08 Սեպտեմբեր 2014, 16:00
1417 |

Ավելի մարզված Երևան

Ֆիթնես մարզիչ Հովհաննես Ավագյանը արդեն 20 տարուց ավելի առողջ ապրելակերպ է քարոզում ու օգնում տարբեր տարիքի մարդկանց վերանայել սննդակարգն ու կենսակերպը՝ բազմաթիվ առողջական խնդիրներից ազատվելու և գեղեցիկ կեցվածք ունենալու համար: Հովհաննեսի հետ զրուցել ենք երևանցիների ալարկոտ ու ոչ սպորտային լինելու, առողջ ապրելակերպի մասին բնակչության ոչ բավարար տեղեկացված լինելու, Երևանում սակավաթիվ լողավազանների ու խաղահրապարակների և այլնի մասին:

Ի՞նչ է պետք ավելի մարզված Երևան ունենալու համար:
— Առողջ ապրելակերպը կոմպլեքսային համակարգ է՝ պարբերական մարզումներ, ճիշտ սննդակարգ, հանգստի չափաբաժին: Եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ դեռ 10 տարի առաջ մեր քաղաքում գրեթե ֆիթնես ակումբներ չկային: Այսօր արդեն բազմաթիվ ֆիթնես ակումբներ ունենք, իսկ նման վայրերում մարզվելը դարձել է նորաձև և պահանջված: Կարծում եմ, այսօր հենց մոդայիկ դարձած պարապմունքներն են դրդում մարդկանց մարզվել ու գեղեցիկ կեցվածք ունենալ: Բայց հետաքրքիրն այն է, որ ֆիթնես ակումբների զարգացման հետ մեկտեղ աճում է նաև տարբեր ֆասթ ֆուդ առաջարկող սրճարանների թիվը: Մինչդեռ հարուստ կալորիականություն ունեցող ուտելիքը մեծացնում է ճարպակալման տոկոսը: Առողջ լինելու համար նախ պետք է սկսենք օգտագործել սպիտակուցներով, վիտամիններով ու միներալներով հարուստ սնունդ, եվրոպացիներից պետք է փոխակերպենք օրվա ընթացքում շատ ջուր օգտագործելու սովորույթը և շուտով կմոռանանք ջանք ֆուդ կոչվածի, ճարպերի ու ածխաջրերի մասին:

Ովքե՞ր և ինչի՞ համար են սովորաբար գալիս ֆիթնես ակումբ:
— Մարդկանց նպատակները այնքան տարբեր են՝ պարապմունքի ընթացքում հայելու մեջ ֆեյսբուքի համար նկարվողներից մինչև հատուկ հարսանիքի համար նիհարողները: Ավելի քչերն են հաճախում, որովհետև նպատակ ունեն զբաղվել սպորտով ու առողջ լինել: Բայց մենք այստեղ «ծուղակներ» ունենք. երբ մարդիկ գալիս են մեզ մոտ ու տեսնում են մյուսների արդյունքները, ոգեշնչվում են և սկսում են իսկապես մարզվել: Ժամանակի ընթացքում մոդայիկը վերածվում է առողջ ապրելակերպի:

Ի՞նչ նրբություններ կան մարզչական աշխատանքի մեջ:
— Մարզիչը կես դրույքով նաև հոգեբան է: Նախ՝ մենք ճշտում ենք, թե ինչի համար է մարդը եկել մարզվելու, որն է նպատակը, ինչ առողջական խնդիրներ ունի, հետո նոր սկսում ենք աշխատել: Բայց պետք չէ կառչել ֆիթնես ակումբներից, առողջ ապրելակերպը կենսակերպ է, դիսցիպլինա: Մարդը պետք է ինքն իրեն միշտ հետևի, իսկ սկսել պետք է ճիշտ սննդակարգից:

Ինչպիսի՞ն է երևանցիների վիճակը այդ տեսանկյունից:
— Երևանցիները ալարկոտ են, սպորտի հանդեպ հակումը ցածր մակարդակի վրա է: Արտասահմանում առողջ ապրելակերպով չզբաղվողների թիվը համարժեք է այստեղ՝ Հայաստանում, առողջ ապրելակերպի կողմնակիցների թվին, այսինքն՝ մոտավորապես մեր բնակչության 20-30 տոկոսը: Բայց սա համապատասխան կրթություն չստանալու և ինֆորմացիայի պակասի արդյունքն է: Կան մարդիկ, որ դեռ վստահ են, թե արքայախնձորը ճարպաճեղքող միրգ է կամ համոզված են, որ երեկոյան ժամերին մրգեր ուտելը առողջարարէ, այս ամենը այդպես չէ: Մյուս կողմից՝ 10 տարի առաջ ինձ մոտ պարապում էին 8 աղջիկ, այսօր արդեն յուրաքանչյուր օր 70-80 պարապող ունեմ:Նշեցիք, որ տեղեկատվության լուրջ պակաս ունենք:

Ի՞նչ է արվում այդ բացը լրացնելու համար:
— Տարբեր կերպ փորձում ենք շտկել իրավիճակը: Օրինակ՝ Հանրային հեռուստաալիքով առավոտյան հաղորդումների ընթացքում պատմում ենք մարդկանց, թե ինչպես կարող են տնային պայմաններում հետևել իրենց առողջությանը: Դեռևս մանկուց, դպրոցական տարիներից տարբեր խաղերի միջոցով պետք է մոտիվացնել երեխաներին, որ սիրեն սպորտը: Խնդիրներից մյուսն էլ այն է, որ մեր քաղաքում քիչ են բացօթյա լողավազանները, խաղահրապարակները, ակտիվ հանգստի համար նախատեսված տարածքները: Շատ ուրախալի է, որ վերջին շրջանում գոնե շատացել են հեծանվորդները:

Մենք էլ մեր հերթին փորձում ենք հնարավոր չափով հարմարեցնել Երևանը առողջ ապրելակերպի համար: Յուրաքանչյուր շաբաթ օր գործընկերոջս՝ մարզիչ Արթուր Հարությունյանի հետ հրավիրում ենք բոլորին Մարզահամերգային համալիրի հարակից տարածք, որտեղ ժամը տասից անցկացնում ենք անվճար բացօթյա մարզումներ:

Կարծես միայն երիտասարդների մասին ենք խոսում, մեծահասակների համար ո՞ւշ է սկսել մարզվելը:
— Ֆիզիկական մարզումներով զբաղվելու համար երբեք ուշ չէ: Վերջին շրջանում աճել է ֆիթնես ակումբ այցելող մեծ տարիքի կանանց ու տղամարդկանց թիվը: Նման մարդկանց մասին մենք ասում ենք՝ «անառակ զավակների վերադարձը»: Մինչև բանակ գնալը տղաները ակտիվորեն մարզվում են: Հետո փորձում են վերսկսել մարզվելը, երբ արդեն մեծ փոր են ունենում: Աղջիկներն էլ, հիմնականում, մարզվում են մինչև ամուսնանալը:Վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց և նման խնդիրներով մահացության թիվը ավելացել է, իսկ դա նշանակում է, որ բարձրացել է մարդկանց օրգանիզմի խոլեստերինի քանակը, որն էլ խթանում է անոթների փակմանը: Ուզում եմ, որ մարդիկ հետևեն իրենց ապրելակերպին, լինեն առողջ, խնամված և ժպտան:

Ժպտա՞ն…
— Այո, դա էլ է անհրաժեշտ. գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մարզվելու ժամանակ մարդու օրգանիզմում արտադրվում է մեծ քանակությամբ էնդորֆին հորմոնը, որը արտադրվում է նաև համբուրվելու և շոկոլադ ուտելու ժամանակ: Շոկոլադ ուտելու, գիրանալու, հետո լացելու և տխրությունը կրկին շոկոլադի միջոցով սփոփելու փոխարեն կարելի է սպորտով զբաղվել ու կրկին լինել երջանիկ:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2014

Այս թեմայով