09 Մայիս 2013, 14:05
4085 |

«Հարսանիք լեռներում». գործողությունից մեկ շաբաթ առաջ

Երևանում բոլոր խոսակցությունների թեման մեկն էր. Խոջալուի գրավումից հետո հաջորդը Շուշին է լինելու: Այսպիսի իրադարձության վկան չլինելն աններելի կլիներ:

Դեպի շրջափակված Ղարաբաղ թռչելը, հիրավի, շատ դժվար էր: Բոլորը, ովքեր փորձել են մինչև Լաչինի միջանցքի բացումը հասնել Արցախ, գիտեն` որքան դժվար էր զինամթերք, դեղորայք, վառելիք ու պարեն տեղափոխող ուղղաթիռի մեջ հայտնվելը: Իսկ լրագրողների համար, այդ թվում` նաև արտասահմանցիների, առանց հովանավորության դա անելը պարզապես անիրական էր: Հաջողությունը ժպտաց, երբ մեր` հիմնականում ռուսական ու արևմտյան լրատվամիջոցներ ներկայացնող 5-6 լրագրողներիս համար միջնորդեց Զորի Բալայանը: Նրանց առանձնապես կարիք չկար մանրակրկիտ բացատրելու` ինչքան կարևոր է, որ աշխարհում իմանան Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր դրության մասին: Բացի այդ, Երևանում բոլորը խոսում էին այն մասին, որ փետրվարին Խոջալուի գրավումից հետո հերթը Շուշիինն է: Եվ լրագրողների համար պարզապես աններելի կլիներ նման դեպքին ականատես չլինելը, ու մենք մայիսից մոտավորապես 10 օր առաջ մեկնեցինք Ղարաբաղ:

Ուղղաթիռի հրամանատար Ստեփանը անհավատալի հնարքներ էր գործադրում, որ խուսափի ցամաքից արձակվող կրակահերթերից, բայց Քելբաջարի վրա գնդացրային «ոլոռը» թմբկահարեց թափքը: Սակայն մեր տղաներն էլ պարտք չմնացին. հանելով ավտոմատներն ու գնդացիրները` նրանք ադրբեջանցիներին ստիպեցին լռել: Ուղղաթիռը վայրէջք կատարեց Քոլատակ գյուղի մոտակայքի հանպատրաստից կառուցված օդակայանում: Վայրէջքը շատ փափուկ էր. ինչ խոսք, մեր օդաչուների վարպետությունը բարձր մակարդակի էր:

Այդ հիմա է մինչև Ստեփանակերտ 30 րոպեի ճանապարհ, իսկ այն ժամանակ մենք 2 ժամ ցնցվում էինք բեռնատարի թափքում: Արդեն իրիկնանում էր, մենք պետք է գիշերակաց գտնեինք: Տեղավորվեցինք ով որտեղ հասցրեց` բնակարաններում, ցուրտ ու սառցակալած հյուրանոցում և սեփական տներում:

Կարևորը` գլխավերևում ծածկ ունեինք: Պետք էր սնունդի մասին հոգալ, բայց ի պատիվ հյուրընկալողների, իսկ դա դեռ նոր-նոր ձևավորվող պետական համակարգ էր, մեզ կերակրում էին այսօրվա կառավարության տան նկուղում:

Հենց փողոց դուրս եկանք, սկսվեց քաղաքի ռմբակոծությունը Շուշիից, ու մենք արագ հետ վերադարձանք: Երևում էր` ինչպես են դուրս թռչում «Գրադի» հրթիռները, և վայրկյանի տասներորդ մասը օդում կախված մնալով` ընկնում ներքև: Կողքից` ինչ-որ տեղից էլ էին կրակում: Հրետանին էր. արկերը պայթում էին քաղաքի փողոցներում, ընկնում էին տների վրա: Ռմբակոծությունն ավարտվեց նույնքան հանկարծակի, որքան սկսվել էր:

Առավոտյան որոշեցինք հրամանատարությանը խնդրել թույլ տալ ինքնապաշտպանության առաջին գիծ այցելել: Մեզ քաղաքավարի, բայց խիստ տոնով մերժեցին` հասկացնելով, որ ամեն տեսակ հիմար առաջարկներով մեյդան չընկնենք: Խորհուրդ տվեցին նկարահանումներ կատարել քաղաքում, այցելել հիվանդանոցներ ու հնարավորինս քիչ ոտքի տակ ընկնել:

Ստեփանակերտն ուրվական էր հիշեցնում: Քաղաքը, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ էին ապրում, ծրագրավորված ոչնչացվում էր. ռմբակոծությունները կարծես ժամանակացույցով էին իրականացվում` օրը մի քանի անգամ: Չկար էլեկտրականություն, ջեռուցում: Գազն ադրբեջանցիները չէին անջատել միայն այն պատճառով, որ այն Ստեփանակերտի միջոցով էր Շուշի մատակարարվում: Բնակչությունը հիմնականում նկուղներում էր թաքնվում: Այնտեղ էին տեղակայված նաև հիվանդանոցներն ու հոսպիտալները, թեև դրանց սահմանագիծը միայն առերևույթ էր. երկուսն էլ վիրավորներով լիքն էին` ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական: Մենք զրուցում էինք բժիշկների, վիրավորների հետ, լուսանկարում նրանց, իսկ երկու մետրանոց ճապոնացի Տոշիյակե Միյակեն նաև տեսանկարահանում էր:

Մարդիկ ջրի հերթ էին կանգնում սակավաթիվ աղբյուրների մոտ և ցրվում, երբ սկսվում էր կրակահերթը: Մնում էին դույլերը, որոնք ֆիքսում էին հերթի մեջ նրանց զբաղեցրած տեղերը: Կրակահերթից հետո որոշ դույլեր այդպես էլ առանց տերերի էին մնում: Հերթի մեջ դատարկ դույլերի նկարները հետագայում աշխարհի բազմաթիվ պարբերականներում հայտնվեցին:

Ամեն օր կրակահերթերից հետո տասնյակ մարդիկ էին զոհվում, իսկ վիրավորներին հաշվելն անհնար էր` նրանց թիվը մի քանի անգամ ավելի էր: Մենք շատ արագ սովորեցին կրակահերթերի ժամանակ նկուղ սուզվել, որ չհամալրենք տուժողների շարքերը: Մահացածներին հուղարկավորելը մեծ խնդիր էր դարձել: Հերթական կրակահերթից հետո շատ արագ մի քանի փոս էին փորում: «Միևնույն է` դատարկ չեն մնա»,- մռայլ կատակում էր գերեզմանափորներից մեկը:

Երեկոյան ցրտից պաշտպանվում էինք փորձված պապենական եղանակով. հաջողացրել էինք 20-լիտրանոց ղարաբաղյան կանաչ կոնյակ գնել, որի վերջը մի քանի օրում տվեցինք:

Իսկ Շուշիի գրոհն այդպես էլ չէր սկսվում: Մալիբեյլիի ու Ջամիլուի ադրբեջանական հենակետերն արդեն ոչնչացվել էին, բայց Շուշիից արձակվող կրակահերթերը շարունակվում էին:

Մենք պետք է վերադառնաինք, խմբագրությունները մեր նյութերին էին սպասում: Ստեփանակերտից ռեպորտաժներ հաղորդելու մասին խոսելը միամտություն կլիներ. կապ չկար: Հոդվածները մենք գրում էինք Երևան վերադառնալուց հետո միայն: Այդ ժամանակ Շուշին արդեն ազատագրվել էր, և մեր նյութերի հանդեպ հետաքրքրությունն ահռելի էր:

Մեր հոդվածներն ու լուսանկարները աշխարհի շատ ԶԼՄ-ներում հայտնվեցին ու հսկայական ռեզոնանս առաջ բերեցին: Այդ շրջանում Ղարաբաղից քիչ տեղեկատվություն էր ստացվում: Ես Շուշի այցելեցի Լաչինի միջանցի բացումից հետո միայն: Մեր` ադրբեջանցիներից ազատագրված Շուշին: 

Այս թեմայով