10 Փետրվար 2013, 17:52
4120 |

Փաբային կյանքից

Calumet-ում բացասական տրամադրված մարդիկ չկան, կարծես փոքրիկ Ամերիկա լինի, բոլորը բարեհամբույր են ու ժպտերես, հիմնական այցելուներին էլ արդեն լավ գիտեն:

Փորձեցի ձեռքերով ծուխը ցրել, բայց ապարդյուն, չէ որ այստեղ մարդիկ գալիս են ծխելու, խմելու ու պարզապես լավ ժամանակ անցկացնելու: Իմ տարօրինակ շարժումները բարի մոտ նստած երկու երիտասարդների մոտ քմծիծաղ առաջացրին` կներեք, բայց ծխել կարելի է,- հեգնանքով ասաց նրանցից մեկը` մի ակնոցավոր երիտասարդ, որի ակնոցը, չգիտես ինչու ինձ կեղծ թվաց, ասես խելացի երևալու համար էր:

Այստեղ սովորական է անծանոթների հետ զրուցելը կամ խոսք փոխանակելը: Սա Calumet է, այստեղ գործում են բոլորովին այլ օրենքներ: Եթե որոշեք այցելել, պատրաստ եղեք,  նախ նոր «security»-ի հարցախույզին, ապա վտանգավոր աստիճաններով իջնելուն, մանավանդ, եթե բարձրակրունկ կոշիկների սիրահար աղջիկ եք: Ես այս վայր եմ այցելում  հիմնականում տեղի տապակած կարտոֆիլն ուտելու համար: Բայց երեկ որոշեցի նաև խմել: Ընտրությունս կանգ առավ ռոմի վրա, որին այնքան կոլա ավելացրի, որ ամբողջովին համը կորցրեց: Խեղճ բարմենի հետ էլ քիչ էր մնում կռիվ անեի` ինչի է ռոմն էսքան դառը, չլինի ուրիշ խմիչք է լցրել:

Calumet-ում բացասական տրամադրված մարդիկ չկան, կարծես փոքրիկ Ամերիկա լինի, բոլորը բարեհամբույր են ու ժպտերես, հիմնական այցելուներին էլ արդեն լավ գիտեն:  Մի քանի կումից հետո տրամադրությունս վերականգնվեց, ծխին էլ սովորեցի ու սկսեցի վայելել հրաշալի էթնիկ երաժշտությունն ու աչքի պոչով հետևել կողքիս նստած մի արտասահմանցի երիտասարդի: Չէ, ուրիշ բան չմտածեք, պարզապես, նա այնքան շատ էր ծխում ու գարեջուր ըմպում` ընդ որում, աղով, որ միանգամից գրավեց ուշադրությունս:

Համառորեն լռում էր, հազիվ մի քանի բառ փոխանակեց բարմենի հետ, հետո միանգամից պտտվեց իմ կողմ ու կոտրտված ռուսերենով հարցրեց` «տի ռազգավարիված ռուսկի իլի անգլիսկի»,-այդ ամենն ինձ այնքան զվարճալի ու անսպասելի թվաց, որ պատասխանելու փոխարեն ծիծաղեցի: Հետո մի կերպ լրջացա ու մաքուր անգլերենով պատասխանեցի`«Yes, I know Russian and English»: Երիտասարդի աչքերը փայլեցին ու հետագա մեկուկես ժամը նա ինձ պատմում էր իր մասին ու իր պատմվածքների: Ի դեպ, չմոռանամ նշել, որ միանգամից հանգցրեց ծխախոտը:

Ասաց, որ ազգությամբ կանադացի է, բայց նախնիները հայ են եղել, դրա համար էլ որոշել է գալ Հայաստան: Իրեն գրող չի համարում, բայց գրում է պատմվածքներ, ու տեղում ինձ պատմեց դրանցից մի չորսը: Այնպիսի տպավորություն էր, որ խեղճը մի ամիս ոչ ոքու հետ չէր զրուցել: Վերջում էլ ասաց, որ շատ կուզեր իր երեխաներին Հայաստանում դաստիարակել, քանի որ նրան հոգեհարազատ են մեր արժեքները, բայց միևնույն ժամանակ չի պատկերացնում՝ Հայաստանում ինչպես այնքան փող աշխատել, որ կարողանա նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովել: Քանի որ խոսք գնաց փողից, հիշեցի, որ հաշիվն ուզելու ժամանակն է: Լավ օր էր, մանավանդ անգլերենս վերհիշելու համար:

Այս թեմայով