24 Հուլիս 2013, 17:24
2807 |

Փյունիկ քաղաքը

Շուշին նման է փյունիկի, որ կրկին բացում է թևերը Հյունոտ ձորի վրա. պատմության ընթացքում մի քանի անգամ հիմնովին կործանվել ու նորից վերականգնվել է՝ 1905-ին, 1920-ին, 1988-ին և 1992-ին: Թալանված ու ավերված Շուշին տեսած Օսիպ Մանդելշտամն ապրել է «հոգու խորքը ներթափանցող վախեր» և երևույթն անվանել «գազանաբարո»:

Առաջին անգամ հայ միջնադարյան պատմիչների գործերում հիշատակվող քաղաքը գտնվում է ասես քարացած ալիքի գագաթին. երեք կողմերում խորը ձորեր են, չորորդում՝ անառիկ ամրոց: Հայ զինվորները միակն են, ովքեր կարողացել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ քաղաքը գրոհով վերցնել:
Շուշին հիմա նորից է կյանք առնում. նոր բնակելի շենքեր, գեղեցիկ հյուրանոցային կոմպլեքսներ, վերականգնված ու դեռ չվերականգված տներ դեպի սալահատակ փողոցները բացվող պատշգամբներով, որտեղ ասես դեռ ընթանում են պերճ հագնված մարդկանցով ֆայտոնները:

Ղազանչեցոց
Էջմիածնից հետո ամենամեծ հայկական տաճարը Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցն է, որ կառուցվել է տեղական կրաքարից 1887-ին ճարտարապետ Սիմեոն Տեր-Հակոբյանցի նախագծով: Քարի այս տեսակն առանձնանում է արտասովոր ծանրությամբ : Համաձայն առասպելի՝ պատերը շարելու համար շինարարները ստիպված են եղել կիրառել ոչ ավանդական մեթոդ. շարել են որմածքի մեկ-երկու շարք ու հողով ծածկել, հետո նոր շարք սկսել… Տաճարը կառուցվելով դարձել է մեծ բլուր: Հետո հողը մաքրել են, և եկեղեցին աշխարհ է դուրս եկել: Անվանել են Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, քանի որ կառուցվել էր հիմնականում Ղազանչիի բնակիչների գումարով: Ղազանչին արհեստավորների հայտնի գյուղ էր, որտեղ պատրաստում էին այդ կողմերի լավագույն ղազանները: Եկեղեցու գլխավոր արժանիքը հազվադեպ հարթաքանդակն է պատի վրա Հայր Աստծո պատկերով: Բայց կա մեկ այլ՝ քչերին հայտնի առանձնահատկություն:

Եկեղեցու նկուղային հարկում կա կլոր կամարով ու ամենավերևում քառակուսի լուսամուտով մի սենյակ: Սենյակի տարբեր մասեր տարբեր արձագանք ունեն. ամենակենտրոնում մարդուն սեփական ձայնն օտար է թվում: Բանն այն է, որ եկեղեցում հիմնականում երկու քահանա կա, որոնցից մեկը պետք է որոշ ծեսերից առաջ մյուսին մեղքերի թողություն տա, որպեսզի վերջինս մաքուր հոգով կարողանա կատարել արարողություները: Բայց Ղազանչեցոցում միայն մեկ քահանա կա: Այդ պատճառով էլ նրա համար «օտար» արձագանքով սենյակ են կառուցել, որպեսզի կարողանա ինքն իրեն մեղքերի թողություն տալ:

Կանաչ Ժամ
Եկեղեցիներ կան, որ փառահեղ են, ասես քրիստոնեության հիմնասյուներն են, որ հասկանում են աշխարհում սեփական առաքելության կարևորությունը: Կան նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի պես եկեղեցիներ (ժողովուրդն այն Կանաչ է անվանում), որոնք թվում է՝ կառուցվել են հենց քո հոգին ամոքելու համար: Եկեղեցին ունի տարբեր անուններ: «Կանաչ ժամը» պարզ է. մի ժամանակ եկեղեցու գմբեթը կանաչ էր: Իսկ «Կանանց ժամի» համար կան տարբեր՝ նույնիսկ անհավանական վարկածներ: Անունն իրականում առաջացավ 19-րդ դարում, երբ այստեղ տեղակայված ռուսական զորամասի սպաների կանայք խնդրեցին իրենց եկեղեցի հատկացնել ուղղափառ արարողություններ անց կացնելու համար: Այդ պատճառով էլ եկեղեցին անվանում են նաև «ռուսական»:

Շինարարների թողած գրության համաձայն՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչը կառուցվել է 1847-ին: Խորհրդային տարիներին եկեղեցին վերածել էին հանքային ջրերի ցուցասրահի. զոհասեղանի վրա դրել էին մեծ երկաթե գլանատակառ, շուրջը տեղադրել լոգարաններ, որտեղ ժամերով պառկում էին հանգստացողները՝ փափկացնելով սոցիալիստական մրցումների ժամանակ վաստակած կոշտուկները: Խաբեությունը հայտնի դարձավ հետո, երբ այս ամենը հեռացրին: Պարզվեց, որ այստեղ ոչ մի բուժիչ ջուր չէր եղել. լոգարանները լցվում էր եկեղեցու նկուղներում տաքացված սովորական ջրով: Սակայն այս խաբեության համար եկեղեցին հանգստացողներից շատ ավելի թանկ վճարեց. ջուրն ու խոնավությունը վնասեցին պատերի հիմքն ու ամբողջովին քանդեցին աստիճանները:

Վերին (Մեծ) մզկիթ
19-րդ դարի վերջին կառուցված պարսկական մզկիթը Շուշիի խանության ժամանակաշրջանի արժեքավոր շինություններից է: Այն անսովոր ու հաճելի տեսարան է երկնքին խաչերի միջով նայելուն սովոր աչքերի համար: Ընդարձակ ու լուսավոր շինությունը կառուցվել է 1883-ին Քերբալը Սեֆի Խան ճարտարապետի նախագծով: Պետության խնամքի տակ գտնվող շինությունը վերանորոգվեց խորհրդային տարիներին՝ որոշ ժամանակ ծառայելով որպես քաղաքի պատմության թանգարան:

Անտաշ քարերից պատերը ծածկված են կրային ծեփով: 26,5x21,5մ զբաղեցնող մզկիթի հարավային և հյուսիսային կողմերում երկու մինարեթ է վեր խոյանում՝ երեսպատված աղյուսով և զարդարված գունավոր, երկրաչափական նախշերով: Կամարակապ գլխավոր մուտքի երկու կողմերում գտնվող փոքր դռները նույնպես շքեղ են զարդարված: Առջևի եռակամար, տաշած սալիկներով երեսպատված սրահը ընդարձակ է և լուսավոր: Բակը գլխավոր մուտքին միանում է քարե աստիճաններով: Մզկիթի ներքին կառուցվածքն էլ է ինքնատիպ. ճակատի երկայնքով ձգվում է փոքր պատուհանների երկու շարք, սրահի երկու կողմերում կամարներով միացված սյուներ են, որոնց վրա հենված է ծանր կամարային ծածկը: Կամարների վերևում թագի պես տեղադրված են բարձր կիսահարկ պատշգամբները:

Շուշիի բերդը
1750-1752 թթ. կառուցված ամրոցը փակեց քաղաք տանող միակ ճանապարհը՝ դարձնելով այն անառիկ: Հակոբ Շուշեցի սարկավագը այսպես է այն նկարագրել «Պատմություն Արցախ աշխարհի» գրքում. «… հիսուն աշտարակով և 5 000 կանգուն (2,5 կմ) երկարությամբ ու 7-8 մ բարձրությամբ պարսպով»: Շուշիի ամրոցում գաղտնուղի էլ կա. քարերի մեջ փորված աստիճաններ են, որ սկսվում են երևանյան դարպասների մոտ ու, անցնելով բազմաթիվ քարանձավների բավիղի միջով, հասնում Քարինտակ գետի ձորը: Պատմում են, որ մելիք Շահնազար Բ-ն սպանել է գաղտնուղին կառուցած ճարտարապետին, որ իրենից բացի ոչ ոք գաղտնիքը չիմանա:

Այս թեմայով