16 Հուլիս 2013, 17:24
4937 |

Հենակներով թռչունը

Մարդիկ միշտ չէ, որ բարեհաճ են հաշմանդամություն ունեցողների նկատմամբ: Փոքրամարմին աղջկա հենակները հաճախ են խրտնեցնում նրանց:

Արևիկի համար նրա սիրելի Երևանը չափազանց անհարմար է: Ոտքերը թույլ են: Հենակներով է քայլում: Բայց միևնույն է՝ մայրաքաղաքում զբոսնելը Արևի համար հաճելի զբաղմունք է: Ու քանի որ մենք էլ Արևից պակաս չենք երկրպագում Երևանը, որոշեցինք քայլել: Տերյան փողոցից զբոսնում ենք դեպի Շրջանային: Արևը կենսուրախ մարդ է: Ժպտում է բոլորին: Ափսոս, որ ի պատասխան ժպիտի չի արժանանում: «Սովոր եմ, որ նրանք չեն ժպտում: Հասկանում եմ նրանց: Մարդիկ վախենում են մեզնից»: Նրան ուղղված կարեկցանքով լի հայացքները, որքան էլ փորձում եմ չնկատել, միևնույն է, լարում են:

րևին պլշած նայող անցորդների փոխարեն ես եմ անհարմար զգում: Բայց նա ծիծաղում է: «Սովորել եմ», - ասում է, իսկ ես մտածում եմ. «Մենք դեռ չենք հասունացել այնքան, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց չխղճանք, որ նրանց տկար կամ հիվանդ չհամարենք»: Արևի հետ քայլելով հասնում ենք Աբովյան փողոց: Ռեպլիկներն ու խղճահարությունը այստեղ էլ են հետապնդում Արևին: «Ինչ սիրուն է: Ափսոս բախտ չունի, մորդ աչքերը քոռանար», - ու այլ նմանատիպ բառեր, հավանաբար, բարի մղումներով ասված: Կարծես, չմտածված, այս միամիտ դաժանությունը ավելի խորն է ցավեցնում:

Արևիկը պատմեց, որ իր ֆիզիկական խնդիրն աչքն են մտցրել նույնիսկ ԲՈՒՀ ընդունվելիս: Երբ ՀՊՃՀ էր որոշել ընդունվել, փաստաթղթերը միանգամից չեն վերցրել, ինչպես մյուս դիմորդներինը, սկզբում անտակտ հարցախույզի են ենթարկել: Օրինակ, հարցրել են. «Աղջիկ ջան, քո ինչի՞ն է պետք, որ ուզում ես սովորել»: Արևիկի ընկերների հետ, որոնք նույնպես հաշմանդամություն ունեն, պատահել է նաև, որ նախարարության ու բժշկի թուղթ են ուզել առ այն, որ նրանք, ունենալով ֆիզիկական արատ, խելքի և ունակությունների հետ կապված խնդիր չունեն և կարող են ԲՈՒՀ-ում սովորել: «Բուհ ընդունվելու համար այնքան քաշքշուկների մեջ ընկանք, որ սովորելու ցանկությունը հետին պլան մղվեց: Մտածում էի՝ եթե հիմա են սենց վերաբերվում, բա հետ՞ո ինչերի միջով պիտի անցնեմ»: Բայց Արևը հանձնվողներից չէ: Նա գիտեր, որ գրկաբաց չեն ընդունելու իրեն: Մարդկանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողներին հասցրել էր ճանաչել դեռ դպրոցական տարիներին: Ֆիզիկական խնդիրներ ունեցողներն այս առումով պատրանքներ չունեն, և Արևիկն էլ պատրաստ էր ինքնապաշտպանության, ատամներով ստեղծելու և պահպանելու իր փոքրիկ տեղը երևանյան շոգ արևի տակ:

Զրուցելով հասանք Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի մոտ: Ու քանի որ ճանապարհատրանսպորտային օրենքն արգելում է այդ հատվածում փողոցն անցնել, Արևը ստիպված է բավական դժվարությամբ իջնել և նույնքան դժվարությամբ էլ բարձրանալ այդ ծուռ ու մուռ աստիճաններով: Թեքահարթակ չկա, և ներքև իջնելու համար Արևը ստիպված է հաղթահարել գետնանցումների անհարմար աստիճանները: Դրանք նեղ են, կարճ և բարձր: Ամեն օր, օրական երկու անգամ անցնում է նույն ճանապարհով, որպեսզի հասնի աշխատավայր՝ «Հույսի Կամուրջ» ՀԿ: «Փաստորեն, մայրաքաղաքն այս մարդկանց նկատմամբ այնքան էլ բարի չէ, լի է փորձություններով», - նորովի բացահայտեցինք մեզ համար սիրելի Երևանը: Արևը կատակում է: Ասում է, որ էքստրիմի սիրահար է, և իր կյանքի էքստրիմի համար պարտական է Երևանին: Մեր հաջորդ փորձությունն ավտոբուսն է: Արևն արտահայտված կամքի ուժ ունի: Արագած է բարձրացել: Հաղթահարել է լեռան հարավային գագաթի 3 879 մետր բարձրությունը, իջել է Լաստիվեր անապատը, որը բոլորին հայտնի է իր դժվարանցանելի արահետներով: «Յուրաքանչյուր գագաթ նոր հաղթանակ է, նոր սկիզբ», - ասում է գրքի աղջկա նման: Մի անգամ էլ օդ է բարձրացել: 20 րոպե պարապլանով ճախրել է քաղաքի երկնքով: Պատմում է, որ մտովի թե ֆիզիկապես հաճախ է վերև նայում, բայց երազկոտ չէ: Պարզապես երկնքում ոտքեր կամ հենակներ պետք չեն:

Արևն ամեն անգամ իր առջև խնդիրներ է դնում, դրանք հաղթահարում, ապացուցում ինքն իրեն ու բոլորին, որ «չեմ կարող» արտահայտություն իրականում չկա: Ուզում է մարդկանց ցույց տալ, որ իր թևատակի հենակները ընդամենը միջոց են, ոչինչ ավելին: Որ դրանք օգնում են երբեմն անել այն, ինչ քայլող մարդկանցից շատերը չեն անի: Արևի հաջորդ նշանակետը Խուստուփ լեռն է: Կարծես, փնտրում է իր երջանկությունը բարձր տեղերում:

Կրկին Աբովյան փողոց: Մոտեցանք կանգառին: Մանուշակագույն ավտոբուսն էլ մոտեցավ մեզ: Այդ չարաբաստիկ ահռելի ավտոբուս առանց օգնության պարզապես չես բարձրանա: Այնպիսի տպավորություն է, որ հաշմանդամություն ունեցողների մուտքն այդ ավտոբուս խստիվ արգելված է: Աստիճանները չափազանց բարձր են չծալվող ոտքերի համար: Այդ խնդրով դիմել են քաղաքապետարան: Ասել են՝ մինչև մայիսի վերջ խնդիրը կլուծեն, կձևափոխեն, կհարմարեցնեն: Մինչև հիմա հարմարեցնում են: Արևն ասում է, որ այդ ավտոբուսը նստելիս իրեն անպայման մեկը պետք է օգնի: Իսկ մարդիկ միշտ չէ, որ բարեհաճ են իր նկատմամբ: Փոքրամարմին աղջկա հենակները հաճախ են խրտնեցնում նրանց: Խաչաձև հայացքների ներքո վերջապես նստում ենք ավտոբուս:

«Վարորդները միշտ չէ, որ համբերատար սպասում են, որ բարձրանամ: Իմ փոխարեն կարող են արագ տեղաշարժվող երկու, երեք ուղևոր ավելի վերցնել և լուծել իրենց 100 դրամի խնդիրը: Ասում են արագացրու, չես տեսնում քեզ ենք սպասում: Կամ չար հայացքով նայում են: Չեն հասկանում, որ դիտավորյալ չէ, որ դանդաղ եմ շարժվում»: Ավտոբուսում ուղևորները փորձում էին անտարբեր ձևանալ ու շատ չնայել Արևիկի ուղղությամբ, նրա ոտքերին ու հենակներին, բայց անտարբերություն ձևացնելը հեշտ չէ: Սկզբում շատ էր նեղվում այս ամենից, բայց արդեն սովորել է: «Պետք է հրաժարվել սենյակի մութ անկյունում նստելուց ու աշխարհից նեղանալուց: Հասարակությանը պետք է սանձել: Երբեմն նրանք մեղավոր չեն, որ անկիրթ են, որ համապատասխան չափով տեղեկացված չեն», - իր փիլիսոփայությունն է շարադրում Արևը, և քանի որ բոլորին վերափոխել հնարավոր չէ, նա որոշել է իր ձեռքը վերցնել գոնե շրջապատի մարդկանց դաստիարակության դժվար գործը. «Ես ինքս եմ սովորեցնում, թե ոնց վարվեն ինձ հետ»:

Մինչ Արևը պատմում էր, թե ինչպես է մարդկանց մարդ դարձնում, հասանք Մաշտոցի պողոտա, և վերջապես լքեցինք մանուշակագույն հսկային: Արևը համարձակ է, առանց բարդույթների, ինքնավստահ, հպարտ, հայրենասեր: Եթե պատերազմ սկսի, ուզում է առաջին գծում կանգնել, իր օրինակով մյուսներին քաջալերել: Անկեղծ ասած, ինձ համար դա տարօրինակ ու շատ համարձակ հայտարարություն է, բայց Արևն այնքան վստահ է արտաբերում բառերը, որ ակամայից սկսում եմ հավատալ նրան: Ազգայինի հանդեպ կրքոտ սերն էր, որ հենակները նրան տարան «Կարինի»՝ պարի ու երգի ազգային համույթի փորձերը դիտելու: Փորձերից անցավ գործի ու հիմա արդեն ազգային յոթ պար գիտի: Մի քիչ դանդաղ, բայց պարում է:

Մեր զբոսանքն ավարտում ենք Բաղրամյան-Մաշտոց խաչմերուկում: Այդ երկար ու լայն ճանաարհն անցնելու համար հետիոտնին տրվում է ընդամենը քսան վայրկյան: Որքան արագաշարժ է պետք լինել հասցնելու համար: Թե մայթեզրին ուշ մոտեցաս, կարող ես հայտնվել շուրջպար կազմած մեքենաների անիվների տակ: Ու օրենքն այլևս քո կողմից չէ: Այդ փողոցն Արևն անցավ երեսուն վայրկյանում: Մի քանի բարձր ազդանշաններ, հավանաբար, վարորդների անթաքույց վրդովմունք ու վերջ: Բայց միշտ չէ, որ այսպիսի «հեփփի էնդ» է լինում: Արևի կյանքում արդեն եղել է ճակատագրական քսան վայրկյան: Երբ դեռ տասը ամսական էր, մեծերը Արևին ձեռքից ձեռք փոխանցելուց վայր գցեցին, և մի քանի վայրկյանում փոխվեց նրա ճակատագիրը:

Այս թեմայով