26 Սեպտեմբեր 2014, 16:18
1766 |

Երևանյան հիպիները. նպատակի ու երազանքի տարբերությունը

Ժամանակին թեժ և բուռն բանավեճերի ալիք բարձրացրած Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը վերջապես թարգմանվեց հայերեն: «Արգելված գրքեր» շարքի շրջանակներում տպագրված գրքի առթիվ Imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ –ում Ֆրանսիայի դեսպանատունը սեպտեմբերի 26-ին երեկոյան ԷՕՆ հակասրճարանում կազմակերպում են հիպիական ոճով շնորհանդես: Իսկ նախքան այդ մենք պեղեցինք ու գտանք 60-70-ականների Երևանի հիպիներին։

Արմեն Վաթյանը 15 անիմացիոն, մի քանի երաժշտական և վավերագրական ֆիլմերի հեռուստահաղորդումների սցենարների հեղինակ է: Նրա հայտնի ֆիլմերից են «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթը», «Մեկ կիրակին», «Անապատը», «Ծովահենների իշխանությունը» և «Վանա ծովուն արշալույսը»: Կինոսցենարների դիմաց նստելուց առաջ Արմեն Վաթյանը երաժշտությամբ էր զբաղվում. «Ծիծեռնակներ» խմբի անդամներից էր:

Ի վերջո, շարժում եղե՞լ է, թե՝ ոչ: Ի՞նչ ասել է երևանյան հիպպի:
- Ինքներս մեզ այլ կերպ էին անվանում՝ բիթնիկներ: The Beatles-ից սկսվեց ամեն ինչ, ամեն ինչ պտտվում էր քառյակի շուրջը՝ երաժշտությունն ու նույնիսկ նորաձևությունը: Հիպիական համայնքային կյանքով չէինք ապրում: Սրճարաններն էին մեր հիմնական հավաքատեղիները: Թեպետ հիմա կարելի է ասել, որ քիչ թե շատ շարժման նման մի բան կար:

«Ծիծեռնակներ» խումբն ի՞նչ երգացանկ ուներ, համագործակցո՞ւմ էիք այլ խմբերի հետ:
- Մեկ տասնյակի հասնող խմբեր կային այդ տարիներին: Ամեն ամառ մերձբալթյան երկրներում էինք լինում: Հատկապես էնտեղ հայկական խմբերին լավ ճանաչում էին:
«Առաքյալները» խմբին ու Արթուր Մեսչյանին ուղղակի աստվածացնում էին: Մեզ էլ քիչ-քիչ սկսում էին ճանաչել ու լսել:

Ճի՞շտ եմ հասկանում, որ Մերձբալթյան երկրներում քիչ թե շատ հանդուժողականություն կար:
- Այո, հիպպիականությունն ու ժամանակակից կյանքը մուտք էին գործել մերձբալթյան երկրներ ավելի շուտ, քան խորհրդային ցանկացած այլ երկիր: Լիտվայի առողջարանային Պալանգա քաղաքում էինք, ամեն ամառ այցելում էին, ընկերանում այնտեղի երիտասարդության հետ: Ռուս ոստիկանները փողոցներից մեկում բռնեցին մեզ, միանգամից մտածեցի՝ երկար մազերիս վերջը եկել է: Էդպես էլ եղավ, այնպես կտրտեցին, որ միակ ելքը մազերս խուզելն էր:

Պահպանողական ու հայրենասեր հայերն ինչպե՞ս էին կոսմոպոլիտ հիպի դառնում:
- Եվրոպայում շարժումը երկար ձգվեց ու դասական իմաստով ձևավորվեց: Հիպիները մերժում են ազգ, հայրենիք, ազգային նեղ գաղափարներ: Հայի գենի մեջ այդ հասկացությունները վաղուց արդեն ներարկված են: Ինչքան էլ փորձենք բացառել, չենք կարող: Այդ էր պատճառը, որ մենք մեզ հիպի չէինք համարում, չնայած ապրում էինք գրեթե նույն կյանքով, ինչ եվրոպացի մեր հասակակիցները:

Ժամանակակից երիտասարդության մոտ ի՞նչ միտումներ եք նկատում, նմա՞ն են ձեզ:
- Մեկ հիմնական տարբերություն եմ տեսնում, որը խանգարում է նրանց: Երիտասարդ հասակում մենք երազանքներ ունեինք, կապ չունի՝ հնարավոր էր այն իրագործել, թե՝ ոչ: Հիմա երիտասարդները հստակ նպատակներ ունեն, որոնք, որպես կանոն, պտտվում են փողի, մեքենաների, բարեկեցին կյանքի շուրջ: 40 տարի առաջ նման մտքերը ծիծաղ կառաջացնեին առաջին հերթին ինքներս մեր մեջ:

Այս թեմայով