ չէ, սքայբիլդինգներ չունի, Նյու-Յորք չէ՝ իր անծայրածիր երկնաքերերով, ոչ էլ նույնիսկ Տոկիո, բայց մենք էլ բարձրացել ենք, հասակ առել, ու այժմ կարող ենք Երևանի համայնապատկերը վայելել վերևից, ու միաժամանակ լավ ժամանակ անցկացնել: Rooftop-ում հարմար է, հաճելի ու հանգստացնող ոչ միայն weekend-ին, այլ նաև ծանր աշխատանքային շաբաթվա ընթացքում: Առաջին աշխատանքային օրվա ամբողջ բեռը կարելի է թեթևացնել հենց rooftop-ում:

 
El sky bar
El sky bar

Երկնքին մոտ ժամանցի ամենաբարձր կետն El sky bar-ն է: Այն ոչ ավել, ոչ պակաս կախվել է Երևանի գլխին ու նայում է 20-րդ հարկի բարձրությունից: Տեղակայված է անսովոր տեսքով ու անկեղծորեն տգեղ նորակառույցներից մեկի գլխին. երևանցիներն այդ շենքն անվանում են «զաժիգալկա»: Մուտքը ոչ բոլորի համար է, EL Sky Bar-ը private club է: Համենայն դեպս, հենց այսպիսի գրառմամբ է դիմավորում բարը հենց դռնից: Եթե դուք այդ «ակումբի» անդամ եք , ապա ձեզ ներսում կդիմավորեն մարտինիով: Եթե ակումբի անդամ չեք, ապա պետք կգա մի լավ ծանոթ ակումբականներից: Sky bar-ի ներսում ամեն ինչ արված է սնդուսով, կարճ ասած՝ սնդուսափայլ է՝ սպիտակ լույսով վառվող փոքր սեղանիկներն ավելի շուտ հիշեցնում են մեկ հոգու համար նախատեսված «ստոյկաներ», սպիտակ պատի ներքո դրված ոչ շքեղ, բայց հարմար ու նորից սպիտակ բազմոցներ, կոկտեյլները նույնպես բավական լավ են ձևավորվում, իսկ այ մարդիկ… Թեև ճաշակին ընկեր չկա: Գալիս են տարիքային բոլոր խմբերը, գերակշռում են 25-անցները: Այստեղ լավ կլինի կեդերով ու պատռված ջինսերով չգալ: Կանայք ցանկալի է հագնեն կոկտեյլային շորեր, տղամարդիկ՝ smart-casual ոճով: Բայց այս ամենը պայմանականություն է, եթե դուք ունեք բավականաչափ գումար ու մի քանի լավ ծանոթ: Լաունջ երաժշտությունն ու Երևանի համայնապատկերն իր ողջ շքեղությամբ կկոմպենսացնի մուտքի գլխացավանքը: Մասնավորապես, Հանրապետության հրապարակը ձեր առաջ կհառնի իր բոլոր գեղեցկություններով՝ գունավոր ու երգող շատրվաններ, գեղեցիկ լուսային ձևավորում ու վարդագույն երանգով շենքեր, լուսավոր Աբովյանի փողոցը:

Panorama
Panorama

Rooftop-ի սիրահարների համար հաջորդ հետաքրքիր վայրը Երևանում Panorama-ն է: Ուրբաթ օրերին այստեղ կարող եք պարել դիջեյի սեթերի ներքո, խմել բարի մոտ, ծանոթություններ հաստատել, մնացյալ օրերին Panoraman sky bar է՝ կարող եք համտեսել թունդ խմիչքներ, սրճել, նույնիսկ ճաշել: Բացի ուրբաթից, մնացյալ բոլոր օրերին Panorama-ն բաց է բոլորի համար: Ինտերյերը սպիտակի ու շագանակագույնի երանգներով է լուծված, հյուսվածքներ հիշեցնող աթոռներով ու ապակե սեղաններով: Panorama-ի պանորաման հիմնականում տարածվում է Շահումյանի արձանի ու Երևանի քաղաքապետարանի շենքի վրա: Հեռվում երևում է Հրապարակը, Ֆրանսիայի դեսպանատունը: Խմիչքներին, սուրճին ու նրբահամ խմորեղեններին գումարվում է մաքուր օդն ու մեղմ քամին: Այստեղ կարելի է գալ ընկերներով, սակայն զույգերի համար էլ շատ ռոմանտիկ վայր է՝ երևանյան լույսեր, մեղմ քամի, կիսամութ: Ամեն ինչ՝ ինչպես իրական մելոդրամաներում:

Diamond
Diamond

Երևանի սրտին նայող ու Երևանի սրտում հառնած հաջորդ rooftop-ը Diamond-ն է: Այն տեղավորվել է համանուն պիցցերիայի գլխին: Գողտրիկ, ոչ այնքան մեծ տարածք ու սահմանափակ թվով սեղաններ, չքնաղ տեսարան դեպի Հրապարակի շատրվաններն ու կարպետը: Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր ճաշը, գործնական հանդիպումը կամ ռոմանտիկ ժամադրությունը անցնեն ռեստորանի հենց եզրին, ապա պետք է այցելությունից առաջ ամրագրել տեղերը, քանի որ եզրին տեղադրված սեղանները գրեթե միշտ զբաղված են: Diamond-ը տրամագծորեն տարբերվում է վերևում նշված rooftop-երից: Նախ՝ այն այդքան բարձրադիր չէ, հետո այստեղ ավելի հաճախ գալիս են հենց ճաշելու կամ ընթրելու: Շատ հարմար է ընտանեկան ժամանցի համար կամ հին ընկերներով հանդիպելու ու մի լավ հնից-նորից զրուցելու: Ճաշացանկում ամեն ինչ կա, խորովածից մինչև շտրուդել, սուրճից մինչև ալկոհոլային ու սրճային կոկտեյլներ:

Հին Էրիվան
Հին Էրիվան

Գրեթե նույն բարձրության վրա, բայց փակ տարածքով ու հայկական շախով-շուխով հաջորդ բարձրադիրը Հին էրիվանի վերջին հարկում է: Այս տեղը դուր կգա հատկապես նրանց, ովքեր սիրում են հայկական խոհանոց, հայկական ժողովրդական երգ ու պար, «հայավարի» շքեղ միջավայր ու բարձրակարգ սպասարկում: Եթե ձեր ամբիցիաները կշոյի, ապա տեղեկացնենք, որ Հին էրիվանում ով ասես, որ չի ճաշել՝ նախագահներից մինչև աշխարհահռչակ գործարարներ ու արվեստագետներ: Հին Էրիվանը ոչ այնքան rooftop, է որքան top-ում լինելու ցանկության բավարարում: Բայց այստեղից էլ կարելի է վերևից նայել Երևանի երկրորդ դոմինանտ կառույցներից մեկին՝ Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնին: Գիշերը այն հատկապես գեղեցիկ է՝ Կարապի լճով ու աղմկոտ ու մարդաշատ Թումանյան փողոցով: Բացի գեղեցիկ տեսարաններից, այստեղ կարող եք ծանոթանալ հայկական խոհանոցի բոլոր նրբություններին, լսել ազգային երգ, տեսնել հայկական խրոխտ պարերը և, իհարկե, անցկացնել հարսանեկան, ծննդյան արարողություններ: Եթե արտասահմանից հյուրեր ունեք, որոնք ուզում են զգալ հայկական կոլորիտը, ապա Հին էրիվանը ճիշտ ընտրություն է:

Հոդվածում ներկայացված փաստերը չեն հավակնում դասվել օբյեկտիվ դատողությունների շարքին: Ոչ պարտադիր են, ոչ պարտադրված:

Այս թեմայով