10 Հուլիս 2013, 23:35
777 |

Զատեք ձեզ, ստեղծեք նորը

«Երբ սիրելիիդ հետ գնում ես սարի լանջին մայրամուտը դիտելու, երբեք նրան չես հարցնի` ինչ իմաստ կա մայրամուտի մեջ: Կամ երբ լսում ես Վիվալդիի «Տարվա եղանակները», չես մտածում` ինչ իմաստ կա դրա մեջ, պարզապես վայելում ես: Նույնն էլ լավ ֆիլմերն են: Դրանք ձեր գիտակցության համար չեն, պետք չէ փորձել հասկանալ»:

Դոսյե
Գոդֆրի Ռեջիոն կինոռեժիսոր է, փորձարարական դոկումենտալ ֆիլմերի հեղինակ: Առավել հայտնի է իր «Կացի» եռապատումով` «Կոյանիսկացի», «Պովակացի», «Նակոյկացի»:  Ծնվել է 1940-ի մարտի 29-ին Նոր Օրլեանում: 14 տարեկանում դարձել է վանական, անցել կաթոլիկների շարքերը: Կյանքի հաջորդ 14 տարիներն ապագա ռեժիսորն անցկացրել է աղոթելով: Վանքը լքելով` Ռեջիոն զբաղվել է ակտիվ հասարակական ու ստեղծագործական գործունեությամբ: 

 

«500 տարի առաջ իսպանացիներն առաջին անգամ ափ իջան Ֆլորիդայում և տեսան բնիկ ամերիկացիներին: Դա հոյակապ էր, քանի որ նման էր հանդիպման այլմոլորակայինների հետ: Բայց հետաքրքիրն այն է, որ երբ մտան տեղաբնակների գյուղը, ոչ մի հնդիկ չնկատեց նրանց ներկայությունը: Նույնը տեղի է ունեցել նաև Ինդոնեզիայում, երբ հոլանդացիները հայտնաբերեցին այն: Առանց ձեզ վիրավորելու եմ ասում, մենք չեք տեսնում այն աշխարհը, որտեղ ապրում եք: Ու խնդիրը մեր լեզվի մեջ է: Աշխարհը, որ մենք տեսնում ենք հայերեն, լրիվ այլ է, քան եթե դրան նայենք իսպաներենի պրիզմայի միջով: Քսաներորդ դարասկզբին կար երեսուն հազար լեզու ու բարբառ, իսկ հիմա միայն չորս հազար: Դա ապշեցուցիչ է, քանի որ 20-րդ դարասկզբին երկրագնդի վրա ապրում էր 1,7 միլիարդ մարդ, հիմա` 7 միլիարդ: Եթե իմ ասածը ճիշտ է, ապա ամենակարևոր բանը, որ պետք է անենք, մեր լեզուն ու աշխարհը նորից բացահայտելն է: Ես այս նոր աշխարհը կկոչեմ նոր տեռա-աշխարհ: Մենք ապրում ենք երկու երկրում միաժամանակ` հին և նոր բնությունների գրկում: Հին աշխարհում միասնություն են ստեղծում տարբերությունների հիման վրա: Հին բնության գեղեցկությունը նրանում է, որ միասնությունը կազմված է տարբերություններից` տարվա տարբեր եղանակներ, տարբեր մարդիկ, տեսակետներ: Մեր աշխարհում` նոր աշխարհում, միասնությունը միանմանության մեջ է ՝ մեկ մարդ, մեկ մոտեցում, մեկ փիլիսոփա... Ինչպիսի հիմարություն: Ուզում եմ ձեզ ներկայացնել հին ու նոր աշխարհները: Հին աշխարհը շնչում է, նորն անշունչ է: Հինը հորիզոն ունի, նորը՝ ոչ: Հինը ռեալ է, նորը՝ վիրտուալ: Հինը խոսում է բառերի միջոցով, նորը՝ թվերի` 1ու 0: Հին աշխարհում ամեն ինչ մեկանգամյա է, նորում՝ մեդիայի միջոցով բազմացված: Հինը հիշողություն ունի, նորը՝ դատա: Հինն ունի արև, մենք ունենք էներգետիկ ընկերություններ: Հինը օրգանիկ է, նորը՝ սինթետիկ: Հին աշխարհը երկրագնդի վրա է, նորը՝ նրանից դուրս:

Մենք այս նոր աշխարհում ենք ապրում: Տեխնոլոգիան մեր նոր աստվածն է: Մենք վստահ ենք, որ մենք ենք տեխնոլոգիան օգտագործում: Կարծում ենք, որ այն չեզոք է: Ոչ լավ է, ոչ` վատ, այլ ծառայում է մեր նպատակներին: Բայց տեխնոլոգիան այն չէ, ինչ պարզապես օգտագործում ենք. մենք շնչում ենք դրանով: Իմ ասածն այն չէ, թե ինչպես է տեխնոլոգիան ազդում շրջակա միջավայրի վրա, այլ` մեզ վրա ինչ հետք է թողնում: Տեխնոլոգիան կյանքի նոր տերն է` տանտերը: Այն ամենը, ինչ նախկինում ասում էինք Աստծո մասին, հիմա կարող ենք միանշանակ ասել տեխնոլոգիաների մասին: Տեխնոլոգիան խոստանում է հարմարավետություն, հանգստություն, երջանկություն: Իրականում այն ուժ և վերահսկողություն է:

Ես 6 տարի առաջ եղել եմ Երևանում: Փոփոխությունն ակնհայտ է: Երևանը նմանվում է աշխարհի մնացած բոլոր քաղաքներին: Երևանն ընդգրկվել է գլոբալիզացիայի ընդհանուր հոսքում, միացել աշխարհի լոսանջելոսացմանը: Նույն քաղաքները, նույն նորաձևությունը, ամեն ինչ նմանվում է, յուրահատկությունն է կորչում: Ինչպես Հիսուսն է ասել շատ վաղուց` մենք կարող ենք լինել այս աշխարհի մեջ, բայց ոչ դրանից դուրս: Որպես կինոբեմադրիչ եմ ձեզ ասում` առանց նեգատիվի պոզիտիվ չես ստանա:

Մենք պետք է վեր կենանք ու տեսնենք  այն աշխարհը, որտեղ ապրում ենք: Առօրյան նկատելն ամենադժվարն է: Դա նման է ծառերի հետևում անտառը չտեսնելուն: Իմ ֆիլմերը նպատակ չեն հետապնդում ազդել ձեր գիտակցության վրա, այլ ֆիլմեր են հոգու համար: Պետք չէ հասկանալ ֆիլմերը, պետք է զգալ: Ֆիլմերը ձեր գիտակցության համար չեն, պետք չէ փորձել հասկանալ: Այն կինոն, որ հատուկ նպատակով չի ստեղծվում, ամենակարևորն է:

Ես կարող եմ օգտագործել տեխնոլոգիան  տեխնոլոգիայի դեմ: Իմ աշխարհը միայն գլոբալ աշխարհը չէ. դա նաև իմ հարաբերությունն է այդ աշխարհի հետ: Կյանքը սև-սպիտակ չէ. այն սև է և սպիտակ: Մենք մեզ կարող ենք տեսնել միայն, երբ այլոց տեսանկյունից նայենք: Երբ ձեր սիրելիի հետ երեկոյան հեռուստացույց եք նայում, նայեք ձեր կողակցին. դուք զոմբի կտեսնեք. տեխնոլոգիայի գերին ենք մենք: Անհնար է Երկրագնդից դուրս գտնվել, իսկ Երկրագունդը տեխնոլոգիայի իշխանության ներքո է: Ասում եմ՝ զատեք ձեզ այս աշխարհից և ձերը ստեղծեք»:

Այս թեմայով