28 Մարտ 2014, 13:55
2695 |

Ստորգետնյա դարպասները

Ալեքսանդր Թամանյանի՝ Երևանի գլխավոր պլանը ենթադրում էր ոչ միայն վերգետնյա, այլև ստորգետնյա քաղաքի վերակառուցում: Հենց այդ ժամանակ՝ 20-րդ դարի առաջին կեսին, քաղաքում սկսեց գործել կոյուղին, իսկ փողոցներում հայտնվեցին մտոցների առաջին օրինակները, որոնց մի մասը հասել է մինչև մեր օրերը: Այսօր դեպի ստորգետնյա աշխարհ տանող այդ կլոր պորտալների թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարների:

Մանուկ հասակում մենք հիանում էինք նինձյա կրիաներով, որոնք դուրս էին թռչում մտոցներից չարագործների համար ամենաանհարմար պահին: Ֆանտաստիկ պատմություններ էինք հնարում քաղաքի ստորգետնյա հնարավորությունների մասին: Օրինակ՝ կարելի է մտոցով իջնել վար և Ռիչարդ Ռայթի «Գետնի տակ ապրող մարդը» պատմվածքի հերոսի պես հայտնվել ամենահեռավոր ու խորհրդավոր վայրերում կամ էլ ընդհանրապես տեղափոխվել ընդհատակ, որտեղ, մեր պատկերացմամբ, արդեն գոյություն ունեին ապրելու բոլոր պայմանները: Տարիքի հետ, իմանալով մտոցների իրական նշանակությունը, մեզ գնալով ավելի քիչ էին հետաքրքրում ստորգետնյա աշխարհ տանող այդ դարպասները, իսկ շուտով մենք ընդհանրապես դադարեցինք դրանք նկատել: Այն եզակի մեծահասակները, որոնք չկորցրեցին մտոցների հանդեպ հետաքրքրությունը, դրանց սեփականատեր ընկերություններն են, ինչպես նաև կողոպտիչները, որոնք գողանում են թուջե մտոցները և մետաղի ընդունման կետերին հանձնում՝ չմտածելով քաղաքացիների համար տխուր հետևանքների մասին:

Երևանում գոյություն ունի մտոցի մի քանի տեսակ: Օրինակ՝ կան մտոցներ, որոնց կափարիչի տակ ոչ թե կոյուղի է, այլ էլեկտրական լարեր կամ հեռախոսագծեր: Կան նաև գազատար խողովակների և ջրատարների ստորգետնյա համակարգեր: Դրանք հիմնականում տարբերվում են կափարիչի վրա ունեցած նշումներով, որոնք անվերապահորեն ռուսերենով են և վերծանվում են հետևյալ կերպ. К — կոյուղի (канализация), В—ջրատար (водопровод), Д— անձրևաջրերի հեռացման համակարգ (дождевая канализация), Т — հեռախոս (телефон), Г — հրշեջ (пожарный гидрант): Պարզապես մի շարք երևանյան մտոցներ մաշված են, և հաճախ դժվար է լինում որոշել դրանց նշանակությունը:

Վերջին 25 տարվա ընթացքում երևանյան մտոցների ձևավորումն առանձնապես չի փոխվել և հաճախ է հիշեցնում խորհրդային նմուշները՝ պարզապես հայկական գրություններով ու տարբերանշաններով: Երևանում գործում են 2-3 ընկերություններ, որոնք թուջե մտոցներ են ձուլում: Հիմնականում նոր մտոցները պատրաստվում են սեփականատեր ընկերությունների պատվերով, հիմնականում դրանց գողությունից հետո: Երևանում ընդունված են 645 և 680 մմ ստանդարտ տրամագծերը, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում այդ չափսը հասնում է 700 մմ-ի: Կատակն այն մասին, թե ամերիկյան բանվորները, ըստ ամենայնի, մերոնցից ավելի թմբլիկ են, տեղին չի լինի. պարզապես ամերիկյան բանվորները շատ հաճախ մեծ գործիքներ են իրենց հետ իջեցնում գետնի տակ:

Մինչ աշխարհի մի շարք երկրներում մտոցները վաղուց արդեն քաղաքի զարդն են դարձել, մենք գրեթե յուրաքանչյուր կանգառում կամ մեծ փողոցների մայթերին նման մռայլ տեսարանի ենք ականատես ենք: Սա ջրատար մտոց է կամ, այլ կերպ ասած, անձրևընդունիչ: Անցորդները դրա մեջ են նետում ծխախոտի մնացորդները կամ ոչ մեծ առարկաներ: «Թոմ և Ջերի» մուլտֆիլմում հենց նման մի մտոց է ընկնում հյութեղ մսի կտորը: Պարզապես մեզ մոտ այն այդպես էլ խողովակի մեջ կմնար աղբի պատճառով:

Քիչ, թե շատ արժանի մտոց որոնելիս մենք հանդիպեցինք հետևյալ օրինակներին: Դրանցից առաջինը տեղադրված է «Մալխաս» ջազ-ակումբի դիմաց, իսկ երկրորդը՝ «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի առջև: Բայց մի նրբությունը կա. այդ մտոցները գովազդային, բրենդավորված են, այսինքն՝ ի սկզբանե նպատակ չեն ունեցել փոխելու քաղաքի դեմքը:

Իսկ ի՞նչ տեսք կունենա երևանյան փողոցը ստեղծագործաբար ձևավորված մտոցներով: Հետաքրքիր լուծումը փողոցին անմիջապես հարմարավետ ու տոնական մթնոլորտ է հաղորդում: Նման մտոցը միանգամայն կգրավի ոչ միայն հետաքրքրասեր երեխաներին, այլև քաղաքի մեծահասակ բնակիչներին ու զբոսաշրջիկներին: Մի բան է ժանգոտած մետաղական բլիթը ոտքիդ տակ, և բոլորովին այլ բան՝ ոչ մեծ արտ-օբյեկտը: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կլինի, եթե հնարամիտ ու վառ ձևավորում ստանան քաղաքի բոլոր մտոցները:

Այս թեմայով