09 Մայիս 2013, 15:12
2752 |

Հարություն Մեսրոպյան. Շուշիի գրավումը կոտրեց թուրքի մեջքը

Թուրքը երկու տեսակի հայ է տարբերում՝ առևտրին պատրաստ հայ, որի առջև լկտիանում և հանդուգն է պահում իրեն, և մինչև վերջ գնալու պատրաստ հայ, որից անասնական վախ ունի:

Հարություն Մեսրոպյանը առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնել է Արցախ՝ տեղում կատարվող իրադարձություններին մասնակցելու: Երբեք չես մտածի, որ ավյունով լի. Կենսախինդ ու ժպտերես այդ տղամարդու տարիքն անցնում է 50-ից: Արցախյան պատերազմին նա մասնակցել է սկզբում շինջոկատի, ապա՝ փրկարար ջոկատի կազմում: «1988թ. հունիսի 4-ին ԵՊՀ և Պոլիտեխնիկի համատեղ շինարարական ջոկատը մեկնեց Արցախ, որտեղ մնաց երկու ամիս,- պատմում է նա:- Այդ ժամանակ դեռևս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ ճանաչված տարածքում խորհրդային իշխանություններն արտակարգ դրություն էին հայտարարել, և այնտեղ հայտնվելու միակ արդյունավետ տարբերակը ուսանողական շինջոկատ կազմավորելն էր, ինչն էլ արեցինք: Մենք այնտեղ շինարարական գործունեություն ծավալեցինք, երբ Սումգայիթի ջարդերից ընդամենը կես տարի էր անցել, Արմենավանում տնակներ էինք կառուցում փախստականների առաջին ալիքի համար: Դա առաջին ջոկատային կազմավորումն էր, որտեղ ես հրամանատարի տեղակալ էի: Ջոկատին ուշիուշով հետևում էին թե' խորհրդային, թե' ադրբեջանական իշխանությունները: Բայց մեզ հաջողվում էր ժամանակ առ ժամանակ անհետանալ նրանց տեսադաշտից, ինչը նրանց խիստ նյարդայնացնում էր: Մեր շարժման տարածքը ձգվում էր Իրանի սահմանից մինչև Վրաստանի հյուսիսը: Մեր ուսանողական շինջոկատը գործեց 1988-1989 թվականներին»:

Փրկարարմարտիկները
1990-ին մի շարք ակտիվիստների կողմից՝ հիմնականում Պոլիտեխնիկի, ստեղծվեց երիտասարդների փրկարար ջոկատ: «Այդ ջոկատին մեկուկես տարի շարունակ պատրաստում էինք, որպեսզի նրանք ունակ լինեին արձագանքել և գործել ցանկացած իրավիճակում: 1992-ին մասնակցեցինք իրար հետևից երկու շատ ծանր մարտերի: Բարեբախտաբար, ոչ ոք չզոհվեց, բայց կեսից ավելին վիրավորվեցին, այդ թվում նաև ես: Մինչև հիմա ոտքիս մեջ բեկոր ունեմ՝ հիշատակ ադրբեջանցիներից: Բայց դե, ինչ խոսք, իսկական տղամարդը պետք է կյանքում գոնե մեկ անգամ «գյուլի ֆսսոց» լսած լինի»,- վստահ է Մեսրոպյանը:

Փրկարար ջոկատը պայմանականորեն երեք մասի էր բաժանված՝ մի մասը մարտական պատրաստության էր բերված, մի մասը ցանկացած պահի պատրաստ էր Երևանից մեկնել և միանալ, իսկ երրորդ մասը ապահովում էր ջոկատի աշխատանքը, մատակարարում անհրաժեշտ ռեսուրսներ և միջոցներ: 1994-ի մայիսից՝ զինադադար կնքվելուց հետո, ջոկատը վերստին շարունակեց իր բուն փրկարարական գործունեությունը:

Շուշիի գրավման նշանակությունը
Շուշիի ազատագրումը հայ մարտիկների առաջին և խոշոր հաղթանակն էր, որը ցույց տվեց ամբողջ ազգին, որ հայը ցանկացած վիճակում, անկախ քանակից, կարող է հաղթել: «Ռազմավարական իմաստով Շուշիի գրավումը կոտրեց թուրքի մեջքը: 1988-ին եղան Սումգայիթի ջարդերը, հետո՝ կայարանի դեպքերը, հետո՝ Զվարթնոցի դեպքերը, հետո մտցվեց հատուկ դրություն Երևանում, Սպիտակի երկրաշարժն էլ մյուս կողմից, հետո ձերբակալվեց «Ղարաբաղ» կոմիտեն, դրան հաջորդեց խորհրդային բանակի «Օղակ» գործողությունը. սա փորձանքների, արհավիրքների ու ճնշումների մի ամբողջ շարան էր, որից հետո հայ ժողովուրդը պարզապես կարիք ուներ նման ձեռքբերման: Այն վերադարձրեց հավատը հաղթանակի հանդեպ, ապրելու նոր հույս տվեց»,- Մեսրոպյանը հիշում է, որ շատերն այդ ժամանակ, իմանալով հաղթական լուրի մասին, պարզապես չէին հավատում:

«Թուրքի հոգեբանության մեջ մի հետաքրքիր բան եմ նկատել. նրանք երկու տեսակի հայ են տարբերում՝ առևտրին պատրաստ հայ, որի առջև լկտիանում և հանդուգն են պահում իրենց, և մինչև վերջ գնալու պատրաստ հայ, որից անասնական վախ ունեն: Դրա մասին լսել եմ նաև պապիցս, իմ երկու պապերը մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին, ընդ որում՝ մեկը դաշնակ է եղել, մյուսը՝ կոմունիստ, և միմյանց չեն ճանաչել այդ ժամանակ: Բայց պապս էլ էր պատմում, որ թուրքերն այդպիսի տարբերակում են դնում հայերի միջև»,- հիշում է նա:

Ավելի հեռու
Հարություն Մեսրոպյանը համոզված է, որ հայերը կարող էին հասնել Բաքու: «1994-ին ադրբեջանական բանակ՝ որպես այդպիսին, կարելի է ասել, գոյություն չուներ: Մենք շատ ավելի հեռուն կարող էինք գնալ, քան հասանք: Մենք՝ հայերս, մի բան պետք է հասկանանք. ռոմանտիկները համարում են, որ օրենքն է ուժ տալիս, բայց իրականում հենց ուժն է օրենք ծնում: Եվ 94-ին կնքված զինադադարի փաստաթուղթը այդ սկզբունքի վառ ապացույցներից է»: Կռվի դաշտում վախ կա, բայց ավելի շատ արձանագրային բնույթ է կրում: Դու չես վախենում մահանալուց, բայց հաշվի ես առնում, որ կարող ես մեռնել, որովհետև այդ ժամանակ դու կենտրոնանում ես խնդիրը լուծելու և չզոհվելու վրա: Ռազմի դաշտում հոգեբանությունդ փոխվում է: Ես կուզեի ապրել այն ժամանակներում, երբ կռվում էին Գարեգին Նժդեհը, կամ էլ Ալեքսանդր Մակեդոնացին: Ասեմ ինչու: Երկուսն էլ զորավար էին, երկուսն էլ փիլիսոփա: Եզակի երևույթ է, երբ ռազմի դաշտում իրեն փայլուն դրսևորող մարդը նաև մեծ մտավորական է լինում: Կուզենայի հանդիպել, զգալ այդ մարդու տեսակը, փորձել հասկանալ, թե ինչպես են նրանք համատեղում այդ երկու, ըստ էության, հակասական ունակությունները:

Մարդու կյանքը փորձություն է, շատ դժբախտություններ կարող են պատահել, բայց ամենավատը հետնորդ չունենալն է: Երբ չունես մեկին, ում կարող ես ժառանգել քո ամբողջ հոգևոր և նյութական ունեցվածքը, կյանքը անիմաստ է դառնում: Իսկ կյանքի գինը ես լավ գիտեմ, չէ որ մեկ անգամ արդեն կլինիկական մահ եմ ունեցել: Այդ ժամանակ, անկեղծ ասած, պարզապես մտածում ես, թե ինչեր ես արել, ինչի համար ես զղջում, մյուս կողմից փորձում ես հասկանալ, թե ինչ ես թողել այս երկրի վրա: Այնպես որ ես Աստծուն ոչինչ էլ չէի ասի: Թող ինքը ինձ դատի այնպես, ինչպես ես կամ: 

Այս թեմայով