17 Փետրվար 2014, 14:21
2551 |

Անիվներն անիվների վրա

Տաքսիառատ Երևանում տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ փաստի առաջ են կանգնած. գրեթե ոչ մի մեքենա հարմարեցված չէ նրանց պահանջներին: Միայն մեկ տաքսի ծառայություն է փորձում լուծել այս խնդիրը:

Երևանում, որտեղ ամեն երկրորդ մեքենան իրեն տաքսի է հռչակում, իրականում այնքան էլ հեշտ չէ որակյալ տաքսի ծառայություն գտնելը: Տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար հարցն էլ ավելի բարդ է: Այդուհանդերձ, արդեն երեք ամիս է, ինչ հաշմանդամություն ունեցող Գոհարն իր տեղաշարժի խնդիրն ամբողջովին լուծված է համարում: Հագեցած գրաֆիկով առօրյայի զգալի մասն անցկացնում է տնից դուրս. ուսմանը զուգահեռ աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, հաճախում է պարի խմբակ: Տասներկու տարեկանում հաշմանդամություն ձեռք բերելուց հետո երկու-երեք տարի տնից շատ հազվադեպ էր դուրս գալիս, անվասայլակ էլ չէր օգտագործում. «Այն ժամանակ ավելի ընդգծված էր անհանդուրժողականությունը: Հիմա էլ կան տաքսի ծառայություններ և վարորդներ, ովքեր հրաժարվում են սպասարկել, բայց կան նաև այնպիսինները, որոնք սիրով պատրաստ են աջակցել: Բացի այդ, ամեն մեքենա չէ, որ կարող է անվասայլակով մարդուն սպասարկել: Հաճախ էլ ստիպված եմ կրկնակի վճարել զուտ նրա համար, որ անվասայլակով եմ: Երբ որևէ տաքսի ծառայությունից եմ օգտվում, անպայման նախօրոք պետք է ճշտեմ՝ որքանով է մեքենան հարմարեցված»:

«Wheels on wheels» տաքսի ծառայության մասին Գոհարը տեղեկացավ Ֆեյսբուքից, հիմա հիմնական հաճախորդներից է: Շաբաթը հինգ օր պարի դասերին, երբեմն էլ համալսարան կամ աշխատանքի գնում-գալիս է Արմեն ձյաձյայի մեքենայով և նրա ուղեկցությամբ:

Արմեն ձյաձյան մշտական հաճախորդներին ոչ միայն անունով է ճանաչում, այլև գիտի յուրաքանչյուրի տան կամ աշխատավայրի հասցեն, նրա զբաղմունքը կամ հետաքրքրությունները: Wheels on wheels տաքսի ծառայության՝ Ճապոնիայից Երևան բերված երկու մեքենաները ամբողջովին հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար. նախ բացվում է մեկուկես մետր երկարությամբ հարթակը, ապա մեքենան սկսում է իջնել՝ գետնից կտրված մնալով մոտ 10 սմ-ով, ուղևորն անվասայլակով ներս է մտնում, հարթակը հետ է ծալվում, ներսում անվասայլակը գոտիներով ամրացվում է: Մեքենան ապահովված է ջերմատաքացման և սառեցման համակարգերով, wi-fi ինտերնետով, ծխելը մեքենայում արգելված է:

Ծառայությունն իր առաջին երթերը իրականացրեց անցած տարվա աշնանը: Նախաձեռնության հեղինակ Հայկ Վարդանյանին ոգեշնչել է արտասահմանյան փորձը. «Ոլորտն ուսումնասիրելու համար Մոսկվայում եմ եղել: Այնտեղ նման ծառայությունը շատ զարգացած է, քանի որ պետական աջակցություն ունեն: Առաջին կարգի հաշմանդամություն ունեցողներին տրամադրվում են հատուկ քարտեր որոշակի գումարով հենց սոցիալական տաքսի ծառայությունից օգտվելու համար»:

Բարի գործի մեջ ներգրավվեցին մի քանի բարերարներ, ովքեր պատրաստ են հոգալ մեքենայի վառելանյութի ծախսերը, սակայն բոլոր հարցերը չլուծվեցին: Հայկն ասում է, որ իրենց ծառայությունը դեռևս չի կարող որակվել որպես «սոցիալական տաքսի», քանի որ վերջինս ենթադրում է անվճար ծառայություն: Այս պահին ծառայության դիմաց հաճախորդն է վճարում, բայց ցանկություն կա առաջիկայում տաքսին անվճար դարձնել որոշակի թիրախային խմբի համար՝ որոշակի ուղղություններով: Այդ նպատակով ներկայում բանակցում են կինոթատրոնների տնօրինությունների հետ. եթե նրանք հաշմանդամություն ունեցողին ու նրա ուղեկցին տրամադրեն մեկական անվճար տոմս, սոցիալական տաքսին նրանց անվճար կհասցնի կինոթատրոն: Իսկ մինչ այդ ծառայության տնօրենին գոհացնում է ստացած պատվերների ուղղությունների բազմազանությունը՝ դասի կամ աշխատանքի, պարի կամ վարսավիրանոց: Հաճախ պատվերներ են լինում օդանավակայանից, տարբեր մարզերից, ամենահեռու երթը Երևան-Ստեփանակերտ-Երևան ուղղությամբ էր:

Մի փոքր հաջողությունն էլ բավական է, որպեսզի հաջորդեն հետագա քայլերը: Ապագայի ծրագրերում տաքսի ծառայության համար հատուկ կայք ստեղծելն է, հաշմանդամություն ունեցողների համար անհրաժեշտ կենցաղային իրերի խանութ բացելը:

Այս թեմայով