09 Մայիս 2013, 13:53
4589 |

Շուշի՝ մեր պապերի երազ

1992-ի մայիսի 8-ին Շուշիի ազատագրումը շրջադարձային էր արցախյան հերոսամարտի տարեգրության մեջ: Հաղթանակը ոգևորեց ազատամարտիկներին, ինքնավստահությունը տասնապատկեց: Շուշին անառիկ բերդաքաղաք էր, որը մինչև ազատագրվելը, աշխարհագրական դիքով նպաստավոր էր ադրբեջանցիների և անբարենպաստ՝ հայերի համար:

Բնապահպան Իգոր Սարգսյանին այդպես էլ բախտ չի վիճակվել պատերազմից հետո զինվորականի հագուստ և ուսադիրներ կրել. չեն ընդունել ԶՈՒ-ի համակարգ, թեև մանկության երազանքն է եղել զինվորական դառնալ: Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին պատմելիս սակավախոս է, բայց մարտական ընկերների մասին ինչքան ասես կխոսի. ուզում է նրանց անունները մեկ անգամ ևս հնչեցնել, որ սերունդները ճանաչեն իրենց հերոսներին: Պետք է գնահատենք հերոսներին, որ հերոսներ ծնվեն:

Ո՞վ բորբոքեց Ձեր մեջ ազատագրական պայքարի կրակը և առաջնորդեց պատերազմող Արցախ:
- Ես ԵՊՀ-ի երկրաֆիզիկայի ֆակուլտետի ուսանող էի: Նկատել էի, որ ընկերս՝ Մկրտիչը, շուտ-շուտ կորչում է, ինչ-որ տեղ է գնում: Շատ պնդեցի, ասաց, որ ազատագրական ջոկատում է ընդգրկված: Պատմեց դաշնակցակաների ընդհատակյա գործունեության, ազատագրական պայքարի ծրագրերի մասին. ոգևորվեցի, ես էլ ուսանողական «Նիկոլ Աղբալյան» ջոկատ մտա ու մեկնեցի Արցախ: Գիտե՞ք՝ ինչ տղերք էին՝ մահը չգիտեին ինչ է, որովհետև մահվան մասին չէին մտածում: Եկել էին մինչև վերջ կռվելու ու կյանքները նվիրելու հայրենիքին: Մկրտիչն էլ զոհվեց:

Արցախյան հերոսամարտը բաժանում ենք մինչև 1992-ի մայիսի 8-ը և դրանից հետո: Շուշիի ազատագրումը վճռորոշ, պատմական ու ճակատագրական նշանակություն ունեցավ: Հիշո՞ւմ եք այդ օրը:
- Լուսադեմին բոլորս երգում էինք, գիտեինք, որ մարտի ենք գնալու ու միմյանց ոգևորելու համար երգում էինք, ամեն մեկս՝ մի երգ: Սփյուռքահայ Վիգենը զարմացած ասաց՝ խելառ են, չգիտե՞ն ուր են գնալու, ինչ է լինելու իրենց հետ: Ես «День победы»-ն էի երգում: 7 անց 30-ին մարտն սկսվեց: Մարտական գործողությունների ծրագիրն Արկադի Տեր-Թադևոսյանն էր մշակել: Կռիվն ընթանում էր 4 ուղղությամբ: Մեր ուղությունը փակում էր Շուշի-Լաչին ճանապարհը, որպեսզի թույլ չտանք՝ ադրբեջանցիներին օգնող ուժեր միանան: Միաժամանակ ճանապարհ էինք բացել, որ նրանք անվնաս հեռանան: Շուշին անառիկ կլիներ, եթե ադրբեջանցիները խելացի կերպով մշակեին ինքնապաշտպանությունը: Պատկերացրեք՝ 3 կողմից անդունդ, 4-րդ կողմից՝ թեք լանջ: Ադրբեջանցիները Շուշիից անընդհատ ռմբակոծում էին Ստեփանակերտը: Հայաստանի հետ ցամաքային ճանապարհ չկար, միայն ուղղաթիռներով հնարավոր չէր կապ պահպանել Ստեփանակերտի հետ: Մի խոսքով, Շուշիի ազատագրումն ահռելի նշանակություն ուներ, այն ցամաքային ճանապարհ էր բացում դեպի Հայաստան:

Ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը ադրբեջանցիները պետք է ինչ գնով էլ լիներ, պահեին, բայց զիջեցին: Ո՞րն է գաղտնիքը:
- Այդ տարիներին քաղաքական գործողությունները շատ տարերային բնույթ էին կրում: Ադրբեջանցիներն ուղղակի չպահեցին Շուշին: Նրանք գիտեին, որ Շուշին իրենց հողը չի, օտար եկվորի հոգեբանությամբ էին կռվում: Ադրբեջանցի բնակիչները հեռացել էին, պաշտպանությունն իրականացնողները չգիտեին՝ ո՞ւմ և ինչի՞ համար կռվեն, դեռ սովետական կարգեր էին, պարզ չէր՝ ումն է իշխանությունը՝ ռուսների՞նը, թե իրենցը, սովե՞տ է, թե անկախություն: Մի քանի ժամ տևեց մարտը: Մոտ 2 700 ազատամարտիկ էր մասնակցում, չնայած հիմա 5000-6000-ի է հասել թիվը: Շատերը, չմասնակցած Շուշիի ազատագրմանը, մեդալներ ստացան: Թող ստանան ու թող արժանի լինեն այդ պարգևներին: Միգուցե իրենց զավակները տեսնեն այդ մեդալներն ու հարկ եղած դեպքում կռվե՞ն հայրենիքի համար՝ իրենց հայրերի օրինակով: 51-56 զոհ տվեցինք, մեր երգելուց զարմացած սփյուռքահայ Վիգեն Զաքարյանն էլ զոհվեց՝ չվայելած հաղթանակի բերկրանքը:
Ընդամենը 51-56 զոհ ու վերցնել Շուշիի նման բերդաքաղաքը հրաշքի պես բան էր, երազ: 700 տարվա ընթացքում առաջին անգամ քաղաք ենք ազատագրում, մեր պապերից խլվածը հետ ենք բերում:

Ի՞նչ ապրումներ ունեիք ոտք դնելով ազատագրված Շուշիի հողի վրա:
- Անկեղծ ասած, ուրախությունից լաց եմ եղել: Բոլորը ցնծում էին: Դուշման Վարդանը, որ դասակի հրամանատար էր, մտավ Շուշիի գերեզմանոց ու կանչեց. «Հանգիստ ննջեք, մեր պապեր, Շուշին ազատագրված է»: Հզոր տղա էր Դուշմանը: նա զինվորական էր ծնվել: Ափսոսում եմ նրա համար, շատ եմ ափսոսում: Եթե Վարդանի նման տղաները ողջ մնային, հիմա ամեն ինչ այլ կերպ կլիներ: Բայց նաև մտածում եմ՝ նրանք հենց զոհաբերվող տեսակն են՝ նա, Վարդան Բախշյանը, որ 5 լեզու գիտեր, այդ թվում՝ օսմաներեն: Այդպիսի տղաները խաղաղ ժամանակներում էլ են պետք մեր ազգին, որ իրենց բնատուր խելքը, հմտություններն օգտագործեն ի շահ հայրենիքի:
Հայրենիքի ու ընկերոջ համար կյանքը չխնայող, ազատատենչ, համարձակ, մահն արհամարհող տղաներ էին՝ պարզ զինվորներ:
Մեզ համար չկային արգելքներ, խոչընդոտներ. որոշել էինք մինչև Արևմտյան Հայաստան գնալ: Հիշում եմ՝ ավտոմեքենայի մեջ կազմել էինք Նախիջևանն ազատագրելու ծրագիրը, բայց այդ տարիների հայաստանյան իշխանությունները թույլ չտվեցին իրականացնել: Ախր ինչո՞ւ. չէ՞որ ինչքան շատ տարածքներ ազատագրեինք, այնքան մեր թշնամիներն ավելի շատ հաշվի կնստեին մեզ հետ՝ համոզված, որ անհաղթ ենք ու անդրդվելի: Դու ազատագրիր, թող քո հողը լինի, քո տարածքում, հետո կբանակցես, կվիճես տարածքների համար. մի բան է թուղթը, այլ բան՝ փաստացի ազատագրվածը:
Ու ի՜նչ տղաներ էին ազատագրումը ձեռնարկողները. մարտի գնալուց առաջ վիճում էին, թե ով է կռվելու: «Ես քեզնից փոքր եմ, ես եմ գնալու: Ո՛չ, ես եմ մեծը, դու մնա, ես եմ գնալու կռվի». այսպես իրար համար հոգի էին տալիս, խնայում ու պահպանում իրար: Հիշում եմ. գիշերով մի քանի հոգով դիրքերն էինք հսկում: Ընկերներիցս մեկը՝ Կամո Փայտյանը, իշյազ ուներ, անգամ կանգնել չէր կարող: Սողեսող, սարսափելի ցավերով մի կերպ հասավ դիրքեր, թե՝ տղերք ջան, ոչ մի բան չեմ կարող անել, եկել եմ գոնե մոտներդ մնամ, որ չթողնեմ քնեք: Այսպիսին էին իմ ընկերները՝ ամեն ինչի պատրաստ՝ հանուն ընկերոջ ու գաղափարի:

Ի՞նչ եղավ Շուշիի ազատագրումից հետո:
- Մեր մարտիկների ինքնավստահությունը կրկնապատկեց Շուշիի հաղթանակը, վստահություն ներշնչեց, որ եթե համախմբված լինենք, միայն հաղթանակներ կունենանք: Ճիշտ է, կորցրինք Շահումյանը, Մարտակերտի մի մասը, բայց շատ չանցած՝ հետ շպրտեցինք թշնամուն, ու հաղթարշավը շարունակվեց մինչև 1993-ը: Ադրբեջանցիները տեսան, որ եթե այդպես շարունակվի, մենք մինչև Բաքու կհասնենք, զինադադարի պայմանագիր կնքեց: Նրանց ռազմամթերքն անհամեմատ շատ էր, օգնությունը՝ նույնպես: Մենք շատ հաճախ ազատագրված տարածքներում ադրբեջանցիների թողած զենքերով էինք կռվում իրենց իսկ դեմ: Շուշիում էլ մեծ զինապահեստ գրավեցինք: Ադրբեջանցիները հրանոթի արկերը լցրել էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի՝ նպատակով, որ հենց զինամթերքը ոչնչացնենք, ոչնչանա նաև մեր սրբավայրը: Բայց կարողացանք անվնաս պահպանել Սուրբ Ղազանչեցոցն էլ, զինամթերքն էլ: Մեզ համար թանկ էր ամեն փամփուշտը, ամեն զինվորի կյանքը: Եթե ադրբեջանցիները նահանջում էին, հեռանում, թողնում էինք, որ խաղաղ գնան, փոխհրաձգություն չլինի, որպեսզի հանկարծ անտեղի զոհ չտանք:
Գիտե՞ք՝ որքան եմ երանի տալիս այն ժամանակներին, երբ ապրում էինք շատ սուղ պայմաններում, հաց ու ջուրը՝ քիչ, բայց հոգեկան բավարարությամբ, ինքնաբավ ու լիարժեք: Անմնացորդ, անշահախնդիր նվիրում կար, բարձր արժեքների համար պայքարելու ձգտում: Փառավոր կյանք էր: Մեր տղերքը պետք է գնահատվեն, նրանց անձնազոհության մասին պետք է անընդհատ խոսվի… Պետք է գնահատենք հերոսներին, որ հերոսներ ծնվեն:

Այս թեմայով