24 Մարտ 2014, 13:10
2483 |

Կափարիչը թռած

Եթե պատահական մարդուն խնդրենք նկարագրել սովորական մի փողոց, ապա ի՞նչը կնշի առաջին հերթին: Հավանաբար սկզբում կհիշի տները, խանութները, ճանապարհը, մայթերը, անցորդներին, հետո՝ լուսափորները, ծառերը, հետիոտնային անցումները… Բայց հետաքրքիր է՝ արդյո՞ք նա կհիշի այդքան հաճախ հանդիպող մտոցների մասին: Դրանց կարելի է հանդիպել գրեթե յուրաքանչյուր քայլին, սակայն դրանք այնքան աննկատ են, որ կարելի է ընդհանրապես չմտածել այդ մասին: Մտոցների հանդեպ նման վերաբերմունքը ձևավորվել է մի շարք հետխորհրդային երկրներում: Սակայն բոլորովին այլ պատկեր է աշխարհի բազում քաղաքներում, որտեղ մտոցները վաղուց արդեն դարձել են քաղաքային միջավայրի զարդն ու անբաժան մասը:

Աշխարհը դիտահորերի մասին իմացավ XIX դարի առաջին կեսին: Դրանք հայտնվեցին առավել ուրբանիզացված քաղաքներում կոմունալ ծառայությունների առաջացման հետ մեկտեղ: Իսկ երբ ճանապարհներն ավելի ամուր ծածկ ստացան ու սկսեցին ասֆալտապատվել, մտոցները պարզապես անհրաժեշտություն դարձան:


XX դարի սկզբին մտոցի զարդանախշով կարելի էր որոշել դրա գործառույթը: Էլեկտրական ընկերությունները գերադասում էին հյուսածո նախշը, սանիտարականները՝ «վաֆլի»: 1902-ին «Լ.Մ. Էրիքսոն և Կո» ընկերությունը Մոսկվայում այդ շրջանի համար գերժամանակակից Կենտրոնական հեռախոսակայան կառուցեց, իսկ դրա մտոցների վրա «սլաքով կայծակներ» պատկերվեցին: Մտոցների հենց նման ոճը օրինակ ծառայեց աշխարհի մի շարք քաղաքների հեռախոսային մտոցների համար, իսկ դրանցից մի քանիսը մինչև օրս կարելի է տեսնել անգամ երևանյան փողոցներում:


Մտոցները կարող են լինել տարբեր չափսերի՝ նայած, թե ինչ գործառույթ են կատարում: Բայց գոյություն ունի կլոր մտոցի տրամագծի սահմանված նվազագույն չափս՝ 550մմ-ից ոչ պակաս, որպեսզի մարդը կարողանա մտնել դիտահորը: Կլոր ձևը պատահաբար չի ամենալայն տարածումը գտել. քառակուսի մտոցը կարող է դիտահորն ընկնել, իսկ եռանկյունը չի համապատասխանում մարդկային մարմնի ձևին: Դրա հետ մեկտեղ կլոր մտոցը մի յուրահատկություն ունի. այն կարելի է գլորել: Ի դեպ՝ «ինչո՞ւ են մտոցները կլոր» հարցը ժամանակին տվել են Microsoft ընկերությունում հարցազրույցի ժամանակ, որպեսզի գնահատեն հայցորդի տրամաբանական ընդունակությունները:


Արդեն մի քանի տարի շարունակ ճապոնական քաղաքներում իսկական «մտոցամոլություն» է սկսվել, ինչը քաղաքային իշխանությունների միջև բացահայտ մրցակցության է վերածվել: Նման մտոցների հայտնվելու արդյունքում քաղաքի մթնոլորտն ավելի հյուրընկալ ու վառ է դառնում, ինչն անդրադառնում է նաև բնակիչների ու զբոսաշրջիկների տրամադրության վրա:


Եվրոպայում «արվեստը ոտքերի տակ» ճապոնականից պակաս չի զարմացնում: Ահա այսպիսի նրբաճաշակ-մինիմալիստական ոճով է ձևավորված շվեդական Մալմե քաղաքի մտոցը՝ քաղաքի զինանշանի պատկերով:


Կոպենհագենի մտոցների ֆոնին համարձակորեն կարելի է լուսանկարվել: Ի՞նչ պակաս տեսարժան վայր է:


Իսկ Ֆեռարա քաղաքում անցյալ տարի բացվեց մտոցների թանգարան, որտեղ ներկայացված են նմուշներ ամբողջ աշխարհից: Հետաքրքիր է՝ արդյո՞ք այնտեղ կգտնվի մեկ օրինակ Հայաստանից:


Իսկ այս ուղեցույց-մտոցը եվրոպական քաղաքներից մեկում է: Դրա վրա նշված են մոտակա տեսարժան վայրերն ու հեռավորությունը դրանցից:


Մտոցների ձևավորման հնարավորություններն իսկապես անսահման են: «Մենք այն ենք, ինչ ձևանում ենք, ուստի պետք է զգուշանալ այն բանից, ինչ ձևանում ես»,- ասում է գրող Կուրտ Վոննեգուտը ԱՄՆ մտոցներից մեկի վրա:

Այս թեմայով