22 Սեպտեմբեր 2014, 11:27
2313 |

ԽՍՀՄ ռոքի հայրենիք Երևան

60-ականներին ԽՍՀՄ-ի երկաթե վարագույրի վրա անցքեր գոյացան, որոնց միջով Երևան սկսեցին թափանցել ռոք երաժշտության հնչյուններով հագեցած ռադիոալիքներ, ձայնասկավառակների տեսքով ծանրոցներ, ջինսեր, ծաղկավոր վերնաշապիկներ, «Մալբորո» ու ազատություն…

Ազատությունը, մանավանդ՝ վաթսունականների, երևի թե առաջին հերթին ձայն էր, պատ քանդող ճիչ: Իսկ երբ ճիչը ձև է ստանում ու ինչ-որ չափով համապատասխանում ներսի զգացածին՝ հին աշխարհը սկսում է սայթաքել: Սայթաքելուց ու ընկնելուց խույս տալու արդյունքում էլ ստեղծում է չտրորված արվեստը:

Վաթսունակաների Երևանում ճիչերը հանկարծակիորեն ու միանգամից շատացան: Իրար ետևից սկսեցին ճչալ «Երազողները», «Սարդերը», «Վուլկանը», «Առաքյալները», «Նոկտյուրնը», «Փարավոնները», «1+2»-ը: Չնայած արտերկրի խմբերի և հանրահայտ կատարողների հետ նրանց որոշ նմանություններին՝ «Երազողներ»-«Բիթլզներ», «Սարդեր»-«Ռոլինգ սթոունզ», «Վուլկան»-Էրիկ Քլեփթըն, Երևանը ձեռք բերեց նոր գույներ: Այս խմբերի գործունեության շնորհիվ ուղիղ միացումով սկսեց կապվել աշխարհում տեղի ունեցող ժամանակակից ու կարևոր իրադարձություններին: Ու քանի որ էս ամենի մեջ պետության մատները դեռ խառը չէին, ի հայտ եկան մարդիկ, որոնք «պրոդյուսեր» բառի նշանակությունը չգիտակցելով, իրական մենեջերներ դարձան: Նրանցից էր Սիրխան Ռաֆիկը:

Սիրխանը հավաքեց Երևանում գործող բոլոր ռոք խմբերին ու «Հայ համերգի» դեմ սկսեց կռիվ տալ: Էդ թվերին համերգներ կազմակերպելը մեծ դժվարությունների հետ էր կապված: Ռոք խմբերը հիմնականում հանդես էին գալիս գործարանների դահլիճներում, «Կանազի» ու «Մալաթիայի» ակումբներում: Սարքավորումներ չկային, ուժեղացուցիչները կինոթատրոններից էին վարձակալում: Սիրխանը այդ հարցն էլ կարողացավ լուծել:

1969-ին Սիրխան Ռաֆիկը որոշեց «Հայ համերգի» գեղարվեստական խորհրդին ծրագիր ներկայացնել: Լենին-Ստալինից օժիտ մնացած բեղ-մորուսով և կոստյումներով զրահապատված գեղ. խորհուրդը ծանր ու մեծ եկավ, նստեց, չնայած բարձր հնչող երաժշտությանը, մտքի մեջ մի լավ քնեց, վերջում էլ՝ քնած ուղեղով խռխռացրեց.

- Էս ի՞նչ խաչակրաց արշավանք էր…
Այսպես ասած «փակ դիտումից» առաջ Սիրխանը տղաներին խնդրել էր մի քիչ զուսպ լինել, ֆիքստուլություններ չանել: Բայց էդ զուսպ պահվածքն էլ խորհրդի համար չտեսնված երկրաշաժ էր:
Վե՞րջը…
-Բա դուք ինչո՞ւ «Վոլգան հոսում է», «Լայնածավալ է իմ հարազատ հայրենիքը» չեք երգում: Մեր սովետական կոմպոզիտորներին արհամարհում եք, հա՞…
- Հա…Ազատությունը պայման չունի… Արհամարհում ենք, հա…
Ավելորդ է նշել, որ «Հայ համերգի» ծանր դռները ճռռալով փակվեցին ու մինչև հիմա էլ փակ են:
Իսկ ի՞նչ եղավ հետո:

Մոսկվայի ամենամեծ համերգասրահներից մեկում «Կռունկ» համերգն էր տեղի ունենալու: Ու թեև մայրաքաղաքը ողողված էր հայ բիթլների ազդագրերով՝ համերգը, այնուամենայնիվ, գրանցված չէր: Եկատերինա Մեծի՝ ԽՍՀՄ Մշակույթի ամենազոր և ամենասարսափ նախարարուհի՝ Երկատերինա Ֆուրցևայի աղջիկը ևս ուզում էր ներկա գտնվել Մոսկվայի համար յուրահատուկ այդ միջոցառման: Բայց ինչպե՞ս. բոլոր տոմսերը սպառված են: Միակ տարբերակը մայրիկին դիմելն էր:

- Վաղվա համերգի չորս հրավիրատոմս է պետք՝ աղջկաս համար…
- Ո՞ր համերգին, ընկեր Ֆուրցևա…
- Հայ բիթլների…
- Հայ բիթլների՞, առաջին անգամ եմ լսում… Այդպիսի բան գոյություն չունի… Հավատացնում եմ ձեզ…
- Զբաղվեք այդ հարցով…

Սիրխան Ռաֆիկին ձերբակալեցին: Նրա հետագա ճակատագրի մասին խոսել չեմ ուզում: Յոթանասունականների սկզբին իշխանական մամլիչի ճնշումների արդյունքում ռոքը Հայաստանից սկսեց հեռանալ՝ իր հետ տանելով ազատության երևանյան չափաբաժինը:

Ու էդ թվերի միակ արձանագրությունը, փաստորեն, «Ամերիկա» հանրահայտ ամսագրի հայտարարությունը մնաց. «ԽՍՀՄ-ում ռոքի հայրենիքը Երևանն է»:

Տեղեկությունները՝ դերասան Աշոտ Ադամյանի

Այս թեմայով