08 Հունվար 2015, 11:52
6184 |

Իմխոհ Երևանի մասին

Միայն Երևանում է, որ լավ է, երբ մենակ ես: Ինքդ քո հետ մնալու, խորհելու քաղաք է Երևանը, քեզ բացահայտելու ու քեզնից հիասթափվելու կամ քեզնով հիանալու լավագույն վայրն աշխարհում։

Նյու Յորքում կարող ես տեղումդ կանգնած քայլել: Մարդկանց հոսքն անքաղաքավարիորեն կտանի քեզ մի ուղղությամբ՝ առանց հարցնելու՝ ո՞ւր ես գնում: Տոկիոյում կարող ես վազել ու չհասցնել մետրոյի որևէ ուղղության: Մարդկանց հոսքը նպատակադրված չի թողնի, որ հասնես: Երևանում կարող ես քաղաքը վազել մի ծայրից մյուսը՝ մի քանի ժամում ու հասցնել ամեն տեղ: Բայց միայն Երևանում է, որ լավ է, երբ մենակ ես: Չնայած Երևանում կարող ես կանգնել, նստել, հատել ու անցնել ամեն ինչ ու ամենուր: Երևանում կարող ես գնալ Հանրապետության հրապարակ համերգի ու չլսել համերգը: Լսել Անոյին ու Նանոյին: Կարող ես չգնալ համերգի ու լսել այն պրոսպեկտում կանգնած: Անազատների ու ոչ ֆորմալների կողքին կքանստած… այո, կքանստած կարող ես ջազ լսել՝ ասենք, Կասկադում: Երևանում կարող ես ազատ քայլել՝ փողոցները լայն չեն, բայց մարդիկ քիչ են: Լինես կքանստած, կքված, թե ուղղաձիգ, մեկ է՝ նյարդերը տեղի են տալիս:

Մեր քաղաքը շուտով կդառնա 3 000 տարեկան: Համարյա 3000 տարեկան քաղաքում համարյա ոչինչ, իսկ եթե անկեղծ՝ ոչինչ չի հիշեցնում 3-հազարամյակի մասին: Այդքան հազարամյակից մեզ մնացել են միայն 3000 տարի առաջ ակտուալ ու մոդայիկ սովորությունները: Սովորություններ, որոնց համար ուրիշ քաղաքում ձեզ ցմահ կազատազրկեին, օրինակ՝ Սինգապուրում: Կգամեին անարգանքի սյունին, որը տեղում կստեղծեին ձեռքի տակ եղած պարագաներից: Օրինակ՝ Նյու Յորքում փողոցում թքում են միայն սևամորթ կամ սպիտակամորթ պոռնիկներն ու թմրանյութ ծախող լատինաամերիկացիները: Վաշինգտոնում նույնիսկ նրանք չեն թքում փողոցում: Աշխաբադում, որտեղ դեռ ձին ազգային արժեք է, ու եթե ձի ունես ուրեմն «տղա ես», փողոցում աղբ թափելու համար ձեզ կդատափետեն մահմեդական խստագույն կանոններով: Գուցե ոչ փայտերով, բայց հաստատ չեն փնտրի ավելի փափուկ նյութից մահակ:

Երևանում մի անգամ մի իրանցի փողոցում տոպրակով աղբ նետեց ծառի տակ: Ասացի՝ վերցրու գցիր աղբամանի մեջ: Նա մի երկու անգամ կրկնելուց հետո հասկացավ, բարձրացրեց ու նետեց մի քանի մետր այն կողմ դրված աղբատարի մեջ: Հետո շրջվեց ինձ ու կոտրտված անգելերենով ասաց. «Դուք ինձ եք նկատողություն անում, բայց դուք ինքներդ ամեն ինչ գցում եք փողոցում: Իսկ սա մեր քաղաքը չէ՝ ձերն է»: Think, think՝ ինձ գրեթե նախատելով ասաց իրանցին: Պատասխանելու բան չգտա, ասացի «Its not your bussines»:

Փոխարենը մենք մեր բան ու գործը թողած խառնվում ենք ուրիշի գործերին: Մենք ուրիշի գործերից միշտ ավելի տեղյակ ենք, ուրիշի կյանքից՝ առավել ևս: Մենք ունենք Սիրահարների այգի, որտեղ սիրահարներն ամաչելով են համբուրվում: Չսիրահարվածներն առանց ամաչելու նայում են ու փսփսում: Փսփսում ու նաև գռեհիկ ծիծաղում են երևանցիները կարճ հագած աղջիկների, երկար մազերով տղաների վրա, աղջիկ-տղաների, տղա-աղջիկների վրա: Նյու Յորքում վերջերս մի փորձ էին արել: Գրեթե ամբողջությամբ թափանցիկ շորերով մերկ ֆոտոմոդելը դուրս էր եկել քաղաք ու շրջել փողոցներում: Այդ ընթացքը տեսա-լուսանկարահանել էին: Ոչ մեկ նույնիսկ չէր շրջվել դեպի աղջիկը: Պատկերացրեք՝ նույնը Երևանում լիներ… է՜լ գող փիսո, է՜լ քաչալ շուն: Մենք ունենք անհասկանալի տաբուներ ու նույնքան անհասկանալի ազատություններ: Մեզ մոտ սովորական է քաղաքի դեմքը այլանդակելը, բայց անսովոր քաղաքում որևէ նոր բան ստեղծելը:

Այդ պատճառով միայն Երևանում է, որ մենակ լինելը լավ է: Առավոտյան, երբ արևը նոր-նոր դուրս է գալիս, երբ փողոցի հավաքարարի ավելը բիգբենի ճշգրտությամբ խշխշացնում է պատուհանիդ տակ, դուրս ես գալիս քաղաք: Փակում ես աչքերդ, պատկերացնում, որ կանգնած ես 3 000 տարեկան քաղաքի մեջտեղում: Զգում ես 3 000 տարեկան հողի կուտակած հիշողությունը: Նայում աշխարհի ամենասիրուն հրապարակներից մեկին: Լսում նրա ժամացույցի զանգերը: Պատկերացնում ես, որ այդտեղով դեռ 100 տարի առաջ ձիերով ու էշերով էին շրջում: Սայաթ-Նովա, Թումանյան, Կարապի լիճ… Երևանը 3 000-ամյա քաղաք է: Միայնակ, իր հոգին կորցնող քաղաք: Think, think:

Այս թեմայով