26 Սեպտեմբեր 2014, 12:43
1788 |

Երևանյան հիպիները. հայկական ջազի հիպիական լեգենդը

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։

Նախորդ դարի երկրորդ կեսին Երևանը կատակով անվանում էին խորհրդային Փարիզ. ամենուր բացօթյա սրճարաններ, մոդեռնիստական ճարտարապետություն և, իհարկե, ջազ էր: Իսկ ամենահայտնի ջազ քառյակի անդամներից մեկն էլ Երվանդ Երզնկյանն էր, ով մինչև աֆրոամերիկացիների երաժշտությամբ տարվելը լիվերպուլյան քառյակի երգերն էր կատարում «Երազողներ» խմբում:

Ինչպե ՞ս իրար գլխի հավաքվեցիք ու խումբ կազմեցիք:
- 60-ականների կեսերին Երևանում գերերաժշտական ու ժամանակակից մթնոլորտ էր ստեղծվել, ճիշտ է, նեղ շրջանակներն էին գլուխ հանում դրանից, բայց առաջին քարերը դրված էին: Ռոք նվագող մի քանի խմբեր կային, իսկ խմբի անդամներն էլ հիմնականում պոլիտեխնիկի ուսանողներ էին:

Այդ տարիների երաժիշտներից շատերը հենց այդտեղ էին սովորում, ինչո՞ւ հենց պոլիտեխնիկը:
- Այնտեղ հեշտ էին ընդունվում, տեղերը շատ էին, բայց համեմատաբար դժվար էր այնտեղ սովորելն ու նույնքան հեշտ դուրս մնալը: Հետո էնքան դասերից բացակայեցինք, որ մեզնից շատերը դուրս մնացին, «Երազողների» մենակատար Զավեն Սարգսյանն էլ տեղափոխվեց երեկոյան բաժին: Այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ, մեզ ճանաչում էին որպես Պոլիտեխնիկի խումբ:

Միայն «Բիթլզ» նվագելով հանդիսատեսի պահանջները կարողանո՞ւմ էիք բավարարել:
- Լիվերպուլցիների երգերն, իհարկե, բավարար չէին: Մենք էլ արդեն պրոֆեսիոնալ երաժիշտներ էինք, ճանաչում ունեինք նույնիսկ Հայաստանից դուրս: Չնայած խումբը կազմել էինք «Բիթլզի» նմանությամբ, բայց հասկացանք, որ ամեն դեպքում մերն անհրաժեշտ է ստեղծել: Սկսեցինք Կոմիտասի երգերի մեր մշակումներն անելուց: Ոճերի համադրությունը սակայն չէինք շփոթում երգերի աղավաղման հետ, հիմա այդ ցենզը չեն պահպանում:

Համերգներին քաղաքի բոլո՞ր հիպպիներն էին գալիս:
- Շատ էին գալիս, գրեթե բոլորը: Բայց հատկանշական է որ մենք մեզ հիպի չէինք համարում: Երաժիշտներ էինք ու պարզապես մեր գործն էինք անում: Հետո հասկացանք, որ մեր նման շատ խմբերի հետ մշակույթ ենք ձևավորել ու մարդկանց կյանք փոխել:
Հանդիասատեսների մեջ շատ էին հայտնի ու անվանի մարդիկ: Մեր մեծ երկրպագուն էր Լեոնիդ Ենգիբարյանը, ոչ մի համերգ բաց չէր թողնում, Ավետ Տերտերյանը հաճախ գալիս էր համերգներին, լսում ու հետո իր կարծիքը հայտնում:

«Դինամոյում» այդ տարիներին մեծ համերգ եղավ, ինչպե՞ս կարողացաք հաջողացնել:
- Դինամոյում երկու համերգ եղավ, դրանցից մեկը ոստիկանները կեսից ընդհատեցին: Մարդկանց հոսքը չէր դադարում, բայց դահլիճում տեղերն անսահմանափակ չէին: Մասնակցում էին հայկական բոլոր խմբերը՝ «Փարավոնները»,«1+2» -ը, «Սարդերը» և այլն:
Զավենի հայրը ռայկոմի քարտուղար էր, թեպետ ոչ մի հանցանք չէինք գործել, բայց հոգու խորքում համոզված էինք՝ ինչ էլ անենք, Զավենի հայրը մեզ կփրկի: Խոչնդոտների չլինելու պատճառը գուցե հենց այդ տարիներին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունն էր: Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան. նրանք ազատամիտ, կիրթ մարդիկ էին: Հասկանում էին, որ ոչ մի բան ինքնաբուխ չէ, ու հիպիականությունն էլ իր պատճառներն ուներ:

Ինչո՞ւ 70-ականների սկզբից քիչ-քիչ մարեց թե հիպիական, թե երաժշտական շարժումը:
- Դասական իմաստով շարժում չի էլ եղել, ընդհանուր հետաքրքրվածություն է եղել հիպպիականության նկատմամբ: Երաժշտական շարժման վախճանը, կարելի է ասել, վրա հասավ սինթեզատորների մուտքով: Բոլորը մի կողմ գցեցին կիթառները: Նկատում եմ, որ երիտասարդության մոտ հիմա քիչ-քիչ վերականգնվում է այդ ավանդույթն ու սերը կիթառի նկատմամբ:

 

Այս թեմայով