10 Ապրիլ 2013, 12:09
1956 |

Սրճարան, որը միշտ քեզ հետ է

Դասական կարմիր հովանոց, կլոր սեղաններ, պատի հին լուսամփոփներ, Փարիզի պատկերներով սև-սպիտակ լուսանկարներ և Ազնավուրի La bohème-ը. Gemini սրճարանում ամեն բան առավելագույնս պարզ է՝ առանց փայլի ու գլամուրի: Բայց այդ պարզության մեջ կա ինչ-որ էսթետիկ, նրբին բան: Եվ, ամենակարևորը, Gemini-ի մթնոլորտը այցելուին տեղափոխում է իմպրեսիոնիստների ժամանակաշրջանի Փարիզ:

Իր հայտնի սրճարաններով Փարիզը պարտական է իտալացիներին: Այստեղ առաջին սրճարանը բացվել է XVII դարում, Ֆրանչեսկո Պրոկոպիո անունով մի իտալացու կողմից: Հանդուգն ու հավակնոտ Ֆրանչեսկոն որոշեց Ֆրանսիայում մի հաստատություն բացել, որտեղ սուրճ կմատուցվեր: Մինչդեռ այդ ըմպելիքը ընդհանրապես հայտնի չէր Փարիզում, ավելին՝ ընդունված չէր թագավոր Լյուդովիկոս XIV-ի արքունիքում: Բայց նա, այնուամենայնիվ, ոչ միայն բացեց սրճարանը և սեփական անունով կոչեց «Պրոկոպ», այլև հաջողացրեց սրճարանը դարձնել Փարիզի պայծառ ուղեղների հանդիպման վայր: Կա մի պատմություն այն մասին, թե ինչպես է այստեղ երիտասարդ սպա Նապոլեոն Բոնապարտը պարտվել շախմատային խաղում և, վճարելու հնարավորություն չունենալով, գրավ թողել իր գլխարկը: «Պրոկոպ» սրճարանը փարիզցիների մեջ մեծ հաջողություն էր վայելում, իսկ շատ գործարարներ սկսեցին բացել իրենց սուրճի տները՝ օրինակ վերցնելով Ֆրանչեսկոյից: Սուրճը արտասովոր խմիչքից վերածվեց փարիզյան գիշերների պարտադիր մասի: Այստեղ ամեն անկյունային շինություն վերածված է սրճարանի: Կարմիր դասական ծածկ, կլոր սեղաններ, բնական ծաղիկներ և սուրճի կախարդական բույր. սա է Փարիզի ամենահրապուրիչ պատկերներից մեկը:

Շուտով այս պատկերը եվրոպական մայրաքաղաքներից տեղափոխվեց աշխարհի բոլոր քաղաքներ: Երևանում այն առավել քան հարազատ է: Խոստովանենք, որ ամառային երեկոներին մի բաժակ սուրճ խմելը մեր սիրելի զբաղմունքներից է:

Gemini-ի պարզությունը պահպանված է նաև մենյուի մեջ. կերակուրներից այստեղ մատուցում են բացառապես կրեպներ (350 դր., գումարած լցոնի գինը): Կրեպը ֆրանսիական նրբաբլիթ է, որ պատրաստվում է համարյա նույն կերպ, ինչպես մեզ ծանոթ ռուսականները, ուղղակի սրանք չափով ավելի մեծ են և մատուցվում են հարյուր տեսակի լցոններով: Gemini-ում մատուցած կրեպները, հավատացեք, կարող են մրցակցել Երևանում լավագույնը ճանաչվելու մեջ: Կա յոթ տեսակի ոչ քաղցր և տասը տեսակի քաղցր լցոն: Ընդ որում՝ կարելի է խնդրել լցոնները խառնել: Օրինակ՝ կարող եք պատվիրել պանրով կամ սնկով կրեպներ, կարող եք համադրել դասական պանիր-սունկ կրեպ: Սունկը պանրի հետ համադրել ես ձեզ անկեղծորեն խորհուրդ եմ տալիս, քանի որ միայն սնկով կրեպը չորոտ է. առավել ևս, որ այստեղ բլիթի մեջ դնում են ոչ թե շամպինյոն, այլ կախասունկ:

Աղանդերային կրեպներն այստեղ շատ ավելի լավն են, բայց այս դեպքում էլ արժե լցոնները համադրել: Մեղք է փորձել միայն խտացրած կաթով կրեպը (550 դր.). միակ բանը, որի կարիքն այն ունի, մի բաժակ լավ սուրճ է: Իմիջիայլոց, լավ սուրճի մասին: Այստեղ դրա պակաս չի զգացվում: Սրճային մենյուն բաժանված է երեք մասի՝ դասական, բուրավետ և «յուրահատուկ» սուրճ: «Դասական սուրճը» ենթադրում է էսպրեսսոյի, ամերիկանոյի, լուծվող սուրճի տիպի սուրճի բոլոր ավանդական տեսակները: «Առանձնահատուկը» Տանզանիայից, Ինդոնեզիայից, Կոստա-Ռիկայից բերված սուրճի բազում էկզոտիկ տեսակներ են: Միջին հաշվով սուրճը թանկ չէ՝ 450-600 դր., բացառություն է կազմում միայն կապուչինոն, որը միջինից բարձր գին ունի՝ 1400 դր.: Սուրճի գրեթե յուրաքանչյուր տեսակ մատուցվում է ըստ ձեր ընտրության՝ կամ նստվածքով, կամ ամերիկանոյի նման: Առաջին դեպքում համն ավելի հագեցած է, այդ պատճառով էլ նախընտրելի է ընտրել հենց այդ տարբերակը: Պատվերը ձեզ կհասցնեն շատ արագ՝ միջինը 7-10 րոպեի ընթացքում (այնպես որ՝ սառը կրեպները, փառք Աստծո, բացառվում են):

Սրճարանում գործում է նաև խանութ, որտեղ կարելի է գնել մենյուի մեջ նշված սուրճի բոլոր տեսակները: Սակայն սուրճը տանը պատրաստել, զրկելով այն իր կարևորագույն ատրիբուտներից մեկից՝ ամառային սրճարանից… դա նույնն է, ինչ իմպրեսիոնիզմ, սակայն՝ վերարտադրությամբ:

Այս թեմայով