12 Հուլիս 2013, 14:19
2005 |

Արևի անարև մենությունը

Մանկությունից շատ առաջ արդեն գիտեր իր անելիքը՝ ապրել և լույս տալով վառվել, մի հարատև ինքնասպանությամբ կյանք սփռել շուրջը:

Արևը մրսում էր: Տաք էր դեռ, ուժերը չէին սպառվել, բայց մրսում էր: Մրսում էր, որովհետև վերջերս չգիտես ինչու տալիս էր ավելին, քան պետք էր, վառում էր ավելի ուժգին, քան երբևէ: Արևն ապրել էր ուզում: Ապրել էր ուզում, որովհետև պարտավո՛ր էր ապրել և ապրեցնել անհունի մեջ կախված մոլորակի մարդկանց:

Մի անմեկնելի տագնապ բազմապատկել էր նրա կրակե եռանդը: Հարաճուն մոլուցքով պայթեցնում էր իր ընդերքում պահ տված վերջին լիցքերը, արևային փոթորիկները մեկը մյուսի հետևից հասնում էին Երկրին:

Մարդիկ, իհարկե, չհասկացան՝ ինչ է կատարվում: Մոլոր անգիտության մեջ նրանք հերթական անգամ հանձնվեցին մի նոր առասպելի, թե իբր ահա համընդհանուր տաքացում է չոքել իրենց գլխին: Հավերժական սառույցների հալոցքը մարդկանց մեջ մութ ատելություն բորբոքեց Արևի հանդեպ: Բանաստեղծները դադարեցին փառաբանել նրան, սիրահարներն այլևս սիրած էակին չէին համեմատում Արևի հետ, նույնիսկ բոլոր գրքերից հանեցին Աստծո Որդու արևային մակդիրները և առհասարակ ջնջեցին «արև» բառը:

Արևը տխրեց: Տխրեց ոչ այնու, թե ինչու են այդպես վարվում մարդիկ, այլ թե ինչն է կեղեքում իրեն, և որն է իրեն խենթացնող տագնապը: Տառապանքը նրա թեժանում էր, որովհետև մանկությունից շատ առաջ արդեն գիտեր իր անելիքը՝ ապրել և լույս տալով վառվել, մի հարատև ինքնասպանությամբ կյանք սփռել շուրջը: Եվ Մեծ Ժամանակի մեջ առաջին անգամ Արևն ինքը կարոտեց մի ուրիշ Արևի, և նրա գոյությանը հավատաց նույնքան, որքան՝ անգոյությանը:

Նայեց շուրջը: Գուցե գտնի՞ նրան՝ Մյուս Արևին: Բայց անթիվ-անհամար աստղերը հեռու էին, շա՜տ էին հեռու: Նրանք օգնության չէին գա, իսկ ինքը չէր լքի դիրքը և միլիարդավոր տարիներ հետո՝ մեռնելիս, ինչպե՞ս պիտի նայեր նրանց մարած աչքերին, չէ՞ որ նրանք էլ մի-մի արև էին և գուցե իրե՛ն ք էլ հենց հիմա տառապում են իր պես: Արևին պատեց Մենությունը, արևի անարև մենությունը:

Շողշողուն հայացքը հառեց Երկրին: Մի պահ կանգ առավ. հասկացավ, որ սարսափելի որոշում է ընդունել: Նա պիտի կյանք առներ նրանցից՝ մարդկանցից, ում կյանք է տվել: Մարդեղանալ, իջնել Երկիր և փրկության ելք փնտրել այնտեղ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին՝ Մեծ Կենտրոնի Գլխավոր Եռանդուժը, ում մարդիկ գիտեն Հիսուս անունով: Արևը ցնցվեց, երբ հիշեց այդ Մեծ Եղելությունը: Չէ՞ որ Հիսուս եկել էր Երկիր ոչ թե փրկվելու, այլ փրկելո՛ւ մարդկանց:
Եվ Արևը ժպտաց ու շարունակեց շողալ, իսկ Երևանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը՝ 16, ցերեկը՝ 36 աստիճան տաքություն:

Այս թեմայով