02 Դեկտեմբեր 2013, 14:46
1273 |

Անդրշիրիմյան խաղեր

Երևանցիները լավ գիտեին այս պատմությունը, ու յուրաքանչուրը յուրովի էր պատմում այն: Տարիների ընթացքում սերտաճեցին նոր մանրամասներ, ավելացան կերպարներ, վերափոխվեցին իրադարձություններ… Պատմողները հաճույք էին ստանում իրենց պատմածից, լսողներն էլ ահ ու դող ընկնում մղձավանջային դեպքերից ու աշխատում հնարավորին չափ հեռու քայլել այն շենքից, որտեղ դրանք տեղի էին ունեցել: Սակայն քչերը գիտեին, թե ինչ էր եղել իրականում դիահերձարանում:

Ինձ դա պատմել է հորաքույրս՝ քաղաքում հայտնի բժիշկ Նեկտար Հայրապետյանը: 1930-ականներին ուսանողական տարիներին նրան վիճակվել էր լինել այդ իրադարձությունների ականատեսը: Արտակարգ մասնագետ էր ու նույնքան լավ էլ կարողանում էր պատմել պատմություններ: Ինձ շատ հետաքրքիր բաներ էր ասել իր alma mater-ի՝ Երևանի բժշկական ինստիտուտի մասին, բայց այս պատմությունն իմ ամենասիրածն էր: Միգուցե պատճառն այն էր, որ դեռահաս տարիքում ինձ գրավում էին վախենալու սյուժեները:

1922-ին Էրիվանում բացվեց բժշկանան ինստիտուտը: Դիարանը հսկելու համար պահակ նշանակեցին տարիքավոր մի մարդու, ով առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սանիտար էր եղել ռուսական բանակի հոսպիտալում: Լավ գիտեր իր գործը, բարեխղճորեն կատարում էր ծառայողական պարտականություները: Կարծես թե որևէ հանդիմանելու տեղ չկար, բացի մեկից՝ խմելու հետ սեր ուներ: Երբեմն հարբած էր գալիս գործի կամ էլ սկսում էր խմել աշխատանքի ժամանակ իր պահակակետում. դիարանում ինչն էր շատ՝ սպիրտը: Ինստիտուտի ղեկավարությունն աշխատում էր ուշադրություն չդարձնել այս մանր զանցանքների վրա, մինչև մի անգամ նրա մեղքով դիարանում բռնկվեց հրդեհ: Նրան հեռացրեցին աշխատանքից: Երկար էին փնտրում նոր աշխատող թափուր տեղի համար, բայց իզուր. ոչ ոք չէր ուզում հսկել մահացածներին: Այդպես նախկին սանիտարը շարունակում էր աշխատել որպես պահակ:

Վերջիվերջո գտան հարմար մեկին. բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող էր: Երիտասարդը Երևան եկել էր Աշտարակից, վարձել էր բնակարան, կրթաթոշակն էլ չէր բավարարում ապրելու համար, ուստի որոշել էր այդպես մի քիչ գումար վաստակել: Ինստիտուտի ղեկավարությունը թեթևացած շունչ քաշեց, երիտասարդը փոքր տարածքում իր տեղը զբաղեցրեց, իսկ առավոտյան՝ առաջին հերթապահությունից հետո… հայտնվեց ռեկտորատում ու կակազելով ասաց, որ էլ չի գնալու գործի: Հրաժարվում էր, քանի որ, իր խոսքերով, գիշերը դիարանում տեղի էին ունեցել սոսկալի բաներ: Ուղիղ կեսգիշերին մեռելները նստել էին մեծ սեղանի շուրջն ու սկսել լոտո խաղալ: Նրանցից մեկը բարձր հայտարարում էր թվերը, մյուսներն էլ խնամքով դնում էին իրենց խաղանիշերը թղթերի վրա: Գիշերային սարսափների պատմությունը լսելով՝ եզրակացրին, որ մահացածների կողքին գտնվելուց երիտասսարդն ընկել է ուժեղ սթրեսի մեջ, մյուսներն էլ վերագրեցին սա տղայի չափազանց վառ երևակայությանը:

Հաջորդ առավոտյան դիարանը հսկելու ուղարկեցին երկու ավագ կուրսեցու: Առավոտյան նրանք բառ առ բառ հաստատեցին իրենց նախորդի խոսքերը. կեսգիշեր, մեռելներ, մեծ սեղան, թվեր գոռացող ձայն… Երրորդ օրը հսկել կամեցավ դասախոսներից մեկը: Լույսը հազիվ էր բացվել՝ հայտնեց գործընկերներին, որ ուսանողները ոչինչ չէին չափազանցրել:

Համալսարանի ղեկավարությունը ստիպված էր դիմել օրինապահ մարմիններին: Ինչեր ասես չտեսած ոստիկանները երկար հիշեցին այդ գիշերը: Ուղիղ կեսգիշերին ահռելի սեղանի շուրջ հավաքվեց անդրշիրիմյան լոտոյի սիրահարների մտերմիկ խումբը: Նրանցից մեկը բարձր գոռում էր թվերը՝ 11 – թմբուկի ձողեր, 69 – Աբու Հասանի մաշիկներ, 22 – բադիկներ և այլն: Օրինապահները, մեղմ ասած, շոկի մեջ էին: Որոշ ժամանակ էր պետք, որ նրանցից մեկը համարձակվեր մոտենալ սեղանին: Կարճ լռությունից հետո լսվեց բարձր հռհռոց…

Ոստիկանությունը պարզեց, որ նախկին պահակը, չցանկանալով կորցնել իր տեղը, կրկնօրինակել էր բանալիները ու գիշերները լուռ, գաղտագողի մտել դիարան: Երբ գալիս էր ժամը, մեռելներին նստեցնում էր սեղանի շուրջ, հենում նրանց մեջքով պատին, դիմացները դասավորում լոտոյի թղթերը, ինքն էլ թաքնվում պահարանում ու գոռում թվերը: Հետաքննության ժամանակ խոստովանեց, որ ուզեցել էր այդպես վախեցնել իրեն փոխարինողներին:

Հիմա արդեն ոչ ոք չի հիշում՝ պահակին ենթարկեցին պատասխանատվության, թե ոչ, բայց հորաքույրս պատմում է, որ անդրշիրիմյան լոտոն այնպես էր ահաբեկել այն ուսանողին, որ նա թողել էր ուսումն ինստիտուտում ու վերադարձել հարազատ Աշտարակ:

«Ереван» ամսագիր, N4, 2010

Այս թեմայով