06 Հունիս 2013, 13:11
4123 |

Աժդահակ՝ վիշապների որջ

Աժդահակը Գեղամա լեռների ամենաբարձր հանգած հրաբուխն է` 3596 մ ծովի մակերևույթից : Այն բաժանում է Սևանա լճի ավազանն Արարատյան դաշտից: «Աժդահակ» նշանակում է «հսկա» և «վիշապ»: Այս երկուսից որն էլ կրի լեռը, պարզ է, որ վիշապներներն այստեղ անմասն չեն եղել:

Ամառային քոչվորական բնակատեղիից, որտեղ հովիվները միշտ ուրախությամբ ճամփորդներին սառը մածուն կամ թան են հյուրասիրում, ձգվում է ձորի ժայռերի միջև սեղմված զառիվեր արահետը: Ժայռերը գնալով ավելի են մոտենում՝ ասես սպառնալով ճզմել ճամփորդին:

Ժայռաբեկորների պատը փակել է ճանապարհը: Շարունակում ենք՝ մագլցելով ու երբեմն հայացքով անդունդը գահավիժող քարերին հետևելով: Ամռան համար անսովոր քամու պոռթկումները ստիպում են կծկվել:

Մեր ջանքերի համար շուտով վարձատրվեցինք. հայտնվեցին զմրուխե խոտի վրա արածող կովերով ալպիական մարգագետինները ՝ ճիշտ ինչպես շվեյցարական պանրի գովազդում. սառցադաշտերից սկիզբ առնող առվակներով մասերի բաժանված մարգագետիններ, ալպիական վառ ծաղկադաշտ ու կատարյալ մենություն:

Այս երանելի տեսարանի ավարտը նույնքան անսպասելի է, որքան սկիզբը՝ հայտնվեցին իրար վրա կուտակված ժայռաբեկորները, որոնք հաճախ այնքան սուր են, որ կարող են նույնիսկ կոշիկների կտրել: Ճանապարհի այս հատվածը պետք է շատ զգույշ անցել. այստեղ կոտրվածքներ ու հոդախախտեր նույնիսկ փորձառու զբոսոշրջիկներն են ունեցել:

Հաջողությամբ ու առանց կորուստների անցնելով այս վտանգավոր մասը՝ սկսում ենք բարձրանալ վառ կարմիր չեչաքարոտ սրսուռ լանջը: Գետինն այնքան փխրուն է, որ մինչև ծնկներդ խրվում ես մեջը, երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ ես անում: Քայլելը դժվարանում է նաև քամու ուժգին պոռթկումների պատճառով:

Հոգնեցուցիչ վերելքից հետո վերջապես հասանք բաղձալի գագաթին, որտեղից բացվեց բարձրավանդակի հրաշալի տեսարանը. Սևանը աչքերիդ առաջ հայտնվում է ամբողջությամբ (սա կարծեմ միակ տեղն է, որտեղից կարելի է տեսել ամբողջ լիճը):

Ներքևում՝ հրաբխային խառնարաններից մեկում, կլոր, անբնական կապույտ լիճն է: Քամուց պատսպարվում ենք չեչաքարի մեծ կտորներով զբոսաշրջիկների սարքած Ո-աձև անկտուր կացարանում: Այստեղ էլ մի փոքր ճաշում ենք խնձորներով ու կոնֆետներով:

Մինչև լիճն իջնելու համար պահանջվում է տասից տասնհինգ րոպե: Բոլորը գրեթե միաժամանակ ձեռքերը մտցնում են սառը ջրի մեջ' ասես համոզվելու, որ դրանք չեն ներկվի երկնքի կապույտով:

Լիճը հարավից երիզող փոքր սառցադաշտը անդադար սնում է այն թարմ ջրով:

Անցյալում տեղի բնակիչները կարմրախայտ են բաց թողել ջրի մեջ: Ձուկը հիմա բազմացել է ու հաստատվել լճում:

Աչքի համար այնքան անսովոր է կարմիր չեչաքարի, սպիտակ սառցադաշտի ու լազուր երկնքի համադրությունը, որ մեզ ամբողջ ժամանակ թվում է, թե անիրական աշխարհում ենք: Իսկ քարերի տարօրինակ ձևերը վիշապներ ու այլ հրեշներ են հիշեցնում: Մտաբերում ենք Աժդահակ անվան հետ է կապված լեգենդը, որի համաձայն առասպելական վիշապը քնի մեջ հայտնվում է պարսից շահին ու կործանում նրա մայրաքաղաքը՝ նախանշելով Հայաստանի վրա կատարելիք արշավանքի ձախողումը:

Շարունակում ենք ճանապարհը: Վառ կարմիր լեռան գագաթից տեսնում ենք երկրորդ լիճը: Սառցադաշտն այստեղ ավելի մեծ ու գեղատեսիլ է: Մոտիկից այն նույնիսկ նմանվում է մարդկային կերտվածքի. միայն նրա խորդուբորդ մակերևույթին դիպչելով ես համոզվում, որ սառույց է:

Սկսում է մթնել. ժամանակն է մտածել գիշերելու տեղի մասին: Հին խառնարանի հատակին արագ հայտնվում է երկու թեթև վրան՝ տալով նրան բնակելի տեսք:

Մայրամուտի ցոլքերի մեջ տղաներից մեկը արջ տեսավ, որ հարևան լեռան լանջից մեն-մենակ իջնում էր մեր ուղղությամբ: Ի՞նչ անեինք: Արագահաս մթության մեջ ճամբարի տեղը փոխելը վտանգավոր էր . որոշեցինք միջոցներ ձեռնարկել, որ արջը չմոտենա: Առաջին հերթին վրանները շրջապատեցինք չեչաքարի մեծ կտորներով, հետո ուտելիքը ճամբարից հեռու տարանք, որ կենդանուն չգայթակղենք: Այնքան էինք լարված, որ մինչև կեսգիշեր ոչ մեկս չկարողացավ աչք փակել:

Գիշերը եղանակը կտրուկ փոխվեց: Ուժեղ քամի վրա տվեց, հետո հանկարծ սոսկալի մի կայծակ ճայթեց երկնքում: Լույսն այնքան ուժեղ էր, որ նույնիսկ վրանի ներսում քիչ էր մնում կուրանայինք: Ամպրոպի թնդյունը բոլորիս ոտքի հանեց: Մի րոպե հետո վրանների վրա կարկտով ուղեկցվող սաստիկ անձրև տեղաց: Մեզ թվաց՝ երկինքն ինքն է որոշել կործանել հանդուգն եկվորներին: Քնել կարողացանք միայն առավոտյան' վեցի կողմերը, երբ Աժդահակի չարքերը, վայելելով մարդկանց անզորությունը, որոշեցին հանգստանալ:

Առավոտյան հաշվեցինք պաշարին հասցված վնասը (գիշերային հյուրը միայն երշիկ էր փախցրել) ու շարունակեցինք ճանապարհը դեպի քարակարկառները՝ Սառցե դարաշրջանի վերջում ահռելի սառցադաշտի սահքի արդյունքում ձևավորված քարի շերտերը: Բնությունն այստեղ վայրի է՝ մարդու ձեռքը ոչնչի չի դիպչել, ինչպես Քարե դարում. տասնյակ հազարավոր տարիների ընթացքում այստեղ գրեթե ոչինչ չի փոխվել, այնպես որ տեղափոխվում ես ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ: Եթե տրվես երևակայությանդ, ակամա քեզ այս խորհրդավոր աշխարհն ուսումնասիրող նախնադարյան որսորդ կզգաս:

Փոքր խումբն արդեն համարյա հասել էր քարակարկառներին, երբ հանկարծ մոտակայքում հաչոցներ լսեցինք: Մեր առջև հայտնվեց չորս կովկասյան հովվաշուն, որոնք գռմռալով շրջապատեցին մեզ՝ բացառելով ցանկացած առաջընթաց: Ադրենալինը սկսեց խեղդել: Հսկա գազանները (դրանց այլ կերպ չես անվանի) դադարեցին հաչալ ու նստեցին հետևի թաթերի վրա՝ լուռ հսկելով մեզ: Մոտ տասը րոպե հետո ոչխարների հոտի հետ հայտնվեց տերն ու քշեց շներին. հանգիստ շունչ քաշեցինք: Սկսվում է պարզ զրույց եղանակի, կյանքի մասին: Ծերունին ավելի շատ լսում է ու գլխով անում: Միայն հարցում է, թե ով ենք, որտեղից ենք, ուր ենք գնում: Բանիմաց տեսքով տմբտմբացնում է գլուխը, երբ իմանում է, որ զբոսաշրջիկ ենք: Բայց զգացմունքներ չարտահայտող դեմքին, միևնույնն է, զարմանք է հայտնվում՝ ինչու են այս մարդիկ, քաղաքի հարմար ու փափուկ կյանքը թողած, այս խուլ տեղը եկել: Քչախոս հովիվը մեզ բարեմաղթանքներով ճանապարհ է դնում ու հորդորում զգույշ լինել. մոտակայքում նախորդ օրը գայլերը ոչխար են քրքրել. hիշում ենք գիշերվա հյուրին:
Ահա և հասանք նախնադարյան ցուցասրահ՝ իրար վրա խառը կուտակված 150-200 մետրանոց գլաքարերին:

Բայց չինգիլը (տեղացիներն այսպես են անվանում քարակարկառները) դժկամորեն է բացում իր գաղտնիքները: Մի լավ չարչարվեցինք՝ թռնելով մի քարից մյուսի վրա, փորձելով չինգիլի խորքում ժայռապատկերներ գտնել: Գիտնականները պնդում են, որ քարերի վրա պատկերված տեսարանները լոկ կենցաղային կամ որսորդական չեն. շատերը որպես պաշտամունք են ծառայել ու հիմա մեզ բնության ուժերի, ոգիների, աստվածների, աշխարհի կառուցվածքի մասին հին մարդու պատկերացումների մասին տվյալներ են տալիս:

Նեոլիթից մինչև Բրոնզե դար ժամանակահատվածում արված պատկերները, որպես կանոն, զետեղված են քարերի կապտասպիտակավուն մակերերևույթի վրա (զբոսաշրջիկներն այն «լեռնային արևայրուք» են անվանում):

Տեղի բնակչությունը չի գնում դեպի չիլինգները. մի տեսակ սնահավատ վախ ունի:

Հարևան օբայում (թրք.՝ oba – քոչվորի կացարան, թրգմ.) (այստեղ այդպես են անվանում ամառային արոտավայրերը) մեզ ասացին, որ գիշերները հաճախ տեսել են չինգիլներից ուղղահայաց բարձրացող լույսի սյուն, որը մոտենալուն պես անհետացել է:

Ընդունեցինք հովիվների հրավերն ու մտանք մեծ զինվորական վրանը, որտեղ վառարանի մոտ (երեկոներն այստեղ սառն են) երկու նորածին հորթ ու չորս երեխա էր տաքանում: Հյուրասեր տանտերերը միանգամից հրամցրին մեզ իրենց պարզ սնունդը՝ ոչխարի պանիր, թան, լավաշ, որոնք մեզ ընտիր ճաշատեսակներից էլ համեղ թվացին:

Վերադառնալու ժամանակն է: Հին բեռնատարի թափքի մեջ վեր-վեր թռնելով՝ ընթանում ենք միայն վարորդի համար տեսանելի ճանապարհով ու վերջին հայացքը գցում հինավուրց գաղտնիքներ պահպանող վիշապների որջին՝ ամպրոպաբեր ամպերի մեջ կոլոլված Աժդահակին:

Այս թեմայով