Եվրոպայի հիպիական շարժումը ներկայացնող ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» հայտնի գրքի հայերեն թարգմանությունն առիթ դարձավ շատ արվեստագետների ու ճանաչված մարդկանց ստիպելու հանել խորը պահարաններում թաքցրած ֆոտոալբոմները, հիշելու ջահելությունը: Ժամանակն էր հավաքույթ կազմակերպել ու տարիքն առած հիպիներին հիշեցնել խելագար երիտասարդության տարիները:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին երևանյան հիպիներն ու այս մշակույթվ սկսնակ հետաքրքրվողները մի մարդու պես հավաքվեցին «Էօն» հակասրճարանում: Միջոցառման կազմակերպիչներն էին imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:
1970-ականներին Երևանում հայտնի «Երազողները» խմբի անդամներից երկուսը'Զավեն Սարգսյանն ու Երվանդ Երզնկյանը, նաև ջազմեն Գեորգի Մանգասարյանը, վստահ մոտեցան երաժշտական գործիքներին, վերցրին կիթառները, աչքերով ինչ-որ բան հասկացրին իրար ու հյուրերին էլ հասկացրին, որ պետք է լռել. The Beatles լսելու ժամն է: 40 տարի անց խորհրդային Հայաստանի սիրված ու հայտնի խմբերից մեկը թեկուզ ոչ լրիվ կազմով, բայց կազմ պատրաստ սկսեց կատարել լիվերպուլյան քառյակի երգերը:
Միջոցառման ընթացքում բիթնիկ երաժշտությունը ապահովեցին Էդգարը և Հենրիխը:
Էլ ինչ հիպի-փարթի առանց 1960-ականների Երևանում ամենատարածված ու ազատամիտ երիտասարդների սիրած խմիչքի'գինու: Հյուրասիրությունը կազմակերպել էր «Էդվագ» գրուպը'365 wines ապրանքանիշով:
Դե իսկ հատուկ հիպիական երեկույթի համար քաղցրավենքիք էր պատրաստել Louis Charden ֆրանսիական փուռը:
Հիպիական ոճով շնորհանդեսի ժամանակ ներկաները դիտեցին «Երազողները» խմբի մասին խորհրդային տարիներին նկարահանված «Մեկ օր Սևանում» վավերագրական ֆիլմից հատված, ինչպես նաև հիպիական Երևանի կյանքն ու դեմքերին ներկայացնող բացառիկ լուսանկարներից կազմած տեսաշար: