01 Սեպտեմբեր 2013, 10:33
1104 |

Ամառվա հուշը աշունվա փուշն է

Ամառվա վերջին երեկոն երևանցիների մի մասն անցկացրեց երգ ու պարով։ Սրճարաններում ասեղ գցելու տեղ չկար։ Ազատության հրապարակում կեսգիշերին մոտ՝ դեռ երեխաներ էին խաղում ու վազվզում, սիրահար զույգեր գիրկընդխառը ճեմում. բազմությունը տուն գնալու մտադրություն չուներ կարծես։

Երևանը հրաժեշտ տվեց ամռանը։ Օգոստոսի վերջին ժամերը հարյուրավոր երևանցիներ անցկացրեցին Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ, որտեղ էլ եզրափակվեց քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագիրը։ Երեկոն սկսվեց մանկական համերգով, այնուհետև Կարապի լճի կենտրոնում կառուցված բեմը տրամադրեցին շոուբիզնեսի կատարողներին։ Երգացանկում ընդգրկված էին միմիայն աշխույժ ու ռիթմիկ երգեր՝ պարային տրամադրություն հաղորդելով հանդիսականին։ Կարապի լճի շրջակայքը շատ արագ վերածվեց պարահրապարակի։ Օտարազգի զբոսաշրջիկներին հիացնում էր երաժշտական անկաշկանդ մթնոլորտը։ Ոգևորված տուրիստները հեռախոսներով նկարում էին տեսածը։ Մերթընդմերթ մթագնած երկինքը ճաք էր տալիս, մեղմ անձրև մաղում։ Պարողները դրանից ավելի էին թարմանում ու ավելի աշխույժ ռիթմեր պահանջում։

Հանդիսությունների օրերին անհատական բիզնեսի ակնկալիքները շատանում են։ Գագաթնակետին է հասնում ադիբուդու, զովացուցիչների, պաղպաղակի վաճառքը։ Օրվա մի քիչ շռայլ եկամտի սպասումով Կարապի լճի մոտ իր շարժական նկարակալն էր տեղադրել դիմանկարիչ Վարդանը։ Անձրևի սպառնալիքներից խուսափելով՝ ունեցած-չունեցածը ժողովեց տոպրակում, բայց չհեռացավ. մի քիչ պարեց, ուրախացավ ու էլի սպասեց։ Ներքին ձայնը չխաբեց. մի երիտասարդ մոտեցավ ու պատվիրեց իր սիրած աղջկա դիմանկարը։ Հերարձակ աղջիկը մտավ բնորդուհու դերի մեջ ու փայլող աչքերով նայեց մի կետի։ Բարեբախտաբար, այդ 15 րոպեներին անձրև չեկավ։ Վարդանն ընթացքում գոռալով պատմեց (երաժշտությունը մարտնչող էր), որ մի անգամ մի երիտասարդ ընկերուհու հետ մոտեցել ու պատվիրել է նկարել իր սիրելիին։ Ինքը նկարելիս է եղել, տղան՝ հետևելիս։ Աղջկա դիմագծերն ավելի պարզորոշ տեսնելու համար՝ կկոցած աչքերով նայել է նրան ու նկարել։ Տղան չի դիմացել, բողոքել է, թե՝ հերիք չի՞ ընկերուհուս աչքով անես։

Կայծակն ավելի հաճախ սկսեց պատռել երկինքը, տաք կաթիլների տարափն ուժգնացավ։ Աշունն ուզեց խլել ամառվա վերջին ժամերը, բայց նա չտվեց։ Աշունը տեղի տվեց ու սսկվեց. երևի չուզեց երևանցիների տրամադրությունը փչացնել, բայց, այնուամենայնիվ, հիշեցրեց իր մասին։ Մինչև ուշ երեկո համերգը շարունակվեց՝ արդեն կարաոկեի ձևաչափով։ Կարաոկեի մասնակից աղջնակներն այնպես երգեցին, որ անհնար էր զանազանել մեր շոուբիզնեսի վաստակավոր ու դեռ անտիտղոս կատարողներից։

Ամառվա վերջին երեկոն երևանցիների մի մասն անցկացրեց երգ ու պարով։ Սրճարաններում ասեղ գցելու տեղ չկար։ Ազատության հրապարակում կեսգիշերին մոտ՝ դեռ երեխաներ էին խաղում ու վազվզում, սիրահար զույգեր գիրկընդխառը ճեմում. բազմությունը տուն գնալու մտադրություն չուներ կարծես։ Բոլորը՝ մեծ, թե փոքր, ամառվա վերջին վայրկյաններն էին վայելում։ Իսկ աշունը շարունակում էր երկնքից մեկ-մեկ ծիկ անել։

Այս թեմայով