08 Հուլիս 2013, 23:24
949 |

Կինոլեզվի այբուբենը

Կինոն իրականությունն է, որ ստեղծվում է մեր աչքի առջև, և չի կարելի իրականության մասին խոսել անցյալ ժամանակով: Կինոն կենդանի էակ է` իր վախերով, ավանդույթներով, գիտակցությամբ ու գաղտնիքներով: Ես իմ ուսանողներին սովորեցնում եմ սցենար գրելու ոսկե կանոնը. այն պետք է ունենա հստակ սկիզբ, մեջտեղ և ավարտ: Եթե դրանցից մեկը թերի է, կինոյի աշխարհը չի ստեղծվի:

Դոսյե
Ռուս կինոսցենարիստ ու դրամատուրգ Պավել Կոնստանտինովիչ Ֆինը ծնվել է 1940-ի հունիսի 28-ին Մոսկվայում: 1962-ին ավարտել է ԿՊՀԻ-ն (ВГИК): Աշխատել է որպես լրագրող վավերագրական ֆիլմերում ու հեռուստատեսությունում: 1968-ից գրում է խաղարկային ֆիլմերի սցենարներ: Ավելի քան 20 տարի դասավանդում է Սցենարիստների ու ռեժիսորների բարձրագույն կուրսերում, գլխավորում է ռեժիսորների արհեստանոցը: Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ է: 

 

«Ես անտարբեր չեմ ձեր քաղաքի հանդեպ: Շատ վաղուց, երբ դուք դեռ չկայիք, ոչ էլ անգամ ձեր ծնողները, ես այստեղ դպրոց եմ հաճախել: Սիրում եմ Երևանն ու ամեն անգամ հաճույքով եմ վերադառնում: Նաև սիրում եմ, երբ մեր դասընթացներին հայեր են ընդունվում` Երևանից ու ոչ միայն: Առաջինը, ինչ ես ասում եմ իմ ուսանողներին` կինոմատոգրաֆ սովորեցնելն անհնար է, բայց սովորել` հնարավոր է: Ձգտում ունեցող ուսանողը կարող է սովորել կինոյի այբուբենը, իսկ մնացածը ժամանակի ու շնորհքի հարց է: Կինոյի հիմքում շատ հստակ սխեմա է դրված` դրամատուրգիան: Հաճախ ուսանողներ են ընդունվում` ոչինչ չիմանալով կինոյի մասին, լատիներենով դա «տաբուլառասա» է կոչվում: Բայց ավարտում են` որպես Կաննի մասնակիցներ: Կինոն լեզու ունի, խոսում է: Կարող եք հասկանալ, կամ` ոչ, բայց զգալ պարտավոր եք: Մենք սովորեցնում ենք կինոլեզվի տառերը, հնչյունները` կադր, տեսախցիկի շարժում, ռակուրս, մոնտաժ, խոշոր ու ընդհանուր պլաններ: Այս ամենը կինոլեզվի հիմքն են: Դուք սա տեսնում եք էկրանին, բայց ուշադրություն չեք դարձնում: Մենք մեր ուսանողներին սովորեցնում ենք նկատել այդ ամենը:

Տեխնիկական առաջնթացը միանշանակ ազդում է կինոլեզվի վրա: Այլ հարց է` լավ, թե` վատ: Կարծում եմ` խոսքը միայն փչացնում է կինոն: Հին ու բարի սև-սպիտակ համր ֆիլմերից լավ ֆիլմ, ըստ իս, դեռ չեն նկարահանել: Էֆեկտները խլում են կինոյի հիմնական ուժը` մարդկայնությունը, մարդու վրա կենտրոնացումը: Հիշեք իտալական նեոռեալիզմը, առաջին, հետո էլ երկրորդ նոր ալիքները, երբ ֆիլմի առանցքում մարդն էր, նրա ապրումները, ներաշխարհի բացահայտումը: Միայն պլաստիկայի լեզվով կինոյի լավ իմացությունն է թույլ տալիս նկարահանել իսկապես լավ ֆիլմեր, որոնք մեզ հուզում են: Ես ձեզ որպես սցենարիստ եմ ասում, որքան քիչ խոսք լինի ֆիլմում, այնքան լավ, իսկ եթե խոսք չկա, դա ամենալավ տարբերակն է:

Օպերատորները վստահ են, որ ֆիլմարտադրության մեջ ամենակարևոր դերը նրանցն է: Եվ չեն սխալվում: Առաջինը հենց նրանք են տեսնում այն, ինչ հետագայում տեսնելու է հանդիսատեսը: Սակայն իրականում ամենակարևոր մարդը ռեժիսորն է: Այդ նա է խոսում հանդիսատեսի հետ: Մնացյալը` սցենարիստը, օպերատորը, մոնտաժողը, միայն միջնորդներ են: Տարկովսկին վստահ էր, որ կինոյի էությունը անիմացիան է. այստեղ ռեժիսորի ու հանդիսատեսի միջև միջնորդներն ավելի քիչ են: Յուրաքանչյուր իսկապես մեծ ֆիլմ ռեժիսորի խոստովանությունն է: Մենք բոլորս միայն սպասարկում ենք ռեժիսորին:

Ես իմ ուսանողներին սովորեցնում եմ սցենարները միշտ ներկա ժամանակով գրել: Կինոն իրականությունն է, որ ստեղծվում է մեր աչքի առջև, և չի կարելի իրականության մասին խոսել անցյալ ժամանակով: Կինոն կենդանի արարած է` իր վախերով, ավանդույթներով, գիտակցությամբ ու գաղտնիքներով: Ես իմ ուսանողներին սովորեցնում եմ սցենար գրելու ոսկե կանոնը. այն պետք է ունենա հստակ սկիզբ, մեջտեղ և ավարտ: Եթե դրանցից մեկը թերի է, կինոյի աշխարհը չի ստեղծվի»:

Այս թեմայով