23 Սեպտեմբեր 2014, 09:11
956 |

Առանց ավտոմեքենայի

Սեպտեմբերի 22-ին ամբողջ աշխարհը նշեց առանց ավտոմեքենաների օրը: 2011-ից Հայաստանը նույնպես միացել է «Քաղաքը մարդկանց տարածությունն է. ապրելու տարածությունը» կարգախոսին ու կոչ է անում քաղաքաբնակներին մեկ օրով հրաժարվել ավտոմեքենաներից: Ըստ ծրագրվածի նույնիսկ բարձր պաշտոնյաները սեպտեմբերի 22-ին աշխատանքի պետք է գնային էկոլոգիական տրանսպորտով` մետրոյով, տրամվայով, հեծանվով կամ էլ սեփական ոտքերով:

Երբ 1800-ականներին Կառլ Բենցը ստեղծեց վառելիքով աշխատող ավտոմեքենաներ, ամբողջ աշխարհը նրա  հայտնագործությունը իսկական հրաշք համարեց: Չորսականի մետաղյա կառքը կարող էր մարդկանց տեղափոխել շատ ավելի արագ, քան դա կանեին ձիերը: Այն ժամանակ մարդիկ վստահ էին, որ ավտոմեքենայի հայտնվելու հետ  կյանքը երկիր մոլորակի վրա ավելի հեշտ կլինի:

Չանցավ 2 դար ու հասարակությունը կանգնեց էկոլոգիական աղետի առաջ: Գրեթե ամեն օր ստեղծվում են նոր մեքենաներ, որոնք իրենց դիզայնով, հարմարավետությամբ ու ձիաուժերով գերազանցում են նախորդներին: Սակայն այդ նույն շքեղ, երբեմն էլ պարզապես անհրաժեշտ, մետաղյա ձիուկները իրենց արտադրած վառելիքի շնորհիվ աղտոտում են միջավայրը:

1973-ին, երբ վառելիքի ճգնաժամ սկսվեց, աշխարհի տարբեր երկրներում որոշեցին հրաժարվել ավտոմեքենաներից: Նման ակցիաներ պարբերաբար արվում էին, սակայն մեկ օր առանց ավտոմեքենայի անցկացնելու ավանդույթը ամենամյա դարձավ 1997-ին: Մեծ Բրիտանիայում որոշեցին սեպտեմբերի 22-ին հրաժարվել վառելիքով շարժի դրվող մեքենաներից: Հաջորդ տարուց սկսած անգլիացիներին միացան ֆրանսիացիները, բայց միայն փոքրիկ քաղաքների բնակիչները կարողացան իրենց թույլ տալ մեքենայից հրաժարվելու շքեղությունը:

Եվրոպական բազմաթիվ երկրներում հեծանիվը ոչ միայն ժամանցային կամ սպորտային բնույթ է կրում, այլև փոխարինում է վառելիքային չորսականիներին: Ուսանողները, օֆիսային աշխատողները ու նույնիսկ քաղաքական գործիչները աշխատանքի են գնում հեծանվով` համատեղելով օգտակարը հաճելիի հետ:

2000-ականներին առանց ավտոմեքենայի օրվան միացան աշխարհի 35 երկրներից հազարավոր քաղաքներ: Այդ օրը հիշեցնում է երկրի բնակիչներին, որ քաղաքը մարդկանց կացության վայրն է, այլ ոչ թե մեքենաների։

Այս թեմայով