21 Սեպտեմբեր 2013, 08:58
2759 |

«Փյունիկ»՝ առաջին բարձունքը

Անդրկովկասի ամենաբարձր գագաթ Արագածը հանգած հրաբուխ է: Այն կարելի է տեսնել Երևանի գրեթե ցանկացած վայրից, բայց բոլորին չի վիճակվում բարձրանալ նրա գագաթը, առավել ևս «սահմանափակ հնարավորություններով» մարդիկ: Սակայն 1988-ի երկրաշարժից հետո ստեղծված «Փյունիկ» ակումբի երեխաները կարողացան դա անել:

Հյուսիսում կուտակված թանաքի պես սև ամպերը ոչ մի լավ բան չէին կանխագուշակում. գագաթ բարձրանալու հույսը գնալով մարում էր: Մի քանի րոպե հետո հորդառատ անձրև տեղաց: Նախորդ օրվա լավատեսությունն ասես հօդս ցնդեց. երևի ստիպված կլինենք վերադառնալ: Բայց անսպասելի քամին փոխեց իրավիճակը. կապարագույն ամպերի շղարշը պատռվեց: Ճեղքերի միջից հայտնվեց լեռնային կապուտակ երկինքը: Երիտասարդների դեմքերը շողացին հրճվանքից, «Ահա՜, ուրեմն գնո՜ւմ ենք»:

Այստեղ եկածների մեծ մասի համար սա լեռ բարձրանալու առաջին փորձն է: Արշավը կազմակերպել է 1989-ին՝ երկրաշարժից անմիջապես հետո ստեղծված «Փյունիկ» ակումբը: Կազմակերպությունն ունի հիմնական նպատակ՝ օգնել սահմանափակ հնարավորություններով մարդկանց վերականգվել, վերացնել մեկուսացման պատնեշն ու նորից զգալ իրենց լիարժեք ու սիրված: «Փյունիկ» անունն այս դեպքում հիանալի է ընտրված. հիմնադրման պահից կազմակերպությունը երկար ճանապարհ է անցել՝ ոչ միայն օգնելով փորձանքի մեջ ընկածներին, այլև իր շուրջը համախմբելով միմյանց հոգեհարազատ մարդկանց: «Փյունիկն» անընդհատ կազմակերպում է տարբեր միջոցառումներ, ամառային ճամբարներ Սևանում, ձմեռային՝ Ծաղկաձորում, ամենամյա «Երևան-Էջմիածին» մարաթոն ու արշավներ դեպի Արագածի գագաթը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան՝ սեպտեմբերին 21-ին: Այս տարի խումբը բաղկացած է 15 հոգուց: Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա. ոգևորված ձայներ ու կատակներ, արշավական հագուստ: Այսինքն՝ տեսնում ես իրենց կյանքի առաջին բարձունքը հաղթահարող երիտասարդներին: Բայց ուշադրությամբ նայելիս հասկանում ես, թե ինչու են նրանք համարվում «սահմանափակ հնարավորություններով». մեկի ձեռքի կամ ոտքի փոխարեն պրոթեզ է, մյուսը շփվում է ժեստերի լեզվով: Ընդհանուր տրամադրության շնորհիվ երիտասարդներն արագ մտերմացան ու հեշտությամբ սկսեցին հաղթահարել ճանապարհի դժվարությունները, իսկ նրբանկատ կամավորները, ովքեր նրանց հետ վաղուց էին ծանոթ, ժամանակ առ ժամանակ զգուշորեն՝ առանց իրենց օգնությունը պարտադրելու, օգնում էին անցնել առավել դժվար տեղերը:

Պետք է խոստովանեմ, որ մի քիչ շփոթվեցի, երբ ստացա լեռը բարձրանալու հրավերը. ամեն առողջ մարդ չի կարող հասնել Արագածի գագաթը: Սակայն նոր ուղեկիցներս լի էին մինչև վերջ գնալու վճռականությամբ և դա ինձ էլ ոգևորեց:

Արագածի լանջերը ծածկող ձյունը նոր է տեղացել, բայց արդեն սկսում է հալվել: Հեռվում սպիտակին է տալիս Հարավային գագաթը՝ մեր նպատակը: Այն Արագածի չորս գագաթներից ամենացածրն է («ընդամենը» 3879 մ բարձր ծովի մակարդակից ) ու ամենասիրվածը՝ մանավանդ արտասահմանյան զբոսաշրջիկների համար:

Կարճ պատրաստություններից հետո խումբն առաջ շարժվեց՝ հետևում թողնելով բազային ճամբարն ու բարձրալեռ Կարի լիճը (3207 մ ծովի մակարդակից բարձր):

Ի դեպ, այս լճի մասին կա ժողովրդական լեգենդ: Արագածն ու Արարատը մի ժամանակ միմյանց սիրող քույրեր են եղել, բայց հետո վիճել են՝ փորձելով որոշել, թե ով է ավելի գեղեցիկ: Վեճը դարեր է տևել, ու համաձայնության չեկած քույրերն անիծել են միմյանց: Այդ ժամանակից ի վեր ոչ ոք չի կարողանում բարձրանալ Արարատի գագաթը, Արագածն էլ այնքան է լալիս, որ գագաթին արցունքների լիճ է գոյացել:

Ճանապարհը հիմնականում անցնում է բարձրալեռ մարգագետիններով, որոնք ամառը ծածկված են ալպիական ծաղիկների գորգով, իսկ հիմա՝ ձյան նուրբ շերտով: Երբեմն ստիպված ենք լինում հաղթահարել միմյանց վրա կուտակված քարերով տարածքներ. սրանք քարակարկառներ են, որոնք այստեղ հնում սահած սառցադաշտն է բերել:

Հեռվում երևում են կապտավուն լեռները: Ծովի հայելանման մակերևույթը ցոլցլում է արևի լույսից: Վերելքն ավելի է բարդանում՝ է՛լ ավելի ոգևորելով արշավականներին:

Այն պահին, երբ թվաց, որ ճանապարհի մեծ մասն արդեն անցել ենք, վերելքն ավելի զառիվեր դարձավ, եղանակն էլ նորից սկսեց մռայլվել. նոր ամպեր եկան ու սառը քամի սկսեց մեջքից փչել: Ավելի հաճախ ենք դադար տալիս. արշավականները հոգնած են, ոմանց դեմքերն էլ կասկած ու անհանգստություն են արտահայտում: Բայց միևնույնն է՝ հաղթում է գագաթին հասնելու ցանկությունը, ու փոքր խումբը շարունակում է մագլցել քարերը:

… Նախորդ օրը՝ երեկոյան, երբ բոլորը հավաքվել էին խարույկի շուրջ, նայեցի երիտասարդների դեմքերին ու Արագածի հետ կապված մեկ այլ ժողովրդական երգ հիշեցի: Ավանդության համաձայն՝ Գրիգոր Լուսավորիչը լեռը բարձրանում էր աղոթելու համար, ու գիշերը երկնքից անմար ճրագը լուսավորում էր նրա ճանապարհը: Ասում են, որ այդ ճրագը հիմա էլ է լույս տալիս, բայց տեսանելի է միայն ընտրյալներին:

Շատ եմ ճանապարհի կեսից վերադարձած զբոսաշրջիկներ տեսել. մեկը հոգնած, մյուսը՝ վախեցած: Օրինակ՝ մոտ երկու տարի առաջ մի զույգ էի տանում դեպի գագաթ: Չգիտեմ՝ կոշիկնե՞րն էին անհարմար, թե աղջիկն ուղղակի գերագնահատել էր իր հնարավորությունները. գագաթին մնացել էր քսան րոպեի ճանապարհ, երբ նա հայտարարեց, որ էլ ոչ մի քայլ չի անի: Վերադառնալն ինձ անհեթեթ թվաց, դրա համար էլ ուղղակի ուսերիս գցեցի քմահաճ աղջնակին՝ ճիշտ ուսապարկի պես, ու հասցրի մինչև գագաթ: Ընկերն էլ շվշվացնելով քայլում էր կողքիցս ու նույնիսկ օգնություն չառաջարկեց: Ի՞նչ արած՝ լեռներում այդպիսի բաներ էլ են պատահում:

Իսկ մեր փոքր խմբում բոլորն օգնում էին միմյանց, չնայած որ այս երիտասարդների համար լեռ բարձրանալը շատ ավելի դժվար էր: Գագաթին մոտենալիս հայտնվեցինք թանձր ու կաթի պես սպիտակ մառախուղի մեջ: Ստիպված եղանք իծաշարուկ գնալ: Բարձրանում էինք, երբ հանկարծ մառախուղի ծվեն-ծվեն քուլաների մեջ տեսանք մի քանի տարի առաջ այստեղ տեղադրված երկաթե խաչն ու տրիանգուլյատորը: Սա քարտեզագիրների լեզվով չափագրական կետն է:

Հնչեց ուժասպառ եղած ու հյուծված, բայց երջանիկ խմբի «Ուռա՜»-ն:

Զգացմունքները խեղդում էին տղաներին ու աղջիկներին, ովքեր հաղթահարել էին իրենք իրենց ու գագաթը բարձրանալով՝ փոքր, բայց հարգանքի արժանի սխրանք գործել: Մի քանի արշավական, մոռանալով հոգնածության մասին, սկսեցին ազգային դրոշն ամրացնել, որը միանգամից ծածանվեց քամուց: Մյուսները մտան տափակ քարերից սարքած անկտուր հյուղակը:

Քարերից սեղանի նման մի բան պատրաստելով՝ խնձորներով ու կարկանդակներով խորհրդանշական փոքր ճաշկերույթ կազմակերպեցին: Գագաթին այս պարզ ուտելիքն ավելի համեղ էր թվում: Քիչ անց մեզ մոտեցավ արտասահմանցիների մի խումբ: Խոսեցինք հետները: Ապշեցին՝ իմանալով, որ երիտասարդները հաշմանդամություն ունեն: Նայում էին նրանց անթաքույց հարգանքով: Հետևելով չգրված ավանդույթին՝ սկսեցին տափակ քարերից բուրգ կառուցել: Ոչ ոք հաստատ չգիտի, թե սա ինչ է նշանակում: Ոմանք թե՝ լեռներում զոհվածների հիշատակի համար է, մյուսները՝ կառուցելով քո «գագաթը»՝ անպայման նորից կգաս այստեղ: Սիրուն բուրգ ստացվեց մոտ մեկուկես մետր բարձրությամբ: Այնպես որ վերադառնալու հնարավորություն ստացանք:

Անսպասելի քամին ցրեց ամպերն, ու մեր առջև հայտնվեցին Արագածի մյուս գագաթները՝ ծածկված փոշանման ձյան շերտով, ու խառնարանը: Երեք գոռոզ գագաթները՝ քարքարոտ Արևմտյանը, բարձրաբերձ Հյուսիսայինն ու զառիվայրոտ Արևելյանը նման են հսկակայական ծաղկի թերթիկների, որոնք աճել են երկու կիլոմետրանոց ահռելի, հավերժ ձնով ծածկված հրաբխային խառնարանի շուրջը: Այստեղից է սկսվում փոքր լեռնային գետակը՝ Գեղարոտը, որի ջրվեժները խառնարանի դարափներից թափվում են ներքև՝ ձորի մեջ, ու անհետանում հեռվում: Մենք ասես բնանկարի մեջ էինք հայտնվել. շուրջներս բազմերանգ, հիմնականում կարմրամանուշակագույն, դեղնավուն ու սև հրաբխային չեչաքարեր էին պատկերված. Սարյանի համարձակ վրձնախազվածքներն էին հիշեցնում: Պարզ երևում էին հյուսիսային գագաթի լանջերի գեղատեսիլ ժայռերը՝ արդյունքը լեռնային տեսակների բազմադարյան հողմահարության: Լռություն ու անդորր… Արտակարգ վայր մեդիտացիայի համար: Բոլորը կանգնած հիանում էին իրենց առջև բացված տեսարանով. խառնարանի վրա՝ օդի բարձրացող հոսանքների մեջ, հպարտ ճախրում էր միայնակ մի թռչուն: Դանդաղ-դանդաղ շրջաններ էր անում, սառած քարի այս թագավորությունում ինչ-որ բան փնտրում: Օդն այնքան պարզ էր, որ հստակ տեսնում էինք, թե ինչպես են նրա թևերի փետուրները թրթռում: Մի ակնթարթ հայտնվեց մեր առջև, հետո կտրուկ ծալելով թևերը՝ ցած սուրաց ու կորավ տեսադաշտից: Թատերական այս ներկայացումն ավարտվեց սկսելու պես անսպասելի, և թանձր մառախուղի վարագույները նորից փակվեցին՝ թաքցնելով մեզնից հիասքանչ բնապատկերը:

Քամի սկսվեց ու օդը սառեց: Չափագրական կետի տակ, ըստ ավանդույթի, մի շիշ դրեցին խմբի մասին երկտողով ու լեռը բարձրանալու ամսաթվով: Տեսնելով, որ ոմանք սրթսրթում են ցրտից, որոշեցինք իջնել լիճը: Ինչքան զառիվեր էր ճանապարհը դեպի վերև, այնքան էլ զառիթափ էր ուղին դեպի ներքև: Ոտքերս սոթ էին տալիս քարքրոտ փլվածքների վրա: Պարբերաբար կանգնում էինք, զգույշ քայլում, որ ոտքի տակից քար չպոկվի ու չընկնի ավելի ներքևում գտնվողների գլխին: Ես վերջերում էի ու հաճախ էի կանգնում, հետ մնացողներին սպասում: Նրանք, իհարկե, շատ էին հոգնել, բայց դեմքերը շողում էին հպարտությամբ. կյանքում առաջին բարձունքն էին հաղթահարել:

«Ереван» ամսագիր, N7-8, 2005

Այս թեմայով