25 Սեպտեմբեր 2014, 14:54
1866 |

Երևանի հիպիները. երկրագնդով մեկ՝ երազանքի հետևից

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։

Սերգեյ Վարդանյանը հայտնի է որպես «Հայաստանի մայրաքաղաքները» գրքի հեղինակ, նաև «Ձայն համշենական» թերթի խմբագիր, մարդ, ով գիտի ամեն ինչ համշենցիների ու հայկական շառավիղների մասին: Նրա հասակակիցների հիշողություններում, սակայն, Սերգեյը մնացել է 1970-ականների հիպիական շարժման գլխավոր հերոսներից մեկը, կինո «Նաիրիի» կռիվների համակարգողն ու խելառ մտահղացումների իրականացման վարպետը:

1960-1970- ականներին ի՞նչ մթնոլորտ էր:
- Այդ տարիներին ամբողջ աշխարհը գլոբալ փոփոխությունների էր ենթարկվում. փոխվում էր մարդկանց մտածելակերպը, փլուզվում էին հասարակարգեր, մշակութային նոր ալիքներ էին բարձրանում: Իրականությունից դժգոհություն կար և՛ Արևմուտքում, և՛ մեզ մոտ՝ խորհրդային երկրներում: Յուրաքանչյուր ոք ուզում էր ինչ-որ կերպ արտահայտել իր բողոքը գործող կարգերի դեմ: Մենք էլ ցանկանում էինք տարբերվել խորհրդային կարիերիստ երիտասարդներից ոչ միայն մտածողությամբ, այլև արտաքինով: «Բիթլզների», Ջանիս Ջոփլինի, Ջիմի Հենդրիքսի հաղթարշավի տարիներն էին, շատերը ցանկանում էին արտաքինով նմանվել սիրված երաժիշտներին: Էդպես 10-րդ դասարանն ավարտելուց հետո սկսեցի բեղեր պահել: Երբ ընդունվում էի Մանկավարժական համալսարան, քննության ժամանակ մեղադրեցին, որ տարիքով ավելի մեծ եմ, ուրիշի փոխարեն եմ քննություն հանձնում, տարան մեկուսացրին մի սենյակում: Քանի որ քննությունս էլ գերազանց էի հանձնել, կասկածներն ավելի խորացան. բեղեր պահող դիմորդ էն ժամանակ դժվար էր պատկերացնել: Ստուգեցին, համոզվեցին, որ ոչ մեկի փոխարեն քննություն չեմ հանձնում, բաց թողեցին:

Ի՞նչպիսին էր դասախոսների ու պաշտոնյաների վերաբերմունքը Ձեր նկատմամբ:
- Հիպիներին սովորաբար թշնամաբար էին վերաբերվում. նրանք ընկալվում էին որպես յուրօրինակ այլախոհներ, և այդպես էլ կար: Բայց բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում շատ էին մարդիկ, ովքեր արտասահմանից ռուսերեն լեզվով տպագրվող «Ամերիկա» և «Անգլիա» ամսագրեր էին ստանում, օգտվում էին Արևմուտքի տարբեր բարիքներից: Նրանք հասկանում էին, որ կոմունիստական գաղափարախոսությունից բացի աշխարհում այլ ճշմարտություն էլ կա, ու կա մեկ այլ՝ բոլորովին ուրիշ աշխարհ:

Սփյուռքահայ զբոսաշրջիկները նույնպես օգնում էին ծանոթանալու համաշխարհային արվեստի և գրականության մեծերի ստեղծագործություններին: Հայաստանից արտասահման գնացող-եկող գրողներն ու արվեստագետները նույնպես պատմում էին իրենց տեսած-լսածի մասին:

Հիպիների մեջ կային նաև պաշտոնյաների երեխաներ: Նրանցից արտասահմանյան նոր ամսագրեր ու սկավառակներ էինք վերցնում, իհարկե, վերադարձնելու պայմանով: Դրսում շրջագայած գիտական կոմունիզմի ու քաղտնտեսության դասախոսները, արտասահմանյան ժամացույցները ձեռքներին կապած, գալիս, կանգնում էին լսարանի առջև ու պատմում, որ խորհրդային տնտեսությունն ու արդյունաբերությունն աշխարհում ամենալավն են… Դե արի ու հավատա դրանց կարդացած դասախոսությանը: Ի դեպ, հենց նրանք էլ առաջին իսկ հնարավորության դեպքում թողեցին փախան Հայաստանից՝ առանց վայրկյան իսկ մտածելու:

Ո՞րն էր հիպիական կյանքի ամենահիշվող օրը:
- 1972-ի ամռանը ես ու ընկերս՝ Արամ Ավագյանը, Երևանից շարժվեցինք մեծ երազանքի հետևից: Ավտոստոպով, այսինքն՝ անվճար ճանապարհորդելով նույն ուղղությամբ գնացող մեքենաներով, հատկապես բեռնատարներով, անցանք Սև ծովի ափերով, հասանք Մերձբալթիկա, Լենինգրադ ու Մոսկվա: Ուղևորության նպատակներից մեկը մարդկանց հետ շփվելն էր. յուրօրինակ փախուստ այլ աշխարհ: Ճանապարհին ամեն տեղ հանդիպում էինք մեզ նման ճանապարհորդող հիպպիների, շփվում, խոսում, պատմում Հայաստանի մասին:

Բոլորը զարմանում էին, որ շարժումը Հայաստան էլ է հասել: Կատակով նշում էինք, որ լատվիական VEF ռադիոընդունիչների շնորհիվ է, որ հիպիական գաղափարներն ու երաժշտությունը տարածվեցին Խորհրդային Միությունում:

Բարդ չէ՞ր առանց ֆինանսական միջոցների շրջագայելը:
- Դժվարություններ կային, իհարկե: Բայց շատերը հասկանում էին մեզ: Ամենաջերմ մթնոլորտը մերձբալթյան երկրներում էր, այնտեղ հիպիները համեմատաբար շատ էին, ու կյանքն ավելի ազատ էր: Լիտվայում' Պալանգա ծովափնյա քաղաքում, ոստիկանները մեզ բռնեցին. երկար մազերով ու ջինսերով էինք, իրենց մոտ էլ ճնշումներ կային հիպիների նկատմամբ: Հիշեցի, որ «Հայֆիլմ» ստուդիան այդ օրերին քաղաքում ֆիլմ էր նկարում, ոստիկաններին համոզեցի, որ ֆիլմում նկարահանվող դերասաններից ենք, հագուստներս էլ բեմական են: Ազատ արձակեցին:

Այդպես ամառային արձակուրդներն անցկացրինք գնացքներում և բեռնատար ավտոմեքենաներում: Հետո նույն կերպ՝ ավտոստոպով և գնացքներով ես մենակ գնացի Ուկրաինա՝ Կարպատներում շրջագայելու:

Ճի՞շտ է, որ հիպիները միայն Երևանի կենտրոնում կարող էին ազատ շրջել:
- Վտանգ իսկապես կար: Էդ տարիներին սպանություններ էլ եղան, դանակահարություններ էլ: Աղջկա հետ դուրս էիր գալիս զբոսնելու, դե, ախր աղջիկներն էլ ազատ էին հագնվում, գալիս վիրավորում էին, պաշտպանում էինք ու կռվի մեջ ընկնում: Մի քանի անգամ պատվով դուրս եկանք նման մենամարտերից, հասկացրինք՝ մենք էլ արժանապատվություն ունենք ու հարկ եղած դեպքում կարող ենք պատժել: Կենտրոնի շատ տղաներ ինձ ճանաչում էին, հիպպիների հետ կապված ցանկացած հարց ինձ էր հասնում ու արդար լուծում ստանում: Այդ մասին նույնիսկ արձակագիր Արմեն Շեկոյանն է գրել «Հայկական ժամանակ» իր վեպում: Իսկապես որ, գրելու թեմա էր մեր ապրած կյանքը:

 

Այս թեմայով