11 Օգոստոս 2014, 13:29
1879 |

Արևի հետքերով

Ծաղկունք համայնքում կիրակի օրը «Նավասարդ-Թոնրատոն» փառատոնն էր։ Խաչի Դոշ կոչվող բարձունքում՝ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ, փառատոնը հյուրընկալվում էր երրորդ տարին անընդմեջ:

Թոնիրում արև կա
Հայկական տոմարի առաջին ամիս Նավասարդի առաջին օրը (այժմ օգոստոսի 11-ը), Հին Հայաստանում տոնական է եղել: Հին ավանդույթները վերակագնելու համար «Սերունդ» հայապահպան միավորում ՀԿ-ն 2008-ից վերսկսեց նշել այդ տոնը, իսկ 2012-ին նրանց միացավ Սեդրակ Մամուլյանի «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում ու զարգացում» ՀԿ-ն։ Ու Նավասարդի հետ սկսեցին նշել նաև Թոնրատոնը: Թոնրի փառատոնը նշելու գաղափարը ծնվեց, երբ ՅՈՒՆԵՍԿՈ-ն «Քաշիկա» հայկական ուտեստը ներառեց Թուրքիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Հասկացան՝ շուտով ոտնձգություն կլինի նաեւ թոնրի նկատմամբ ու որոշեցին՝ բոլորը պետք է իմանան, որ թոնիրը ոչ թուրքական է, ոչ վրացական, ոչ էլ ադրբեջանական. թոնիրը հայկական է։ Այն մեծ նշանակություն է ունեցել հին Հայաստանում. Արեւի աստծո խորհրդանիշն էր բնակարանի մեջ։ Թոնրի մեջ ուտեստներ են պատրաստվել, թոնիրը բնակարանն է տաքացրել, որտեղ չկար տաճար, հոգեւորականները իրավունք ունեինք թոնրի շուրջ իրականացնել պսակադրության ծես: Նավասարդի ու Թոնրատան տոները համահունչ են, քանի որ Նավասարդի ծիսական ուտեստները պատրաստվել են հենց թոնրի մեջ:

Ե՜վ հաց, և՜ խրախճանք
Նախորդ տարիների պես, այս տարի եւս կիզիչ արեւը, ծառերի բացակայությունը չէին խանգարել, որպեսզի եկեղեցու տարածքը բազմամարդ լիներ: Առավոտյան 11-ից գործի անցան ութ խոհարարական խմբերը. բոցավառվող թոնիրների շուրջ պատրաստում էին ավանդական ու ժամանակակից կերակրատեսակներ: Ներկաները կարող էի խորհրդանշական գումարով գնել ու համտեսել մոտ 22 ուտեսներ՝ մետաղադրամով տարեհաց, կենդանակերպ ու մարդակերպ գաթաներ, քաշիկա, խորոված եւ այլն: Այս տարվա նորույթներից էր լցոնած գառան սիրտը, թոնրի տժվժիկը, թոնրի հալվան: Երբ բոլորն արդեն կուշտ էին, հերթը հասավ երգ ու պարին: Միջոցառման այս հատվածը վստահված էր Երեւանից Ծաղկունք ժամանած ժողովրդական երգերի կատարողներին։

Այս թեմայով