17 Ապրիլ 2014, 15:22
7741 |

Որդան կարմիր

Ակնածանքի ու իշխանության խորհրդանիշը, գեղեցկության ու առողջության երաշխիքը… նրա փառքը չի մարում նույնիսկ հազարամյակներ անց: Կարող է տարօրինակ թվալ, բայց խոսքը վերաբերում է որդան կարմիր որդին, որի «հասակը» չի գերազանցում 12 միլիմետրը: Հավերժ ներկը, որի համար ոչինչ են ժամանակի, լույսի, ջերմության ու խոնավության կործանարար ուժերը, ուներ պատրաստման գաղտնիք, որը մեր նախնիները սերնդեսերունդ միայն ընտրյալներին փոխանցելով՝ պահպանել էին երկու հազարամյակից ավելի ու կորցրել միայն 400 տարի առաջ:

Նույն ինքը՝ որդը
Մուգ կարմիր գույնի հեղուկով փոքր ապակե ամանը առաջին հայացքից ազնավամորու մուրաբա է հիշեցնում: «Այ հենց սա՛ է որդան կարմիրը», - պարզելով սրվակը՝ ասում է Մատենադարանի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սահակյանը: - Միայն իմանայիք, թե ի՜նչ հիանալի խմիչք է ստացվում այս թուրմից»:

Մատենադարանի փոքրիկ սենյակը լի է գրապահարաններով: Պատվանդանի վրա բաց դրված է հնագույն գիրք, կողքի սեղանին շորով խնամքով ծածկված 17-րդ դարի Ավետարանն է: Այստեղ ամեն ինչ հնադարյան ծես է հիշեցնում: Թերահավատությամբ մոտեցա ապակե ամանին: Հետաքրքիր է. «որդի մուրաբան» շատ ախորժելի հոտ ունի: Հին, տտիպ գինի է հիշեցնում: Բայց ամեն դեպքում ամանի որդերը հաստատ նախատեսված չեն որպես սնունդ: Արմեն Սահակյանը ցույց է տալիս յոթ գույնից՝ մուգ կապույտից ու մոշագույնից մինչև նարնջին մոտ երանգից բաղկացած համերանգությունն ու բացատրում. «Սրանք որդանից ստացված հայտնի ներկերն են: Աշխարհում այսպիսի համերանգություն ունի միայն մի քանի մարդ»: Ճիշտ գույներն են, բայց բոլորը չեն: Պակասում է հայտնի ծիրանին, որին շնորհիվ էլ արարատյան կարմրորդը աշխարհահռչակ էր դարձել:

Ինչպես կորցրեցին «Արևելքի հրաշքը»
Որդանից ներկ Արարատյան դաշտում պատրաստում էին անհիշելի ժամանակներից: Աստվածաշնչում նշվում է կարմրորդի ներկը, որն օգտագործում էին Նոյի հետնորդները: Մ.թ.ա. 714-ին Ասորեստանի ահեղ Սարգոն արքայի արձանագրություններում նշվում են կարմիր կտորներ, որոնք որպես ռազմավար բերվել էին Արարատյան թագավորությունից: Որդան կարմիրը օգտագործում էին հայ թագավորներն ու կաթողիկոսները կնիքի համար, որով դրոշմում էին բոլոր կարևոր փաստաթղթերը: Բժիշկներն էլ կիրառում էին այս որդը որպես ջերմություն իջեցնող, հականեխիչ ու բեղմնավորումը կանխարգելող միջոց: Հայկական ծիրանի զգեստները մեծ արժեք ունեին Հռոմում ու Հունաստանում. դրանք կարող էին կրել միայն ազնվականները: Իսկ հույն գեղեցկուհիները հեռավոր Հայաստանի որդանն օգտագործում էին դեմքին առողջ կարմրություն հաղորդելու համար:

Հայկական որդան կարմիրը լայն տարածում գտավ 7-9-րդ դարերի արաբական արշավների ժամանակ: Աչքն ու ճաշակը շոյելու և բուժիչ հատկությունների համար անվանվեց «արևելքի հրաշք»: Այդ տարիների արաբ պատմիչներն ու ճանապարհորդները հիշատակում են կարմրորդից ստացված քիրմիզ ներկը, որով ներկված կտորներն արտահանվում էին բազմաթիվ երկրներ:

Այսպես՝ արաբ գրող ու աշխարհագիր Աբու Իսհակ Ալ-Իստարխին իր «Թագավորությունների ճանապարհների գրքում» (930թ.) գրում է, «Դաբիլ (Դվին) քաղաքում պատրաստում են մետաքսե զգեստներ, կարպետներ, բարձեր, նստարաններ, առասաններ ու հայկական արտադրության այլ առարկաներ: Հայերը նաև «քիրմիզ» կոչվող ներկ են պատրաստում ու դրանով ներկում մահուդը: Ես տեղեկացա, որ դա շերամի պես իր շուրջը հյուսող որդ է»: Հայտնի է, որ որդան կարմիրը մետաքս չի հյուսում: Սա հավանաբար հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանում որդան կարմիրի մասին տվյալները գաղտնի էին պահում ու հաճախ խորամանկությամբ ապատեղեկացնում օտարերկրացիներին: Մեկ այլ արաբ ճանապարհորդ Շամսուդդին Ալ-Մուքադդասին տրամադրում է ավելի ճշգրիտ տեղեկություն որդանի մասին: «Քիրմիզը որդ է, որ հայտնվում է հողի մեջից: Կանայք գալիս են, զգուշությամբ հավաքում այն պղնձե ամանների մեջ ու տեղադրում հացի փռերում»:

9-11-րդ դարերում Հայաստանը ակտիվ մասնակցում էր միջազգային քարավանային առևտրին՝ դարձնելով Դվին մայրաքաղաքը առևտրական ուղիների կարևոր տարանցիկ կետ: Որդան կարմիրը Արևելք ու Եվրոպա արտահանվող հիմնական ապրանքներից էր: Կարմիր բրդից հայկական գորգերը մեծ տարածում ունեին: Արաբ խալիֆների դղյակների պատերն ու հատակը զարդարում էին հայկական գորգերը: Հարուն ալ-Ռաշիդի սիրելի կինն էլ էր բազմում «հայկական գորգին»: Դատելով որդանի բարձր գնից՝ այս ներկից մեծ եկամուտ էին ստանում: Զարգանում էր, բնականաբար, նաև ներկարարությունը: Դվինից բացի այս արհեստով հայտնի էր Արտաշատը: 8-13-րդ դարերում այստեղ բրդե ու մետաքսե կտորի ներկարարներն այնքան շատ էին, որ եկվոր առևտրականներն այն հաճախ անվանում էին Քիրմիզ կամ որդանի ներկարանների քաղաք:

Կան դեռ չհաստատված վարկածներ, որ հայկական ծիրանին օգտագործել են Ստրադիվարին ու Լեոնարդո դա Վինչին, և որ որդան կարմիրը փորձել էր ձեռք բերել Ռեմբրանդտը: Համաձայն պատմաբանների տվյալների՝ Միքելանջելոյի մայրական կողմի նախնիները՝ ֆլորենցիացի Ռուչելաին, 13-րդ դարում հարստացան ու փառքի հասան՝ «Արևելքում բացահայտելով հրաշալի կարմիր ներկի գաղտնիքը»:

Ցավոք սրտի, Կոլումբոսի բացահայտումների շրջանում Հայաստանի «կարմիր ոսկին» զիջեց դիրքերը: Մեքսիկական կարմրորդը չափերով փոքր էր հայկականից, սակայն ավելի բեղուն էր: Մեքսիկական կակտուսներից որդանի «բերքը» կարելի էր հավաքել տարեկան 5 անգամ. արարատյան որդանը դուրս մնաց մրցակցությունից իր տարեկան մեկանգամյա աճով: Մեկ հեկտար աղուտից կարելի է հավաքել մինչև 40 կգ որդ, իսկ 1 գրամ որդան կարմիր ստանալու համար անհրաժեշտ է 150-ից 175 կարմրորդ:

Սկսեցին մոռանալ որդան կարմիրը: Միայն մի քանի վանք կար Հայաստանում, որ համառորեն շարունակում էր պատրաստել բոսորագույն ներկը՝ զգուշությամբ պահպանելով պատրաստման գաղտնիքը: Արարատյան որդանին վերջին հարվածը հասցրին ակրիլային ու այլ արհեստական ներկերը 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին. որդան ներկը վերջնականապես կորստի մատնվեց:

Զարմանալի է, որ գիտնականները գրեթե անմիջապես հետաքրքրվեցին Հայաստանի բնության այս յուրահատկությամբ: 20-րդ դարի սկզբին ցարական Ռուսաստանի Կայսերական գիտությունների ակադեմիայի հանձնարարությամբ կազմակերպվեցին արշավներ հայկական որդանի ուսումնասիրության համար: Հետազոտությունները շարունակվեցին նաև խորհդային շրջանում, սակայն գիտնականները կարողացան գտնել ժամանակին հռչակավոր ներկի միայն մի քանի բաղադրիչ:

Հայկական որդանի ընդհատակյա կյանքը
Կարմիր որդերի կյանքը նույնպես պարուրված է գաղտնիքներով. դրանք համարյա միշտ գտնվում են գետնի տակ՝ մոտ 5սմ խորությունում՝ սնվելով որդան բույսի արմատներով: Երկրի մակերես միջատները դուրս են գալիս միայն ամուսնական շրջանում, որը տևում է քառասուն օր՝ սեպտեմբերից հոկտեմբեր: Արտաքին տեսքով արուներն ու էգերը շատ են տարբերվում: Պիգմենտի համար օգտագործում են միայն էգերին, որոնք արուներից մեծ են ու ձվաձև տեսք ունեն: Բեղմնավորումից հետո էգերը վերադառանում են ընդհատակ ձվադրման համար: Այս կարևոր առաքելությունը կատարելուց շատ չանցած՝ մայր որդերը մահանում են: Որդան կարմիրը տեսնելու համար պետք է աշնանը առավոտ շուտ գնալ Արարատյան դաշտի աղուտներ: Եթե հաջողվեց, կկարողանաք հիանալ ալ գույնի որդանի բազմությամբ: Տեղանքի պահակները կպատմեն, որ առաջ կարմիր որդն այնքան շատ էր, որ հողը ծածկվում էր կենդանի վառ կարմիր գորգով:

Ազազելո քսուքը հին հայկական բաղդրատոմսերով
«Մենք կարողանում ենք ստանալ մատյաններում նշված ծիրանի գույնը, սակայն խնդիրն այն է, որ չենք կարողանում այն պահել. ներկը արագ փոխում է երանգը», - խոստովանում է Արմեն Սահակյանը:

Այնուամենայնիվ, Մատենադարանում շարունակում են փնտրել որդան կարմիրը: Ինստիտուտի աշխատակիցները մեծ հույսեր են կապում հնդկական lotur բույսի կեղևի հետ. ըստ հին դարերի հեղինակների՝ դրա միջոցով կարելի է ստանալ ալ գույնը:

Երկար տարիներ արարատյան որդանը հետազոտած գիտնականների մեկ այլ խնդիրը միջատի ճարպն էր, որը խանգարում էր ստանալ ներկը: Ներկը միջատի ընդհանուր քաշի 2 — 5%-ն է, իսկ ճարպը հասնում է մինչև 30%: Մատենադարանում սովորել են պայքարել որդան կարմրի ճարպի ավելցուկի դեմ. հավաքում են եփման ժամանակ, ճիշտ ինչպես մուրաբայի քափը:

1830-ականներին Էջմիածնի վանքի վարդապետ Իսահակ Տեր-Գրիգորյանը բացահայտեց մի քանի բաղադրատոմս: Ահա դրանցից մեկը. «Միջատներին ածխաթթու կալիումի լուծույթի մեջ սատկացնելուց հետո 24 ժամ թողնում են ջրում, հետո եփում օճառախոտի լուծույթում, ավելացնում արյան խոտ, շիբ, քամում են ու չորացնում»:

Կարմրորդից բացի՝ որդան կարմիրը պարունակում է նաև ոզնու ճարպ, մրջնի ձվեր ու շատ այլ տարրեր: Սակայն խորհրդավոր ներկի թերևս ամենակարևոր «բաղադրիչը» աղոթքն է, որը պետք է պատրաստման ժամանակ արտասանել առնվազն երեք անգամ: «Հին ձեռագրերում ուղղություններ են տրվում, որոնք դժվար է հասկանալ առանց սուրբ գրոց գիտելիքների: Եվ ընդհանրապես՝ մեր նախնիները ոչ մի գործ չէին սկսում առանց նախապես աղոթելու», - ասում է 1993-ին Երևանի արվարձանների եկեղեցիներից մեկում որպես սարկավագ ծառայած Արմեն Սահակյանը:

Մատենադարանի ցուցասրահում երկար կարելի է դիտել շքեղ նախշերով զարդարված հին վարպետների ձեռագրերը: Հաճախ անբարենպաստ պայմաններում հայտնված գրքերը դարեր շարունակ պահել են գույների սկզբնական թարմությունը: Թշնամու անթիվ-անհամար հարձակումներից գրքերը փրկում էին՝ պատերի ու հողի մեջ թաքցնելով: Սակայն ո՛չ վանքերի խոնավ պատերը, ո՛չ էլ գրքերի համար որևէ այլ անբարենապաստ պայման չկարողացան մարել որդանի «կրակը»: Բայց պարզվեց, որ կարմրորդը երիտասարդ է պահում ոչ միայն մագաղաթը, այլև մարդու մաշկը:

Երիտասարդացնող քսուքի բաղադրատոմսը վերականգնելու համար Արմեն Սահակյանը տասը տարուց ավելի ժամանակ ծախսեց: Այսօր «Որդան կարմիր» նուրբ վարդագույն երանգով քսուքը բժիշկ-դեղագետի պարծանք է: Զարմանալի բարերար ազդեցություն ունի մաշկի վրա. խոնավացնում ու թարմացնում է, ունի նաև հականեխիչ հատկություն: Միջնադարյան Հայաստանում որդան կարմիրի քսուքը հասանելի էր միայն ազնվատոհմ կանանց: Չնայած՝ այսօր քիչ բան է փոխվել. հիմա էլ այն օգտագործում են միայն Հայաստանի ու արտասահմանի հարուստ կանայք: Հրաշալի քսուքով հետաքրքրվել են Ռուսաստանում ու Գերմանիայում: Սակայն այսքանով նրա հատկությունները չեն ավարտվում. որդան կարմիրի շնորհիվ հին Հայաստանում բժիշկները բուժում էին երիկամների հիվանդություններ, շաքարախտ ու շատ այլ ախտեր: «Այն ամենը, ինչ արել ենք մեր ինստիտուտում, չնչին ավազահատիկ է. Մատենադարանի ձեռագրերը դեռ բազմաթիվ գաղտնիքներ են պահում»,- բաժանվելիս խորհրդավոր ասաց Արմեն Սահակյանը:

Կարմիր օղապարանը
«…Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին՝ սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը…»։

Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։
Ալանների թագավորն ասում է.
Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը
Հազար հազարներ ու բյուր բյուրեր
Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն։

Այս դեպքերը լեգենդի տեսքով նկարագրելով՝ պատմողներն այսպես են շարունակում.

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկը (ձին),
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ որպես սրաթև, արծիվ անցկացավ գետը,
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,
Արագ հասցնելով բանակը իր»։

Այս տողերի իրական իմաստն այս է. ալանները մեծ կարևորություն էին տալիս կարմիր մաշկ ունեցողներին, ուստի նա որպես փրկագին տալիս է մեծ ծավալով կարմիր ներկ ու ոսկի և վերցնում Սաթենիկին: Հենց դա էլ խորհրդանշում է ոսկեօղ շիկափոկ պարանը…»

«Ереван» ամսագիր, N5, 2007

Այս թեմայով