01 Օգոստոս 2013, 12:35
3663 |

Մեծն հնարագետը

Երբ անցյալ դարի կեսին հայտնի դարձան Ստեփան Շահումյանի մեծ հնարքի մանրամասները, անգլիացի ռազմական պամաբանները խոստովանեցին, որ «Շահումյանի հանճարը տեսնելիս նույնիսկ Մաքիավելիի ու Բիսմարկի տաղանդն է խղճուկ թվում»:

«Մեղմ ու յուրովի նուրբ բնավորության տեր» Ստեփան Գևորգի Շահումյանը տաղանդավոր ինժեներ էր, Ռուսաստանի 1906-ի Պետական դումայի պատգամավորի թեկնածու ու միևնույն ժամանակ պրոֆեսիոնալ հեղափոխական: Հենց նա էր հեղինակն այն մեծ խաղի, որտեղ որոշվում էր Կասպից ծովի ախորժալի արևմտյան ափի բախտը. այստեղ լիությամբ գտնվող նավթի բուրմունքը շատերի ախորժակն էր գրգռում:

Անդրկովկասյան նավթը 1917-ի աշնանը դարձավ Շահումյանի ու բոլշևիկների առաջնորդ Լենինի խոսակցության թեման: Շահումյանը երեք ժամ ներկայացնում էր իր հանդուգն ծրագիրը, թե ինչպես այստեղ ուղղել հեղափոխության հաղթանակի համար այդքան կարևոր արտասահմանյան կապիտալը:
Իլյիչն ընդունեց, որ «սև ոսկին» այն ուժն է, որի շնորհիվ կարելի է հասնել հաղթանակած կուսակցության քաղաքական նպատակներին՝ մանավանդ, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ նավթն ուներ ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական կարևորություն: Սակայն Լենինը չէր հավատում, որ գերտերություններին հնարավոր էր հիմարեցնել: Շահումյանն այլ կարծիքի էր ու որոշեց ինքնուրույն գործել. համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը չառարկեց:

1917-ի դեկտեմբերի 16-ին Ստեփան Շահումյանին նշանակեցին Կովկասի հարցերով ժամանակավոր արտակարգ կոմիսար՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ լիազորությունները: Նա միանգամից սկսեց իր նախագիծն իրագործել. նամակ ուղարկեց Բրիտանիայի վարչապետին՝ առաջարկելով միասին շահագործել Բաքվի նավթը, բայց միայն այն դեպքում, երբ քաղաքացիական պատերազմում խորհրդային իշխանությունները վերջնական հաղթականակ տանեին: Նավթի համատիրության համար Շահումյանը պայմաններ դրեց. ֆինանսական հարցերից բացի կար նաև մեկ այլ կարևորը՝ զորքի տրամադրումը Բաքուն թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: Ստեփանը որպես հայ շատ լավ էր հասկանում, թե իր ժողովրդի հետ ինչ տեղի կունենա, եթե Էնվեր փաշայի զորքերը հայտնվեն Բաքվում (քաղաքի բնակչության զգալի մասը հայ էր): Արտակարգ կոմիսարը, բոլորից պահանջելով կատարյալ գաղտնիություն, Գերմանիա ու Ֆրանսիա նույնպես ուղարկեց նման բնույթի ուղերձներ: Բրիտանական կառավարության վարչապետ Լլոյդ Ջորջը Շահումյանի պահանջներն Անգլիայի համար ընդունելի համարեց. անգլիացիները Բաքվի նավթային արդյունաբերության մեջ հսկայական ներդրումներ ունեին:

Ֆրանսիան ու Գերմանիան նույնպես հավանություն տվեցին առաջարկությանը: Շուտով ստորագրվեցին սեպարատ պայմանագրեր. նոր կազմավորված խորհրդային պետությունը ընդունեց «գերմանացիների դեպ պայքարելու հարցում համագործակցելու Ֆրանսիայի ու Անգլիայի առաջարկները»:
Տեսնելով, որ հակառակվող չկա՝ Գերմանիան Վրաստանի վրա հաստատեց իր պրոտեկտորատը՝ ներառելով Բաթումի նավթային տերմինալը:

Շատ չանցած՝ Շահումյանի հոյակապ ու հանդուգն քայլը տվեց իր արդյունքը: Նավթի արդյունահանումից, վաճառքից ու վերամշակումից ստացված առատ գումարները սկսեցին ֆինանսավորել Խորհրդային Ռուսաստանի ռազմական գործողությունները: Այս ամենը վերահսկում էր Շահումյանի ղեկավարած ու 1918-ի ապրիլին իշխանության եկած Բոլշևիկյան ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Աշխատում էին բավականին բարդ պայմաններում: Հատված «Вечерние огни» («Երեկոյան լույսեր») թերթին Ժամանակավոր կառավարության նախկին նախարար Մ.Ի. Սկոբելևի տված հարցազրույցից (Պետրոգրադ, 1918), «Բաքվում մինչև փետրվարի վերջը երեք իշխանություն էր միաժամանակ գործում՝ բոլորն էլ գրեթե հավասար ուժերով. բոլշևիկյան խորհուրդը կարմիր գվարդիականներով և հայկական ու մուսուլմանական կոմիտեներն իրենց ազգային գնդերով: Ինքնապահպանման բնազդը դրդեց հայերին դիմել բոլշևիկներին: Հայերի օգնությամբ թաթարական (ադրբեջանցիներին այն ժամանակ այդպես էին անվանում) միավորումները գլխովին ջախջախվեցին: Մուսուլմանների կործանարար պարտությունից հետո բոլշևիկները քաղաքում հաստատեցին իշխանություն: Բաքուն հիմա Ռուսաստանի միակ քաղաքն է, որտեղ փողոցներում սովատանջ մարդիկ են ընկած: Մոտ ապագայում այստեղ տեղի են ունենալու կարևորագույն իրադարձություններ»:

Շահումյանի կողմնակիցները տեսնում էին, որ քաղաքի վրա դրսից էլ էին մռայլ ամպեր գալիս: Թիֆլիսում գտնվող մենշևիկների կառավարությունը փակել էր արևմտյան ուղղության կապի բոլոր միջոցները: Ադրբեջանի կառավարությունը նստել էր Գյանջայում, որտեղից ղեկավարվում էր թուրքամուսավաթական զորքերի առաջխաղացումը: Երևանում դաշնակցականների կառավարությունն էր, Պարսկաստանում՝ անգլիացիները, Հյուսիսային Կովկասում՝ լեռնցիներն ու սպիտակ գվարդիականները: Զենք ու պարեն կարելի էր ստանալ միայն Աստրախանից: Բայց այնտեղ Ստալինն էր, որից օգնություն ստանալու քիչ հույս կար:

Հայտնի է, թե նա ինչպես էր իր ճանապարհը հարթում: 1908-ին «Սուրենինին» (Շահումյանի կուսակցական անուններից մեկը) ձերբակալեցին գաղտնի բնակարաններից մեկում: Միայն Ստալինը, գիտեր, որ Շահումյանն այնտեղ էր: Ստալինն ամեն կերպ փորձում էր ազատվել իր ամոթալի արարքների վկաներից. հետագայում, երբ Բաքուն անցավ «Իսլամի բանակի» ձեռքը, տասնյակ հազարավոր բնակիչ զոհ գնաց նրա այս ձգտմանը: Միևնույն ժամանակ Խորհրդային Ռուսաստանում գտնվող անգլիացի հետախույզները բրիտանական կառավարությանը անհանգստացնող տեղեկություններ էին տրամադրում. տասնմեկերորդ բանակը պատրաստվում էր շարժվել դեպի հարավ՝ Անդրկովկասի ուղղությամբ: Խորհրդային Ռուաստանը մտադիր չէր որևէ մեկի հետ կիսել համաշխարհային նավթային գերտերության իր կարգավիճակը:

Հասկանալով Շահումյանի խորամանկ ծրագիրը՝ Անգլիայի ղեկավարությունը շտապեց սխալն ուղղել: Լենինը, ով «լիովին վստահում էր» Շահումյանին ու հիացած էր նրա հեռատեսությամբ, անձամբ Աստրախանից մի փոքրաթիվ ջոկատ ուղարկեց, բայց դրա ժամանումը ոչինչ չկարողացավ փոխել՝ արդեն շատ ուշ էր: 1918-ի օգոստոսի 16-ին գեներալ Դանսթերվիլի ղեկավարած անգլիական զորքերը կարճ կռիվներով բոլշևիկներից գրավեցին նավթաբեր ավազանում գտնվող քաղաքի որոշ հատվածներ: Բրիտանական վերահսկողական կոմիտեն տիրացավ նավթի հանքատեղերին ու շուտով սկսեց 1907-ին «նավթային արքա» Մանթաշովի միջոցներով կառուցված Բաքու-Բաթումի նավթամուղի շահագործումը:

Կոմունայի ակտիվ գործիչների մեծ մասը, այդ թվում Շահումյանը, ձերբակալվեց: Նոր հաստատված իշխանությունը՝ Կենտրոնական կասպիական բռնապետությունը, սեպտեմբերին կազմացրվեց: Քանակային զգալի առավելություն ունեցող թուրքամուսավաթական զորքերը ճեղքեցին անգլիացիների դիմադրությունն ու մտան քաղաք: Ցավոք, իրականացան Շահումյանի ամենամռայլ կանխատեսումները. թուրքերի կազմակերպած հրեշավոր սպանդին զոհ գնաց 30 000 հայ:

Քաղաքում տիրող սարսափելի խուճապում (դեռ շատ էին թարմ 1915-ի ցեղասպանության ողբերգության հիշողությունները) Անաստաս Միկոյանը փոքր ջոկատով կարողացավ կոմիսարներին ազատել Բայիլովյան բանտից: Խառնիճաղանջ վիճակից օգտվելով՝ նրանք հասան նավահանգիստ: Բայց «Սևան» շոգենավը, որը նրանց պետք է տեղափոխեր Աստրախան, արդեն այնտեղ չէր: Միկոյանը համաձայնության եկավ դաշնակցականների հետ, ու նրանց պատկանող «Թուրքմեն» շոգենավով սովորական փախստականների հետ խառնված կոմիսարները դուրս եկան ծով: Լատվիացի նավապետը համաձայնեց ուղղվել դեպի Աստրախան այն պայմանով, որ բոլշևիկներն նրան հետո թույլ կտան վերադառնալ տուն՝ Լատվիա: Էսեռներից բաղկացած նավի կոմիտեի հետ տարաձայնություն առաջացավ: Նավաստիներն ու մնացած փախստականները, որոնց հրահրում էր երկու անգլիացի սպա, հրաժարվեցին մեկնել սովակոտոր քաղաքն ու պահանջեցին կանգ առնել Կրասնովոդսկում: Կոմիսարները երևի կփրկվեին, եթե հետևեին Միկոյանի՝ իրենց կարծիքով «անմարդկային ու գազանաբարո» խորհրդին՝ հրահրիչներին ծովը նետել: Բայց չարեցին այդպես ու դարձան սեփական մարդասիրության զոհը: Նավը խարիսխ գցեց Կրասնովոդսկում ու 26 կոմիսարներին, որոնցից 8-ը հայ էր, ձերբակալեցին:

Նրանց նստեցրին վագոն ու ուղարկեցին Աշխաբադ, որտեղից իբր թե պետք է ուղարկեին Հնդկաստանում դատելու: Բայց գնացքն այդպես էլ տեղ չհասավ: Բոլորին գնդակահարեցին անապատում՝ անվերջ ձգվող մոխրագույն բլուրներում՝ Կրասնովոդսկից 220 կմ հեռավորության վրա՝ Պերեվալ ու Ախչա-Կույմա կայարանների միջև՝ երկաթուղուց 64 մ հեռու: «Թուրքմեն» շոգենավի վրա ապստամբություն բարձրացրած անգլիացի սպաները գերազանց կատարեցին հրամանատարության առաջադրանքը ՝ թույլ չտալով, որ կոմիսարները փրկվեն: Բրիտանիային պետք էր ազատվել Շահումյանից՝ որպես գերտերության խայտառակության հեղինակից, ու դրա հնարավոր վկաներից: Գեներալ Մալեսոնը՝ Թուրքմենստանում ու Պարսկաստանում Մեծ Բրիտանիայի բարձրագույն դիվանագիտական ու ռազմական ներկայացուցիչը, չէր թաքցնում, որ «ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ կոմիսարները հասնեն Աշխաբադ» (Էլիս, «Անդրկասպյան դրվագ», Լոնդոն, 1967):

«Կոմիսարներին ուրիշի ձեռքով ոչնչացնելու» Լոնդոնի հրամանը կարող էին ի կատար ածել էսեռները, ովքեր քաղաքացիական իշխանություն ունեին անգլիացիների կողմից օկուպացված Անդրկասպիան շրջանում: Այսպես է գրում այդ դեպքերի մասին Անդրկասպյան շրջանի ժամանակավոր գործադիր կոմիտեի նախկին ղեկավար էսեռ Ֆունտիկովը, «Թիգ-Ջոնսը՝ Աշխաբադում անգլիական առաքելության ներկայացուցիչը, մինչև կոմիսարների գնդակահարությունը անձամբ ինձ հետ է խոսացել դրա անհրաժեշտության մասին: Իսկ գնդակահարությունից հետո իր գոհունակությունն արտահայտել, որ այն իրագործվել է այնպես, ինչպես ծրագրել էր անգլիական առաքելությունը»:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Լենինը ճիշտ էր, երբ ասում էր, որ անհնար է հիմարեցնել գերտերությունների ղեկավարներին: Բայց ախր Շահումյանին հաջողվեց դա անել: Այլ հարց, որ նման հանդգնությունը չմնաց անպատիժ:

Հ.Գ.
Երեսուն տարուց ավել Հայաստանում՝ Շահալի կայարանում՝ երկաթգծի կայարանի համեստ ծառայողի տան նկուղում, պահվել էին խիստ կարևոր փաստաթղթեր՝ սպասելով բացահայտման իրենց ժամին: Դա Բաքվի կոմունայի արխիվն էր: Տան տերը՝ կոմունայի նախկին գրագիր Դիմաքսյանը, կարողացել էր դրանք գաղտնի դուրս հանել թուրքերի գրաված Բաքվից՝ Ռուսաստանի նավթային մայրաքաղաքից:

Շահումյանը հրամայել էր նրան ձախողման դեպքում թաքցնել փաստաթղթերը մինչև Ստալինի մահը: Մահից առաջ Դիմաքսյանը փոխանցեց դրանք իր գյուղում լրիվ պատահաբար հայտնված Վանցետի անունով մի երիտասարդի՝ Ամիրջան (Ամո) Դանիելյանի որդուն: Ամիրջանը եղել էր կոմունայի անդամ Թադևոս Ամիրովի ջոկատի հանձնակատարը:

Ձեր ուշադրությանը ներկայացված նյութերը հիմնված են այդ փաստաթղթերի և պատմաբան ու կինոռեժիսոր Վանցետի Ամիրջանի Դանիելյանի հուշերի վրա:

Լրացուցիչ տեղեկություն
«Թիֆլիսի քաղաքացի, հայ առաքելական դավանանքին պատկանող Ստեփան Գևորգի Շահումյանցը» Բաքվի նահանգական ոստիկանական վարչության մի շարք փաստաթղթերում նշվում է «Նավթային» մականունով: Հենց նավթի, ավելի ճիշտ՝ նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշովի տրամադրած կրթաթոշակի շնորհիվ Ստեփանը հնարավորություն ունեցավ ուսանել Բեռլինի թագավորական Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Նավթի հետ էր նաև կապված հետագայում Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում ստացած ինժեներական կրթությունը: Շահումյանը մինչև 1917-ի հեղափոխությունը Բաքվում Բալախանյան «Շիբայև» նավթամուղի վարիչն էր, հետո՝ Գրոզնիում «Անգլոռուսական Մաքսիմովյան նավթարդյունաբերական ընկերության» կառավարիչը: Բայց հիմնական մասնագիտությունը հեղափոխությունն էր: Կուսակցությանը նվիրված աշխատանքի ընթացքում, որը պարբերաբար ընդհատվում էր ձերբակալություններով ու աքսորներով, նա մեծ բարձունքների հասավ. Հայաստանում առաջին մարքսիստական խմբակի կազմակերպչից (Ջալալ Օղլի գյուղ, 1899) մինչև Բաքվի կոմունայի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ՝ ստանալով «Կովկասյան Լենին» մականունը:

«Ереван» ամսագիր, N7-8, 2005

 

Այս թեմայով