24 Օգոստոս 2013, 18:19
3041 |

Քաղաքը ռոք է լսում

Հանրահայտ «Deep Purple» խմբի բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը մի առիթով ասել է. «Եթե մեր երկիր գային այլմոլորակայիններ ու հարցնեին՝ ի՞նչը ձեզ մոտ կարող է արժանանալ մեր ուշադրությանը, ես նրանց կառաջարկեի ռոք լսել»: Մենք փորձել է պարզել, թե քաղաքում որտե՞ղ կարելի է կենդանի ռոք լսել, և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է ռոք մշակույթը մայրաքաղաքում:

Լրջի մեջ
InRock ակումբն ընդամենը մի քանի ամիս է, ինչ բացել է իր դռները ռոքի սիրահարների համար, սակայն արդեն հասցրել է ճանաչվել որպես քաղաքի ամենահայտնի ռոք ակումբներից մեկը: Առաջինը, ինչ աչքի է ընկնում, Beatles-ի լեգենդար Abbey Road-ի եռաչափ պատկերն է դռան վրա: InRock-ը ստացել է իր անվանումը Deep Purple-ի ալբոմներից մեկի անունից: Մտնելով ակումբ՝ հասկանում ես, որ Deep Purple-ի «շունչը» անունով չի սահմանափակվում ու արտացոլվում է նաև գույնի մեջ. այստեղ գերակշռում է մանուշակագույնը: Պատերից քեզ են նայում ռոքի բազմաթիվ լեգենդներ՝ Ջոն Լենոնից ու Միկի Ջագերից մինչև Իէն Գիլան ու Ֆրեդի Մերքյուրի: Ակումբի բացմանը, ի թիվս այլոց, ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միգուցե հենց այդ պատճառով InRock-ը համարվում է «լուրջ» տեղ: Երիտասարդության հետ մեկտեղ այստեղ հաճախ կարելի է հանդիպել պատգամավորների, նախարարների ու հայտնի լրագրողների: Ամեն երեկո, InRock-ում տեղադրված մեծ էկրանով կարելի է համերգ դիտել, ընդ որում, ամենատարբեր ժանրերի՝ Deep Purple-ի, Pink Floyd-ի կամ Led Zeppelin-ի պես համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբերից մինչև ավելի քիչ հայտնի Godsmack, Pain of Salvation ու Pendragon: Ավելին, InRock-ում սահմանված են նաև հատուկ օրեր ռուսական ռոքի ու ջազի սիրահարների համար: Վերջերս այստեղ անցկացվել են նաև կենդանի համերգներ, ինչպես՝ Վահան Արծրունու ու Rockoco անսամբլի համերգները: Այս հարցում InRock-ը միշտ յուրօրինակ կատարողների ու համերգների կողմնակից է:

Ակումբի մենեջեր Արմեն Սեյրանյանը մի հետաքրքիր հատկություն է նկատում ռոքի հայաստանյան սիրահարների մոտ՝ ասում է, որ նրանք հիմնականում կենտրոնացած են 70-ականների հին, դասական ռոքի վրա և չեն ուզում ընկալել նոր ուղղություններ ու նոր խմբեր:

«Ցավալին այն է, որ իրենք ոչ միայն չգիտեն, այլ չեն էլ ուզում իմանալ նոր խմբերին: Իմ ընկալումների մեջ ռոքը միայն երաժշտություն չէ: Այն ինչ-որ չափով ապրելակերպ է, աշխարհայացք: Այստեղ մենք փորձում ենք ներկայացնել ոչ միայն նոր, ժամանակակից խմբեր, այլ 70-80-ականների այնպիսի խմբեր, որոնք այդքան էլ հանրահայտ չեն եղել: Այլ կերպ ասած՝ փորձում ենք ընդլայնել մարդկանց մտահորիզոնը», — ասում է Արմենը:

Ինչ վերաբերում է կենդանի կատարումներին, ապա Արմենն ասում է, որ իրենց այդքան էլ չեն հետաքրքրում այսպես կոչված cover-կատարողներն ու խմբերը:

«Մեզ ավելի հետաքրքիր են կատարողներ, որոնք թեկուզ բացար-ձակ անհայտ են, բայց ունեն իրենց սեփական ստեղծագործություն-ները, սեփական ասելիքը: Մենք հիմք ենք ընդունում հենց այդ չա-փանիշն ու պատրաստվում ենք ապագայում էլ հավատարիմ մնալ մեր սկզբունքներին: Արդեն ունեցել ենք 7 կենդանի համերգ, և բոլոր տոմսերը համերգից 5-6 օր առաջ սպառված են եղել», — նշում է նա:

InRock-ի տնօրենը վստահ է, որ Հայաստանում կան կոլեկտիվներ ու անհատներ, որոնք կատարողական վարպետությամբ և ստեղծագործական ներուժով լիովին համապատասխանում են ժամանակակից ստանդարտներին և կարող են մրցակցություն ստեղծել արտասահմանյան հայտնի բենդերի համար:

InRock-ի մենեջեր Արմեն Սեյրանյանը

Ռոքերներն էլ մարդ են
Լրագրող Արփի Բեգլարյանը ռոքի մեծ սիրահար է, գրեթե բոլոր ռոք համերգների ակտիվ մասնակից, ու հաճախ հենց ինքն է կատարում որևէ գործ կիթառի վրա: Ափսոսան-քով է նշում, որ Երևանում չկա մի տեղ, ուր միշտ կարող ես կենդանի ռոք երաժշտություն լսել: «Մնացել է միայն Stop–ը: Փաբերում էլ կենդանի համերգների կազմակերպումը լինում է ժամանակ առ ժամանակ՝ առանց հստակ պարբերականու-թյան», — փաստում է նա:

Արփիին հաճախ կարելի է տեսնել տարբեր ակումբներում, բայց նա խոստովանում է, որ հիմնականում սիրում է լինել Metro Music–ում ու InRock–ում. իր երաժշտական նախասիրությունները բավարարում են այդ վայրերը: Իսկ հայկական ներկայիս ռոք խմբերից առանձնացնում է Dogma-ն՝ նշելով, որ այդ խումբը շատ հետաքրքիր երաժշտություն ու մեծ ներուժ ունի, որը պետք է զարգացնի ու առաջ տանի:
Nunerock.am կայքի հիմնադիր, բլոգեր Նունե Այլանջյանը նույնպես կարծում է, որ եթե համեմատենք հայկական ռոքը 4-5 տարի առաջ եղածի հետ, կնկատենք, որ այն անկում է ապրում: Ափսոսանքով ասում է, որ պակասել են ռոք համերգները, նոր խմբեր գրեթե չեն ստեղծվում, իսկ եղածներն էլ չեն «պայթեցնում» դահլիճները:

«Անդերգրաունդ ասվածն այլևս չկա. կան փողի համար երգեր ու համերգներ տվող ռոք խմբեր: Հիշե՛նք անցյալը: Ռոքասերների առօրյան լի էր համերգներով ու միջոցառումներով, որոնք կոնկրետ նպատակ էին քարոզում, օրինակ՝ բնապահպանություն, իսկ այդ գաղափարները տեղ հասցնողներն էլի ռոք խմբերն էին: Իսկ հիմա՞... Ինչ-որ բանկի ծնունդն է, հրավիրվում է որևէ ռոք խումբ, որ հա՛մ իրանց ակցիան անեն, հա՛մ էլ ձեռքի հետ մասսա պահեն: Այլ կերպ ասած՝ հիմա դռայվը կորել է: Բայց դե ռոք երաժիշտներն էլ էլ են մարդ, իրանք էլ պիտի փող աշխատեն», — ասում է Նունեն, չմոռանալով նաև նշել, որ այդուհանդերձ Երևանում օրեցօր շատանում են զանազան փաբերն ու ակումբները. «Քսանից ավելի փաբ կա, ամեն մեկը իրենը գտել է: Գոնե էստեղ կարելի է ռոք լսել, ինչն ուրախացնում է»:

«Ուլիխանյանն» ու Չորտի նոստալգիան
«Ուլիխանյան» ակումբը գործում է արդեն 4 տարի: Կիրակի ժամը 7-ի սահմաններում ակումբը դեռ կիսադատարկ է, սակայն 2 ժամից մարդաշատ է լինելու, քանի որ այսօր ակումբում թեժ ռոք երեկո է սպասվում՝ կենդանի ռոք համերգ Hayard խմբի կատարմամբ: Տղաները վերջին նախապատրաստական աշխատանքներն են անում համերգից առաջ, իսկ ակումբի տերը՝ Վարդանը, խոստովա-նում է, որ ռոք համերգներ վերջին շրջանում շատ քիչ են լինում. հիմնականում ռեգգի, ջազ կամ բլյուզ է լինում: Բոբ Մառլին ծխախո-տը ձեռքին նայելով քեզ մեծ պաստառից այդ խոսքերի լուռ վկան է:

«Սկզբում ռոք խմբերին շատ էինք հնարավորություն տալիս մեզ մոտ հանդես գալու, սակայն հետո փոխեցինք մեր քաղաքականությունը, պակասեցնելով դրանց թիվը: Անգամ ես, երբ ուզում եմ կենդանի ռոք համերգ լսել, գնում եմ Stop…», — ժպիտով խոստովանում է Վարդանը:

Վահագն Մամյանը լեգենդար անձնավորություն է: Երևի քաղաքում կան մարդիկ, ովքեր նրան անձամբ չեն ճանաչում, սակայն դժվար թե լինի ինչ-որ մեկը, ով նկատած չլինի այս էքստրավագանտ ոճով անձնավորությանը: Բավականին սարսափազդու արտաքին, բայց շատ բարի ներքին ունեցող Վահագնն ավելի շատ հայտնի է որպես Չորտ: Այդ մականունն այնքան պինդ է «կպել» նրան, որ այսօր «Վահագն» անունը կարող է ոչինչ չասել ռոքի սիրահարներին, բայց երբ ասում ես՝ «Չորտ», ամեն ինչ միանգամից հասկանալի է դառնում: Նա այն մարդկանցից է, ում աչքերի առաջ էր ձևավորվում հայկական ռոքը:

«90-ականների վերջում 2000-ականների սկզբում եղել են բավականին հետաքրքիր խմբեր: Ցավով պետք է նշեմ, որ գլխավոր բառն այստեղ «եղել են»: Մի մասը գնացել է այստեղից, մի մասը՝ կործանվել… Իսկ ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ խմբերը շատանում են, բայց որակը գնալով վատանում է», — ասում է նա:

Չորտը խոստովանում է, որ վերջերս քիչ է գնում ակումբներ, իսկ կենդանի համերգների համար գնում է Տիկնիկային թատրոն:

Ակումբներից առանձնացնում է Troll-ն ու InRock-ը, սակայն ցանկանում է տեսնել մի վայր, որը կլինի այդ երկուսի խառնուրդը, քանի որ Troll-ում շատ աղմկոտ է, իսկ InRock-ում՝ շատ «ցիվիլ»: Հենց այդպիսի տեղում էլ, ըստ նրա, կարող էին լինել նաև կենդանի կատարումներ. «Կարող է ինձ մոտ ուղղակի Մալխասի հին ռոք ակումբի նոստալգիան է: Նրանք, ովքեր եղել են էնտեղ, կհասկանան ինձ…»:

Ռոք ակումբների մշտական հաճախորդ Վահագնն ավելի շատ հայտնի է որպես Չորտ

Խաղաղության ծխամորճը
«Calumet-ը ամերիկյան բնիկ հնդկացիների կողմից օգտագործվող խաղաղության ծխամորճն էր», — փոքր գաղտնիք է բացում համանուն ակումբի տնօրեն Հրաչ Դավիդյանը: Նրա հետ զրուցելը գերագույն հաճույք է, քանի որ նա անչափ հետաքրքիր կենսագրություն ունի: Հրաչը սիրով խմիչք է հյուրասիրում և պատմում թե ինչպես 17 տարեկան հասակում լքեց իր տունը Բեյրութում և 30 տարի ճամփորդեց ողջ աշխարհով մեկ: Ճապոնիա, ԱՄՆ, Հնդկաստան, Հունաստան, Դանիա… Ի վերջո, 3 տարի առաջ նա հաստատվեց Հայաստանում: Այս ակումբը Հրաչի ճամփորդությունների մարմնավորումն է: Գուցե հենց այդ պատճառով այստեղ կարելի է նկատել իրեր, պաստառներ, արտեֆակտներ աշխարհի ամենատարբեր մշակույթներից: Երևի թե միայն այստեղ կարելի է լսել, թե ոնց են հայրենասիրական մոտիվները համակցվում ծանր ռոքի հետ:

Չնայած նրան, որ Calumet-ն համարվում է Ethnic Lounge Bar, Հրաչը ասում է, որ արդեն 2 տարի ամեն հինգշաբթի ակումբում պարտադիր ռոք-խմբեր են հանդես գալիս, և այդ օրենքը երբեք չի խախտվել. «Մեզ մոտ հանդես են եկել և Dorians-ը, և Bambir-ը, և Dogma-ն և շատ ու շատ այլ բենդեր: Մենք սկսնակ խմբերին նույն-պես հնարավորություն տալիս ենք հանդես գալ մեր բեմում»:

Ասում է, որ ունենք շատ լավ խմբեր, բայց միևնույն ժամանակ տեսնում է նաև թերությունները. «Շատ երաժիշտներ կաշկանդված են պահում իրենց բեմի վրա՝ գուցե պետք է սովորեն ավելի ազատ իրենց պահել, որպեսզի ավելի հեշտ կարողանան կապ հաստատել հանդիսատեսի հետ»:

Calumet-ի տնօրեն Հրաչ Դավիդյանը

Շնչող երաժշտության պակասը
Dogma-ն համարվում է հայկական ռոքի «դեմքերից» մեկը, սակայն ակումբներում հազվադեպ է հանդես գալիս: Խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը պատմում է, որ իր խումբը զբաղված է ստեղծագործելով ու, ըստ այդմ, ստեղծում է նաև միջոցներ իրենց երաժշտության ռեալիզացման համար: «Մեզ մոտ ռոքի տարածման ու խթանման համար մեր խումբը շատ մեծ աշխատանք է արել, ու այդ ամենը հանուն նրա, որ Հայաստանում ստեղծենք այն միջավայրը, որտեղ կկարողանանք մատուցել մեր երաժշտությունը: Իսկ Հայաստանը փոքր երկիր է ցանկացած ժանրի երաժշտության ռեալիզացման համար, էնպես որ փորձում ենք սահմանները լայնացնել»,- պարզաբանում է նա:

Զառայի համար կասկած չկա, որ Հայաստանում ռոքը կա և ունի ունկնդիր. «Էստեղ զուտ ունկնդրի քանակի հարաբերությունն է «մյուս» ժանրերի համեմատ, բայց մեր երկրի էս փուլի համար դա նորմալ եմ համարում և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում մեզ մոտ մարդկանց աշխարհայացքը կզարգանա, և, ուրեմն, դրա հետ մեկտեղ կավելանա «շնչող» երաժշտություն նախընտրողների ու լսողների թիվը»:

Stop-ի հիմնադիր Միկան

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Stop
Stop-ի մասին խոսելը բավականին դժվար գործ է, քանի որ գրեթե անհնար է մի նոր բան ասել այս ակումբի մասին: Այն ոչ միայն Երևանի, այլ նաև ողջ Անդրկովկասի ամենահին ռոք ակումբներից է: Հենց այստեղ է անցկացվում երևանյան կենդանի ռոք համերգների առյուծի բաժինը: Հենց այստեղ են ծնվել ու շարունակում են ծնվել բազմաթիվ ռոք խմբեր, օրինակ՝ այսօր լայն մասսաներին հատու-կենտ հայտնի խմբերը՝ Dorians-ն ու Ռեինկարնացիան: Միաժամա-նակ այս ակումբն իրավամբ կրում է ամենաանդերգրաունդային ակումբի տիտղոսը:

Stop-ի հիմնադիր Միկան պատմում է, որ ակումբըը ծնունդ է առել այսպես կոչված «ինտելեկտուալ լիգայից» հեռավոր 1998 թվականին, երբ ռոք նվագում էին մեծ հաշվով միայն Ոստան Հայոցն ու Բամբիռի առաջին սերունդը: Սակայն հետո մի շարք պատճառներով Stop-ը մի քանի տարով փակվել է ու կրկին բացել իր դռները ռոքի երկրպագուների առջև արդեն 2005-ին: «Սա ոչ այնքան բիզնես է, որքան սեր, էնտուզիազմ: Մենք իսկապես սիրում ենք այս գործն ու այն մարդկանց, ովքեր գալիս են այստեղ, համարում ենք ոչ թե հաճախորդներ, այլ ընկերներ», — ասում է Միկան:

Stop-ում է ծնվել ու իր առաջին համերգը տվել Հայաստանի այսօրվա ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ Dorians-ը՝ մի խումբ, որն ակումբներից հասել է Մարզահամերգային համալիրի բեմ ու արդեն դուրս է գալիս միջազգային հարթակ:

Խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը խոստովանում է, որ իրենց նպատակն ի սկզբանե եղել է միջազգային բեմ բարձրանալը, և իրենք չէին սպասում, որ Հայաստանում նույնպես մեծ հաջողությունների կհասնեն:

Գոռը վստահ է, որ Հայաստանում, բացի Dorians-ից, գոյություն ունեն այլ լավ ռոք խմբեր: Առանձնացնում է Dogma-ն ու Բամբիռը, որոնք լուրջ հաջողությունների են հասել: Ըստ նրա՝ չարժե առան-ձին դիտարկել հենց ռոքը, քանի որ լավ երաժիշտներ այսօր կան ինչպես ռոքի ասպարեզում, այնպես էլ ջազի, բլյուզի կամ ֆոլկի մեջ:

Գոռը նշում է, որ հաջողության բանաձևն այն է, որ երաժիշտները սիրեն այն, ինչ անում են: «Եթե նրանք մտածեն երաժշտության մասին ու լավ անեն իրենց գործը, հաջողությունը անպայման կգա», — համոզված է Սուջյանը:

Երկար տարիներ լինելով Հայաստանի ռոք խմբերի ծննդի ականա-տես՝ Միկան վստահ է, որ երաժշտությունը զարգանում է համա-հունչ մեր ապրելակերպին, և ցանկանում է, որ պետությունը աջակցի ռոքին ու ռոք երաժիշտներին: Ընդ որում, նա շեշտում է, որ խոսքը գնում է ոչ թե ֆինանսական աջակցության մասին, այլ այսպես ասած «դուխ տալուն»: «Բազմաթիվ պատմություններ կարող եմ հիշել ակումբի պատմությունից՝ սկսած նրանից, թե ոնց մի անգամ խմած մեկը իր բայքով աստիճաններով «վայրէջք կատա-րեց» Stop-ի ներքևի դռան մոտ: Բայց կուզենայի մեկ այլ բան առանձ-նացնել, որի համար իսկապես շատ ուրախ եմ: 7 տարվա ընթացքում մենք 5 ռոք հարսանիք ենք արել: Երբ մեզ առաջին անգամ դիմեցին այդ առաջարկով, մենք շատ զարմացած էինք, բայց ես անչափ ուրախ եմ, որ այդ զույգերը ծանոթացել են մեզ մոտ, ամուսնացել են մեզ մոտ ու այսօր էլ շարունակում են հաճախել մեր ակումբ: Ես հավատում եմ, որ իրենց զավակները նույնպես կլինեն մեր ապագա հաճախորդները կամ, ավելի ճիշտ, ընկերները: Ես համոզված եմ, որ իրենք երբեք չեն մոռանա իրենց հարսանիքը Stop-ում: Չգիտեմ՝ կլինի ակումբը, թե ոչ, բայց այդ մարդկանց հիշողությունից այդ դրվագները հաստատ երբեք չեն ջնջվի», — ասում է Միկան:

Համերգից հետո
…Գիշերվա մեկի կողմերն է՝ Stop-ում ավարտվում է հերթական կենդանի ռոք-համերգը: Դուրս ես գալիս մաքուր օդի ու քայլում արդեն դատարկ փողոցով: Սակայն ռոքի հնչյունները դեռ ականջներիդ մեջ են: Հանկարծակի մտքիդ գալիս է Ռոջեր Գլովերն իր այլմոլորակայիններով: Մտածում ես, իսկ եթե այլմոլորակայինները, չգիտես ինչու, որոշեն գալ հենց Երևան, ի՞նչ պետք է անենք: Պատասխանն արդեն տրվել է հենց երաժշտի կողմից՝ կհրավիրեինք նրանց կենդանի ռոք լսելու: Հաջորդ միտքը տրամաբանական է՝ ինչ լավ կլիներ, եթե այդպիսի տեղերը մի քիչ շատ լինեին: Ինքդ քեզ հանգստացնում ես՝ այն ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն այցելել մեզ, այդ հարցն արդեն կարգավորված կլինի:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով