29 Մայիս 2013, 11:05
13232 |

Դադիվանքի առեղծվածը

Կան վայրեր, որոնք գրավիչ և հետաքրքիր լինելուց բացի, առանձնահատուկ ազդեցություն ունեն, և՛ գրավում են, և՛ վախեցնում, ո՛չ լինում է գնալ, ո՛չ էլ այնտեղ երկար մնալ: Արցախի Դադիվանքը հենց այդպիսին է:

Տարիներ առաջ առաջին անգամ գնացի Դադիվանք, որի մասին գիտեի միայն հետևյալը. «Դադին մեկն էր այն 70 մարդկանցից, ովքեր սուրբ Թադևոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հյուսիսային շրջաններ: Աբգարի ձեռքով սպանվելուց հետո նրան թաղեցին Փոքր Սյունիքում, որտեղ էլ հետագայում վանք կառուցեցին ու անունը նրան պատվին Դադի դրեցին»: Այսպես է գրում միջնադարյան պատմիչ Միքայել Ասորին: Դադին մահացել է 1-ին դարի երկրորդ կեսին, ճիշտ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը նոր էր սկսում տարածվել: Վանական համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, իսկ 5-րդ դարում'դարձել եպիսկոպոսի նստավայր:

Երկրորդ անգամ այնտեղ գնալիս արդեն գիտեի՝ ինչ ակնկալել: Սկզբում վախենում էի, որ զգացողությունները նույնքան ուժեղ չեն լինի, և նույնիսկ կկորցնեմ առաջին անգամ ստացած տպավորություններս, բայց այդպես չեղավ: Կրկին մենք հայտնվեցինք դեմ առ դեմ ու միաժամանակ հիշեցինք միմյանց էլ, ինքներս մեզ էլ…

Լքված քաղաքի է նման վանքը: Պատերն արտացոլում են իրենց նշանակությունը: Վանքի տարածքում գլխավոր մուտքի դարպասներից մնացել է կամարը:
Մոտեցա եպիսկոպոս Սարգսի 13-րդ դարում կառուցած զանգակատանը: Եպիսկոպոս Սարգսի հայրը' իշխան Վահրամը Դոփյանց տոհմից էր: Զանգակատունը դարեր առաջ վերակառուցվելով, դարձել էր պահոց' երկու խաչքարի համար, որոնց մասին մասնագետներն այսպես են արտահայտվել. «Իրենց նմանը չկա ոչ մի ուրիշ վանքում», «եթե նրանք նման հուշարձանների մեջ ամենալավն էլ չեն, միևնույն է՝ ավելի կատարյալը գտնելն անհնար է»…

Ավանդույթի համաձայն' քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից: Ստացվել է նոր նուրբ գործվածք, որն այս անգամ քարից, որ ի տարբերություն սովորական խաչքարերի, չի կտրվում:
Իշխանուհին Դադիվանքին միայն ժանյակներ ու խաչքարեր չի տվել: Ահա թե ինչ է գրված ճարտարապետական համալիրի կենտրոնի՝ Արզու Խաթուն տաճարի պատին (1214թ.), «Ամենակարող հայր Աստծո ու նրա Միածին որդու՝ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ու Սուրբ հոգու ընծայի շնորհիվ՝ ես՝ Քրիստոսի խոնարհ ծառա Արզու Խաթունս՝ մեծն իշխանաց իշխան Քուրդի դուստրն ու Հաթերքի տիրակալի ու ամբողջ Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այս' ամուսնուս ու որդիներիս գերեզմանին»:

Վանքում 13-րդ դարն առաջին դարից մի քանի քայլով է բաժանված: Հատակարանի ծածկը, որի տակ Դադիի գերեզմանն է, քանդվել է, պատերն էլ ավելի շատ ցանկապատի են նման: Մեջտեղում՝ նոր ու նախանձելիորեն ուղիղ շարված քարերի վրա, վեր է խոյանում տապանաքարը. պարզ, կոպիտ տաշված քարի սալ՝ փորագրված խաչերով. դա նույնպես խաչքար է: Քարից ժանյակներ հյուսելու համար 13 դար պահանջվեց… Գրիգոր եպիսկոպոսի գավիթ-մատուռը ինչպես խոնավ էր կառուցման պահին 13-րդ դարում, այդպես էլ մնացել է:

Ընդհանրապես, 13-րդ դարը վանքի համար ծաղկուն ժամանակաշրջան էր. Դադիվանքն ուներ այգիներ, արոտավայրեր, գյուղեր, գործում էին հյուրատներ, արհեստանոցներ ու գրապահոցներ: Ասում են, քանիցս հայտնաբերել են պատերի մեջ դրված կժերում եպիսկոպոսների թաքցրած ոսկիները: Այստեղ էլ, ըստ երևույթին, մարդիկ միայն հավատքի համար չէ, որ զոհվել են…

Փոքր բլրով իջնում եմ ներքև՝ անցնելով դատարկ վանական խցերի կողքով: Ըստ իս, յուրաքանչյուր վանքի ամենահետաքրքիր շինությունները տնտեսական մասերն են: Հայտնվեցի մի մութ փոսի մեջ: Րոպեներ անց աչքերս ընտելացան մթին, տեսա, որ առջևում պատ է, վրան' փոքր քարեր: Դրանցից յուրաքանչյուրն արտահայտում է ինչ-որ մեկի մտքում պահված ցանկություն: Պատի խորհուրդը հետևյալն է'ցանկություն ես պահում ու քարն ամուր սեղմում պատին, եթե կպավ' կկատարվի: Ի զարմանս ինձ, քարերը կպչում են… Մտածում ես՝ տեսնես ինչի՞ց են ստացել շաղախը:

Հարևան կացարանում վերանորոգումից առաջ առաստաղից կավե խողովակ էր դուրս գալիս: Այժմ այն չկա, սակայն պահպանվել է նրա տակ գտնվող մեծ ավազանը, որից մի քանի խողովակ է դուրս գալիս ու հասնում հողի մեջ թաղված 3 կարասին: Սկզբում կարծեցի՝ բաղնիք է: Հետո, երբ գրքերը փորփրեցի, հարցուփորձ արեցի, իմացա, որ այստեղ պանիր ու կարագ են պատրաստել: Առաստաղից կախված խողովակը լեռնային արոտավայրերից էր իջնում, որտեղ կովերին կթում էին, կաթը խողովակի միջով հասցնում այնտեղ:

Մյուս սենյակը մրի մեջ կորած է: Գմբեթը հենված է չորս սյուների վրա, որոնց հիմքում անցքեր են արված: Չգիտեմ՝ զոհաբերության համար կենդանիների՞ն էին այստեղ կապում, թե՞… Տեղացիներիի համոզմամբ մարդկանց էին կապում: Այստեղ տարօրինակ բաներ են պատմում, իբր հարևան գյուղի բնակիչներին առևանգում էին, բերում վանք, տանջում ու նույնիսկ սպանում: Բայց Հայաստանում ինկվիզիցիա երբեք չի եղել: Հավանաբար, այս ամենը, ստահոդ լուրեր են… Մի կարևոր մանրուք կա, սակայն: Ժողովուրդը Դադիվանքը արտաբերել է իբրև Դատիվանք: Այս կերպ վանքի անունն այլ նշանակություն է ստանում, բայց նշենք, որ Դատիվանքն աստծո դատի հետ կապ չունի: Գուցե պատահականություն է' մեկ տառի տարբերությամբ: Այս առումով հարցուփորձս ոչ մի արդյունք չտվեց, բայց Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական հուշարձանների մասին խորհրդային տարիներին հրատարակված մի գրքում գտա այն, ինչը, ըստ իս, կապ ուներ Դադիվանքի «արյունոտ» առեղծվածի հետ: 17-րդ դարում վանքը սկսեց իր հողերը կորցնել: 19-րդ դարի կեսերին այստեղ եկավ արքեպիսկոպոս Սարգիս Ջալալյանցն ու տեսավ, որ հին սրբավայրերում կենդանիներ են արածացնում: Դադիվանքը վերածվել էր Արցախն ասպատակող ավազակների թաքստոցի: Գուցե հենց այդ Դադիվանք անվանման մեջ մի տառը փոխարինեց մյուսին:

Արդեն վերադառնում էի Դադիվանքից, երբ հանկարծ մտքումս ֆիքսեցի: Բոլոր աղբյուրները հիշատակում են Արզու Խաթուն եկեղեցու խճանկարները: Երկրորդ անգամ է, որ այստեղ եմ, բայց ոչ մի խճանկար դեռ չեմ տեսել: Վերադարձանք վանք… Զոհասեղանի առջև կանգնած ուշադիր նայեցի, բայց ոչինչ չկա: Մակերեսը մտովի քառանկյունների բաժանեցի ու յուրաքանչյուրն առանձին ուսումնասիրեցի՝ դատարկություն է: Ու մեկ էլ շաղախի վրա դեմք հայտնվեց, հետո՝ ձեռք, զգեստ… Ապա երկրորդ մարդուն տեսա, երրորդին… Եկեղեցին մարդկանցով լցվեց: Ահա՜ նրանք՝ տասներկուսն էլ այստեղ են: Ո՞նց չէի տեսնում… Գուցե նո՞ր հայտնվեցին: Պապանձված կանգնեցի, երկար… Գնալուս ժամանակն է, բայց չեմ կարողանում քայլ անել: Վախենում եմ, որ նրանք էլ ինձ հետ դուրս կգան ու նորից դատարկ պատերը կմնան, ու այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ինձնից հետո էլի ուրիշ մեկը չի եկել ու իրենով լցրել այդ դատարկությունը:

Այս թեմայով