21 Օգոստոս 2013, 18:02
2742 |

Շնչավոր քաղաք

Dorians խմբի ֆրոնթմեն Գոռ Սուջյանը Երևանի ռոք մշակույթի անբաժանելի մասն է, նրա երգերը հնչում են քաղաքի տարբեր անկյուններից: Իսկ աշխարհահռչակ երաժիշտներ Գլեն Հյուզի ու Դերեք Շերինյանի հետ վերջերս տեղի ունեցած համերգը ռոքասեր երևանցիների համար իսկական տոն դարձավ: Ոտքից գլուխ երաժշտությամբ թաթախված Գոռը Երևանում ամեն ինչ հեքիաթային է տեսնում ու պատկերացնում, կարոտում է իրենց հին բնակարանի պատշգամբն ու քաղաքին «դու»-ով է դիմում:

Ծնվել եմ Մարգարյանի անվան հիվանդանոցում: Բժիշկները զարմացել են, քանի որ աչքերիս բիբերը չափազանց մեծ ու մուգ սև են եղել:

Մանկությունս անցել է կայարանում՝ Սասունցի Դավթի արձանի հարակից շենքերից մեկում: Այդ տարածքում ժամանակին թուրքի գերեզմաններ էին, բակում էլ մի նկուղ կար, որ շատ վախենալու էր մեզ համար, որովհետև գանգեր ու ոսկորներ էինք գտել: Երբ ֆուտբոլ խաղալուց գնդակն ընկնում էր նկուղ, ցելա էինք գցում, որ որո-շեինք, թե ով է գնալու գնդակի հետևից: Հաճախ հենց ես էի ստիպված լինում գնալ:

Հիմա Մասիվում եմ ապրում, բայց շատ եմ կարոտում մեր Կայարանի տունը, մինչև հիմա այն շատ հարազատ է ինձ համար:

Հիմա երեխաների խաղերը կարծես սերիալների սցենարներ լինեն: Մեր խաղերը բարի էին՝ չլիկ դաստա, յոթ քար, լյագուշկա, հալամուլա, հավալա, պահմտոցի, էշ-միլիցա, գոռոցի-խփոցի, կազակի-ռազբոյնիկի: Բայց ամենից շատ Ֆուտբոլ եմ սիրել, չնայած այժմ այդքան էլ չեմ հետևում առաջնություններին: Բակով թիմ ունեինք, ես էլ դարպասապահն էի:

Մանկապարտեզում՝ որ մեր տան կողքն էր, արդեն զգացվում էր երաժշտության հանդեպ իմ սերը: Երբ «Ամպի տակից ջուր է գալիս» երգն էին նվագում, ես ուշադիր լսում էի:

Թավաներից հավաքած հարվածային գործիքներ ունեի՝ մեր բակում քրոջս՝ Եվայի հետ համերգներ էինք կազմակերպում: Նույնիսկ մեր բակի հիմնը ունեինք՝ «Շաքար-բամբակ» էր կոչվում: Բոլոր երեխաները մեզ էին միանում ու երգում էին՝ երաժշտությունը բացում է մարդկանց զգայարանները:

Հետաքրքիր մանկություն եմ ունեցել: Ամեն ինչ տեսել եմ՝ ամենալավից մինչև ամենավատը:

Փոքր հասակում Հանրապետության հրապարակում ընկերներիս հետ սքեյթ էինք քշում, ռեփ կարդում, մեր ընկեր Ֆոքսն էլ բրեյք դանս էր պարում: Մարդիկ հավաքվում ու ուրախանում էին մեզ հետ. նման երգեր ու պարեր չէին տեսել:

Սովորել եմ Բենյամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ֆրանսիական դպրոցում: Մինչև ութերորդ դասարան պասիվ երեխա եմ եղել, վարքս միշտ օրինակելի էր, ծնող էին կանչում, որ պարզեին՝ ինչու մյուս երեխաների հետ չեմ շփվում: Սակայն բարձր դասարաններում ամեն ինչ փոխվեց:

Ութերորդ դասարանում էի, մարտի 8-ն էր: Բոլոր երեխաները ուսուցիչների համար նվերներ էին պատրաստել, ես էլ երգեցի: Ձայնս այնքան բարձր էր, որ ուսուցչուհիս հիացած ինձ ուսուցչանոց ուղեկցեց: Այնտեղ երգեցի ու այդ պահից ի վեր սկսեցի մասնակցել դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին:

Դպրոցում ինքս բեմադրել էի Notre Dame de Paris ու «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլները: Երկրորդի բեմադրությանը ներկա էին Brabion Flora Service ընկերության ներկայացուցիչները ու ինձ շնորհեցին 2003 թվականի լավագույն աշակերտ տիտղոսը: Այդ կարմիր ժապավենը մինչ հիմա ունեմ:

Երևանի Պետական համալսարանում նույն բեմադրությունը ներկայացրինք՝ քրոջս հետ: Հանդիսատեսի շարքում էր մեր նախկին կիթառահարի քույրը, ով պատմել էր եղբորը իմ մասին: Նա առաջարկեց ինձ հանդես գալ իրենց բենդում: Ռոքը միշտ իմ մեջ է եղել ու հենց այդպես ծնվեց Gor & Friends-ը: Նվագում էինք «Ոստան Հայոցի» Հովհանի, Սամվել Ծովակի հետ: Հետագայում Roxygen դարձանք:

Տիկնիկային թատրոնի մոտ գտնվող DownTown ակումբից ամեն ինչ սկսվեց: Առաջին անգամ շատ վատ ելույթ ունեցա՝ վատառողջ էի, ու մենեջերն ասաց, որ այլևս չեմ երգի: Ընկերս այնտեղ էր աշխատում, հաճախ էի այցելում նրան: Մի օր էլ կիթառս վերցրի ու Led Zeppelin-ի Stairway to Heaven-ը երգեցի: Այդ նույն մենեջերը մոտեցավ ինձ ու ասաց, որ իմ անհատական ելույթների համար օր կհատկացնի:

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Dorians-ի մեկ տարեկանին նվիրված համերգը, որ Kashmir էր կոչվում: Led Zeppelin-ի երգերն էինք կատարում:

Ինչքան էլ սիրում եմ Երևանը, նրան նվիրված երգ չեմ գրել: Բայց երգերիս հիմնական մասը հենց մեր քաղաքում եմ գրել՝ ընկերներիս տանը:

Հախվերդյանին ասոցացնում եմ Երևանի հետ: Միակ կատարողն է, որ փոխանցում է մեր մայրաքաղաքի կոլորիտը, գույները: Երբ լսում եմ Երևանի մասին նրա երգերը, ավելի եմ սիրում քաղաքս:

Երբեմն բարկանում եմ Երևանի վրա, բայց հենց մեկնում եմ քաղաքից, հասկանում եմ, որ տունս է: Քաղաքը ինձ համար այնքան հարազատ է, որ կարող եմ փողոցում կամ կանգառում քնել: Այլ երկրում ինձ նման բան թույլ չեմ տա: Մյուս կողմից, Երևանում երբեմն մարդիկ սահմանափակում են ազատությունս:

Երևանում դեռ պահպանվել է մարդկային տաքությունը: Մեզ միայն բարդույթներն են խանգարում: Ուզում եմ մարդիկ ազատ ապրեն, առանց միմյանց որևէ բան ապացուցելու: Եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս, եթե բուռն կյանքով չես ապրել, սկսի հենց այսօր, որ պատմելու բան ունենաս, ոչ թե հորինի՝ մարդկանց աչքերում բարձրանալու համար: Ինքնահաստատման տարիքում բոլորս էլ եղել ենք, բայց կան մարդիկ, ովքեր չեն կարողացել հաղթահարել կյանքի այդ շրջանը: Ինձ երաժշտությունն է օգնել, որ արտահայտվեմ ու ազատվեմ բարդույթներից:

Երևանը փոքր է, իսկ տաղանդավոր մարդիկ շատ են, դրա համար էլ խեղդվում են: Մեր քաղաքում բոլորը անհատականություններ են, յուրաքանչյուրն ուզում է իր միտքն արտահայտել ու ավելի շատ երևալ: Ամեն մեկն ուզում է միանգամից նվագախմբի դիրիժոր դառնալ, ոչ թե ջութակահար: Բայց դե կրիտիկական պահերին հայերը համախմբվում են. եթե պատերազմ լինի, բոլորս էլ գնալու ու կռվելու ենք՝ համոզված եմ:

Երբեք չեմ ասում, որ Երևանում կոնկրետ սիրելի վայր ունեմ՝ հոգեվիճակից, տրամադրությունից կախված վայրերը ինձ համար սիրելի են դառնում: Այսօր Led Zeppelin եմ լսում, վաղը՝ Սթինգ: Նույնը քաղաքի վայրերն են: Այսօր Stop-ում եմ, վաղը՝ Կասկադում:

Փորձում ենք անել այնպես, որ ռոք չսիրող երևանցին ծանոթանա ու սիրի այս ոճը:

Կուզենայի, որ մեր քաղաքը մասշտաբներով մեծանար ու քաղաքում շատանային հեծանվորդները: Ուզում եմ, որ անկախ տարիքից ու սեռից, երևանցիները չամաչեն հեծանիվ քշելուց:

Կասկադի բարձունքից սիրում եմ հետևել քաղաքի վրա իջնող մայրամուտին՝ շենքերը ծածկվում են վառ գազարագույն ու կարմիր «վարագույրով»՝ հենց այս գույների է ինձ համար Երևանը: Կարծես լապտերի լույս գցած լինի շենքերի վրա, ու ավելի հստակ են ընդգծվում նրանց ուրվագծերը:

Մեր քաղաքի ամենառոքային վայրը մեր հին տան պատշգամբն էր՝ այնտեղ այնքան էի ոգեշնչվում: Դիմացը մոտ 80 տարեկան ծառ էր, երկնքում՝ աստղեր:

Ձմռանը, երբ արթնանում էի, առաջին հերթին մեր հին տան դիմացի կտուրին էի նայում՝ եթե սպիտակ չէր՝ տխրում էի: Ձյուն շատ եմ սիրում: Նույնիսկ այժմ, երբ ձյուն է գալիս, միանգամից դուրս եմ գալիս տնից: Անցյալ նոր տարուն ձյուն եկավ, ես դուրս եկա՝ փողոցներով քայլելու ու ձյունը զգալու: Նույնիսկ ծանոթ տեսա, ով առաջարկեց ինձ մեքենայով տուն հասցնել: Հրաժարվեցի, որովհետև պետք է ձյունը զգալ, շոշափել: Ձյունը հրաշք է՝ այն տանում է վատ էներգիան ու մաքրում է մեր քաղաքը:

Աշխարհում այնքան հրաշքներ կան, ուղղակի պետք է նկատենք: Ուրիշի ստեղծած իրականությունը խեղդել է մարդկանց՝ թույլ չտալով տեսնել ակնհայտ հրաշքները:

Ամեն ինչ հեքիաթային եմ տեսնում ու պատկերացնում: Այն, ինչ իրական է, բոլորս էլ գիտենք, բայց կան բաներ, որ տեսանելի չեն, բայց մենք կարող ենք դրանք էլ տեսնել:

Շատ գեղեցիկ է քաղաքը վաղ առավոտյան: Ժամը 06:00-ն իմ սիրելի ժամն է՝ փողոցում հիմնականում շուկա և օդանավակայան շտապող մարդիկ են, գիշերն էլ իր հերթին հասցրած է լինում մաքրել քաղաքի մթնոլորտն ու բարիություն է տիրում ամենուրեք:

Երևանը ինձ համար մարդ է, ում ամաչում էի «դու»-ով դիմել: Բայց վերջերս ընկերացել ենք:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N1-2, 2013

Այս թեմայով