26 Փետրվար 2014, 16:22
2651 |

Մենք գնահատում ենք Երևանը

Այս օրերին շատերը Երևանի փողոցներում նկատում են գնահատող հայացքով շուրջբոլորը զննող երիտասարդների՝ քարտեզը ձեռքին: Տեսնելով նման հետազոտողների՝ մի զարմացեք, նրանք «Երևան փրոդաքշնսի» կազմակերպած ակցիայի մասնակից կամավորներն են:

Արդեն մոտ հարյուր երիտասարդ, որոնց թվում՝ ուսանողներ, լուսանկարիչներ, դիզայներներ, մի խոսքով՝ ստեղծագործ երիտասարդներ, «Երևան փրոդաքշնսի» թիմի անմիջական մասնակցությամբ հատված առ հատված ուսումնասիրում են քաղաքը, գնահատում այն: Յուրաքանչյուրի ձեռքում կա Երևանի քարտեզից մեկ հատված, որի համար պատասխանատու կամավորն անցնում է տվյալ մասի փողոցներով՝ նշելով քարտեզի վրա այն վայրերը, որոնք համապատասխանում են ժամանակակից ու առաջադեմ քաղաքի մասին նրա պատկերացումներին: Այլ խոսքերով՝ նրանցից յուրաքանչյուրը Երևանի փողոցներում փնտրում է ապագայի քաղաքը: Դա կարող են լինել սրճարանները, բարերը, ռեստորանները, հյուրանոցները, արտ-օբյեկտները, հանգստի ու զվարճանքի վայրերը, թանգարաններն ու համերգասրահները, մի խոսքով՝ այն ամենը, ինչն արժանի է համարվել նորացված Երևանի մասը:

Իսկ թե ի՞նչն է պետք նորացնել Երևանում, գիտեն բոլորը: «Երևան փրոդաքշնսում» նորի գաղափարն այսօր վերածվում է մեծ նախագծի, որտեղ կարող են մասնակցություն ունենալ բոլոր ցանկացողները: Բայց այդ մասին կխոսենք քիչ ավելի ուշ: Իսկ առայժմ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կամավորների օգնությամբ կստանանք քարտեզ, որի վրա բոլորս կարող ենք տեսնել՝ որքանո՞վ է այսօրվա Երևանը տարբերվում այն քաղաքից, որը բոլորս ուզում ենք տեսնել ապագայում:

Միգուցե տրամաբանական հարց ծագի՝ ինչո՞ւ պետք է հատուկենտ մարդիկ որոշեն՝ ի՞նչն է լավ, ի՞նչը՝ ոչ: Պատասխանը շատ պարզ է՝ այդ առանձին դեմքերն էլ հենց երևանցիներն են, որոնց միանալու նախաձեռնությունը փակ չէ և ամեն ցանկացող հնարավորություն ունի դառնալ ակումբի անդամ, այսպես կոչված՝ քաղաքի տեսուչ: Դրա համար պարզապես անհրաժեշտ է այցելել Արամի 80 հասցեում գտնվող մեր խմբագրություն, ստանալ քարտեզի մի հատված, լսել կարճ ցուցումներ և ուղևորվել քաղաքի նշված հատվածն ուսումնասիրելու: Հավաքված կարծիքների հիման վրա էլ կստեղծվի Երևանի քարտեզի վերջնական պատկերն իր «դրական» հատվածներով:

Միգուցե շատերի մոտ հարց առաջանա՝ իսկ հետո ի՞նչ է լինելու: Եթե ոչ պատասխանը, ապա գոնե ակնարկն այդ մասին թաքնված է այն գրության մեջ, որը դիմավորում է խմբագրության հյուրերին. «Այստեղ հրաշքներ են կատարվում»:

Այս թեմայով