21 Մայիս 2013, 10:13
3793 |

Ծաղրածուի կախարդական լռությունը

70 տարի առաջ մոսկովյան «Մետրոպոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Գեորգի Ենգիբարովի ընտանիքում ծնվեց երրորդ որդին, որին անվանեցին Լեոնիդ: Այդ օրն աշխարհը հարստացավ հանճարեղ ծաղրածու ու մնջախաղի դերասան Լեոնիդ Ենգիբարովով, ում անունը սյան պես խոյացած կմնա կրկեսային արվեստի պատմության մեջ:

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում Քրիստոսի դերը կատարած Լեոնիդ Ենգիբարովին կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը համարում էր «միակ անփոխարինելի դերասանը»: Կինոյում ուրիշ դերեր էլ եղան, բայց նրա ամենամեծ սերը, միևնույնն է, մնում էր կրկեսի հրապարակը: «Կրկեսն ամենաազնիվ արվեստն է»,-ասում էր Ենգիբարովը, - «չեն կարող շրջկոմից զանգել ու պատվիրել, որ մի ձեռքիդ վրա կանգնես»:

«Անդադար պարապմունքներից գիշերները ցավալու են ուսերդ, այտուցվելու են դաստակներդ ու արնազեղվելու աչքերդ: Այս ամենն, իհարկե, ծանր է, բայց վաղ թե ուշ մոռացվում է: Կա միայն մի բան, որ երբեք չի մոռացվում. այն զգացողությունը, երբ կանգնած ես երկու ձեռքիդ վրա, հետո դանդաղ մեկն անջատում ես գետնից ու հասկանում, որ մյուսով բռնել ես երկրագունդը»:

Դարեր շարունակ ծաղրածուները լրացնում էին դերասանների ելույթների միջև ընկած ընդմիջումները: Սա կրկեսի չգրված օրենքն էր, որը պատմության մեջ առաջին անգամ խախտվեց 20-րդ դարի 60-ականներին. դերասանները սկսեցին լրացնել ծաղրածուի ելույթների ընդմիջումները: Այդ ծաղրածուն Լեոնիդ Ենգիբարովն էր:

Նա ծնվել է 1935-ի մարտի 15-ին Մոսկվայում: Մանկուց կինոյի ու գրականության սիրահար, անվերջ երազող ու երևակայող Լյոնյան ստիպված էր կյանքի ճանապարհը բռունցնքներով հարթել: Սկզբում բակի կռիվներում, որտեղ արտասովոր արտաքինի համար արժանանում էր ծաղրանքի, հետո՝ բոքսի ռինգում, ուր մի քանի տարի անցկացրեց՝ մկանները վարժեցնելով ու կամք ձևավորելով: Բոքսը թողնելով ու կրկեսի ուսումնարան ընդունվելով՝ Ենգիբարովը չդադարեց կռվել. նրա ամբողջ կյանքը պայքար էր հանուն արվեստի:

Ուսումնարանում Ենգիբարովն առանց տատանվելու ընտրեց մնջախաղի ժանրը: «Կրկես գալիս են ելույթը դիտելու, ոչ թե լսելու»: Ենգիբարովը կարիք չուներ խոսքերի: Մարմնի, ժեստերի, միմիկայի ու բարդ ակրոբատիկ հնարքների լեզուն ավելի տպավորիչ է:

«Ո՞վ է ասել, որ մնջախաղը լուռ արվեստ է: Չե՞ք լսում՝ ինչպես են տնքում Մարսել Մարսոյի ձեռքերը՝ փորձելով բացել անթիվ-անհամար վանդակների ճաղերը: Մնջախաղի աշխարհը լի է ձայներով ու գույներով, թնդում է ու դղրդում, կայարանների ձայներ հանում ու բեմից երգում, կամաց սիրո խոսքեր շշնջում…»:

Բայց դա ավանդական մնջախաղ չէր. Ենգիբարովը չէր սահմանափակվում հրապարակում աշխատելով. նա արարում էր, ստեղծում նոր ժանր՝ կրկեսի ու թատրոնի, վիրտուոզ ակրոբատիկ տեխնիկայի ու ապշեցնող դերասանական վարպետության միաձուլում: Ծաղրածուն առաջին անգամ ստիպեց հանդիսատեսին տխրել: Տխուր ծաղրածո՞ւ: Ծաղրածու, որի ելույթն աչքերից արտասո՞ւք է բերում:

Դժվար է հավատալ, որ Մոսկվայի, Երևանի, Օդեսայի, Պրահայի ու հարյուրավոր այլ քաղաքների բնակիչներ երազում էին տոմս հայթայթել, որ տեսնեն, թե ինչպես է լուռ ու վշտահար Ենգիբարովի հերոսը հեռանում կրկեսաբեմից, ինչպես է հանգիստ քնում այնտեղ ու մանկան պես տխրում, երբ կոտրվում են ամանները կամ պայթում է փուչիկը: «Կրկեսաբեմի բանաստեղծը», «Կրկեսի ողբերգակը», «Ծաղրածուն՝ աշունը սրտի մեջ» ՝ այս ամենն ասվել է նրա մասին: Իր հորինած ժանրում նա այդպես էլ միակը մնաց: Հարցը միայն ակրոբոտիկ հնարքների կատարումը չէ: Ցանկացած հնարք կարելի է սերտել երկու-երեք ամսվա ընթացքում: Լեոնիդ Ենգիբարովը խորաթափանց դերասան էր, ով բացում էր հանդիսատեսի երևակայության դռները, ստիպում նրան մտածել ու հուզվել: Նրա ելույթներում գլխավորը միշտ անհատականությունն էր. մի բան, որ շեկ կեղծամներով ու ներկած դեմքերով ծաղրածուներին սովորած խորհրդային հանդիսատեսի համար լրիվ նոր էր: Չարտասանված բառերը Ենգիբարովը հանձնում էր հանդիսատեսի երևակայությանը՝ դարձնելով նրան համահեղինակ: Դրա համար էլ միշտ արժանանում էր բուռն ծափահարությունների. հաջողությունն էլ միջազգային բեմերում օրինաչափ էր. 1964-ին նա Պրահայում Ծաղրածուների միջազգային մրցույթում արժանացավ առաջին մրցանակին՝ Է. Բասի գավաթին:

Յուրի Նիկուլինի հուշերից. «Նա կատարելապես տիրապետում էր ընդմիջման արվեստին՝ ստեղծելով թախծոտ մարդու կերպար: Նրա յուրաքանչյուր ելույթ հանդիսատեսին միայն ուրախացնելու ու զվարճացնելու համար չէր. ո՛չ, այն ուներ փիլիսոփայական իմաստ: Ենգիբարովը, ոչ մի խոսք չարտասանելով, խոսում էր հանդիսատեսի հետ սիրո ու ատելության, մարդու հանդեպ հարգանքի, ծաղրածուի նուրբ սրտի, միայնության ու ունայնության մասին: Ու այս ամենը անում էր հստակ, սահուն ու յուրահատուկ ձևով»:

Ենգիբարովը միշտ մինչև վերջ տրվում էր գործին: Ամբողջ ժամանակ նորություն էր փնտրում. ամեն օր դժվար ու հոգնեցուցիչ վարժություններ, ձեռքերի վրա արյունոտ կոշտուկներ: Այս ամենը մեկ նպատակի համար՝ լինել առաջինը, լավագույնը: Նա հենց այդպիսին էր: Բոլորն ընդունում էին սա. ոմանք ուրախությամբ, ոմանք էլ դժկամորեն, բայց միևնույնն է՝ ընդունում էին: Կինո, գրականություն, թատրոն՝ Ենգիբարովն ամեն տեղ էր տաղանդավոր: Ովքեր նրան կրկեսաբեմում չէին տեսել, երբեք չէին մտածի, որ նա ծաղրածու է. լուրջ, լռակյաց մարդ էր՝ ավելի ինժեների կամ մաթեմատիկոսի նման: Բայց կրկեսաբեմում ամբողջովին կերապարանափոխվում էր, դառնում չարաճճի պատանի Լյոնյան: «Ժամանակակից»՝ սա Ենգիբարովին լավագույնս բնորոշող բառերից է: Ժամանակակից ամեն ինչում՝ ստեղծագործական հնարքներից մինչև արտաքին տեսք: Մոդայիկ զոլավոր ֆուտբոլային վերնաշապիկ, վզին՝ մետաքսե թաշկինակ, նորաոճ կիպ շալվար, առանց կեղծամի ու աննշան գրիմ՝ սա էր Արմստրոնգի երաժշտության տակ մի ձեռքի վրա կանգնած ու սեփական գլխարկով հոկեյ խաղացող Լյոնյայի կերպարը: Կար ևս մեկ հատկանիշ՝ բեմիրերի նվազագույն քանակ: Ամենապարզ իրերով լցված ճամպրուկով կատարում էր երկու ժամանոց շշմեցուցիչ ծրագիր:

«… Երբ հետո թմբուկի զարկը դադարի ու կյանքդ ավարտին մոտենա, քեզ կասեն, որ դժբախտ ես եղել, որովհետև միշտ աշխատել ես ու ուրիշ ոչնչի համար ժամանակ չի մնացել: Բայց դու դրա փոխարեն անհնարինն ես արել. ձեռքերդ արնոտ ճաքերով են ծածկված… Ինչ է, դա երջանկություն չէ՞»:

Կանացի գեղեցկությունը հիացնում էր նրան: Երկրպագու աղջիկներն ու կանայք գալիս էին նրան տեսնելու երկրի բոլոր մասերից: Գրեթե ամեն օր նա գործընկերոջը հանդիպելու և ճանապարհ դնելու կանանց ցուցակ էլ տալիս: Կանայք նրա ոգեշնչման աղբյուրն էին. նրանց համար էր ստեղծագործում ու նրանց առջև իր համարներն ու նովելները կատարում: Սա նման էր ինքնարտահայտման միջոցի. նա կարիք ուներ՝ թեկուզ մեկ ակնթարթ, սիրել գեղեցիկն ու գեղեցիկ ժեստեր անել: Օրինակ՝ կարող էր թանկարժեք մուշտակ գնել երևանյան ունիվերմագում, նվիրել իրեն դուր եկած վաճառողուհուն, պարզապես ասել՝ «Լեոնիդ Ենգիբարով», խոնարհվել ու գնալ: Փնջերով վարդեր էր նվիրում մատուցողուհիներին, վաճառողուհիներին ու ընդհանրապես՝ գեղեցիկ կանանց: Սա ոչ թե դոնժուանություն, այլ ռոմանտիկա էր՝ «Յուրաքանչյուր կին պետք է իր արքայազնն ունենա»: Բայց այդքան յուրովի կանանց սիրել ու գերել կարողացող Ենգիբարովն ամբողջ կյանքի ընթացքում մնաց խորասուզված իր իսկ ստեղծած աշխարհում: Միակ կինը, որից երբեք չբաժանվեց, մայրն էր՝ Անտոնինա Անդրիանովան:

«Ես ջեբկիր եմ: Ես թագավորն եմ ջեբկիրների: Հարուստ եմ ու երջանիկ՝ համարյա երջանիկ: Ուղղակի ափսոս, որ ոչ ոք սիրտը գրպանում չի պահում»:

Ենգիբարովը փողը չէր կուտակում՝ ծախսում էր: Խորհրդային դերասանները լավ փող էին աշխատում. Ենգիբարովը փառքի գագաթնակետին արդեն անձնական աշխատավարձ էր ստանում՝ 25 ռուբլի ամեն ելույթի համար: Մեկ ամսվա ընթացքում ունենում էր 40-60 ելույթ: Բավականին լավ գումար էր ստացվում: Բայց աշխատավարձից մի քանի օր անց գրպանում կոպեկ անգամ չէր մնում: Վաստակած փողերը ծախսում էր կանանց համար ծաղիկներ, նվերներ գնելով:

Մի անգամ գործընկեր Սոս Պետրոսյանից խնդրեց նրա նոր թավշակաշվե բաճկոնը, թե՝ «Էսօր հանդիպման եմ»: Փոխարենը տվեց իր կաշվե բաճկոնը՝ գրպանում մի դաստա փող մոռանալով. նախորդ օրն աշխատավարձ էին տվել: Հաջորդ օրը Լեոնիդը թախծոտ-տխուր եկավ Սոսի մոտ՝ պարտքով մի քիչ փող խնդրելով, թե՝ «Լրիվ ծախսել եմ ու չեմ հիշում՝ ինչպես»: Սոսը, իհարկե, վերադարձրեց փողերը՝ հուրախություն Ենգիբարովի: Փողի հետ վարվում էր ինչպես երեխա՝ կարող էր ասիստենտին հարյուր ռուբլի տալ ու 4 շիշ հանքային ջուր խնդրել, իսկ հետո մոռանալ հետ վերցնել մնացած գումարը:

Ենգիբարովի վառ անհատականությունը, ինչպես դա հաճախ է պատահում, շատերի կողմից չէր հասկացվում, առաջացնում էր զայրույթ ու նախանձ: Դերասանի բարդ բնավորությունն ու փառասիրությունը ամեն ինչ ավելի էին բարդացնում: Միամտորեն ու հաճախ երեխայի պես պահանջում էր, որ գնահատեն իր հանճարը, շատ էր նեղվում, երբ չէին ճանաչում իրեն: Չնայած' փառքը սիրեց նրան և ուղեկցեց մինչև կյանքի վերջ: Երևանի օդանավակայանում, որտեղ նրան դիմավորելու էին գալիս գործընկերները, կարող էր հանել կրկեսային լախտերն ու հենց այնտեղ՝ հարյուրավոր պատահական մարդկանց առաջ, սկսել աճպարարել: Սիրում էր, երբ նայում էին իրեն, երբ ուշադրության կենտրոնում էր:

Շատերին դուր չէր գալիս նաև նրա պահանջկոտությունը սեփական անձի հանդեպ ու խիստ պահանջները խաղընկերներից: Օրինակ, Ենգիբարովը թույլ չէր տալիս դերասաններին իրենցից հետո ինչ-որ բան թողնել կրկեսաբեմում, պահանջում էր, որ այն «մաքուր» լինի իր ելույթից առաջ: Ինքն էլ ոչինչ չէր թողնում այնտեղ:

Կամակորության, ենթարկվել, ընդառաջել չուզենալու պատճառով բարդանում էին հարաբերությունները ղեկավարության հետ: Մի անգամ որոշեցին հայկական կրկեսն առաջին անգամ հյուրախաղերով սկանդինավյան երկրներ ուղարկել: Դերասանների մոտ Մոսկվայից եկավ Խորհրդային պետական կրկեսի ղեկավարը: Տեսավ ծրագիրը, հետո հավաքեց բոլորին ու շատ սիրուն բաներ ասեց: Հատուկ նշեց Ենգիբարովի դերն ու վերջում խնդրեց նրան, թե «Սա սկանդինավյան երկրներ են: Նրանց համար դուք ռուսական կրկես եք: Լյոնյա, ռուսական ոճով ինչ-որ մի համար կատարիր»: Ենգիբարովի պատասխանը դանակի պես կտրող էր. «Ռա՛դդ քաշի…»: Ղեկավարն, իհարկե, վիրավորվեց, հայերի փոխարեն էլ հյուրախաղերի գնաց Օլեգ Պոպովի կրկեսը: Այդպիսին էր Ենգիբարովը. պատվերով երբեք ոչինչ չէր անում, չէր հանդուրժում միջամտություն: Ու լուռ էլ չէր կարողանում մնալ:

1970-ին՝ ղեկավարության հետ բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, Ենգիբարովը լքեց Խորհրդային պետական կրկեսն ու մնջախաղի էստրադային թատրոնը. սա այն թվերի համար համարձակ քայլ էր, որի համար նա ստիպած եղավ դժվարություններ հաղթահարել: Մշակույթի նախարարությունում նրա նախաձեռնությանը բավականին սառը վերաբերվեցին, իսկ մամուլն անտեսեց: Բայց ինքը՝ Ենգիբարովը, խանդավառությամբ տրվեց նոր գործին՝ կարճ ժամանակում ստեղծելով «Ծաղրածուի տարօրինակությունները» ու «Աստեղային անձրև» ծրագրերը՝ երկրով մեկ հյուրախաղեր տալով:

Չնայած իշխանությունների հետ անախորժություններին՝ Ենգիբարովն այնուամենայնիվ արժանացավ Հայաստանի ժողովրդական դերասանի կոչմանը 1971-ին ՝ նման պարգևի համար դեռ վաղ հասակում: Այսպիսով, թեկուզ մասամբ, բայց միևնույնն է՝ ճանաչեցին նրա տաղանդը: Սա համակարգի դեմ մեծ անհատականության տարած հաղթանակն էր՝ վերջին հաղթանակը:

«Չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում. չեմ հասկանում ձեր օրենքները, ձեր բարքերը, ձեր սերը, մեծահասակներ՛: Չգիտեմ՝ ոնց եմ ապրելու: Ձեր աշխարհում ապրել չկարողացա, իսկ իմում լրիվ մենակ եմ»:

Ենգիբարովը մեծ արվեստագետ էր, իսկ արվեստագետը երեխա է, ով ամենալավը լինելու ու սիրվելու կարիք ունի: Ինքն իր մասին այսպես էր խոսում. «Կմահանամ, եթե ոչ ոք չասի «Սիրում եմ»: Ու կատակով ասում էր. «Եթե Պուշկինի նման հանճար եմ, ուրեմն 37 տարեկանում կմահանամ…»: Մնջախաղի հանճարեղ դերասան, կլոունադայի աննման վարպետ Լեոնիդ Ենգիբարովը մահացավ սրտի կաթվածից 37 տարեկանում՝ 1972-ի հուլիսի 25-ին:

Նա ասես ջրի մեջ սուզվելով,
Լույսից հառնելով ու վստահ ձեռքերով,
Պրպտում էր մեր հոգիների գրպանները,
Գողանում այնտեղից վշտի վերքերը:

Այդ գողը, ծնկներից կապերը կտրելով,
Գիշերով ձիեր չէր փախցնում,
Գնաց խեղկատակը՝ գողացած րոպեներով,
Մարդկանցից վշտի րոպեներ էր գողանում:

Ուղիղ ութը տարի անց՝ նույն օրը՝ հուլիսին 25-ին, վախճանվեց Ենգիբարովին նվիրված այս տողերի հեղինակը՝ Վլադիմիր Վիսոցկին: Երկուսն էլ թաղված են Վագանկովո գերեզմանատանը՝ իրարից մի քանի մետր հեռավորության վրա:

«Ереван» ամսագիր, N5, 2005

Այս թեմայով