11 Հոկտեմբեր 2013, 15:10
5305 |

Վերջին ռեկորդը

Եթե սուզալողի բազմակի չեմպիոն և աշխարհի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանն ապրեր Հելլադայում, հին հույները նրա սխրագործությունների մասին շատ ավելի առասպելներ կհյուսեին, քան Հերակլեսի: Որովհետև նրա սխրանքներից յուրաքանչյուրը տասնյակ փրկված կյանքեր են, ընդ որում՝ խաղաղ ժամանակ: Եվ դա՝ չհաշված նրա մարզական ձեռքբերումները:

Բոլորից մոտ
Հրդեհը սկսվեց լուսաբացին: Անցորդներն առաջին անգամ սարսափով հետևում էին, թե ինչպես է կրակի բոցը կլանում Մարզահամերգային համալիրի շենքը Ծիծեռնակաբերդում: Թվում էր, որ 1985-ի այդ փետրվարյան օրը քաղաքը կարող էր մնալ առանց ՄՀՀ-ի՝ այն շենքի, որով երևանցիներն ունեին բոլոր հիմքերը հպարտանալու. գերժամանակակից գեղեցիկ շենք՝ կառուցված ընդամենը մեկ տարի առաջ:

Տեղում արդեն տքնաջան աշխատում էին հրշեջները, նրանց օգնում էին էնտուզիաստները: Վերջիններիս թվում էր նաև Շավարշ Կարապետյանը: Նա նկատեց կրակը, երբ գնում էր աշխատանքի՝ համալիրի անմիջապես դիմացը գտնվող շենքը: Նման պահերին որոշ մարդկանց մոտ արձագանքներն այնքան արագ են, որ թվում է՝ առաջ են անցնում գիտակցությունից ստացվող ազդակներից: Ինքնապահպանման բնազդը զիջում է վեհանձնության պոռթկմանը:

Շավարշը խլեց ինչ-որ մեկի արդեն թուլացող ձեռքից հրշեջ խողովակն ու ջրի հզոր շիթն ուղղեց հրե սյան վրա: Շուրջբոլորը մի սարսափելի բան էր կատարվում. մարդիկ գոռում էին, շենքի այրված հատվածները փլուզվում էին, գիտակցությունը կորցնելով վայր էին ընկնում հրշեջները: Իսկ հետո հնչեց պայթյուն …

Շավարշը չէր հիշում, թե ինչպես հայտնվեց շտապօգնության վերականգնողական բաժանմունքում, որովհետև այնտեղ էր տեղափոխվել անգիտակից վիճակում:
Զուտ ժամանակագրական առումով սա Շավարշ Կարապետյանի սխրանքներից երրորդն է: Սկսեցի հենց դրանից, որովհետև հրդեհը տեղի ունեցավ շատ ավելի ուշ, քան լույս տեսավ իմ երկն այդ զարմանալի մարդու մասին և, բնականաբար, չընդգրկվեց այնտեղ: Անկեղծ ասած՝ ինձ թվաց, որ այդ ամենում ինչ-որ առեղծվածային բան կա. չգիտես ինչու հենց Կարապետյանն էր միշտ հայտնվում «դեպքի վայրում»:

Առաջին նման դեպքը տեղի ունեցավ 1974-ին Ծաղկաձորում: Մեխիկոյում կայանալիք Օլիմպիական խաղերի նախաշեմին այստեղ Համամիութենական մարզական բազա էին կառուցել խորհրդային օլիմպիացիների մարզումների համար: Ծաղկաձորը, ինչպես գրում էին մարզական լրագրողները, բազմաթիվ ոսկե մեդալների դարբնոց էր դարձել, խորհրդային մարզիկները դրանք բերում էին զանազան միջազգային մրցումներից: Լեռնային բարձր պայմաններում մարզվում էր նաև Շավարշ Կարապետյանն իր ընկերների հետ: Այդ օրը՝ 1974-ի հունվարի 8-ին, նա մարզական բազայից Երևան էր վերադառնում:

Ավտոբուսում ավելի քան երեսուն ուղևոր կար, որոնց թվում՝ բազմաթիվ մարզիկներ: Երգում էին, կատակում, ուրախանում: Կտրուկ զառիվերին վարորդը կանգնեցրեց մեքենան. շարժիչի հետ մի բան կարգին չէր: Վարորդը որոշեց ստուգել: Հազիվ էր նա դուրս եկել սրահից, երբ անհավանական մի բան կատարվեց: Սկզբում ոչ մեկն էլ չնկատեց, որ ավտոբուսը սկսել է հետ՝ սարի տակ գնալ. սրահում չափազանց ուրախ և աղմկոտ էր: Վարորդի բացակայությունն առաջինը նկատեց Շավարշը. նա բոլորից մոտ էր նստած վարորդի խցիկին: Իսկ մեքենան սպառնագին արագություն էր հավաքում՝ սլանալով խորը անդունդի եզրով ձգվող ճանապարհով: Ամեն ինչ որոշում էին վայրկյանները: Շավարշն արմունկով կոտրեց ապակե պատնեշը, որը վարորդի հատվածն առանձնացնում էր սրահից, նետվեց վարորդի տեղը և սեղմեց արգելակի ոտնակը, բայց ապարդյուն. մեքենան չարգելակեց: Եվս մեկ վայրկյան, և մեքենան դուրս կթռներ ճանապարհից: Բայց հենց այդ պահին Շավարշն ավտոբուսը կտրուկ դեպի լեռն ուղղեց: Դա միակ ճիշտ որոշումն էր, որը կանխեց աղետն ու փրկեց երեսուն մարդկանց կյանքը: Հենց այդ դեպքից հետո Շավարշը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես դա իրեն հաջողվեց, ասաց իր հանրահայտ արտահայտությունը. «Պարզապես ես բոլորից մոտ էի խցիկին …»:

Վայրկյանի գինը
Երրորդ անգամ Շավարշը արտակարգ իրավիճակի էպիկենտրոնում հայտնվեց 1977-ին: Մարդկանցով լի տրոլեյբուսը սլանում էր ամբարտակով, որը վաղուց արդեն երևանցիների կողմից «ծով» կոչված բավականին խոշոր Երևանյան լճի ափ-պատն է դարձել: Հիմա ոչ մեկն էլ երբևէ չի իմանա, թե ինչու տրոլեյբուսը հանկարծ կտրուկ թեքվեց՝ բախվելով ոչ բարձր բազրիքին և թռավ ներքև՝ 10 մետր խորությամբ ջրի մեջ: Երբ թերթում էի հատուկ հանձնաժողովի կազմած հաստափոր թղթապանակը, աչքիս առաջ վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե պատկերվում էր այդ սարսափելի տեսարանը: Տրոլեյբուսն ընկավ ջուրը, ամենաներքևում վարորդն էր:

Կատարվածի իրական պատճառն անհնար է իմանալ, թեև դիահերձումը ցույց տվեց, որ վարորդը սրտի իշեմիկ հիվանդությամբ էր տառապում: Ամբուլատոր քարտի վրա նշված էր՝ հիպերտոնիա: Այնպես որ միանգամայն հնարավոր է, որ ամբարտակի վրա նա կորցրել էր գիտակցությունը, կողքի թեքվել և… պտտել ղեկը:

Այդ պահին ավտոմեքենայով ջրամբարին մոտեցավ Շավարշի հայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Նա գիտեր, որ այստեղ իր որդիներն են մարզվում, և որոշել էր ճանապարհին այցելել նրանց: Այդպես շատ էր պատահում: Ճիշտ է, նրանք միշտ չէ, որ համաձայնում էին հոր հետ տուն գնալ. երկար էին մարզվում, երբեմն չորս ժամ շարունակ, օր էր լինում՝ ութ: Այդ օրը նույնպես Շավարշն ու Կամոն լարված մարզվում էին: Շավարշը վազել էր մարզումից առաջ իր սովորական 20 կմ-ոց կրոսը, երբ անհավանական մի բան տեսավ՝ տրոլեյբուս օդում, իսկ մի քանի ակնթարթ անց՝ կոնցենտրիկ օղակների կենտրոնում՝ միայն ծանրաձողերի օղակներ: Իմ ընկերը՝ լրագրող Գենադի Բոչարովը Շավարշի մասին իր ակնարկում գրում է. «Շշմելու բան է. իր կյանքում ամենակարևոր որոշումը կայացնելու համար նա վայրկյան անգամ չծախսեց, մինչդեռ անհամեմատ պակաս լուրջ որոշումների համար նա, ինչպես և մարդկանց մեծամասնությունը, հաճախ ժամեր, օրեր և անգամ շաբաթներ էր վատնում: Իսկ այստեղ՝ մեկ ակնթարթ»: Այդպես էլ պետք է լիներ. Շավարշի ու Կամոյի վայրկյանները, իհարկե, տարբերվում են մարդկանց մեծամասնության վայրկյաններից:

Այն, որ երկու եղբայրներն այդ ժամանակ ջրամբարի ափին հայտնվեցին, իհարկե, պատահականություն էր: Ինչպես և պատահականություն էր այն, որ ավտոբուսում Շավարշն ամենից մոտ էր հայտնվել վարորդի խցիկին: Բայց դժվար թե կարելի է պատահականություն անվանել այն, որ դեպքի վայրն առաջինը հասան երկու եղբայրները: Նրանք թեթև աթլետներ չէին, բայց բարձր դասի սպրինտերների արագությամբ էին վազում և մի քանի ակնթարթ հետո արդեն ջրի մեջ էին: Երկու եղբայրները՝ երկրագնդի երկու ամենաուժեղ սուզալողորդները միասին հայտնվեցին այնտեղ, որտեղ նրանց կարիքը, գուցե, ամենից շատ կար: Եղբայրները միմյանց արժանի էին: Դեպքից որոշ ժամանակ առաջ Շավարշը «Մալադյոժ Էստոնիի»-ի թղթակցին տված հարցազրույցում ասել էր. «Սպրինտում մրցակիցներից ինձ համար ամենավտանգավորը իմ եղբայր Կամոն է»: Իսկ նախօրեին Շավարշը իր տասներորդ համաշխարհային ռեկորդն էր սահմանել, և նրանից միայն մեկ վայրկյանով էր հետ մնացել Կամոն, որը երկրորդն էր հասել վերջնակետին:

Տրոլեյբուսը տասը մետր խորության վրա էր: Նման խորություն սուզվելը հեշտ բան չէր, բայց Կարապետյան եղբայրները կարող էին իջնել երեսուն մետր, մի բան էլ ավելի: Քչերը կարող են ջրի տակ պահել շնչառությունը ավելի քան մեկ րոպեով, իսկ նրանք ջրի տակ կարող էին գտնվել ավելի քան հինգ րոպե: Եվ, վերջապես, ամենակարևորը՝ արագությունը: Այդ ժամանակ սպրինտում համաշխարհային ռեկորդը, ինչպես արդեն ասվեց, պատկանում էր Շավարշին, իսկ, եթե կարելի է այդպես ասել, փոխռեկորդակիրը նրա եղբայր Կամոն էր: Ոչ, պատահականություն էր միայն այն, որ եղբայրները այդ պահին հայտնվել էին այնտեղ, որտեղ ամենից շատ էին պետք: Մնացած ամեն ինչն օրինաչափություն էր, ինչպես և օրինաչափ էր այն, որ ավագ եղբայրը, իմանալով իր, թեկուզ նվազագույն, բայց առավելությունը, հրամանատարությունն իր վրա վերցրեց: Ընդամենը չորս բառ. «Ես հանում եմ, դու վերցնում ես»:

Հաջորդ վայրկյանին Շավարշն արդեն տասը մետր խորության վրա էր: Խավար, որտեղ ոչինչ չի երևում: Պետք էր խնայել ամեն ինչ՝ օդը թոքերում, որոնման ժամանակը, կրճատել այն մտավոր հրամանները, որոնք մարդը տալիս է ինքն իրեն: Բռնվելով հիմքից, որին ամրացվում են ծանրաձողերը, նա ոտքերով կոտրեց կողային մեծ ապակիներից մեկն ու հայտնվեց տրոլեյբուսում, որտեղ շոկից գիտակցությունը կորցրած մարդիկ էին:

Անթափանց մթության մեջ, որտեղ ամեն ինչ պետք էր անել շոշափելով, անհնար էր ընտրել: Շավարշը բռնում էր առաջին պատահածին և սրընթաց բարձրանում վեր: Այստեղ Կամոն վերցնում էր անկենդան մարմինը և տանում դեպի արդեն տեղ հասած փրկարարական նավակը: Իսկ այնտեղ՝ նավակում, իր մեծ գործն էր անում Կարապետյան եղբայրների մարզիչ, սուզալողի հանրահայտ մասնագետ Լիպարիտ Ալմասակյանը, որն այդ թվում ջրում մարդկանց փրկելու հմտություններին էիր տիրապետում: Մարզիչը մարդկանց իր ձեռքերում հայտնվելուց արդեն մի քանի վայրկյան հետո դուրս էր բերում շոկային վիճակից: Իսկ Շավարշը, լիաթոք շունչ հավաքելով, կրկին սուզվում էր ջրի մեջ: «Չկորցնել ոչ մի վայրկյան»,- այս էր միակ միտքը:

Փրկե'լ, փրկել որքան հնարավոր է շատ մարդ: Ինչ-որ մեկի օգնության վրա նա չէր կարող հույս դնել: Ոչ ոք, բացի իրենից, չի կարողանա անել այն, ինչ անում է ինքը: Համարձակները փորձել էին, չէր ստացվել: Մի քանի սուզում կարող էր կատարել Կամոն, բայց այդ դեպքում կխախտվեր ոչ միայն փրկարարական աշխատանքների ռիթմը, այլև կկորսվեր ամենակարևորը՝ հուսալիությունը, վստահությունը: Չէ՞ որ Շավարշը համարձակ իջնում էր ներքև՝ քաջ գիտակցելով, որ եթե իրեն ինչ-որ բան պատահի, կողքին Կամոն է, որը կկարողանա օգնության գալ: Եվ մի բան էլ. հերթական փրկվածին Կամոն վերցնում էր ոչ թե ջրի երեսին, այլ ջրի տակ: Կրտսեր եղբայրն արդեն գիտեր, թե որտեղից կհայտնվի ավագը, և ընդառաջ էր գնում. վերջին մետրերին նա թարմ ուժերով ավելի արագ էր բարձրանում ջրի երես, քան հոգնած Շավարշը: Դարձյալ շահած վայրկյաններ, կյանքի գին ունեցող վայրկյաններ:

Այդ միջոցին ափին՝ հոծ ամբոխի մեջ, կանգնած էր Վլադիմիր Կարապետյանը: Հետո նա ասելու էր. «Քանի անգամ որ ավագ որդիս սուզվում էր ջուրը, այդքան անգամ էլ ես էի ակամա պահում շունչս: Ես այդ օրը շատ անգամ եմ մահացել և նույնքան էլ հարություն առել»:

Երբ Շավարշը հայտնվում էր ջրի երեսին, որպեսզի թոքերը օդափոխող մի քանի խորը ներշնչումներից հետո օդի հերթական չափաբաժինը ներս քաշեր, նրա մարմինը վայրկենական պատվում էր կարմիր կապտուկներով. նրա մաշկն ամբողջովին քերծվել, կտրատվել էր կոտրված պատուհանի ապակու բեկորներից:

Հերթական սուզում: Անցավ սովորական դարձած միջին ժամանակը՝ մոտ քառասուն վայրկյան, իսկ նա դեռ չկա: Անցավ մեկ րոպե՝ չկա: Ջրի տակ իջավ Կամոն: Եվս կես րոպե: Երկուսն էլ չկան: Հազարավոր մարդիկ էին կուտակվել ամբարտակին, կանգնել էին՝ շունչները պահած: Եվ միայն այդ ժամանակ բոլորը թեթևությամբ շունչ քաշեցին, երբ ջրի երեսին հայտնվեցին երկու եղբայրները՝ փրկվածը՝ ձեռքներին: Իսկ կատարվել էր հետևյալը. ուղևորը, չնայած կորցրել էր գիտակցությունը, բնազդաբար կառչել էր իր փրկարարի ոտքերից՝ խանգարելով նրան առաջ շարժվել: Միակ բանը, որ կարելի է անել նման դեպքում, թուլանալն է: Այդ դեպքում խեղդվողը բաց կթողնի քեզ: Շավարշն այդպես էլ արեց: Մի քանի անգամ մեռնող մարդը ամուր կառչել էր նրանից, և ամեն անգամ չեմպիոնը ստիպված էր եղել նույն բանն անել: Այդպես կորսվում էին թանկագին վայրկյանները՝ ոչ միայն և ոչ պարզապես կորսված վայրկյաններ. դրանք չափազանց շատ ուժ խլեցին Շավարշից:

Փրկվեց ութերորդը, տասներորդը, կոնվեյերը հստակ աշխատում էր: Շտապօգնության մեքենաների մոտեցած շարանը ընդունում էր փրկվածներին, նույն վայրկյանին նրանց առաջին բժշկական օգնություն ցուցաբերում:

Կրկին արհեստական շնչառություն: Երկար ասեղով սրտամկանին ադրենալին է ներարկվում, ապա՝ հիվանդանոց: Շավարշը փրկվածներին եղբորն էր փոխանցում ինչպես էստաֆետում, Կամոն՝ նավակ, սպասող մարզչին, մարզիչը՝ մեքենա:

Ընդամենը տասը րոպե էր անցել, բայց արդեն տասներկու հոգի ազատվել էին հրեշային գերությունից: Ճիշտ է, այդ հաշվարկներն ավելի ուշ են կատարվել, իսկ այդ ժամանակ Շավարշը տեսնում էր, թե ինչպես ափին հայտնվեցին վերամբարձ կռունկները, ինչպես էին հրշեջ և ոստիկանական ծառայությունները փորձում անել ամենագլխավորը՝ դուրս բերել ջրից տրոլեյբուսը: Բայց մինչ ամրացնեն կռունկները, մինչ փոխանցեն ճոպանը, մինչ կապեն և բարձրացնեն այդ զանգվածը, ժամանակ կանցնի: Շատ ժամանակ: Եվ հաղթահարելով մարմնի ցավը, հաղթահարելով անհավանական հոգնածությունը՝ նա նորից ու նորից էր սուզվում:

Հերթական անգամ նա տրոլեյբուսի սրահում է, աշխատում է, ինչպես միշտ՝ շոշափելով: Վերցրեց մարմինը, բարձրացավ մի քանի մետր, զգում է՝ ինչ-որ բան այն չէ. ձեռքին նստարանի հսկայական սև ներքնակն էր՝ ինչ-որ մեկի կյանքի փոխարեն:

Շավարշը պատրաստ էր դուրս բերել բոլորին: Բայց ժամանակն անում էր իր գործը: Մարդիկ մեռնում էին: Երբ նա եղբորն էր փոխանցում հերթական տուժածին, ասացին, որ ճոպանը պետք է ամրացնել տրոլեյբուսին: Շավարշը ստիպված եղավ կոտրել ևս մեկ ապակի. պետք էր ճոպանը ձեռքին մտնել սրահ, լողալ առաստաղի տակով և դուրս գալ մյուս կողմը: Պետք էր կրկին բարձրանալ՝ իր հետ վեր հանելով ծանրացած պողպատե ճոպանը: Եվ երբ հսկա տրոլեյբուսը դանդաղորեն դուրս էր գալիս ջրից՝ տարբեր կողմերից բաց թողնելով պղտորված ջրի հոսքերը, Շավարշը սկսեց կորցնել գիտակցությունը: Պարզվեց, որ ջրում նա իրեն շատ ավելի լավ էր զգում: Բայց բավական էր կտրատված մարմնին շփվել օդի հետ, երբ սուր ցավ առաջացավ, ոտքերը ջղաձգվեցին, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը զգացնել տվեց: Քսանկիլոմետրանոց վազք, տաքացած մարմին և դրան հաջորդած սառը ջուր ու անվերջ սուզումներ:

Շավարշն անկողնում պառկած մնաց քառասունհինգ օր՝ թոքերի բորբոքում, սեպսիս: Ջերմությունը քառասուն աստիճանից գրեթե չէր իջնում մեկուկես ամիս: Բոլոր այդ օրերն ու գիշերները որդուց հեռու չէր գնում մայրը՝ Հասմիկ Կարապետյանը: Միայն քառասունվեցերորդ օրը մարզիկը գիտակցության եկավ: Երկար ժամանակ ոչինչ չէր կարողանում հասկանալ: Շոշափեց ոտքերն ու ապշեց՝ բարակ, ինչպես շիվեր: Իսկ նա այդքան սովոր էր ուժեղ, պիրկ մկաններին և հանկարծ՝ կարծես երբեք էլ չեն եղել:

Փորձեց կանգնել, չստացվեց: Հայելին ուզեց, մայրը չտվեց: Նա չէր պնդում, իսկ մայրը լաց էր լինում՝ նայելով որդուն:

Կարապետյան եղբայրները ջրից ավելի քան քսան հոգի էին դուրս բերել: Բայց միայն քսանին, ուղիղ քսանին հաջողվեց կյանքի վերադարձնել: Նրանցից շատերը այցելում էին Կարապետյաններին, սակայն Շավարշին դեռևս չէր կարելի այցելել: Մյուսները, գուցե մինչև օրս էլ չգիտեն, որ իրենց կյանքը Կարապետյան եղբայրներն ու Լիպարիտ Ալմասակյանն են փրկել: Եվ զարմանալի չէ: Մարդկանց անգիտակից վիճակում տեղափոխում էին հիվանդանոց: Օգնություն ցուցաբերող բժիշկները գաղափար անգամ չունեին, որ այս բոլորին ընդամենը մեկ մարդ է ջրից դուրս բերել: Նրանք համոզված էին՝ պրոֆեսիոնալ փրկարարների կազմակերպված աշխատանքի արդյունք է: Ես կարդացել եմ հատուկ հանձնաժողովի կազմած հաստափոր հատորը: Այնտեղ, ի միջի այլոց, կա լուսանկար՝ ջրից հայտնվող տրոլեյբուսը: Իսկ քիչ այն կողմ լողազգեստով կանգնած է Շավարշ Կարապետյանը: Ես ուշադիր նայեցի՝ հազիվ էր կանգնած, և գիտեմ՝ մեկ-երկու վայրկյան անց պետք է կորցներ գիտակցությունը:

Ոսկե ձկնիկ
Հիսուներորդ օրը Շավարշը սկսեց քայլել սենյակում: Հիսունյոթերորդ օրը դուրս եկավ փողոց: Երկու ամիս անց նա արդեն մարզվում էր քաղաքային ջրավազանում: Երրորդ ամսվա վերջին՝ ճիշտ Նոր տարուց առաջ, գնաց մարզահավաքի Ծաղկաձորում: Մարտի կեսին երկրի գավաթի խաղարկությանը որոշեց մեկնարկ տալ: Ոչ ոք չգիտեր, թե ինչու Շավարշը արդեն կես տարի է, ինչ ոչ մի մրցաշարի չէր մասնակցում:

Այս ընթացքում մի քանի միջազգային մրցաշար էր տեղի ունեցել: Բայց նշանավոր մարզիկի անունը չէր հայտնվել ո'չ չեմպիոնների ցուցակներում, ո'չ էլ մրցանակակիրների: Նա չկար նաև մասնակիցների թվում: Ես, օրինակ, մտածեցի այն մասին, որ տղան պարզապես, ինչպես ասում են, դուրս է եկել խաղից: Ասել է իր խոսքը սպորտում և հեռացել: Երբեմն սպորտում քսաներեք տարեկանը մեծ տարիք է, հատկապես՝ լողում: Բացի այդ, մարզական աստղերն ինչ-որ առումով ընկնող աստղեր են հիշեցնում, ասուպներ: Վառ փայլատակում, պայծառ պոչ երկնքում և… Հետքն անգամ չկա: Ոչ ոք այդ ժամանակ չգիտեր, որ նման բան է տեղի ունեցել, ախր այդ ժամանակ դրա մասին չէին գրում:

Ոչ ոք չգիտեր, որ թոքերի բորբոքումից հետո խնդիրներ են առաջացել, և յուրաքանչյուր խորը շունչը մարզիկին մեծ դժվարությամբ էր տրվում (ներշնչելու ժամանակ մկանները ձգվում էին՝ առաջացնելով ցավեր և խեղդող հազ): Շավարշը թաքցնում էր դա ոչ միայն իր հարազատներից ու բարեկամներից, այլև ինքն իրենից: Պայքարի ծարավ էր, հաղթանակ էր ուզում: Եվ շատ լավ հասկանում էր՝ սա մարզական կարիերայի վերջն է: Շավարշը երազում էր, որպեսզի իր հետ միասին լողում մրցեն չեմպիոնի տիտղոսի հավակնորդներ Անատոլի Սերգինն ու Անատոլի Կարազաևը: Բայց այլ կերպ վճռվեց մրցալողի մասնակիցների կազմը:

Լուսատախտակին գրված էր 3 րոպե 11,1 վայրկյան. դա աշխարհի ռեկորդն էր: Թիվը մի քանի անգամ հաղորդվել էր հեռարձակման ժամանակ: Հաղորդավարը պատմում էր ակվալանգով 400 մ ռեկորդի սահմանման փուլերի մասին: Չհապաղեց նաև ասել այն մասին, որ հաղթանակին, իսկ հնարավոր է՝ նաև նոր համաշխարհային ռեկորդի սահմանմանն ամենից շատ հավակնում են Սերգինն ու Կարազաևը, քանի որ հանրաճանաչ չեմպիոն Շավարշ Կարապետյանը, ըստ ամենայնի, լավագույն մարզավիճակում չէ. վերջին միջազգային մրցաշարերն անցկացվել էին առանց նրա:

Շավարշն անհանգիստ էր. վիճակը կասկածի մեջ էր թողել իրեն ու հիմնական հավակնորդներին: Նշանակում է՝ պայքարելու է ինքն իր դեմ: Եվ, Աստված չանի, մրցակիցների հետ նույն ժամանակը ցույց տալ: Եթե նման բան պատահի, նա չի դիմանա լրացուցիչ մրցալողին: Ոչ ոք չգիտեր նրա վիճակի մասին: Նա պարզապես մեկնարկին չէր պատրաստվել, նա պատրաստվել էր վերջին մեկնարկին:

Առաջին մրցալողում հաղթեց աշխարհի ամենափորձառու սպրինտերներից մեկը՝ Անատոլի Սերգինը: Վերջին մետրերը մարզիկը լողում էր անհավանական աղմուկի ներքո. հանդիսատեսն արդեն նայում էր ոչ թե լողորդին, այլ վայրկենաչափով ցուցատախտակին: Մարզիկը լողում էր՝ գերազանցելով համաշխարհային ռեկորդի ժամանակացույցը: Երբ 3 րոպե 11,1 վայրկյան թվի կողքին հայտնվեց 3 րոպե 11,0 վայրկյանը, բոլորը մի մարդու պես վեր ցատկեցին տեղերից: Եվ երբ հաղորդավարը հայտարարեց, որ երկրորդ մրցալողում նույն հաջողակ մրցուղիով լողալու է Անատոլի Կարազաևը, հանդիսատեսն այլևս չնստեց: Ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ սեփական աչքերով ականատես էին դառնալու միևնույն մրցուղու վրա մոլորակի երկու ռեկորդների ծնունդին: Մոնոլաստի յուրաքանչյուր հարվածը Անատոլի Կարազաևին մոտեցնում էր ռեկորդին: Դրանում արդեն ոչ ոք չէր կասկածում, երբ մարզիկը վերջին շրջադարձից հետո վերջին անգամ պետք է անցներ մրցուղիով: Նա հրվեց պատից և տրիբունաների անբնական թնդյունի ներքո հակառակ կողմը հասավ նոր համաշխարհային ռեկորդով: Ցուցատախտակին հայտնվեց 3 րոպե 09,5 վայրկյան թիվը:

Երրորդ մրցալողում մեկնարկելու էր Շավարշը: Նույն հաջողակ մրցուղին: Նա մտածում էր միայն այն մասին, որ թոքերը չմատնեն, որպեսզի հանկարծ հազի սուր նոպա չսկսի, որպեսզի հանկարծ մարմինը չպատվի կարմիր բծերով: Անցյալ տարվա սեպտեմբերից հետո դա մի անգամ չէ, որ պատահել էր՝ ալերգիա: Նա երկար չի կարող գտնվել ջրում:

Այ քեզ բա'ն: Մի մարդ, որին ամբողջ աշխարհում մարզական լրագրողներն անվանում էին Ոսկե ձկնիկ, չի կարող երկար գտնվել ջրում:

Կյանքում նման բան, թերևս, պատահում է: Բեթհովենը զրկվեց լսողությունից, Վրուբելը կորցրեց տեսողությունը, բարձրացատկի աշխարհի ռեկորդակիր Բրումելը կոտրեց ոտքը: Եվ ահա հոյակապ լողորդը չի կարող երկար գտնվել ջրում: 400 մետրից հետո ալերգիան սկսում է տանջել նրան: Նշանակում է՝ պետք է որքան հնարավոր է արագ անցնել այդ վերջին 400 մետրը, անցնել նախքան կբռնկվի հազը, և մարմինը կպատվի կարմիր բծերով: Եվ Շավարշը աննախադեպ սրընթաց էր լողում: Նա չէր լսում տրիբունաների աղմուկը, նա չէր լսում, թե ինչպես է գոռում իր հարազատ եղբայրը. ոչ մեկ նրա պես չգիտեր համաշխարհային ռեկորդի ժամանակացույցը, ավագ եղբոր հնարավորություններն ու այն, ինչ կարող էր պատահել նրան:

Եվ երբ Շավարշը դիպավ ջրավազանի պատին, Կամոն նետվեց ջուրը: Նա գիտեր՝ ավագ եղբայրը չի կարողանա ինքնուրույն դուրս գալ ջրից: Նա տեսնում էր վառ կարմիր բծերը Շավարշի լայն ուսերին: Եղբայրները գրկախառնվեցին, գրկախառնվեցին ջրում: Եվ Շավարշը, կուչ գալով կրտսեր եղբոր գրկում, չէր կարողանում հաղթահարել հազի նոպան: Աղմուկը չէր դադարում: Ծաղիկների տարափ էր թափվում ջրավազանը: Շավարշը չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Նա չգիտեր, որ սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ՝ 3 րոպե 06,2 վայրկյան: Նրա տասնմեկերորդ ռեկորդը: Վերջինը:
Աշխարհը ողջունում էր մեծ մարզիկին: Նրան ողջունում էին միլիոնավոր մարդիկ՝ գումարած 20 փրկած կյանքերը, որոնք էլ դարձան Կարապետյան եղբայրների ամենագլխավոր ռեկորդը:

Շավարշ Կարապետյանը (ծնվել է 1953-ի մայիսի 19-ին Կիրովականում, այժմ՝ Վանաձոր) ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ Գավաթի 15-ակի դափնեկիր, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն: Մոլորակի լավագույն սուզալողորդ:

Վերլուծելով Շավարշի լողի ոճը՝ սուզալողի մասնագետները նշում են, որ ճանաչված չեմպիոնն իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում միայն այն ժամանակ, երբ կողքին արժանի մրցակիցներ են լողում: «Հավասար մրցակցի դեմ պայքարը սպորտը պոեզիայի է վերածում»,- պնդում է նա: Չի եղել այնպիսի դեպք, երբ, տարբեր մրցալողերում ցույց տալով նույն ժամանակը գլխավոր մրցակիցների հետ, նա չհաղթեր որոշիչ մրցալողում: 1973-ի օգոստոսի 17-ին «Պրավդա»-ն հաղորդեց, որ Եվրոպայի առաջնությունում Շավարշ Կարապետյանն ու Վլադիմիր Կոնը հիմնական մրցալողում միևնույն արդյունքն են ցույց տվել 50 մետր սուզման մեջ: «Նշանակվեց լրացուցիչ մրցալող, որում հաղթեց Կարապետյանը»: Նույնպիսի մի դեպք տեղի ունեցավ նաև 1975-ի մարտին: «Վեչեռնի Լենինգրադ»-ն այդ ժամանակ գրում էր, որ Շավարշ Կարապետյանն ու Ստանիսլավ Կապայգորոդսկին իրենց մրցալողերում միևնույն արդյունքն են ցույց տվել, որը հավասար է Շավարշի նախկին համաշխարհային ռեկորդին: «Առաջին տեղի համար լրացուցիչ մրցալողում երևանցին կարողացավ էլ ավելի մեծ արագություն զարգացնել՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ»:

1975-ի սեպտեմբերին Շավարշ Կարապետյանը հերթական անգամ պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այդ ժամանակ նա 22 տարեկան էր: Առաջնությանը մասնակցում էին լողորդներ 16 երկրներից: Ֆրանսիական մամուլը հայ լողորդի հաջողությունը ֆենոմենալ անվանեց, իսկ 100 և 800 մետր լողում ցույց տված արդյունքները՝ ֆանտաստիկ: Մասնագետները Կարապետյանի մասին գրում էին. «Լողի տեխնիկան հղկված է ընդհուպ մինչև մանրուքները: Մոնոլաստի յուրաքանչյուր հարվածը նման է մեծ ձկան պոչալողակի հարվածին և մարզիկին արագորեն առաջ է մղում: Նա ճշգրիտ գիտի, թե քանի անգամ պետք է թափահարի մոնոլաստը, որպեսզի անցնի այս կամ այն հեռավորությունը: Նա բարձրագույն դասի վարպետ է»:

«Ереван» ամսագիր, 7-8, 2007

Այս թեմայով