09 Հուլիս 2013, 22:37
1051 |

Կինը՝ կինոյում. պայքար ատելության դեմ

«Ես ատելության շատ եմ հանդիպել: Ֆիզիկական բռնություն, իհարկե, չի եղել: Բայց հոգեբանական ճնշումներին դիմակայելն էլ հեշտ չէր: Քննադատներն իմ ֆիլմերից հետո գրում էին, որ ես ֆինանասավորում եմ գտել զուտ կին լինելուս շնորհիվ ու միջոցով: Գրում էին շատ ավելի կոպիտ ու գռեհիկ: Պայքարը շատ դժվար էր, բայց ես չհանձնվեցի ու շարունակեցի ֆիլմեր նկարահանել»:

Դոսյե
Մարգարեթե ֆոն Թրոթան ծնվել է 1942-ին Բեռլինում: 70-ականներից ի վեր գերմանական կինոյի կարևորագույն կին ռեժիսորներից է և այդ ընթացքում հասցրել է նաև անվանի դերասանուհի դառնալ: Այժմ հիմնականում զբաղված է սցենարներ գրելով և ռեժիսորական աշխատանքով:

 

«60-ականների սկզբի Գերմանիայում կինոյի Նոր ալիք չկար: Այդ ժամանակ գնացի Փարիզ ու ծանոթացա Ֆրանսիական Նոր ալիքի ներկայացուցիչներին: Օրերով դուրս չէի գալիս կինոթատրոնից: Այն ժամանակ մենք կարող էինք մեկ տոմս գնել ու մինչև հաջորդ առավոտ մնալ կինոդահլիճում: Տասնյակ ֆիլմեր դիտեցի: Բայց ինձ ամենից շատ հուզեցին Ինգմար Բերգմանի և Հիչկոկի ֆիլմերը: Այնտեղ կար ամեն ինչ` գեղեցիկ պատկեր, երաժշտություն, փիլիսոփայություն, խորը հոգեբանություն: Այդ ֆիլմերը ոգևորեցին ինձ: Որոշեցի` որպես կին ինքս էլ իմ ճանապարհը հարթել կինոյում, ստեղծել խորը, հեղինակային ֆիլմեր:

Այդ տարիների Գերմանիայում ես անգամ չէի կարող բարձրաձայն ասել, որ ուզում եմ ֆիլմ նկարահանել: Ինձ խենթի տեղ կդնեին: Որոշեցի կինոյում ճանապարհս սկսել որպես դերասանուհի: Ընդունվեցի դերասանական կուրս, սովորեցի, խաղացի դերեր թատրոնում, հետո էլ մի քանի շնորհալի ռեժիսոր գտա և նկարահանվեցի նրանց ֆիլմերում: Հաջողացրեցի անգամ ամուսնանալ նրանցից մեկի` Շլյոնդորֆի հետ: Ես ապրում էի նրա հետ, սովորում, հետևում, նրա հետ գնում նկարահանման հրապարակ, նրան հարցեր ուղղում աշխատանքի ամենաթեժ պահին, մոնտաժային սենյակում և անգամ տանը: Բայց ես նաև սիրում էի նրան: Շլյոնդորֆի մոտ կինոարտադրության յուրահատուկ ասպիրանտուրա անցա: Ես օգնում էի նրան սցենարներ գրել: Եվ մի օր ինձ պատրաստ զգացի ֆիլմ նկարահանելու համար: Նկարահանեցի իմ առաջին ֆիլմն ու այլևս երբեք ոչ մի ֆիլմում չխաղացի: Ի դեպ, ֆիլմերում նկարահանվել եմ նաև այնպիսի դերերում, որոնք իրականում ինձ չէին հետաքրքրում, բայց ուզում էի աշխատել այդ ռեժիսորի հետ, և համաձայնում էի: Այդ փորձն ինձ օգնել է հետագայում ավելի լավ լեզու գտնել դերասանների հետ: Ես իմ ուսանողներին էլ եմ խորհուրդ տալիս ռեժիսոր դառնալուց առաջ իրենց փորձել դերասանի կարգավիճակում, քանի որ այդպիսով զգում ես քեզ տեսախցիկի դիմաց, հասկանում դերասանների հոգեբանությունն ու ավելի հանդուրժող դառնում:

Ես չեմ սովորել կինո նկարահանել: Իհարկե, կուզենայի սովորել կինոդպրոցում, բայց դրա համար բավարար գումար չունեի: Ես սովորել եմ նկարահանելու ու նկարահանվելու ընթացքում: Միլիոնավոր հարցեր էի տալիս ռեժիսորներին, օպերատորներին, տեխնիկական անձնակազմին:

Երբ նոր էինք սկսում ֆիլմ նկարահանել, բոլորս աղքատ էինք, բայց մեզ միավորում էր կիրքն ու ֆիլմ նկարահանելու անհագ ցանկությունը: Մենք հեռու էինք Հոլիվուդից ու ստիպված էինք խնայել ամեն ինչի վրա: Օրինակ, Ֆասսբինդերը միշտ գիտեր` ինչից հետո որ կադրն է դնելու, ու շատ խնայողաբար էր ժապավենն օգտագործում: Ես սովորել եմ նրանից այդպես աշխատել: Հիմա նոր տեխնոլոգիաներով ու թվային տեսախցիկներով մենք կարող ենք նկարահանել ինչ ուզենք ու որքան ուզենք: Բայց ես դեռ շարունակում եմ նկարահանել դասական տարբերակով. փորձում եմ ի սկզբանե որոշել՝ ինչ եմ ուզում ստանալ: Մինչդեռ հիմա ռեժիսորները նկարում են գեղեցիկ մայրամուտը, հետո միայն մտածում՝ ինչպես օգտագործել ֆիլմում:

Ես ֆիլմ էի նկարահանում Բեռլինի պատի մասին: Ինձ կառուցման ու քանդման կադրեր էին պետք: Սկզբում դիտեցի կառուցման կադրերը, երբ դեռ աշխատում էին 16 մմ-ով, և կադրերն այնքան խորն էին, այնքան հուզիչ: Հետո դիտեցի 89-ի կադրերը, որոնք արդեն վիդեոյով էին նկարահանված. ոչ մի իսկապես խորը ու հուզիչ կադր չգտա: Ամեն ինչ մակերեսային էր: Ես նախընտրում եմ նախորդ սերունդի աշխատելաոճը, երբ հստակ գիտեին՝ որտեղ կանգնել, ինչ լույսի ու անկյան տակ նկարահանել մաքսիմալ ազդեցություն, խորություն ստանալու համար:

Իմ ֆիլմերի մեծամասնության սցենարը ինքս եմ գրում: Երբ սկսում եմ գրել, արդեն տեսնում եմ ապագա կադրերը: Իհարկե, ոչ ամբողջությամբ, քանի որ մենք չունենք ստուդիայում նկարահանելու հնարավորություն, ինչպես ուներ, օրինակ, Հիչկոկը: Մենք սցենար ենք գրում, հետո սկսում տեղանքը փնտրել: Շատ կարևոր են նաև այն գանձերը, որ կբերեն դերասանները. օրինակ` Բարբարա Սուկովան: Նա կարող է մեկ վայրկյանում ֆիլմին տալ ավելին, քան դու կարող էիր ստանալ տասը էջ սցենար գրելով:

Կինոաշխարհ մտնելու սկզբնական շրջանում ես ֆեմինիստ էի: Ըստ իս, ֆեմինիզմը պայքարն է հանուն կանանց, որոնք չեն կարողանում ինքնուրույն պայքարել: Իմ վերջին ֆիլմի հերոսուհին՝ Հաննա Արենդտը, ֆեմինիստ չէր, բայց այնքան ուժեղ կին էր, որ դարձավ ֆեմինիզմի խորհրդանիշ ամբողջ աշխարհի կանանց համար: Եթե այս ուղղությունն ես ընտրում, պետք է պատրաստ լինես ատելության հանդիպելուն. քեզ կատեն, կատեն քո տեսակետն ու քո պայքարը: Ես ատելության շատ եմ հանդիպել: Ֆիզիկական բռնություն, իհարկե, չի եղել: Բայց հոգեբանական ճնշումներին դիմակայելն էլ հեշտ չէր: Քննադատներն իմ ֆիլմերից հետո գրում էին, որ ես ֆինանասավորում եմ գտել զուտ կին լինելուս շնորհիվ ու միջոցով: Գրում էին շատ ավելի կոպիտ ու գռեհիկ: Պայքարը շատ դժվար էր, բայց ես չհանձնվեցի ու շարունակեցի ֆիլմեր նկարահանել»:

Այս թեմայով