17 Մայիս 2013, 14:18
3613 |

Տնային պայմաններում

Երևանյան տուն-թանգարանների էքսկուրսավարները, իրենց օրվա հիմնական մասն անցկացնում են հայտնի կոմպոզիտորների, բանաստեղծների, գրողների տանը, տեսնում ու նկատում են այն, ինչ անտեսանելի է մյուսների համար: Հենց նրանք են հոգ տանում մեր մեծերի անձնական իրերի՝ նամականիների, ձեռագիր նոթատետրերի, գրադարանների, զարդերի, հագուստների մասին: Իսկ երբ թանգարանի դռները փակվում են այցելուների համար, նրանք զգում ու լսում են խաչատրյանական բալետի հնչյունները, չարենցյան տողերը, սպենդիարյանական համեստությունը, սարյանական գույները, թումանյանական վեհությունն ու իսահակյանական իմաստությունը:

Կլարա Խոջումյան, Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Մաշտոցի պողոտա թիվ 17 հասցեում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Չարենցն այստեղ ապրել է երկու տարի՝ 1935-ից 1937 թվականը: Նրա մահից գրեթե չորս տասնամյակ անց՝ 1975-ին Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի որոշմամբ այդ տանը հիմնադրվեց բանաստեղծի տուն-թանգարանը: 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության, թանգարանի տարածքը ընդլայնվեց:

Շատ եմ հուզվում, որովհետև ինքս ավելի շատ եմ ապրել Չարենցի տանը, քան ինքը, կինը, աղջիկները: Ֆոնդերը տեղադրված էին իր բնակարանի խոհանոցի տարածքում, 20 տարի շարունակ հենց այդ սենյակում եմ աշխատել՝ որպես գլխավոր ֆոնդապահ, հետո էլ 9 տարի որպես էքսկուրսավար:

Ինձ շատ հարազատ է Չարենցի տունը՝ իր ամեն մանրուքով: Բայց իր աշխատասենյակում գտնվող բամբուկե սեղանը, որի վրա հորից ժառանգած փոքրիկ պարսկական գորգն է դրված, յուրահատուկ է ինձ համար: Նա աշխատել է այդ սեղանի վրա իր հոր, Գյոթեի, Պուշկինի, Կոմիտասի լուսանկար-ների ներքո:

Չարենցի բնակարանի միջանցքում մի հուշաքար կար. վերևում Սարգիս Բաղդասարյանի հեղինակած Չարենցի դիմակն էր: Ամեն անգամ, երբ այցելուներին այդ մասն էի ներկայացնում ու պատմում էի, որ Չարենցը գերեզման չունի, սիրտս լցվում էր, հուզվում էի: Այժմ նույն վիճակում եմ հայտնվում, բայց գիտեմ՝ նրա գերեզմանը համայն հայության սրտում է: Շատ եմ տխրում Չարենցի համար, կարծես ընտանիքիս անդամը լինի:

Ինձ ամեն վայրկյան թվում է, թե Չարենցը թիկունքիս կանգնած լսում է՝ ինչ եմ ասում իր մասին: Երբ նոր էի սկսել աշխատել, երբեմն շրջվում էի, ինձ թվում էր, թե հետևիցս է գալիս: Դժվար տարիներին, երբ մութ էր ու ցուրտ, հենց Չարենցը օգնեց ինձ գոյատևել, ապրել: Որովհետև հիշում էի, թե ինչ օրեր էր ապրել Չարենցը ու իմ իրականությունը ավելի թեթև էի տեսնում:

Անժելա Վոլչինսկայա, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Հավաքածուի համար հիմք են հանդիսացել Սարյանի նվիրաբերած իր 50 ստեղծագործությունները:

Պրոֆեսիոնալ գիդ-թարգմանիչ եմ, 20 տարի «Ինտուրիստում» եմ աշխատել: Մի սեզոն այստեղ աշխատելուց հետո շարունակեցի աշխատանքս: Սկզբում մտավախություն ունեի՝ շատ ծավալուն ծրագիր է, բայց ժամանակի ընթացքում ընտելացա: Արդեն վեցերորդ տարին է այստեղ անգլերեն կամ ռուսերեն էքսկուրսիաներ եմ վարում: Ասում են, որ հոգով եմ պատմում:

Սարյանը ինձ համար մեծատառով անձնավորություն է: Հանճար լինելու հետ մեկտեղ նա բարի ու պարկեշտ անձնա-վորություն է: Ինձ համար պատիվ է, որ նրան եմ ներկայաց-նում այստեղ՝ արտասահմանից ժամանած հյուրերի առջև:

Տուն-թանգարանը ինձ համար պարզապես աշխատանքի վայր չէ: Ամեն անգամ այստեղ գալով՝ էներգիա եմ ստանում ու լիցքավորվում եմ այստեղ ապրող աուրայով: Զգում եմ, որ իր կտավներից օրհնյալ լույսն է ճառագում: Վառ գույները տրամադրություն են ստեղծում և ոգեշնչում են: Մի խոսքով, վայելում եմ թանգարանում անցկացրած ժամերը: Սարյանի հետ անձամբ ծանոթ չեմ եղել, բայց այժմ այնպիսի զգացողություն ունեմ, կարծես ճանաչել եմ իրեն:

Սարյանական ոգին ապրում է այստեղ՝ ոչ միայն արվեստանոցում, այլ ամենուր: Ես զգում եմ նրան. էքսկուրսիա վարելու ընթացքում, երբ կանգնած եմ նկարի կողքը, զգում եմ նրա ներկայությունը: Անբացատրելի զգացում է, պարզապես չեմ պատմում նկարչի մասին, այլ հոգով եմ սկսում խոսել:
Շատ սիրելի նմուշներ ունեմ այստեղ՝ «Քայլող Կինը», «Գիշերային բնանկար» կտավները: Բայց ամենից սիրելին երկրորդ հարկում կախված «Արարատ» կտավն է, որ Սարյանը 1925 թվականին է նկարել:

Ինձ չափազանց հաճելի է դուրս գալ տնից ու իմանալ, որ գալու եմ այստեղ ու մի քանի ժամ ապրելու եմ սարյանական մթնոլորտում:

Շուշան Հյուսնունց, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարանը հանրապետության առաջին տուն-թանգարանն է: Երաժիշտը այս տանը բնակվել է 1926-28 թվականներին: Այստեղ ներկայացված հավաքածուն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթերը, նամականին ու ձեռագրերը: Թանգարանում ցուցադրվում է նաև «Ալմաստ» օպերայի ձեռագիր պարտիտուրան և ևրևանյան առաջին բեմադրության միակ պահպանված աղդագիրը, որով 1933 թվականի հունվարի 20-ին բացվեց օպերայի և բալետի թատրոնը:

Աշխատում եմ այստեղ 2010 թվականի մայիսից: Ինքս երաժշտական կրթություն ունեմ ու մինչ աշխատանքի ընդունվելը Սպենդիարյանը ինձ համար հերթական մեծ կոմպոզիտորներից մեկն էր: Բայց երբ սկսեցի անդադար շփվել իր անձնական իրերի հետ, կարդալ նամականին, նա ինձ համար դարձավ հեռավոր բարեկամ, պապիկ, ում երբևէ չեմ տեսել, բայց շատ լավ եմ ճանաչում:

Սպենդիարյանի ոգին ապրում է իր հուշասենյակում, ամբողջ թանգարանում և նույնիսկ հարակից փողոցներում: Սպենդիարյանը չափազանց համեստ էր ու այժմ էլ չի պարտադրում իր ներկայությունը մեզ՝ թանգարանի աշխատակիցներիս: Սպենդիարյանը իմ կյանքի մի մասնիկն է դարձել: Եթե նրա երաժշտության հնչյուններն եմ լսում, ավելի ջերմ եմ ընկալում, քան մեկ այլ, ավելի հայտնի ու սիրված ստեղծագործություն:

Նա ոչ միայն ինձ, այլև թանգարանի ողջ անձնակազմին մի կարևոր դաս է տվել՝ ամեն հարցում լինել պահանջկոտ ու հնարավորինս պրոֆեսիոնալ: Նա նույնպես այդպիսին էր: Տարբեր, կենցաղային հարցերում հանկարծ հիշում եմ, որ մեծ Սպենդիարյանն է այստեղ բնակվել ու ձգվում եմ, ավելի զգոն եմ դառնում:

Իմ սիրելի նմուշը՝ սպենդիարաֆոնն է: Դա հենց իր ստեղծած երաժշտական գործիքն է, որ պատրաստված է իր կաշվե գոտուց և 12 բրոնզյա զանգակներից:

Մարիամ Սոխիկյան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1963 թվականից: Բանաստեղծն առանձնատանը ապրել է կյանքի վերջին տասը տարին: Այստեղ ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես եղել է բանաստեղծի կենդանության օրորք:

Արդեն յոթերորդ տարին է, որ այստեղ եմ աշխատում: Չսիրելով երբեք չէի աշխատի, բայց Իսահակյանին սիրեցի դեռևս աշխատանքի անցնելուց առաջ:

Խորը ուսումնասիրել եմ Իսահակյանի կյանքը, ստեղծագործությունները: Սկզբում մտավախություն ունեի, որ այստեղ երկար աշխատելու դեպքում այս ամենը սովորական կդառնա ինձ համար: Բայց ամեն անգամ այցելուներին սենյակներ ուղեկցելուց միևնույն թրթիռն եմ վերապրում, կարծես առաջին անգամ լինի: Իր անձնական գրադարանի օտարալեզու գրքերի հետ եմ աշխատում, ամեն անգամ փշաքաղվում եմ, չէ՞ որ այդ դարակը հենց ինքն է բացել ու դիպչել այդ գրքերին:

Տուն-թանգարանում ինձ համար ամենահարազատը հենց այդ գրքերն են՝ հատկապես նրանք, որտեղ կան իր նշումները: Իսահակյանի շունչը ապրում է այս պատերի մեջ, բոլոր այցելուները դա զգում են:

Իսահակյանը ինձ համար ոչ միայն մեծ բանաստեղծ է, այլ իմաստուն, բանիմաց անձնավորություն: Ես էլ եմ նրան վարպետ անվանում: Թանգարանից երբեք չեմ հոգնում: Նույնիսկ մեր տանը Իսահակյանին նվիրված անկյուն ունեմ՝ փոքրիկ թանգարան: Տանը հաճախ խոսքի մեջ Իսահակյանից մեջբերումներ եմ օգտագործում, հարազատներս, երբեմն, բողոքում են, բայց արդեն ընտելացել են:

Երբ կոլեկտիվով էքսկուրսիա ենք մեկնում, կողքից նայողը միանգամից հասկանում է՝ Իսահակյանի հետ կապ ունենք: Երգում ենք նրա երգերը, իրեն հատուկ «թամադայություն» անում: Մենք ոչ թե սովորական, այլ իսահակյանական կոլեկտիվ ենք:

Անահիտ Նալբանդյան, Հովհաննես Թումանյանի թանգարան
Հովհաննես Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականի ապրիլին՝ ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված շենքում: Թանգարանի երկրորդ հարկի առանձին սրահում ներկայացված է Թումանյանի անձնական բացառիկ գրադարանը՝ մոտ 8000 հատորով: Մեծ տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը:

Արդեն 8 տարի է աշխատում եմ այստեղ: Ամեն օր, ամեն վայրկյան շարունակում եմ ինչ-որ բան սովորել Թումանյանից: Աշխարհը սկսել եմ տեսնել Թումանյանի աչքերով, նրա դիտա-կետից: Նա ինձ համար, նախևառաջ, մարդ է, հետո՝ մեծ գրող:

Թանգարանի երկրորդ հարկում կառուցվել է Թումանյանի՝ Թիֆլիսի տան կրկնօրինակն ու կահավորվել, այնտեղից բերված իրերով: Ես համոզված եմ, որ իրերը հիշողություն ունեն: Գրողի շունչը, աուրան, էներգետիկան զգացվում է ամենուր, հատկապես աշխատասենյակում: Երբ նոր էի ընդունվել աշխատանքի, վախենում էի մենակ մտնել նրա աշխատասենյակ՝ այնտեղի մթնոլորտը սարսուռ էր արթնացնում, ինձ անդադար թվում էր, թե նա հենց այս պահին կգա: Էքսկուրսիայի ընթացքում, կարծում էի, թե նա իր աշխատասեղանի մոտ նստած է: Ի դեպ, հենց նրա անձնական իրերն իմ սիրելին են՝ գրիչը, աթոռը, սրճեփը, գրքերը:

Տանը, կենցաղում, իրեն եմ օրինակ բերում, ասում են՝ «Թումանյանը էսպես կաներ, կամ կասեր»: Նույնիսկ երեխաներս են արդեն բողոքում, որ անդադար իրենից եմ խոսում: Թումանյանի ճաշասենյակում իր սեղանը զարդարելուց յուրաքանչյուր ափսեի կողքը նա փոքրիկ ծաղկաման էր դնում կենդանի ծաղիկներով: Իմ տանն էլ փորձում եմ շարունակել այդ ավանդույթը: Ի դեպ, նունիսկ հեռախոսիս էկրանի պատկերը Թումանյանն է:

Ամեն առավոտ, երբ թանգարան եմ գալիս, նայում եմ թանգարանի մուտքի մոտ փակցված Թումանյանի նկարին ու ասում եմ՝ «Բարև, Թումո ջան»: Այդ նկարին նայելու համար գլուխդ պետք է բարձրացնես, կարծես Աստծո հետ ես խոսում: Թումանյանը իմ և Աստծո միջև եղած միջնորդն է:

Ժաննա Մկրտչյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
1978 թվականին Հայաստանի կառավարության կողմից հրամա-նագիր ստորագրվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարան ստեղծելու մասին: Կոմպոզիտորը անձամբ ծանոթացել է նախագծին ու իր դիտողություններն արել: Տուն-թանգարանը բացվել է 1984 թվականի հունվարի 26-ին, կոմպոզիտորի 80-ամյակի կապակցությամբ: Արամ Խաչատրյաննը ստացել է այս տունը 1947 թվականին, որպես հայ ժողովրդի նվեր: Նրա բնակարանի իրերը բերված են մոսկովյան բնակարանից և մերձմոսկովյան ամառանոցից ու դասավորված են նույնությամբ, ինչպես իր կենդանության օրոք էր: Այս տանը բնակվել է Արամ Խաչատրյանի մայրը՝ տիկին Ղումաշը ավագ եղբոր՝ Վաղինակի ընտանիքի հետ:

Տուն թանգարանում աշխատում եմ 1996 թվականի օգոստոսի 17-ից: Ավելի շատ ժամանակ եմ անցկացնում այստեղ, քան տանը: Շատ եմ սիրում աշխատանքս: Հետաքրքիր մարդկանց հետ եմ շփվում, անդադար նոր բաներ եմ հայտնաբերում:

Արամ Խաչատրյանը ինձ համար արդեն ընկեր է՝ շատ մտե-րիմ ու հարազատ մարդ: Մոտ 16 տարի իր մասին եմ խոսում՝ իրեն շատ սիրելով ու գնահատելով: Ուսումնասիրել եմ Խաչա-տրյանի անձնական նամակները, իր մասին գրքերն ու մեծա-նուն մարդկանց կարծիքները: Ես պատկերացնում եմ իրեն, գիտեմ, թե ինչպիսի շարժուձև է ունեցել, ինչ է մտածել:

Այն ժամերին, երբ այստեղ մարդ չկա, այդ լռության մեջ երաժշտություն է հնչում: Դա լեգենդ չէ, ժամանակի ընթացքում բոլորն էլ լսում են: Այնպիսի տպավորություն է՝ կարծես սրահներով ինչ-որ մեկը քայլում է: Նույնիսկ մեր պահակն է ասում, որ, երբեմն, վախենում է:

Խաչատրյանի անձնական իրերը իմ սիրելի նմուշներն են: Այն ամենը, ինչն անմիջապես իր ձեռքի տակ է եղել՝ գրիչները, կոստյումը, իր ձեռագրով գրված նամակները, նոտաները: Ամենահիշվող հյուրերից մեկը Մայա Պլիսեցկայան էր: Մուտքի մոտ նա հանեց կոշիկներն ու ոտաբոբիկ ներս մտավ:

Խաչատրյանն այնքան մեծ ազդեցություն է ունեցել կյանքիս վրա, որ չեմ ամուսնացել: Մտածել եմ՝ ուր գնամ, որ այստեղից ավելի լավ լինի: Ճիշտ են ասում՝ թանգարանային գործը ճահիճ է, բայց ճիշտ, հաճելի ճահիճ: Քեզ ամբողջովին կլանում ու տանում է: Ուշադրությանս կենտրոնում միայն թանգարանն է:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N10, 2012

Այս թեմայով