13 Մայիս 2013, 15:35
1504 |

Անցյալի բեկորների փշրանքները հավաքելով

Երևանյան Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ցուցահանդես' նվիրված Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական ճարտարապետության հնագույն հուշարձաններին: Ֆոտոնախագծի հեղինակը Հայկական ճարտարապետության ուսումնասիրության ֆոնդի (RAA) ներկայացուցիչ Սամվել Կարապետյանն է, որը տարիներ շարունակ զբաղվում է պատմական Հայաստանի տարածքում գտնվող ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությամբ: Կարապետյանի լուսանկարներն անհետ կորչող հնագույն հայկական մշակույթի ու պատմության լուռ վկաներն են:

Ցուցահանդեսում ներակայցված են յուրահատուկ շինություններ պատկերող 29 աշխատանքներ' վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, գերեզմանաքարեր, գերեզմանոցներ, խաչքարեր, որոնք կերտվել են մ.թ. 3-ից 19-րդ դարերում: Դրանցից շատերը ժամանակի հետ հիմնովին փոփոխվել են' որոշները վերակառուցվել են, մի մասը ոչնչացման վտանգի տակ է, իսկ մյուսներն ընդհանրապես վերացվել են: Յուրաքանչյուր լուսանկարում հուշարձանն է իր սկզբնական տեսքով, և թե ինչպիսի է հիմա, եթե, իհարկե, պահպանվել է: Իրարամերժ զգացմունքներ են առաջացնում կիսաքանդ կամուրջների, հրաձգարանների վերածված գերեզմանոցների, ջախջախված խաչքարերի, ոչնչացված ամրոցների և մինչև վերջին քարը քանդված վանքերի կադրերը, որոնց փոխարեն բնակելի թաղամասեր կամ նոր մզկիթներ են կառուցվում:
Բարեբախտաբար, ոչ բոլոր հուշարձաններն են ոչնչացված: Կան նաև այնպիսինները, որոնք հոգատար խնամքի տակ են ու վերականգնվում են, բառի բուն իմաստով, փշրանքներից: Տպավորիչ է Ծործորի (Իրան) սբ Աստվածածին եկեղեցու լուսանկարը, որը փրկվել է իրանական կողմի ջանքերով: Նոր ջրամբարի կառուցումը կարող էր եկեղեցին թողնել ջրի տակ: Այն տեղափոխելու որոշում էր ընդունվել: Եկեղեցին մինչև հիմքը քանդվել էր, ու հետո նոր վայրում վերակառուցվել իր սկզբնական տեսքով:

Մինչև 1978 թիվը Սամվել Կարապետյանը զբաղվում էր այն ժամանակ դեռևս սովետական Հայաստանի հուշարձաններով: Հենց այդ շրջանում էլ հեղինակն առաջին անգամ մեկնեց Արցախ' ոտքով: Նա միայնակ հաղթահարեց Գեղամա լեռնաշղթան ու 3 օրից հասավ Լեռնային Ղարաբաղ: 1980-ին Կարապետյանը ճանապարհներին անցկացրեց 51 օր' ոտքով անցնելով 1 030 կիլոմետր, լուսանկարելով ու չափելով յուրաքանչյու քար: Ավելի քան 30 տարի շարունակ մարտի կեսից մինչև ապրիլի կեսը Սամվելը մեկնում է Արցախ: Հեղինակը միշտ աշխատանքն ավարտում է մինչև բնության զարթոնքը, որ ծառերի տերևները չփակեն համայնապատկերը:

«Հայաստանում մշակութային հուշարձանների դրությունը լավ չես համարի, բայց դրանք կանխամտածված չեն ոչնչացնում, ինչպես դա արվում է Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում: Նախկինում ես միամտորեն կարծում էի, որ որպես քրիստոնեական երկիր' Վրաստանի տարածքում հայկական ժառանգությանը ոչինչ չի սպառնում- ասում է Կարապետյանը:- Իսկ Իրանում, ընդհակառակը, իրավիճակը բավական բարենպաստ է' այստեղ մեր հուշարձանները վերականգնվում են պետական մակարդակով: Ամենը, ինչ ոչնչացվել է պատմական Հայաստանի տարածքում'ներառյալ գերեզմանոցներն ու եկեղեցիները, հետք է թողել: Տաշված քարերն օգտագործվել են որպես շինանյութ տների ու խրճիթների կառուցման համար: Դրանցով, որպես սալիկներ, ծածկված են հատակները: Կարծես թե ամեն ինչ ոչնչացվել է, բայց մեր պատմության բեկորները, փշրանքներն անհետ չեն կորել, դրանք կան, թեև տարբեր ուղղություններով «ցրված» են ու հափշտակված:

Այս թեմայով